Ի՞նչն է համարվում փորձություն:
Փորձությունը կարող ենք սահմանել աշխարհիկ և կրոնական ընկալումներով: Աշխարհիկ ընկալմամբ փորձությունը որևէ մեկի կամ խմբի կողմից իրականացվող գործողությունն է, որի նպատակն է խաթարել անձի, խմբի կամ ժողովուրդների կյանքը, մատնել նեղությունների ու դժվարությունների: Կրոնական ընկալմամբ փորձությունը գալիս է սատանայից և նպատակ ունի դժվարություններ, նեղություններ պատճառելով՝ մարդուն հեռացնել Աստծուց, հոգևոր բարիքներից: Այսպիսով, աշխարհիկ ընկալմամբ փորձությունը գալիս է մարդուց կամ մարդկանցից` երկրային բարօրությունից զրկելով, իսկ կրոնական հասկացողությամբ այն գալիս է ավելի բարձրից` չարից, սատանայից, դևերից, և նպատակ ունի երկրային կյանքում չարչարանքների մատնելով` շեղել առ Աստված հավատքից, զրկել հոգևոր և հավիտենական պարգևներից: Պողոս առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այսինքն` մարդկանց հետ չէ պայքարը, այլ երկնքի տակ բնակվող չար ուժերի հետ (Եփ. 6.12): Առաքյալը բացատրում է, որ թեկուզ հաճախ մարդկանցով են գալիս փորձությունները, սակայն իրականում չար ուժերն են, որ գործում են մարդկանց միջոցով:
Ծանր ժամանակներում բախվելով մեծ դժվարությունների` շատերը կոտրվում են, կորցնում հավատը: Որ՞ն է փորձության իմաստն ու նշանակությունը:
Հակոբոս առաքյալն իր թղթում ասում է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (1.2): Առաքյալը նաև սովորեցնում է, որ Աստված չարից չի փորձվում և Ինքն էլ չի փորձում ոչ ոքի (1.13): Ուրեմն, Աստված Ինքն ուղղակիորեն փորձություններ չի բերում, բայց նախախնամությամբ թույլ է տալիս, որ մարդն ընկնի փորձության մեջ` իր հետագա կյանքի օգտի համար: Աստվածաշնչից` Հին և Նոր Կտակարաններից կարող ենք տեսնել, որ չարն իշխանություն չունի անմիջականորեն վնասելու մարդուն փորձություններով, և առանց Աստծո թույլտվության փորձություններ չեն կարող լինել: Հին Կտակարանում Հոբի գրքից տեղեկանում ենք, որ նրան փորձելու համար սատանան թույլտվություն է ստանում Աստծուց (1.12), իսկ Նոր Կտակարանում գերգեսացի դիվահարներին տանջող չար ոգիները Քրիստոսից են թույլտվություն խնդրում և հնարավորություն ստանում խոզերի մեջ մտնելու համար (Մատթ. 8.31-32, Մարկ. 5.10-13, Ղուկ. 8.29, 32-33): Ճիշտ է, որ փորձությունը կարող է նաև մարդու մահվան պատճառ դառնալ, սակայն Աստված թույլ է տալիս, որ բացառիկ դեպքերում դա պատահի մարդու հավիտենական բարիքի համար: Բեթղեհեմի մանուկների կոտորածին անդրադառնալով` Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ Աստված թույլ չէր տա նրանց մեռնելը, եթե իր ամենագիտությամբ իմանար, որ նրանք երկրային կյանքում նշանակալի գործեր կանեին, այլ գուցե և մեղավոր ընթացքով զրկվեին հավիտենական կյանքի պարգևից: Դրա համար էլ Աստված թույլ տվեց, որ նրանք այդքան շուտ երկրային, ժամանակավոր կյանքից անցնեն դեպի հավիտենություն: Նաև Քրիստոս երիտասարդ հասակում մեռավ և Նրա մահը, զոհագործությունը փրկություն եղավ ողջ մարդկության համար:
Բայց երբեմն տեսնում ենք, որ մեղավոր ու անարժան մարդիկ երկար են ապրում: Այսպես, Վրթանես Կաթողիկոսի որդիները` Պապը և Աթանագինեսը, մեղսալի կյանք էին վարում, և Կաթողիկոսը, ցավով տեսնելով իր որդիների անբարո ընթացքը, նույնիսկ նախընտրում էր, որ ընդհանրապես որդիներ չունենար: Բայց Աստված նրան պատասխանում է, որ Աթանագինեսի զավակը մեծ մարդ է դառնալու և անգամ լինելու հավատի սյունը Հայ Եկեղեցու: Աթանագինեսի որդին Ներսես Մեծ Կաթողիկոսն էր, ով մեր եկեղեցական ավանդության մեջ պատվվում է անգամ «Լուսավորիչ» անունով` կոչվելով լուսավորիչ սրտերի: Ներսես Մեծ Կաթողիկոսն իր առաքելությամբ նորովի պայծառացրեց հայոց հավատքն ու մեր Սուրբ Եկեղեցին: Ուրեմն,երբեմն նաև երեխաների պատճառով ծնողները խստորեն չեն պատժվում, որովհետև չար ծնողներից կարող են նաև հիանալի զավակներ ծնվել և բազմաթիվ մարդկանց մեծ ծառայություն մատուցել: Փորձություններն Աստծո կողմից թույլ են տրվում միայն մեկ պատճառով, որպեսզի Աստծուց հեռացած մարդը վերստին դեպի Աստված դառնա և հեռանա մեղավոր ճանապահներից: Դրա համար էլ ինչով որ մեղանչում ենք, Աստված հաճախ դրանով էլ պատժում է: Եթե մարդը մեղանչում է աչքերով, տրվում է աչքերի հիվանդություն, եթե մտքով` մտահոգություններ և այլն: Հետևաբար, փորձությունը թույլ է տրվում, որպեսզի մարդը գիտակցի իր սխալ ընթացքը կամ զգուշանա առավել մեծ վտանգից և դեպի Աստված դառնա:
Բոլոր մարդիկ էլ փորձությունների ենթարկվում են տարբեր պատճառներով՝ տնտեսական խնդիրներ, վատառողջություն, գայթակղություն, հալածանք կամ սխալ արարք գործելու դրդում և այլն: Անկախ պատճառներից, դրանք մեծ անհանգստություն են բերում: Ինչպե՞ս կարող ենք հաղթանակած դուրս գալ փորձություններից կամ դիմագրավել դրանք:
Փորձություններից կարող ենք հաղթանակած դուրս գալ` ամուր պահելով հավատքը և հիշելով Աստծո խոսքերն ու պատվիրանները: Քրիստոսի փորձությունների պատմությունից տեսնում ենք, որ սատանան ցանկանում էր նրան շեղել` անգամ Սուրբ Գրքից վկայակոչումներ անելով: Այսպես են նաև աղանդավորները, ովքեր նույն Սուրբ Գրքի խոսքերն օգտագործում են մարդկանց ճշմարիտ հավատքից շեղելու և Եկեղեցուց հեռացնելու համար: Սատանան Քրիստոսին ասաց. «Եթե Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է` Իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես» (Մատթ. 4.5-6, Ղուկ. 4.9-11): Քրիստոս հակադարձեց` նույնպես Աստվածաշնչի խոսքերը վկայակոչելով. «Գրված է` միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից», «գրված է` քո Տեր Աստծուն պիտի չփորձես», «գրված է` պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն և միայն Նրա՛ն պիտի պաշտես» (Մատթ. 4.4, 7, 10 Ղուկ. 4.4, 8, 12): Թեև Ավետարանիչը նշում է, որ Քրիստոս փորձությունների է ենթարկվել քառասուն օրերի ընթացքում (Մարկ. 1.13), սակայն Ավետարաններում ներկայացված են հիմնականում երեք փորձությունները, որոնցից մարդիկ առավել հաճախ են պարտվում` մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը: Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը բացատրում է. «Սատանայի երեք փորձությունները նպատակ ունեցան փորձելու մարմնամոլության, շահամոլության և փառամոլության կրքերը: Այս բառերն ենք օգտագործում և չենք ասում` մարմնասիրություն, շահասիրություն և փառասիրություն, որովհետև թե՛ մարմնի, թե՛ շահի և թե՛ փառքի օրինավոր սեր կա, որը երբեք մոլի կիրք չէ և մարդուն ուղիղ ճանապարհից չի շեղում»: Եվ Քրիստոս ևս ցույց տվեց, որ դրանց դեմ պետք է պայքարել հավատքով, Աստծո խոսքը հիշելով և դրանով առաջնորդվելով:
Քրիստոսի և Հոբի պատմություններից տեսնում ենք, որ փորձությունների ենթարկվում են ոչ միայն մեղավորները, այլև արդար ու սրբակենցաղ մարդիկ, որպեսզի նրանց համբերատարության ու հավատքի օրինակը ոգեշնչող լինի մյուսների համար: Միշտ չէ, որ նեղությունները մարդու մեղավոր լինելն են ցույց տալիս: Հիշենք աղքատ Ղազարոսին, ով մեծ նեղությունների մեջ էր, բայց ապրեց` հավատքը հաստատուն պահելով և հավիտենական երանելի կյանքին արժանանալով (Ղուկ. 16.19-22):
Տարածված սխալ կարծիք կա, որ վշտերն ու նեղություններն Աստված է ուղղակիորեն պատճառում մարդկանց, և շատերը մտածում են` եթե մեղավոր եմ, ուրեմն պիտի չարչարվեմ, և եթե չարչարվում եմ, ուրեմն մեղավոր եմ: Այսպես նաև արևմտյան երկրներում, ի մասնավորի ամերիկյան բողոքական քարոզիչների կողմից քարոզվում է բարեկեցության Ավետարանը, այն բացատրությամբ, որ հոգսերից ու կարիքներից զերծ լինելը, նյութական բարօրություն ունենալը նշանակում է, որ այդ վիճակի մեջ գտնվող մարդն ընդունելի է Աստծո կողմից և իր նյութական ապահովությունը տրվել է որպես պարգև բարեպաշտ կյանքի: Մինչդեռ, ըստ այդ քարոզիչների, զրկանքների, դժվարությունների մեջ լինելը նշանակում է, որ մարդը հաճելի չէ Աստծուն կամ ապրում է մեղսալի կենսակերպով: Սակայն Քրիստոս մեծապես ցավում էր` տեսնելով մարդկանց նեղությունները, հիվանդությունները, դժբախտություններն ու մահը, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե Քրիստոսն էր դրանք մարդկանց պատճառում, այլ ընդհակառակը` Տերը ցանկանում էր այդ ամենից ազատել մարդկանց: Մենք տեսնում ենք Քրիստոսին մարդկանց բուժելիս, նեղության մեջ գտնվողներին մխիթարելիս, քաղցածներին կերակրելիս, մահացածների համար վշտանալիս, մեռած Ղազարոսի համար անգամ արտասվելիս: Քրիստոս չի ուզում, որ մարդկանց մեջ այս բոլոր նեղությունները լինեն և Նա ծառայում էր մարդկանց` հուսահատությունից ու դժվարություններից վեր հանելու համար: Եվ թեկուզ փորձությունները տրվում են մարդու օգտի համար` առ Աստված դառնալու, բայց նաև տրվում են հետագայի ավելի մեծ փորձանքներից ազատվելու համար: Փորձությունները հիմնականում չարի հասցրած վնասներն են, որոնցից Աստված ուզում է ազատել բոլոր մարդկանց: Հետևաբար, պետք է պայքարել, ըստ Պողոս առաքյալի` մղել հավատքի բարի պատերազմը, պահել հավատքը (Բ Տիմ. 4.7), Աստծո օգնությունը խնդրել և առաջնորդվել Աստծո խոսքով` փորձությունները հաղթահարելու համար:
Հնարավո՞ր է պաշտպանվել ու խուսափել փորձություններից:
Աստծո կամքի կատարումը հեռացնում է այն փորձությունները, որոնք կարող էին լինել Աստծո թույլտվությամբ` աստվածահաճո կյանքով ապրելու համար իբրև խրատ: Սակայն չարը մշտապես հարձակվում է մարդկանց, հատկապես բարեպաշտ, հավատավոր կյանքով ապրողների վրա` ցանկանալով, որ մարդիկ շեղվեն հավատքից, հոգևոր օգուտներ չստանան և դժոխքի դատապարտվեն: Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում է հագնել հոգևոր սպառազինությունը (Եփ. 6.11)` ցույց տալով, որ մենք միշտ պատերազմի մեջ ենք գտնվում չարի հետ և պետք է զինվենք հավատքի զենքերով` չարին պարտության մատնելու համար: Քանի դեռ ապրում ենք երկրային կյանքում, չարի փորձությունները միշտ հետևելու են մեզ, և մենք պետք է աչալուրջ լինենք: Այդ փորձությունները գալիս են առավելաբար մեղսալի մտքերի տեսքով, և Քրիստոս նույնպես խոսելով շնության մասին` սովորեցրեց, որ մեղքերը սկիզբ են առնում ոչ թե արարքներից, այլ մտքերից (Մատթ. 5.27-28): Իհարկե, մտքերը կարող են նաև մարդունը լինել, եթե նա իր համար վճռել է ապրել մեղսալի կենսակերպով, սակայն մեծ մասամբ վատ մտքերը եկեղեցական հեղինակների մոտ կոչվում են եկամուտ մտքեր, այսինքն` դրսից եկած և մարդու մտածողության մեջ ներթափանցած մտքեր, որոնք փորձում են մարդուն ներքաշել վատ արարքների մեջ:
Հավատացյալները հաճախ ընկճվում ու սրտնեղում են, որ իրենք ապրում են բարեպաշտորեն, սակայն ոչ պատշաճ, նաև անբարո, չար մտքեր են ունենում: Պետք է իմանալ, որ այդ մտքերը հաճախ մարդուն չեն պատկանում և դրանք գալիս են չարի կողմից: Հետևաբար, պետք չէ սրտնեղել, այլ վճռականությամբ անմիջապես մերժել այդ մտքերը և առաջնորդվել աստվածային պատվիրաններով: Այլապես նման մտքերն ընդունելը և դրանց համաձայնվելը վատ հետևանքների կարող է բերել: Ուրեմն, այսպիսի և այլ փորձություններ` չարի հարձակումներ միշտ լինելու են, և պետք է զինվենք հավատքի սպառազինությամբ այս պատերազմում հաղթելու համար: Սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ նաև մարդիկ են իրենք իրենց փորձությունների մատնում: Ոսկեբերանի ցույց տված մի օրինակով` նրանք, ովքեր սիրում են գեղեցիկ դեմքերի նայել, հաճախ իրենք են իրենց մեջ կրքի կրակ բորբոքում և դրանից այրվում: Այսպիսով, պետք է պայքարել չարի հաճախակի փորձությունների դեմ և անձնապես փորձությունների պատճառ չդառնալ:
Ինչպե՞ս է պետք ճիշտ վերաբերմունք ձևավորել փորձությունների հանդեպ:
Փորձությունների մեջ մարդը հաճախ դժգոհում է ոչ թե չարից, այլ Աստծուց: Դեռ ավելին, մարդն սկսում է մեղադրել Աստծուն, որ թույլ է տվել իր հետ փորձության պատահելը: Մարդը չի անդրադառնում, որ այդ փորձությունը կարող է լինել նաև իր ապրած կյանքի, արարքների, մտքերի հետևանքը, կարող է չարի հարձակում լինել և այս ամենն անտեսելով` ելնում է Աստծո դեմ իր մեղադրանքներով: Սա մարդուն բնորոշ է. Հոբի դաժան փորձությունների մեջ նրա կինն ամուսնուն ասում էր, որ Աստծուն մեղադրի, Նրան վատաբանի և հանգստանա: Բայց Հոբը մինչև վերջ անգամ խոսքով չմեղանչեց Աստծո դեմ, այլ միայն բացատրություններ էր խնդրում իր հետ պատահածի համար: Ահա Հոբի գրքից կնոջ և ամուսնու երկխոսության այդ հատվածը. ««Մինչև ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ` փրկության հույս ակնկալելով: Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, ոչնչացված են տղաներդ ու աղջիկներդ` իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով... Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»: Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր ինչպես մի անզգամ կին. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»: Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ» (Հոբ 2.9-10): Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ փորձությունների ժամին տրտունջն ու դժգոհությունը դուրեկան են սատանային, մինչդեռ ճիշտ պահվածքը Աստծո օրհնությունն ու օգնությունը խնդրելն է, որից սատանան փախչում է, իսկ աստվածային օգնությունը` արագ հասնում: Այսպիսով, փորձությունների ժամանակ չպետք է տրտնջալ, դժգոհել:
Եկեղեցում մեղքերի ընդհանրական խոստովանության ժամանակ ասվող թվարկման մեջ հիշատակվում են տրտնջալը, դժգոհելը, բամբասելը: Այսինքն` սրանք մեղքեր են, որոնցից պետք է հեռու մնալ և փոխարենը թույլ չտալ, որ հավատքը սասանվի փորձություններից, Աստծո օգնությունը խնդրել ու պայքարել` խնդիրները հաղթահարելու համար: Փորձությունների մեջ հայտնված տարբեր մարդկանց հոգեվիճակի տարբերություն կա. անհավատների համար դժվարին փորձությունները կորչում են անհուսության մեջ, իսկ հավատացյալի համար փորձության ընթացքը լի է հույսով, իսկ վերջը լինում է հաղթանակ և փառք:
Կարո՞ղ են փորձությունները մշտապես օգտակար լինել: Ի՞նչ ենք սովորում դրանցից:
Հավատացյալի համար օգտակար են փորձությունները, եթե դրանք դիմագրավում է հավատքով և փորձում դաս քաղել դրանցից, անդրադառնալ իր կյանքի ընթացքին, Աստծո հետ հարաբերություններին, կարևորն արժևորելուն: Փորձության ժամանակ ավելանում է կյանքի փորձը, ամրապնդվում անգամ նեղությունների մեջ առ Աստված հավատարմությունը, հավատացյալը ձեռք է բերում հոգևոր փորձառություն, ունենում է Աստծո օգնության զգացողությունը, քանի որ ի վերջո Աստված Իրեն հուսացյալներին չի լքում և միշտ օգնության է հասնում: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված ում սիրում է, նրան խրատում է (Եբր. 12.6): Աստված թույլ է տալիս փորձությունը մարդու ընթացքը դեպի Իրեն հաստատուն պահելու կամ ավելի մեծ փորձանքից փրկելու համար, և չնայած որ փորձությունները գալիս են չարից, Աստված չարիքներից անգամ կարողանում է մարդու համար մեծ բարիքներ հանել: Մարդիկ ավելի շատ կցանկանային, որ Աստված, եթե իրենց սիրում է, փորձություններից զերծ պահի: Բայց հենց սերն է, որ հոգ է տանում` անգամ երբեմն դժվարությունների ու նեղությունների մատնելով: Սա կարող ենք ավելի լավ հասկանալ ծնողներ-երեխաներ հարաբերությունների դիտարկումով: Ծնողները, եթե սիրում են իրենց երեխաներին, խրատում են նրանց, երբեմն զրկում երեխային նրա համար ցանկալի թվացող այս կամ այն իրողություններից, երբեմն պատժում, և այս ամենը վկայում է ծնողական սիրո և հոգատարության ու խնամքի մասին: Մինչդեռ անտարբեր ծնողները երբեք ուշադրություն չեն դարձնում իրենց զավակներին, ո՛չ զրկում են անպատեհ ցանկությունների իրագործումից, ո՛չ պատժում կամ խրատում սխալների համար, ինչը ցույց է տալիս, որ այդպիսի ծնողների համար միևնույն է, թե երեխան ինչպիսին կմեծանա: Այսպես էլ Աստծո կողմից փորձությունների ենթարկվելը թույլ տալը վկայում է մարդու հանդեպ աստվածային սիրո մասին: Այդ փորձությունների մեջ Աստված միայնակ չի թողնում մարդուն, այլ միշտ օգնության է հասնում և խաղաղ հանգրվանի բերում:
Փորձությունները բոլորի՞ համար են:
Բոլորն էլ ենթարկվում են փորձությունների, անգամ փոքրիկ երեխաները: Մենք կարող ենք հիշել հրեա մանուկների կոտորածը Եգիպտոսում (Ելք 1.22), Բեթղեհեմի մանուկների կոտորածը (Մատթ. 2.16-18), քրիստոնյաների հալածանքները, մարդու անձնական կյանքում պատահող տարբեր փորձությունները: Երեխաների պարագայում մահվան դեպքում Աստված իրականությունն «ընկալում» է հավիտենության տեսանկյունից, և այդ երեխաները երկրային կյանքից փոխադրվում են հավիտենական կյանք: Պետք է իմանալ, որ վաղահաս մահը բացառիկ դեպքում է լինում դարձյալ աստվածային նախախնամությամբ: Ուրեմն, ոչ ոք զերծ չէ փորձությունից` անկախ տարիքից և սեռից: Պողոս առաքյալն ասում է, որ Աստված փորձության հետ մեկտեղ փրկության ելք էլ է ցույց տալիս (Ա Կորնթ. 10.13): Հետևաբար, փորձությունը գալիս է ինչ-որ ժամանակահատվածով, այն մշտական չի մնում և յուրաքանչյուր փորձության համար Աստծո կողմից տրվում են համապատասխան օգնություն ու զորակցություն: Փորձությունը բարիք է դառնում այն հաղթահարելուց հետո այս կյանքի համար, ինչպես նաև հավիտենական կյանքի համար:
Տեր Ադամ քհն. Մակարյան