13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զաստուածային քո զօրութիւնդ. զքեզ փառաւորեմք իմանալի լոյս:
Դու այսօր պայծառակերպվեցիր լեռան վրա՝ Քո աստվածային զորությունը ցույց տալով, ուստի ամենքս փառավորում ենք Քեզ, ո՛վ կատարյալ Լույս (Շարական):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Այսօր նշում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը, որի առթիվ էլ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ:
Ինչպես գիտեք տաղավար տոներն ընդունված է նշել ավելի մեծ շուքով ու հանդիսավորությամբ՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Այս տոներն ուղեկցվում են շաբաթապահքերով ու մեռելոցներով և իրենց հանդիսավորությամբ առանձնանում են մյուսներից: Պայծառակերպությանը նախորդող տաղավար տոներն են Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարությունը՝ մեր Տիրոջ ծնունդն ու մեռյալներից հարություն առնելը: Սրանք իսկապես որ մեծագույն ու հիշարժան իրադարձություններ են մարդկության պատմության մեջ, ուստի և հարցեր չեն առաջացնում, թե ինչու ենք մեծ շուքով նշում: Իսկ Պայծառակերպությո՞ւնը: Ինչո՞ւ են մեր իմաստուն հայրերը այն ևս տաղավար տոն հռչակել և ինչո՞ւ հատկապես Սուրբծննդյան և Հարության հրաշափառ տոներից հետո: Վերջինի պատասխանը մեր առջև է՝ Ավետարանում, և որպես պատվիրան հնչում է հենց Քրիստոսի շուրթերից: Ահա թե ինչպես է Մատթեոս ավետարանիչը այն նկարագրում. «Եվ մինչ լեռից իջնում էին, Հիսուս նրանց պատվիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասեք, մինչև որ մարդու Որդին մեռելներից հարություն առնի» (17:9): Ահա այս է պատճառը, որ եկեղեցական մեր սուրբ հայրերը Հարության տոնից հետո են հաստատել Պայծառակերպության տոնը: Իսկ թե ինչու որպես տաղավար տոն և ինչու են այդքան կարևորել այն, քննենք միասին:
Մարդացյալ Աստծու երկրային ճանապարհը, որն ըստ էության մեր փրկության ծրագիրն էր, ըստ նախախնամության պիտի իր լրումին հասներ Գողգոթայի բարձունքին: Այսինքն՝ Բեթղեհեմի քարայրից արդեն իսկ հստակ նշմարվում էր Գողգոթան, և Քրիստոս այն մշտապես ուներ Իր աչքի առջև: Հոր նախանշած այս ճանապարհը, որով հոժարակամորեն անցնում էր Որդին՝ ի սեր ինձ ու ձեզնից յուրաքանչյուրի, մի օր էլ Նրան հասցրեց մեկ այլ բարձունքի՝ Թաբոր լեռանը, որտեղ և կատարվեց մեր այսօրվա տոնի հիմք հանդիսացող մեծ խորհուրդը: Սակայն նախքան Քրիստոս առաքյալների հետ կհասներ այդտեղ, մի հարց հնչեցրեց նրանց համար, որը, մինչ այսօր էլ անցնելով հազարամյակների միջով, հնչում է յուրաքանչյուրի մտքում. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին» (Մտթ. 16:13): Անկախ հավատից, սեռից, ազգությունից, կրթությունից ու դիրքից մարդ մի օր լսում է այս հարցն ու իր համար որոշում պատասխանը: Քրիստոնյան, աթեիստը, մահմեդականը, հինդուիստը, սատանայապաշտը և այլն բոլորն էլ իրենց պատասխաններն ունեն այս հարցին, և այդ պատասխանն է, ահա, որ որոշում է նրանց կյանքի ընթացքն ու ելքը: Այս հարցը մեկ անգամ չէ, որ հնչում է մեր կյանքում, ոչ, այլ ամեն անգամ, երբ կանգնում ենք ընտրության առջև, երբ հայտնվում ենք փորձության մեջ, երբ կքում ենք վշտի ծանրությունից կամ էլ մոռացության մատնվում անհոգ ու ցոփ կյանքի զվարճանքներում, մեր վարք ու բարքով պատասխանում ենք հենց այս կարևորագույն հարցին՝ ո՞վ է Քրիստոս ինձ համար: Աշխարհի կեղծ ուսմունքները հաճախ ինչ-որ դեր հատկացրել են Քրիստոսին՝ փորձելով լղոզել, նսեմացնել Նրա կերպարը, կեղծել միակ ճշմարիտ պատասխանը, սակայն եթե Նա ուղղակի մի իմաստուն Ուսուցիչ էր կամ հրաշագործ Բժիշկ, կամ էլ անթերի բարոյականության քարոզիչ ու մարգարե, սակայն միայն մարդ, ապա մի՞թե կարող էր ինձ փրկել իմ մեղքերից և Աստծու Արքայություն շնորհել: Իհարկե ոչ: Քանի որ Աստված և միայն Աստված է ի զորու այդ ամենն անելու: «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»,- հնչում է ճշմարիտ պատասխանը երանելի Պետրոսի շուրթերից և «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք»,- արդեն հայտնում է հենց Ինքը՝ Բարձրյալը Թաբոր լեռան գագաթին:
Այսօր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ևս հրավիրում է երեք առաքյալների հետ Թաբորի գագաթը բարձրանալու: Նա մեզ Իր հետևից է կանչում: Առաջինն Ինքն է բարձրանում, մեզ էլ հրավիրում է Իրեն հետևելու: Թաբորի գագաթին աստվածհայտնությունն է, աստվածտեսությունը, սակայն այնտեղ հասնելու համար մեզնից հավատ, կամք, աշխատանք և առաքինասիրություն է պահանջվում: Երբեք դյուրին չէ բարձունք հաղթահարելը, սակայն այնքա՜ն քաղցր է այդ հոգնությունը, մկաններիդ ցավը, երբ գիտես, թե ինչ է քեզ սպասվում վերևում: Իսկ վերևում հրաշք է: Այլակերպություն: Վերևում Քրիստոս մի կողմ է տանում Իր երկրային մարմնի վարագույրը, ինչպես որ Պողոս առաքյալն էլ է ասում (Եբր. 10:19, 20), և թույլ տալիս տեսնել Երկինքը, հաղորդակից լինել երկնային սրբարանին: Քրիստոս մի կողմ է տանում մարդկային մարմնի ամպը և թույլ տալիս, որպեսզի շողա Կենաց Արեգակը, որպեսզի տեսնենք աստվածային անեղծ Լույսը և ողողվենք Նրա պարգևած երանությամբ: Քրիստոսի պայծառակերպությանը հաղորդվելը, ասել է թե, Նրա աստվածությունը տեսնելն ու ընդունելը, ամենայն խոնարհությամբ ու սիրով, մտքով, խոսքով ու գործով Նրան երկրպագելը և ողջ էությամբ դրան ձգտելը այն կարևորագույնն է, առանց որի ուղղակի չկա քրիստոնեություն:
Գողգոթայի ճանապարհի այս կանգառն ամենակարևորն է, սիրելի՛ հավատացյալներ: Այստեղ խտացված, կենտրոնացած է ողջ Տիեզերքը, այստեղ՝ պայծառակերպյալ Քրիստոս Աստծու առջև միասնաբար խոնարհված է ամեն մի ծունկ՝ երկնավոր՝ Աստծու մոտ գտնվող Եղիան, երկրավոր՝ Պետրոսը, Հակոբոսն ու Հովհաննեսը և սանդարամետական՝ դեռևս դժոխքում գտնվող Մովսեսը (հմմտ. Փիլ. 2:9-11): Այսօր անչափ կարևոր է, որպեսզի մեր ծնկերն էլ խոնարհվեն մյուսների կողքին Քրիստոսի աստվածային փառքի առջև և մենք էլ խոստովանենք, որ Քրիստոս է միակ ու ճշմարիտ Աստված, որ մարդացավ, խաչվեց, թաղվեց ու հարություն առավ միայն ու միայն իմ ու ձեզնից յուրաքանչյուրի փրկության համար: Սա անչափ կարևոր է, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև աստվածտեսության երանությունից հետո անպայման գալիս է Գողգոթան: Եվ մեզ էլ օդ ու ջրի պես անհրաժեշտ է պայծառակերպվել, որպեսզի կարողանանք պատվով անցնել մեր կրքերը խաչելու ճանապարհը՝ առանց վախենալու, առանց թերահավատության, առանց երկմտելու, առանց փոքրոգության: Քանի որ ինչպե՞ս պիտի ձգտենք Արքայության, եթե դրա պարգևած երանությունը գոնե փոքր ինչ չենք ճաշակել: Ինչպե՞ս պիտի լուսավորենք աշխարհը, եթե ինքներս չենք բոցավառվել Քրիստոսի կենաց լույսով: Ինչպե՞ս պիտի փոխվի, ավելի լավը դառնա մարդկությունը, եթե մենք մեր տեղում չենք փոխվում: Այս սքանչելի տոնը հենց դրա հիշեցումն է, սիրելինե՛ր: Հրավերն է մեր տկար հիշողության մեջ թարմացնելու այն, թե ով է իրականում Քրիստոս, ով ենք մենք և ինչի ենք կոչված: Երանելի Պետրոս առաքյալը կարկամել, նվաղել էր Կենդանի Աստծու ներկայության քաղցրությունից և կարողացավ միայն թոթովել. «Տե՛ր, լավ է, որ այստեղ մնանք»: Այսինքն՝ այնքան լավ էր առաքյալի համար, որ այլևս ոչինչ չէր ցանկանում այս կյանքից: Կամենում էր կանգնեցնել ժամանակն ու հավերժ վայելել երանելի պահը: Աստծու անեզր ողորմածությամբ մենք ունենալու եք դրա հնարավորութունը հավերժության մեջ, սիրելի՛ հավատացյալներ, եթե ձգտենք այստեղ պայծառակերպվելու, մաքուր ու սրբակյաց կենցաղ վարելու, սիրո մեջ աճելու և սրբության մեջ առաջադիմելու: Այդ անպատմելի, հոգեպարար երանության պահերն անշուշտ այստեղ մեզ հարկավոր են մխիթարվելու և գոտեպնդվելու համար, սակայն միայն պահերը, որպեսզի դիվական պատրանքի մեջ չհայտնվենք ու մեզ արդեն սուրբ ու փրկված չհամարենք:
Որքան էլ երանելի էր վիճակը, Քրիստոս Թաբորի վրա չմնաց և աշակերտներին էլ չթողեց, քանի որ աշխարհը Նրա լույսի, Նրա ավետարանի ու նրանց ծառայության կարիքն ուներ: Քանի որ առջևում Գողգոթան էր, որից հրաժարվել, խուսափել կամ որը շրջանցել փորձելն իմաստ չունի, որովհետև միայն խաչի ճանապարհն է փրկության ճանապարհը: Քրիստոս իջավ Թաբորից, որովհետև առջևում դեռ անելիք կար, որովհետև Նրան էին սպասում լուսնոտ տղան ու չորս օրվա մեռյալ Ղազարոսը, Երիքովի կույրերն ու տաճարի կաղերը, որովհետև դեռևս ոչ բոլոր առակներն էին պատմվել և Արքայության մասին ուսուցումն ամբողջությամբ տրվել: Դեռևս չէր հաստատվել սուրբ Պատարագի ու Հաղորդության խորհուրդը: Դեռևս պիտի ամբողջանար փրկչական ծրագիրը, նախքան Արքայություն վերադառնալը: Ուստի մենք էլ հիշենք, որ դեռևս շատ անելիք ունենք այս աշխարհում, սիրելինե՛ր, ծառայություն, որ թերևս կիսատ է դեռ և հանապազօրյա աշխատանքի կարիք է զգացվում: Հետևաբար որքան էլ քաղցր է աղոթքն ու երանավետ՝ եկեղեցու խորհրդավոր լռությունը վայելելը, որքան էլ հոգեզմայլ են հոգևոր ընթերցանությունը, հաղորդումներն ու ֆիլմերը, որքան էլ հոգեշահ են հոգևոր զրույցները, հարկ է հիշել, որ Թաբորի վրա տեսածը հաստատվում ու ամրապնդվում է հավատի գործերով միայն, ինչպես որ Մակար Մեծն էլ է զգուշացնում. «Հոգևոր հայեցության կատարյալ աստիճանը հենց այն պատճառով չի շնորհվում մարդուն, որպեսզի նա ժամանակ ունենա եղբայրների խնամքով զբաղվելու»:
Եվ ի վերջո, սիրելի՛ քրիստոնյաներ, անհնար է Քրիստոս Աստծուն ճանաչել և ոչինչ չանել դրանից հետո: Չէ՞ որ անգամ երբ մի պաշտոնյայի կամ ականավոր բժշկի հետ ենք ծանոթանում, ապա առիթ ենք փնտրում նրան կրկին հանդիպելու, ծանոթությունը ամրապնդելու, նրան հաճոյանալու համար: Պարծենում ենք այդ ծանոթությամբ և բոլորին պատմում: Հիշում ենք նրա ու նրա հարազատների ծննդյան օրերը և շտապում շնորհավորելու: Անպայման կատարում ենք մեր խոստումներն ու հետևում նրանց խորհուրդներին: Սիրով ու պատրաստակամությամբ արձագանքում ենք նրանց յուրաքանչյուր կանչին ու խնդրանքին: Մի խոսքով՝ ամեն ինչ անում ենք այդ կապը պահպանելու և ամրացնելու համար՝ դրանով իսկ ապացուցելով, թե որքան կարևոր է տվյալ անձնավորությունը մեզ համար: Արդ, մի՞թե այսքանից հետո կարող ենք պնդել, թե քրիստոնյա ենք, ճանաչում ենք Քրիստոսին և ապա ոչինչ չանել: Ո՛չ, սիրելիներ, եթե ձեր հոգու աչքերը տեսել են Պայծառակերպության լույսը ու զգացել եք Աստծու ներկայության երանությունը, ապա իջեք Թաբորից և այդ ամենը տարեք աշխարհին: Եվ թող Ամենակարող Աստված Իր փառքի ճառագայթներով լուսավորի ձեր ուղին, ների, ողորմի ու զորավիգ լինի, որպեսզի արժանանք սուրբ Պետրոս առաքյալի երանությանը հավիտենության մեջ.
«Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ
և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները:
Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից
և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ…
Ցողի՛ր ինձ սպունգով՝ և ես կմաքրվեմ,
լվա՛՝ ու ձյունից ճերմակ կլինեմ…
Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից
և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից:
Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր…
լեզուս թող ցնծա քո արդարությամբ
(Սղմ. 50:3-16). ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան