25 Նոյեմբեր, Բշ
Խոր Վիրապի եկեղեցու դրսի պատին արված մի քանդակի վրա պատկերված են Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ թագավորը, իսկ անկյունում` Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը: Զարմանալի է, որ չար Տրդատ թագավորը դարձավ բարի և հեզ քրիատոնյա: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի, և չկա վատ մարդ առանց առաքինության»: Այնուհետև եկեղեցական Սուրբ Հայրը, շեշտելով, որ մարդու բնությունն Աստծո կողմից չար չի ստեղծվել, ասում է. «Ոչխարը չի կարող վայրենի լինել, իսկ գայլը` հեզ, որովհետև նրանց բնությունն է այդպես, իսկ մարդը մեկ լինում Է չար, մեկ` հեզ, որովհետև օժտված Է ազատությամբ, և հետևաբար, չարը բնությունից չէ»: Ճիշտ նույն կերպ էլ Տրդատ թագավորը, իր ազատ կամքով ընտրելով բարին, այդուհետ ճշմարիտ քրիստոնյայի կյանք վարեց: Զարմանալի է Աստծո գործունեությունը. Հովհան Ոսկեբերանն ասում է, թե որպեսզի մարդիկ իմանան, որ ամեն ինչ պատահականություն չէ, Աստված Իր փառավոր գործերն անում է Իր թշնամիների միջոցով, ինչպես օրինակ, Պողոս առաքյալի միջոցով դարձի բերեց քրիստոնյաներին և Տրդատ թագավորի միջոցով (իհարկե, նաև Գրիգոր Լուսավորչի նախանձախնդիր գործունեությամբ) քրիստոնյա դարձրեց ողջ հայոց երկիրը: Ոսկեբերանը նշում է, որ այդպես լինում է նաև առանձին մարդու կյանքում: Եթե մարդն Աստծո պատվիրանների համաձայն է ապրում, սակայն նաև թշնամիներ ունի, Աստված ի վերջո այդ մարդուն փառավորում է իր թշնամիների միջոցով, ինչպես որ տեսնում ենք Հովսեփի կյանքի պատմությունից:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից