23 Նոյեմբեր, Շբ
Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է բանսարկուն փորձություններ բերում սրբերի վրա: Եվ ծերը նրան ասաց. «Լսեցի Նիկոն անունով սրբի մասին, որը բնակվում էր Սինա լեռանը: Մի մարդ գնաց փարանացու վրանը և այնտեղ միայնակ գտնելով նրա դստերը՝ խառնակվեց նրա հետ և ասաց. «Եթե մեկը քեզ հարցնի, թե ո՞վ էր, ասա՛, թե անապատական հայր Նիկոնն արեց»: Եվ երբ եկավ աղջկա հայրը և իմացավ կատարվածի մասին, դստերը վերցնելով՝ գնաց ծերի մոտ, բախեց դուռը, և երբ ծերը դուրս եկավ, քաշեց սուրը, որ հարվածի նրան, սակայն այդ պահին նրա ձեռքը չորացավ: Չկարողանալով սպանել` փարանացին գնաց եկեղեցի և պատմեց երեցներին, իսկ երեցները մարդ ուղարկեցին՝ ծերին կանչելու: Եկավ ծերը, և նրան սաստիկ գանահարեցին և կամենում էին հալածել: Իսկ նա աղաչում էր, թե. «Թողությո՛ւն տվեք ինձ, հանուն Աստծո, որպեսզի այստեղ ապաշխարեմ»: Եվ նրան երեք տարվա ապաշխարություն սահմանեցին և պատվիրեցին, որ ոչ ոք չգնա նրա մոտ: Եվ այդ երեք տարին կիրակիից կիրակի գալիս էր եկեղեցի, ապաշխարում էր և աղաչելով ասում. «Աղո՛թք արեք ինձ համար»: Եվ դրանից հետո դիվահարվեց այն փարանացին, որ մեղքը գործեց և փորձությունը գցեց անապատականի վրա, և խոստովանեց եկեղեցում և ասաց. «Ե՛ս գործեցի այդ մեղքը և Աստծո ծառային զրպարտեցի»: Եվ ողջ ժողովուրդը ողբալով գնաց ընկավ ծերի ոտքերն ու ասաց. «Թողությո՛ւն տուր մեզ, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Ինչ մնում է թողությանը` թողնված է ձեզ, ինչ վերաբերում է իմ` այստեղ մնալուն, ապա այլևս չեմ բնակվի ձեզ հետ, որովհետև ոչ մեկը չգտնվեց ձեր մեջ, որ ինձ վշտակցելու քաջությունն ունենար»: Եվ այդպես գնաց այնտեղից»: Եվ ծերն ասաց. «Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է բանսարկուն փորձություն բերում սրբերի վրա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016