Ծրագրավորողը համակարգչային նոր խաղ ստեղծեց՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ եթե կան մարտեր առանց կանոնների, ապա խաղերն ինչո՞ւ չեն կարող առանց կանոնների լինել: Չնայած մի պայման կար այդ խաղում՝ ամեն գնով հասնել վերջնագծին: Եվ ոչինչ չպետք է քեզ խանգարի կամ շեղի: Կտեսնես, օրինակ, կույր տատիկի, որը չի կարողանում փողոցն անցնել, կամ փորձանքի մեջ հայտնված մարդու՝ մտքովդ անգամ չանցնի օգնել: Այլապես՝ կկորցնես թանկագին միավորները կամ ավելի վատ՝ կտուգանվես:
Ծրագրավորողը վաճառեց իր ստեղծած խաղն ու մեծ գումար ստացավ դրա դիմաց: Մեքենա գնեց, ամառանոց…
Իսկ մարդիկ այդ խաղը գնեցին երեխաների համար, որոնց այն շատ դուր եկավ:
Տարիներ անցան: Ծրագրավորողի մազերը ճերմակեցին: Երեխաները մեծացան:
Մի անգամ նա քաղաքից ամառանոց էր գնում, երբ հանկարծ սրտի նոպա ունեցավ ճանապարհին: Պետք էր հնարավորինս արագ շտապ օգնություն կանչել, բայց, դժբախտաբար, բջջային կապ չկար ճանապարհի այդ հատվածում: Նա փորձեց մեքենա կանգնեցնել, բայց մեքենաները մեկը մյուսի ետևից սլանում էին նրա մոտով առանց կանգ առնելու: Մեկը… հինգերորդը… տասներորդը… Եվ բազմաթիվ փորձերից հետո միայն մեկը կանգ առավ նրա մոտ:
«Վերջապե՛ս,- ուրախությամբ մտածեց նախկին ծրագրավորողը:- Ահա թե ով կփրկի ինձ»:
Բայց լուսամուտից դուրս ցցված երիտասարդ վարորդը, նույնիսկ չլսելով նրան, շտապով բացականչեց.
- Հե՜յ, հորեղբա՛յր, ինչպե՞ս այսինչ քաղաքը գնամ:
- Ի՞նչ քաղաք,- տնքաց ծրագրավորողը:- Մի՞թե չես տեսնում, որ մեռնում եմ:
- Տեսնում եմ,- գլխով արեց վարորդը:- Բայց եթե հիմա Ձեզնով զբաղվեմ, կկորցնեմ միավորներս… այսինքն՝ ժամանակս ու փողերս:
Եվ մեծ արագություն բացելով՝ սլացավ:
- Ախ այդ ո՞վ է ձեզ նման անհոգի վերաբերմունք սովորեցրել,- նրա հետևից բղավեց նախկին ծրագրավորողն ու կես խոսքից ձայնը կտրեց: Ով-ով, բայց նա՛ հաստատ գիտեր այդ հարցի պատասխանը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը