Փարիսեցու և մաքսավորի առակը

Փարիսեցու և մաքսավորի առակը | Parisecu Ev Maqsavori Araky

Սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր դիտարկելիք ավետարանական հատվածը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ամենահայտնի առակներից է և Եկեղեցու սպասավորների կողմից ամենահաճախ ներկայացվողը: Միասին փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ ուսուցանում այն, և Եկեղեցու վարդապետներն այս առակով ինչից են զգուշացնում հեռու մնալ։

Փարիսեցու և մաքսավորի առակն առաջին հերթին սովորեցնում է Աստծուն ընդունելի աղոթելու ձևը և ցույց տալիս՝ անընդունելին: Եկեղեցու հայրերն ասում են. «Աղոթքը՝ մարդու հոգևոր կառուցվածքի հայելին է: Նայիր այդ հայելու մեջ, նայիր, թե ինչպես ես աղոթում և միանշանակ կարող ես ասել, թե ինչպիսին է քո հոգևոր կառուցվածքը»: Աղոթքի մեջ լավագույնս բացահայտվում են մեր լուսավոր ու խավար կողմերը, հոգևոր աճն ու հետընթացը: Աղոթքն անհատական հանդիպում է Աստծու հետ, երկխոսություն՝ Հոր և զավակի միջև, և այդ երկխոսության ժամանակ է, որ մարդը բացահայտում է իր ամենագաղտնի մտքերը:

Եվ երկրորդ՝ Եկեղեցու վարդապետերն այս առակով ցույց են տալիս մեզ դառը ճշմարտությունը` այն մահաբեր հիվանդությունը, որն առկա է յուրաքանչյուրիս մեջ, և որը կոչում են փարիսեցիություն: Յուրաքանչյուրիս համար կենաց ու մահու խնդիր է հայտնաբերել այն մեր մեջ և ապաքինվել այդ ախտից: Արդ, վերադառնանք այս կարևոր առակի պատմությանը, սիրելինե՛ր, ավելի մանրամասն ուսումնասիրելու այն և հոգենորոգ դասեր առնելու դրանից:

Այսպիսով, երկու մարդ աղոթում էին Աստծուն, և Աստված չընդունեց նրանցից մեկի` փարիսեցու աղոթքը: Այն մարդու, որ օրինակելի վարք էր դրսևորում, հրեա ժողովրդի հոգևոր առաջնորդներից և օրենսգետերից էր ու անառարկելի հեղինակություն էր վայելում: Ահա թե ինչպես է նկարագրում Տեր Հիսուս Քրիստոս նրա աղոթքը. «Փարիսեցին կանգնած էր մեկուսի և, ինքն իրեն, այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես՝ հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից»։ Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ այն, որ Աստված չընդունեց նրա աղոթքը, քանի որ, ըստ էության, փարիսեցին ճշմարտությունն էր ասում իր աղոթքում: Բայց ի՞նչն էր պատճառը, որ Աստված չընդունեց նրա աղոթքը: Ո՞րն էր փարիսեցու սխալը:

Առակից պարզ երևում է, որ այս փարիսեցին էլ, ամեն տեղ առաջինը լինելու սովորության համաձայն, կանգնել էր տաճարի սուրբ խորանի առջև` կամենալով ցույց տալ, որ ինքն առաջինն է ոչ միայն մարդկանց, այլև Աստծու առջև: Սակայն դրանով բացահայտում էր միայն իր հոգում արմատացած փառամոլության կորստաբեր ախտը: Նաև աղոթական վիճակի սխալ ընկալումն էր, որ այժմ էլ եկեղեցի հաճախողներից շատերն ունեն ցավոք:

Սիրելի՛ հավատացյալներ, երբ մարդ աղոթում է Աստծուն, ենթադրվում է Արարչի հետ կատարյալ առանձնություն և այնպիսի կենտրոնացում, որ աղոթողը կարողանա միավորվել Տիրոջն աղոթքի միջոցով: Հետևաբար գտնվելով կատարյալ աղոթական վիճակում՝ մարդը ողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնի իր և Աստծու միջև հաստատված կապին, այլ ոչ թե ուշադրությունը շեղի՝ նայելով, թե ով է իր կողքին, և ինչով է նա զբաղված, ինչպես դա արեց փարիսեցին` աղոթքի ժամանակ մատնացույց անելով այդտեղ ներկա մաքսավորին:

Ինչպես նաև՝ ճշմարիտ աղոթքն առ Աստված ենթադրում է Արարչի առջև կատարյալ խոնարհություն և երկյուղածություն: Իսկ փարիսեցու կարծեցյալ աղոթքը ոչ այլ ինչ էր, քան սեփական անձի գովք ու փառաբանություն: Ինքնագոհության ու պարծենկոտության վառ օրինակ, որ երբևէ ընդունելի չէ մեր Տիրոջ կողմից, քանզի ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում. «Թող քեզ քո ընկե՛րը գովի, և ոչ թե քո բերանը, օտա՛րը, և ոչ թե քո շուրթերը» (Առակ. 27:2): Եվ ահա փարիսեցին կանգնել էր Արարչի հանդիման, Որը նրան պատվիրել էր` «Թող քո շուրթերը չգովեն քեզ», և փառաբանում էր սեփական անձը, կարծես միայն սեփական ջանքերի ու բարեպաշտության շնորհիվ էր դարձել այն, ինչ կա, և ոչ թե Աստծու ողորմածությամբ ու շնորհներով:

Բացահայտում արած չեմ լինի, սիրելինե՛ր, եթե ասեմ, որ եկեղեցին հոգևոր առումով հիվանդի ու նրան Բժշկողի յուրատեսակ հանդիպման վայր է: Մեղքով հիվանդները գալիս են եկեղեցի, որ խոստովանեն իրենց հիվանդությունները Մեծագույն Բժշկի առջև և ապաքինում ստանան նրանից: Իսկ փարիսեցին եկել էր պարծենալու իր կարծեցյալ առողջությամբ, այն ծանր հիվանդների նման, որ, հիվանդագին տենդի մեջ, այլևս չեն ընկալում վիճակի ողջ լրջությունը: Այսպիսով, փարիսեցին բացահայտում է իր հոգու ոչ թե գեղեցկությունը, այլ այլանդակությունը, ոչ թե առողջությունը, այլ հիվանդությունը: Հենց սա էլ կամենում էր ցույց տալ Տեր Հիսուս այս առակով, որը բնականաբար վերաբերում է ոչ միայն այն ժամանակների փարիսեցիներին, այլև ողջ մարդկությանը` ներառյալ ներկայիս քրիստոնյաներին: Նա Բարեգութ Տիրոջ նման կամենում է մեզ հեռու պահել կեղծավորության ահավոր ախտից, որպեսզի մենք, որքան էլ զբաղված լինենք բարեգործություններով, աստվածահաճո ու հոգևոր գործերով, չընկնենք փառամոլության ու մեծամտության կործանարար մեղքի մեջ և մեզ վեր չդասենք ոչ մեկից: Նույնիսկ Գրիգոր Նարեկացին, որ Հայ Եկեղեցու մեծագույն երանելի սրբերից է, և նրա անունով բազում հրաշքներ ու բժշկություններ են կատարվել ու կատարվում, իրեն համարում էր մարդկանցից ամենամեղավորը:

Իսկ հիմա նայենք մաքսավորին, սիրելի՛ հավատակիցներ, որը, տաճարի մի հեռու անկյունում կանգնած, չէր համարձակվում նույնիսկ աչքերն առ Աստված հառել և գլխիկոր կանգնած՝ ծեծում էր կուրծքն ու ասում. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»:

Ո՞վ էր մաքսավորը: Նա փարիսեցու հակապատկերն էր: Մի հարկահավաք, որ չէր հետևում մովսիսական օրենքներին և իր գործունեությամբ միայն արժանանում էր ժողովրդի ատելությանը: Բայց նայենք նրա կերպարին հոգևոր աչքերով և կտեսնենք իրական աղոթողի: Նա չի ձգտում առաջնային տեղերի, որովհետև վստահ է, որ Աստված տեսնում է իրեն միևնույն կերպ, որտեղ էլ գտնվի: Ինչպես նաև հեռվում կանգնելով՝ նա զգում է իր ոչնչությունն Ամենակալի առջև և խոնարհությամբ է լցվում Նրա մեծության առջև: Հովհաննես Մկրտիչը, որ Աստծու սիրելին էր, երկնչում էր Հիսուսին մոտ լինելուց և իրեն արժանի չէր համարում նույնիսկ Նրա ոտնամանի կապերն արձակելու: Իսկ մեղսավոր կինն իր արցունքներով էր ցողում Փրկչի ոտքերը: Հետևաբար, իսկական աղոթողը պետք է իրական խոնարհություն, խորն ակնածանք և անսահման երախտագիտության զգացում ունենա, եթե Տերը նրան թույլատրի մոտենալ գոնե Իր ոտքերին:

Մաքսավորը չէր համարձակվում երկինք բարձրացնել իր աչքերը, որովհետև, ինչպես գիտենք, աչքերը հոգու հայելին են, և նրանց մեջ են արտացոլվում թե՛ հոգու առաքինազարդ գեղեցկությունը, և թե՛ մեղսավոր այլանդակությունը: Իսկ մարդկանց հանդեպ կատարվող ամեն մի մեղք, կատարվում է նաև Աստծու հանդեպ, և երկրիս երեսին չի գործվում մի մեղք, որ Աստծու դեմ ուղղված չլինի: Իրական աղոթողը հասկանում է սա և խոնարհությունից բացի` ամոթով լցվում Տիրոջ առջև:

Նա նաև ծեծում էր իր կուրծքը՝ ցույց տալու, որ մարմինն էր մեղք գործողը: Եվ կուրծքը ծեծելով՝ ասում էր. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Այս ասելով՝ խոնարհաբար ընդունում է իր ախտերն ու օգնություն աղերսում Մեծագույն Բժշկողից:

Արդ ի՞նչ է ասում Տեր Հիսուս այս աղոթքի մասին.  «Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած, ոչ թե մյուսը. որովհետև, ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։ Սա իրական խոնարհ աղոթքի մի օրինակ է, որ մշտապես պիտի ունենանք մեր առջև, սիրելի՛ հավատացյալներ: Եվ իրական խոնարհությունն ամենևին էլ մեր մեղավորության համար անվերջ ողբն ու կոծը չեն, և ոչ էլ մեր անձը նվաստացնելու փորձերը, քանի որ ոչ ոք չի կարող նվաստացնել իր անձն ավելի, քան նրա մեղքերը: Խոնարհությունը անձիդ անկեղծ ճանաչողությունն է, այն, թե ով ես դու Աստծու առաջ: Այն փաստը, որ բոլորս էլ հողից ենք ստեղծվել և մի օր նորից հող ենք դառնալու, հպարտանալու առիթ չի տալիս մեզ, այլ առաջնորդում է խոնարհության: Եվ երբ գիտակցում ես էությանդ ողջ մեղավորությունը և քո փրկության համար Աստծու զոհաբերության մեծությունը, այնժամ հպարտ գլուխդ խոնարհվում է և սիրտդ արտասանում է միայն մի տող«Տե՛ր, ողորմյա և  ներիր ինձ՝ մեղավորիս»:

Եվ ուրեմն թող Ամենաբարեգութ Տերը ողորմյա բոլոր զղջացող մեղավորներին և բժշկի նրանց, ովքեր այսօրվա առակի մաքսավորի նման աղոթում են՝ խոնարհությամբ ու երկյուղածությամբ լեցուն, փառաբանելով Նրան` որպես ողորմած Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

21.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․