Փաթիլները

Ձյուն էր գալիս: Շուրջբոլորը լուռ էր ու հանդարտ: Փափկափետուր փաթիլներն արտասովոր պար էին բռնել օդում ու անշտապ պտտվելով մոտենում էին գետնին:

Կողք-կողքի թռչող երկու փոքրիկ փաթիլներ զրույցի բռնվեցին: Ձեռք-ձեռքի տվեցին, որպեսզի քամին իրարից չբաժանի և նրանցից մեկն ուրախությամբ ասաց.

- Թռիչքի ի՜նչ զարմանահրաշ զգացում է:

- Մենք չենք թռչում, մենք ուղղակի ընկնում ենք,- տխուր պատասխանեց երկրորդը:

- Շուտով գետնին կհասնենք ու սպիտակ փափկամազ ծածկոցի կվերածվենք:

- Ո՛չ, մենք դեպի մեր կործանումն ենք գնում, գետնի վրա մեզ կկոխկրտեն:

- Մենք առվակներ կդառնանք ու կսլանանք դեպի ծովը: Մենք հավերժ կապրենք,- պնդեց առաջինը:

- Ո՛չ, մենք կհալչենք ու կանհետանանք,- առարկեց երկրորդը:

Վերջապես հոգնեցին վիճելուց, բաց թողեցին միմյանց ձեռքերն ու թռան դեպի այն կյանքը, որը յուրաքանչյուրն իր համար ընտրել էր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

24.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․