22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թես. 5։16-18),- ըստ Պողոս առաքյալի՝ ահա, թե ինչով պետք է լիացնել հոգին: Այսինքն՝ շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի, ամեն ուրախության ու փորձության համար: Ինչքան անազնիվ է, երբ մարդ ուրախության մեջ մոռանում է շնորհակալ լինել Աստծուն, այնքան էլ վեհ ու ազնիվ է, երբ մարդ վշտի մեջ չի մոռանում երախտապարտ լինել Նրան: Վշտի մեջ չտրտնջալը դեռ երախտագիտություն չէ, ինչպես ատելության բացակայությունը դեռ սեր չէ: Ըստ հայրաբանության՝ նա, ով սովորել է երախտապարտ լինել Աստծուն նույնիսկ վշտերի մեջ, հեռու չէ երկնքի արքայությունից: Այդպիսին էր սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ցանկացած պարագայում կրկնում էր՝ փառք Աստծուն ամեն ինչի համար։ Այս խոսքերը շուրթերին նա մահացավ աքսորում։ Եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրապետն ասել է. «Ոչինչ այնքան հաճելի չէ Աստծուն, որքան երախտապարտ հոգին: Աստծուն ուղղված երախտագիտությունը ոչինչ չի տալիս Նրան, այլ երախտագետ հոգուն է մոտեցնում Նրան: Աստծուն պատիվ տալով՝ մարդն ինքն է պատիվ ստանում: Մարդը, որ վայելում է արևի լույսը, ինքն իրեն է օգուտ բերում և ոչ թե լուսատուին՝ այն ավելի պայծառ դարձնելով»:
«Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի», «Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ» (Սաղմ. 33:1-3; 95:1-2): Եթե Տերը ոչ մի բանի կարիք չունի, այդ դեպքում ինչո՞ւ է ցանկանում, որ օրհնեն, գովաբանեն ու փառաբանեն Իրեն: Այս հարցին սբ. Հովհան Ոսկեբերանը հետևյալ պատասխանն է տվել. «Այն պատճառով, որ մեր սերը Նրա հանդեպ ավելի ջերմացնենք: Նա առավել օրհնություններ է շնորհում նրանց, ովքեր փառաբանում և օրհնում են Աստծուն: Տերը մեզանից երախտագիտություն է պահանջում ոչ այն պատճառով, որ կարիք ունի մեր փառաբանության, այլ որպեսզի բոլոր բարիքներին ու Իր մեծ ողորմությանն արժանացնի: Եկեք շնորհակալ լինենք Աստծուն ոչ միայն մեր, այլ նաև ուրիշների կատարած բարի գործերի համար, այդպիսով կկործանենք մեր մեջ եղած նախանձը, կհաստատենք սերը և կդարձնենք այն ավելի անկեղծ։ Եկեք շնորհակալ լինենք Աստծուն ոչ միայն երկրային, այլ առավել հոգևոր բարիքների համար: Հանուն հոգևորի Նա շնորհում է նաև երկրայինը՝ գրավելով և ուսուցանելով անկատարներին, որոնք դեռ ամուր են կապված աշխարհին»:
Առաքյալներն ու բազում սրբեր ուսուցանում են նեղության մեջ փառաբանել Աստծուն, քանի որ վիշտը սովորեցնում է մարդուն ապրել Աստծու հետ, այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Պարծենում ենք մեր նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները մեզ տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկոնություն, տոկոնությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում, որովհետև մեզ տրված Սուրբ Հոգու միջոցով Աստծու սերը տեղ է գտել մեր սրտերում» (Հռոմ. 5:3-5): Կարևոր է, որ մարդ, անկախ բոլոր դժվարություններից և հանգամանքներից, Աստծու հանդեպ մշտական երախտագիտության զգացում ունենա, իսկ Տիրոջը երախտապարտ կարող ենք լինել մեր աղոթքներով, հանուն Աստծու փառքի կատարված բարի գործերով: Աբբա Եսային ասել է. «Այն, ինչ ունես, համարիր, որ ստացել ես ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց և շնորհակալ եղիր Նրան: Փորձության ժամանակ Աստծուն փառաբանողը փորձությանը փախուստի է մատնում»:
Ղուկասի Ավետարանում (17:11-20) կա մի դրվագ Քրիստոսի կողմից բժշկված տասը բորոտների մասին, որոնցից միայն մեկը՝ սամարացին է վերադառնում շնորհակալություն հայտնելու Բժշկողին և փառաբանելու Աստծուն՝ հիվանդությունից ազատվելու համար: Սամարացուն ուղղված Քրիստոսի այն հարցին, թե ո՞ւր են մնացած ինը, ստիպում է մարդուն մտածել՝ ինքը սամարացո՞ւն, թե՞ մեծամասնությանն է ձգտում նմանվել: Ցավալի է, բայց կան այնպիսիք, որ ոչ միայն չեն ցանկանում շնորհակալ լինել Աստծուն, այլ պարզապես հրաժարվում են Նրան հավատալուց՝ մատնացույց անելով իրենց և ուրիշների տառապանքը, չարի ու անարդարության չափն աշխարհում: Քրիստոս Իրեն հետևել ցանկացողներին ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24): Քրիստոնեությունը խաչի ուղի է, իսկ խաչի համար շնորհակալություն հայտնելը հեշտ չէ, այն մի ամբողջ կյանք է, այն հպարտության, եսասիրության և բազում այլ մեղքերի ու կրքերի հաղթահարում է:
Կան զգացումներ, ապրումներ ու վիճակներ, որ աղավաղում և արատավորում են «ներքին մարդուն» և կան այնպիսիները, որ բարձրացնում ու ազնվացնում են: Մարդ ներքուստ գեղեցկանում է, երբ փառաբանում է իր Արարչին։ Որքան անկեղծ ու խորն է այդ փառաբանությունը, այնքան առավել է երջանկությունը, քանի որ այդ պահին մարդը հանդիպում է Աստծուն, Ով Սեր է: Աստվածային սերն ընդունում է մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա և ցանկանում է նրան առավել լավը տեսնել։ Նա ուրախանում է, երբ տեսնում է իր արարածների մեջ բարության դրսևորումներ և ցավ է ապրում հակառակը տեսնելիս։ Անշնորհակալ մարդու հոգին հիվանդ է և կարող է ապաքինվել, եթե երախտագիտություն ցուցաբերի իր Արարչին: Ո՞ր ծնողը չի ուրախանում, երբ տեսնում է իր երեխային ապաքինված, այդպես էլ երկնային Հայրն է ուրախանում է՝ տեսնելով Իր զավակներին ապաքինված: Աստվածային սերը մարդկանց հանդեպ կարող է արտահայտվել տարբեր կերպերով՝ անգամ զայրութով, որ նույնպես սեր է: Իր զավակին սիրող երկրային ծնողն էլ բարկանում է զավակի վրա՝ անարժան արարքի համար: Բոլորն էլ գիտեն, որ Աստված սիրում է Իր բոլոր արարածներին, իսկ քանի՞սն են զգում այդ սերը: Աստվածային սերը կարող է հասանելի դառնալ միայն երախտագետ սրտին:
Բոլոր մարդիկ անխտիր վայելում են Աստծու առատ օրհնությունները, բայց քչերն են շնորհակալ լինում Նրան: Հաճախ առօրյա հոգսերի մեջ մարդը մոռանում է փառաբանել Աստծուն: Մարդկության թշնամին ամեն ինչ անում է, որ մարդ մոռանա այն, ինչ չպետք է մոռանա և հիշի այն, ինչ պետք է մոռացության մատնի: Իհարկե, իր երախտամոռությամբ մարդը չի նսեմացնում Աստծուն, այլ ինքն է պարտվում: Երկնային արքայություն մուտք գործելու համար անհրաժեշտ է Աստծու հետ միավորվել, իսկ Աստծու հետ միավորվում են սիրով, քանի որ Նա սեր է: Եվ ինչ սիրո մասին է խոսքը, որում չկա երախտագիտություն:
Եկեղեցու հայրերից սբ. Ս. Գրիգոր և սբ. Սիմեոն Աստվածաբանների հորդորները, թե՝ այն ամենը, ինչ տրվում է Աստծուց, անհրաժեշտ է երախտագիտությամբ ընդունել և ինչպես անհրաժեշտ է շնչել, այնպես էլ անհրաժեշտ է շնորհակալ լինել Աստծուն դժվարությունների, վշտերի և գայթակղությունների մեջ, որոնց ենթարկվում ենք աստվածահաճո մեր ճանապարհին, առավել պատկերավոր կերպով կարող ենք ընկալել այս առակի միջոցով:
Մի ազնվական ապրում էր պալատում՝ մեծ շքեղության և երանության մեջ, ամեն ինչ ուներ, բայց միևնույն ժամանակ նրան տանջում էր թախիծը։ Մի օր նա որոշեց լիցքաթափվել ու գնալ ճամփորդության: Նա երկար ճամփորդեց ձիով, բայց ճանապարհին ոչ մի հետաքրքիր բան չնկատեց։ Վերջապես հասավ մի դաշտ, ուր մի հողագործ կար՝ իր երկու եզների հետ։ Եվ ահա հարուստն անսովոր պատկեր տեսավ. գյուղացու մի եզը պառկած էր գետնին, մյուսը կանգնած էր լծի տակ, իսկ հողագործը, ակոսում ծնկի իջած, ձեռքերը վեր բարձրացրած, անընդհատ բացականչում էր. «Փա՛ռք քեզ Տեր Աստված, շնորհակալ եմ»: Մեծ տարակուսանքով ազնվականը իջավ ձիուց, մոտեցավ հողագործին և հարցրեց.
- Ինչո՞ւ ես շնորհակալություն հայտնում Աստծուն:
- Իմ եզներից մեկը սատկեց, - պատասխանեց հողագործը:
- Եվ դրա համար շնորհակա՞լ ես Աստծուն,- զարմացավ հարուստը:
- Այո, դրա համար:
- Ես ոչինչ չեմ հասկանում,- ասաց ազնվականը,- քո փոխարեն մեկ ուրիշը լաց կլիներ, կողբար, կբողոքեր երկնքի ու երկրի անարդարության դեմ, իսկ դու փա՞ռք ես տալիս Աստծուն: Կբացատրես, թե ինչո՞ւ:
Հողագործը հոգոց հանեց և ասաց.
- Ես մեղավոր մարդ եմ, այդ պատճառով էլ դժբախտության մեջ ընկա։ Մեղքերիս համար ինձ մահով պատժելու փոխարեն Տերը ինձնից մի եզ խլեց։ Ինչպե՞ս կարող եմ շնորհակալ չլինել Նրան:
Ազնվականն ավելի զարմացավ և նորից հարցրեց.
- Լավ, բայց ինչպե՞ս ես հիմա մեկ եզով հերկելու:
- Աստված կհոգա,- պատասխանեց հողագործը, և նրա դեմքը փայլեց թեթև ժպիտով:
Ազնվականը մտածեց՝ ինքը, որ տարիներ շարունակ ապրում է պալատում, այնքան վառ չի ժպտացել, որքան այդ խեղճ գյուղացին։ Նա գրպանից հանեց մի քանի ոսկի։
- Ահա, վերցրո՛ւ,- ասաց նա գյուղացուն,- քեզ համար մի եզ գնիր: Այսօր ես քեզնից շատ բան սովորեցի։
Գյուղացին ուրախությամբ բացականչեց.
- Մի՞թե ես ձեզ չասացի, պարոն, որ Տերը հոգ կտանի ամեն ինչի մասին։
Նա նորից ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք և բարձրաձայն կրկնեց.
- Փա՛ռք քեզ, Տեր Աստված, շնորհակալ եմ:
Այստեղ կարող էր ավարտվել առակը, բայց ունի շարունակություն: Գյուղացու հետ հանդիպումից հետո ազնվականը վերադարձավ իր պալատ և տեսավ, որ այն կրակի մեջ է: Ի՞նչ արեց նա. ծնկի իջավ, ձեռքերը վեր բարձրացրեց և բացականչեց՝ փառք քեզ Աստված, շնորհակալ եմ Աստված: Իր զարմացած ծառաներին նա ասաց. «Հանգստացե՛ք, այսքան տարի չեմ փառաբանել Աստծուն, թեև ամեն ինչ Նա տվել է ինձ, հիմա կսկսեմ շնորհակալ լինել Նրան, երբ կորցրի տունս: Հիմա եկել է աշխատելու ժամանակը, և դա այն է, ինչ ինձ պետք է կյանքի իմաստը վերադարձնելու համար»։ Եվ ազնվականը ջանասիրաբար նվիրվեց աշխատանքին՝ սկսելով նոր տուն կառուցել։ Նրա սիրտը թրթռաց ու ցնծաց, և օրեցօր մեծահարուստը վարժվեց ամեն ինչի համար շնորհակալ լինել Աստծուն։
Ամեն օր անհրաժեշտ է երախտապարտ լինել Տիրոջը, քանի որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ցանկացած պահին Աստծուն շնորհակալություն հայտնելու առիթ ունի։ Հիշենք Հայր Պաիսիոս Աթոսացու իմաստուն խոսքերը. «Թող այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ, ոչ թե մտածմունքի, այլ Աստծուն երախտագիտություն հայտնելու պատճառ լինի»։ Երջանկությունը ոչ թե ինչ-որ բան ունենալու կամ հանգամանքները փոխելու մեջ է, այլ ամեն ինչի համար Աստծուն երախտապարտ լինելու և Նրա սերը զգալու մեջ: Ինչպես ասել է սբ. Սիլուան Աթոսացին. «Ես կարծում էի, որ երջանկություն է երկրի վրա, երբ առողջ ես, գեղեցիկ, հարուստ, և մարդիկ սիրում են քեզ ու հպարտ ես դրանով։ Բայց երբ ես ճանաչեցի Տիրոջը, այն ժամանակ սկսեցի աշխարհի ողջ երջանկությունը դիտարկել որպես մի ծուխ, որը քշում է քամին»:
Կազմեց Կարինե Սուգիկյանը