Թագավորը հարցնում է խորագետ դեսպանին, որը թանկարժեք իրեր էր տանելու հարևան արքային.
- Պալատում այդքան ամրակազմ զինվորներ կան, սակայն, ինչո՞ւ իբրև պահնորդներ ընտրեցիր այն զինվորներին, որոնց տարիներ առաջ ուղարկել էի վանականներին պաշտպանելու ավազնակների հարձակումից:
Դեսպանը պատասխանում է.
- Քանի որ նրանք երբեք չեն ձգտել լինել պալատում, հարստություն և իշխանություն ձեռքբերել և տարիների ընթացքում փորձառու վանականներից սովորել են սթափ, զգոն ու արթուն միտք ունենալ՝ պահպանելով իրենց մտքի սահմանները, ինչպես թշնամուն մշտապես հետևում է սահմանին կանգնած զինվորը: Իսկ պալատիդ զինվորների միտքը լեցուն է գայթակղություններով ու կրքերով և դժվարին կացության մեջ կարող են ինձ թողնել միայնակ՝ վերցնելով թանկարժեք իրերը և փախչել:
Թագավորը լռելյայն խորհում է և ասում.
- Երբ հետ վերադառնաս, այդ զինվորներին կբերես իմ պալատ, իսկ պալատի պահապաններին այսուհետ կուղարկեմ վանականների մոտ՝ որպես պահնորդներ...
Կարող ես չափազանց շատ գիտելիք և կարողություն ունենալ, սակայն սթափ ու արթուն միտք չունենալ և պարտվել հատկապես հոգևոր պատերազմում: Սթափությունը մտքի անփոխարինելի հզոր պահնորդն է:
Հովհաննես Մանուկյան