Փակեղ

Փակեղը գմբեթաձև գլխարկ է, որ կրում են բոլոր եկեղեցականները: Առաջ հոգևորականները իրենց հատուկ գլխարկը չունեին, վանականները վեղար էին կրում, իսկ քահանաները տեղի սովորական գլխանոց էին գործածում: Որպեսզի հայ եկեղեցականներն էլ իրենց հատուկ գլխանոցը ունենան, Կ. Պոլսի պատրիարքարանը 1845թ-ին հաստատեց փակեղը, որի գաղափարը վերցված է վեղարի ներքևի մասը կազմող սրածայր գլխանոցի վրայի ասվեից և երեսը ասվեով կամ թավշով պատելով և գագաթին էլ կոճակի պես վերջավորություն ավելացնելով: Ավելի գեղեցիկ ու վայելուչ տեսք տալու համար փակեղի սրածայր մասի վրա դրված կերպասը ծալքերով է: Քահանաների համար որոշված է սև չուխա, վարդապետների համար սև թավիշ, եպիսկոպոսներինը՝ մանուշակագույն թավիշ, իսկ պատրիարքներինը՝գորշ կարմրագույն թավիշ՝ ոսկի երիզով: Ժամանակի ընթացքում վարդապետները սկսել են սրածայր մասը մանուշակագույնով փոխել, եպիսկոպոսները մանուշակագույնից հրաժարվել են, քահանաներից պատվավորները և ցանկացողները հետզհետե սկսել են թավիշ գործածել: Սև թավիշ գործածելու սովորությունը ընդունել են նաև եպիսկոպոսներից ու վարդապետներից շատերը: Այժմ որոշակի կանոն չկա:

23.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․