26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, պահապան հրեշտակը մշտապես մեր կողքի՞ն է:
- Միշտ մեր կողքին է. հետևում է մեր յուրաքանչյուր քայլին:
- Իսկ որքա՞ն մոտ է մեզ գտնվում:
- Մեր հոգևոր վիճակից է կախված:
- Երբ մեղք ենք գործում, նա հեռանո՞ւմ է:
- Հեռու է գնում, բայց չի լքում մեզ: Երբ մեղավոր կյանքով գայթակղությանը իրավունք ենք տալիս մեզ վրա, մեր պահապան հրեշտակն այնքան չի հիասթավում, որպեսզի բոլորովին լքի մեզ, այլ հեռվում տխուր կանգնած՝ հետևում է, թե ինչ ենք անում:
- Հա՛յր, նրա ներկայությունն ինչո՞ւ չենք զգում:
- Այն նույն պատճառով, որով մինչ այժմ անգամ Աստծու ներկայությունը չենք զգում: Մեր աչքերը փակված են պղտոր ծածկոցով: Սեր ու խոնարհություն է անհրաժեշտ, որպեսզի այդ ծածկոցն անհետանա: Երբ մարդը զգում է Աստծու ներկայությունը, իր կողքին նաև պահապան հրեշտակին է զգում: Այդժամ նրա շարժումները հանգիստ, ուշադիր և միևնույն ժամանակ ազատ են դառնում: Նման մտահավաքությունից նա չի լարվում, որովհետև այն նրան դուր է գալիս: Նրա շարժումներում հոգևոր ազատություն է զգացվում: Բարեպաշտությունն ու ուշադրությունը սրտին բերկրանք են պատճառում, և մարդը մշտապես հսկում է, որպեսզի չզրկվի այն քաղցրությունից, որ զգում է: Իր անկողնում համեստորեն է պառկում, համեստորեն, բարեպաշտությամբ քնում է, հանգիստ արթնանում: Երբ որևէ մեկը նրա դուռը թակում է, նա չի նայում, թե ինչ հավաքի. նրա մոտ ամեն ինչ միշտ իր տեղում է: Նա մշտապես հոգ է տանում, որպեսզի չվշտացնի իր պահապան հրեշտակին:
Երկնային պահապան հրեշտակն իրեն շատ լավ է զգում երկրային հրեշտականման մարդու կողքին: Երբ մարդը հոգևոր կյանքով է ապրում և իրեն հեզ երեխայի պես պահում, նրա հրեշտակը չի տառապում, այլ ուրախանում է նրա կողքին և վերջում հոգու հետ ուրախությամբ պիտի վերադառնա Աստծու մոտ, որովհետև հոգին գործել է այն, ինչ հրեշտակին է դուր գալիս, այն, ինչ հաճո է Աստծուն: Բայց գիտե՞ք, թե պահապան հրեշտակի համար ինչ է նշանակում տարիներ շարունակ տանջվել որևէ մարդու հոգու հետ ու արդյունքում դատարկաձեռն վերադառնալ Աստծու մոտ: Հենց միայն այդ պատճառով, իմ պահապան հրեշտակի թափած ջանքերի հանդեպ հարգանքի պատճառով, պետք է պայքարեմ, որպեսզի դժոխքում չհայտնվեմ:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը