23 Դեկտեմբեր, Բշ
Լճակի մոտ սողացող որդը նայում է դեպի երկինք, տեսնում թիթեռներին: Եվ նախանձով լցվելով՝ որոշում է շատ ջուր խմել, ուժ առնել և նույնպես այդպես թռչել: Սակայն ագահությամբ չափից ավելի ջուր խմելով՝ գնդակի պես ուռչում է և չի կարողանում շարժվել: Մի գեղեցիկ թիթեռ իջնում է, մի կաթիլ ջուր խմում և հորդորում.
- Անհրաժեշտ է ամբողջովին փոխվել և նոր արարած դառնալ, այլ ոչ թե շարունակաբար ջուր խմել` կարծելով, թե փոխվել ես և միևնույն ժամանակ շարունակել հին կյանքը վարել ու ավազի վրա սողալ...
Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. 4.22-24):
Հովհաննես Մանուկյան