23 Դեկտեմբեր, Բշ
Այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունենցավ «Մշակութային ցեղասպանություն» խորագրով` լուսանկարների ցուցադրություն:
Միջոցառմանը ներկա էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր:
Միջոցառումը, Տ. Նավասարդ սրբազան հոր նախագահությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև Սրբազան հայրը ներկաներին ողջունելով` ասաց. «Ողջունում եմ պարոն քաղաքապետին, նաև աշխատակազմին: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այս համագործակցությունը ձեր երիտասարդական կառույցների և մեր թեմի հոգևոր կառույցների միջև արգասաբեր է:
Ես երիտասարդներին եմ հատկապես ուզում խոսքս ուղղել: Կար ժամանակ, երբ որ երբեմն- երբեմն մտահոգություն էր առաջանում մեր մեջ, մեր ընտանիքում: Իմ հայրը Կոստանդնուպոլսում է ծնվել և բեկված ծառի ճյուղերից էր, ինչպես բոլոր մեր ընտանիքների մեջ, եթե նայենք, մի ճյուղի տերև կգտնենք մեր տոհմածառում, որ եղեռանազարկ է եղել:
Խորհրդային շրջանում դպրոցներում, միջավայրերում չէինք խոսում Եղեռնի մասին: Եվ մտահոգություն կար, որ դա կարող է դառնալ ընդամենը մի հուշ և ժամանակի ընթացքում մենք կապրենք մեր առօրյա հոգսերով և Մեծ Եղեռնի զարկերակը չենք զգա: Երբեմն այդպիսի մտահոգություններ եղել են մեր պատանեկության շրջանում: Բայց 1965 թվականից հետո իրավիճակը փոխվեց և Եղեռնի 50–րդ տարելիցի առիթով մեր ժողովուրդը, որքան հեռացավ 1915 թվականից, այնքան արթնացավ իր գիտակցության հոգևոր աշխարհի մեջ Մեծ Եղեռնի խորհուրդը:
Եվ սա զարմանալի մի երևույթ է, երբ որ հիշատակն ազգն ըմբռնում է հետևյալ կերպ՝ մահով կարելի է հաղթել մահվան` ի պատիվ մեր քրիստոնյա ազգի: Եվ այդ մտասևեռումով տեղի ունեցավ նաև մեր Արցախյան ազատագրական պայքարը: Եվ մինչև հիմա մենք դեռ շարունակում ենք գտնվել այդ պայքարի ընթացքի մեջ: Մենք պետք է ոգեկոչենք Եղեռնի նահատակներին, որպեսզի նրանք մեզ ապրելու, արարելու, տոկալու, օրհնելու, մեր ճանապարհը լուսավորելու ընթացք ապահովեն: Մենք այդ հավատքը պետք է մեր սրտի մատյանում գրանցենք:
Այսպիսի զգացողություն կա իմ մեջ և եթե մեր երիտասարդները այս 9-րդ միջոցառումը կազմակերպում են Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ գնալով, ուրեմն նրանց հոգու միջի կոչնակներն իրենց ձեռքում է գտնվում. երբ որ քաշեն կոչնակը` զանգը կզարկի և այդ ղողանջները կտարածվեն իրենց էության մեջ: Ուրեմն պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականին, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա, մեր Հայոց Աշխարհի մեջ:
Այս երիտասարդներն այդ զանգերը ղողանջելով՝ միշտ պատրաստ կլինեն շարունակելու մեր մարտը՝ իմացական, հոգևոր և նաև ֆիզիկական: Այս բոլորն էլ պայքարին բնորոշ են, պայքարի ձևեր են: Հիմա, մեր երիտասարդներն այս միջոցառումները կազմակերպելով` մի կաթիլ քրտինք շաղախում են այդ ոգեկոչման խորհրդին և դրանով իսկ ներգրավված ենք այդ խորհրդի պատգամված կամ թելադրված առաքելությանը: Այդ առաքելությունը շարունակական ընթացք պետք է ունենա և սերնդեսերունդ փոխանցվի, կրակը միշտ բորբոք ու անշեջ մնա, եթե ուզում ենք մեր նահատակների իդեալները կյանքի կոչել երբևիցե:
Այստեղ կան նկարներ, որոնք խոսում են մշակութային ցեղասպանության մասին: Անիի Մայր Տաճարը, Աղթամարի Սուրբ Խաչը, Մշո Սուլթան Սուրբ Կարապետը, Հովվի կամուրջը, Մշո դաշտը, Կարսի միջնաբերդը… Մեկ խոսքով դրանք կանգուն են, բայց հայի շունչը պակասել է: Այստեղ հավաքվելով` մենք պետք է այդ շնչառությունը գոնե տեսականորեն հաղորդենք, որպեսզի դա մի օր դառնա առարկայական:
Ես շնորհավորում եմ մեր երիտասարդներին այս նախանձախնդրության, նախաձեռնությունների համար և ոգևորում եմ իրենց, որպեսզի այս տարելիցը մեր նահատակներով ուժ և եռանդ տա իրականացնելու համար մեր երազանքները:
Շնորհքը, սերը, խաղաղությունը և Աստծո մարտակից ոգին թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:
Ճեմասրահում ցուցադրված էր Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկար, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է:
24 թիվն ընտրված էր խորհրդանշորեն: Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու` Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ: Ծրագրի ընթացքում, ամեն ամսվա 24-ին, երիտասարդները ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակը: Նրանք իրենց միջոցառումների ընթացքում արդեն անդրադարձել են մեկ ու կես միլիոն զոհերին, 4000 նահատակ հոգևորականներին և 700-ից ավելի մտավորականներին. ընդհանրական աղոթք ու հոգեհանգստյան կարգ կազմակերպել նրանց հիշատակին:
Այսօրվա միջոցառումը նվիրված էր ցեղասպանության մեր մշակութային զոհերին՝ մեր վանքերին, եկեղեցիներին ու կոթողներին, որ ցայսօր գերեվարված են ու փշուր-փշուր կորստի են մատնվում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին