23 Նոյեմբեր, Շբ
Իմ նախապապն ու նախատատը միմյանց շատ էին սիրում: Նրանց առաջին դստեր ծնունդից հետո նախապապիս պատերազմ տարան: Տարիներն անցնում էին, նա չէր վերադառնում, լուրեր էին հասնում, որ նա վաղուց կենդանի չէ: Նախատատս շարունակում էր միայնակ մնալ: Բոլորը կշտամբում էին նրան, որ եկեղեցում աղոթում և մոմ է վառում ամուսնու առողջության համար, այլ ոչ թե հոգու հանգստության: Հարևանները նրա համար փեսացուներ էին գտնում, իսկ նա անդրդվելի էր մնում, աղոթքներում անդադար ամուսնուն տուն էր կանչում: Եվ ահա, եկավ այն օրը, երբ նախատատիս հավատը այնուամենայնիվ կոտրվեց, նա որոշեց եկեղեցի գնալ և ամուսնու հոգու համար մոմ վառել: Երբ դուրս եկավ բակ, տեսավ, որ ցանկապատի մոտ նախապապս է կանգնած: Նա մի քանի օր քայլել էր առանց հանգստանալու, ասում էր, որ չէր կարողացել քնել, քանի որ իրեն անդադար թվացել էր, թե կնոջ կանչող ձայնն է լսում: Նախատատս հետո երկար լաց էր լինում և իրեն մեղադրում, որ դադարել էր հավատալ, իսկ նախապապս հանգստացնում էր նրան. «Եթե ես նույնիսկ մեռած էլ լինեի, դու այնքան ուժգին էիր ինձ կանչում, որ ստիպված գետնի տակից էլ պիտի վեր կենայի ու տուն գայի»: Այս պատմությունը տատիկս գրել էր այն լուսանկարի ետևում, որի վրա նախապապս ու նախատատս են պատկերված արդեն իրենց չորս դուստրերի հետ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի