Պսակ ա­մուս­նու­թյան

Պսա­կը Ե­կե­ղե­ցու այն ս. խոր­հուրդն է, ո­րով եր­կու հե­ռա­վոր անձ­նավո­րու­թյուն­ներ` այր ու կին, ստա­նում են աստ­վա­ծա­յին օրհ­նու­թյուն, խորհր­դավո­րա­պես միա­նում են ի­րար հետ, մի մար­մին են դառ­նում և, մշտա­կան կե­նակ­ցու­թյան ուխ­տի մեջ մտնե­լով, ըստ Քրիս­տո­սի և յուր Ե­կե­ղե­ցու միու­թյան օ­րի­նա­կին, նվիր­վում են միա­սին Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հառաջա­դի­մու­թյան հա­մար աշ­խա­տե­լուն և նո­րա բաղ­կա­ցու­ցիչ ըն­տա­նի­քը կազ­մե­լուն[1]: Ուստիև պսա­կված ա­մուս­նու­թյունն ա­մե­նա­սերտ դաշնն է, ա­մե­նա­սերտ կապն է, ա­մե­նա­սերտ ուխտն է, որ կա­րող են առ­հա­սա­րակ եր­կու մարդ  ու­նե­նալ ի­րար հետ: Ո՛չ ազ­գա­կա­նու­թյունն ու ո՛չ բա­րե­կա­մու­թյունը չեն կա­րող երբեք այդ աս­տի­ճա­նի մտեր­մու­թյուն ներշն­չել մի դաշ­նակ­ցու­թյան կամ ուխ­տի մեջ: Մարդ­կա­յին ոչ մի դաշն չի կա­րող տղա­մար­դին կամ կնո­ջը այն­քան նե­ցուկ ու խրա­խույս լի­նել ա­ռա­քի­նա­կան հան­դի­սի և աս­տվա­ծա­յին ար­քա­յու­թյան ըն­տա­նիք կազ­մե­լու գոր­ծի մեջ, որ­քան այն ա­մուս­նու­թյունն, որ Ե­կե­ղե­ցու այդ ս. խոր­հուր­դով մտնում է Աս­տու­ծո օրհ­նու­թյան վա­յելք­նե­րի ու նո­րա ար­քա­յու­թյան ան­դա­մակ­ցու­թյան մեջ: Աս­տու­ծո ար­քա­յու­թյան մշտա­կան ըն­տա­նի­քը լի­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ Աստ­ված ճա­նա­չե ա­մուս­նա­ցող­նե­րին յուր ար­քա­յու­թյան ըն­տա­նիք և ա­ռա­տա­պես պար­գևե նո­ցա յուր շնորհ­ներն, ա­պա թե ոչ` ա­մուս­նու­թյունը կդառ­նա լոկ աշ­խար­հա­յին մի պա­տա­հար և ան­ցա­կան գործ, չի ծա­ռա­յիլ ա­ռա­քի­նու­թյան ու վե­հու­թյան, տևա­կան նպա­տակ­ներ չի ու­նե­նալ, մարմ­նա­կա­նը կտի­րա­պե­տե, և մարմ­նա­պես ա­ռավել ու­­ժե­ղը յուր քմա­հա­ճույք­նե­րին կծա­ռա­յեց­նե ա­մուս­նու­թյունն ու յուր հավա­սա­րին կամ կո­ղակ­ցին: Ուս­տի Քրիս­տոս ա­ռանձ­նա­պես շեշ­տում է աս­տվա­ծա­յին տնօ­րի­նու­թյան այս ս. խոր­հուրդն` ա­սե­լով. «Թող­ցէ այր զհայր եւ զմայր եւ եր­թի­ցէ զհետ կնոջ իւ­րոյ, եւ ե­ղի­ցին եր­կո­քեան ի մար­մին մի: Ա­պա ու­րեմն ոչ են եր­կու, այլ` մի մար­մին, արդ` զոր Աս­տուած զու­գեաց, մարդ մի մեկ­նես­ցէ» (Մատթ., ԺԹ 5-6): Ու­րեմն յու­րա­քան­չյուր տղա­մարդ, բա­ժան­վելով յուր ծնող­նե­րից, յուր ազ­գա­յին ըն­տա­նի­քից, առ­նում է մի այլ կին, նո­րա հետ մի մար­մին է դառ­նում Աս­տու­ծո ս. խոր­հուր­դով և օրհ­նու­թյամբ ու, հա­կա­ռակ մարդ­կա­յին բո­լոր չար հա­կում­նե­րին և ա­նաս­նա­կան չա­րա­կա­մու­թյանց, մի նոր ընտա­նիք է դառ­նում երկ­նավոր ար­քա­յու­թյան մեջ (Ա Տիմ., Դ 1-8. Եբր., ԺԳ 4):

Աստ­ված, ստեղ­ծե­լով Ա­դա­մին և Եվա­յին, սահ­մա­նեց ա­մուս­նու­թյան միու­թյունը և ա­պա «օրհ­նեաց զնո­սա Աս­տուած եւ ա­սէ` «Ա­ճե­ցէք եւ բազ­մա­ցա­րուք»[2]: Եվ քա­նի որ Աս­տու­ծո ամ­բողջ ստեղ­ծա­գոր­ծու­թյան կա­տա­րու­մը մար­դով ե­ղավ, ա­մե­նայն ինչ մար­դու հա­մար ստեղ­ծվեց, մար­դը դար­ձավ ամեն ա­րա­րած­նե­րի տերն ու նպա­տա­կը, և Աս­տու­ծո Միա­ծին Որ­դին մար­դու հա­մար ե­կավ աշ­խարհ, պարզ է, որ այր ու կին ևս Աս­տու­ծո օրհ­նու­թյամբ պետք է ըն­տա­նիք դառ­նան և, Աս­տու­ծո ար­քա­յու­թյան տարր կազ­մե­լով, ծա­ռա­յեն նո­րա զար­գաց­ման երկ­րի վրա: Թե­րի կլի­ներ քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու աս­տվա­ծա­յին շնոր­հա­բաշ­խու­թյան շրջա­նը, ե­թե ան­հա­տին վե­րած­նե­լուց հետո ամեն շնորհ­ներ տար մարդ­կանց հո­գով սրտով հառաջա­դի­մե­լու աս­տվա­ծա­յին ճա­նա­պար­հի վրա ու նո­րա ար­քա­յու­թյունը մտնե­լու, իսկ նույն այդ ար­քա­յու­թյան ան­դամ­ներ ըն­ծա­յող դաշ­նա­կից­նե­րին սրբու­թյամբ, աս­տվա­ծա­յին օրհ­նու­թյամբ ու ս. խորհր­դով չդարձ­ներ Աս­տու­ծո արքա­յու­թյան ըն­տա­նիքն և կամ սի­րո միու­թյունը: (Հովհ., Բ 1-11): Աստ­ված սեր է, և մեր ե­րա­նու­թյունը ի­րա­գործ­վում է սի­րով Աս­տու­ծո հետ միա­նա­լով, հե­տևա­բար չկա սեր, չկա ե­րա­նա­կան միու­թյուն այն­տեղ, որ­տեղ չկա Աս­տու­ծո օրհ­նու­թյունը: Իսկ միու­թյունն, որ սի­րո և ճշմար­տու­թյան միու­թյուն չէ, չի կա­րող Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման տարր կազ­մել այս աշ­խար­հում, չի կա­րող Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու հիմ­նա­կան պատ­կե­րը դառ­նալ: Ինչ ան­հատ խորթ է Աս­տու­ծուց կամ Քրիս­տո­սի հետ միա­ցած չէ ու Քրիս­տո­սի մար­մի­նը չէ, նա կտրված է Ե­կե­ղե­ցուց, նա կանգ­նած է ա­ռանձ­նա­կի իբ­րև ե­սա­պաշտ, որ դեռ կա­րոտ է Աս­տու­ծո ընդ­հա­նուր նա­խախ­նա­մու­թյան դաս­տիա­րա­կու­թյան: Ըստ այսմ` ինչ­պես որ Քրիս­տոս վերջ­նա­կա­նա­պես ճշտեց ու սրբա­գոր­ծեց այն բո­լոր ճա­նա­պարհ­ներն, ո­րոն­ցով պետք է մտնենք Աս­տու­ծո ար­քա­յու­թյունն, այն­պես էլ հաս­տա­տուն, սուրբ և աս­տվա­ծա­դիր հի­մունք­նե­րի և սկզբունք­նե­րի վրա հաս­տա­տեց այն ուխտն, որ­տե­ղից պետք է Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար եր­կյու­ղած ու ճշմար­տա­սեր հավա­տա­ցյալք, ա­ռա­քի­նի և աշ­խա­տա­սեր ան­ձինք, Աս­տու­ծո որ­դի­ներ ել­նեն. և կամ թե, որ պետք է ներ­կա­յաց­նե Ե­կե­ղե­ցու տարր կազ­մող պատ­կե­րը` սի­րո ար­տա­քին ի­րա­կա­նա­ցու­մը: Այն­պես որ, ա­մուս­նու­թյան մեջ մարմ­նա­կա­նը չպետք է նպա­տակ լի­նի, այլ` հո­գևո­րը, սի­րո ի­րա­կա­նա­ցու­մը, ինչ­պես որ ա­ռա­քյալն է ա­սում. «Որ ու­նի­ցին կա­նայս, որ­պէս թէ չու­նի­ցին» (Ա Կոր., Է 29):

Վաս­ նո­րո և Ս. Պո­ղոս ա­ռա­քյալը, խոսե­լով ա­մու­սին­նե­րի ճշմա­րիտ սի­րո վրա, շեշ­տում է ա­մուս­նա­կան կա­պակ­ցու­թյան մեծ նշա­նա­կու­թյունն` ա­սե­լով. «Խոր­հուրդս այս մեծ է, բայց ես ա­սեմ ի Քրիս­տոս եւ յե­կե­ղե­ցի» (Եփ., Ե 32), այ­սինքն նման է և փոք­րիկ պատ­կեր է այն սերտ միու­թյան, որ կա երկ­նավոր փե­սա Քրիս­տո­սի և երկ­րավոր հարսն ե­կե­ղե­ցու մեջ: Ըստ ո­րում և այս մարմ­նավոր հար­սա­նիքս է խոր­հուրդ հո­գևոր հար­սա­նյացն և «միավո­րու­թեան Հոգ­ւոյս առ Աս­տուած, որ­պէս ա­սէ ա­ռա­քեալն», - գրում է Ս. Գրի­գոր Տա­թևա­ցին[3]: Այդ է պատ­ճառն, որ բարձր ա­ռա­քի­նու­թյան ձգտող հո­գևո­րա­կա­նը նվիր­վում է Քրիս­տո­սին և կու­սակ­րոն կյան­քով կապ­վում Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու հետ[4], վասնզի, ինչ­պես ա­սա­ցինք, ըն­տա­նի­քը սի­րո ի­րա­կա­նա­ցումն է, ո­րով Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար սպա­սավոր­վում է կա՛մ որ­դիք պար­գևե­լով, կա՛մ սի­րա­հոր­դոր գոր­ծու­նեու­թյամբ և կա՛մ այդ կրկին ար­դյուն­քով: Այն­պես որ, երբ մեկ հավա­տա­ցյալ կա­րո­ղա­նում է գե­րա­գույն ա­ռա­քի­նու­թյան նվի­րվել, և Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու հետ միա­ցած կամ Քրիս­տո­սի հետ կա­պված ե­կե­ղե­ցու փե­սա դառ­նա­լով, գոր­ծել Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար, նո­րան պետք չէ ա­մուս­նու­թյունը: Ուստիև Քրիս­տոս ա­սում է. «Բայց ոչ ա­մե­նե­քեան բաւա­կան են այդմ բա­նի, այլ ո­րոց տուեալ է»[5]: Կու­սակ­րոն­նե­րի գո­յու­թյունը Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում թե՛ ի­րա­կա­նա­ցումն է Քրիս­տո­սի պա­տվե­րին, ա­ռանց ո­րի կզրկվեր նա բարձր ա­ռա­քի­նու­թյան ճա­նա­պար­հից և քրիս­տո­նեա­կան բարձր գա­ղա­փարն ա­նի­րա­գոր­ծե­լի կդարձ­­ներ, և թե՛ մյուս կող­մից կու­սակ­րոնու­թյունը մի տե­սա­նե­լի հարա­ցույց է, որ ըն­տա­նի­քը Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ար­տա­քին տարր կազ­մող պատ­կերն է և սի­րո ար­տա­քին ի­րա­կա­նա­ցու­մը: Մինչ­դեռ ա­մուս­նա­ցած հո­գևո­րա­կա­նաց գո­յու­թյունը Հայաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում ակ­նե­րև ա­պա­ցույց է, որ ա­մուս­նու­թյունն ոչ թե խո­տե­լի է, այլ ընդ­հա­կա­ռակն` աս­տվա­ծա­յին մի կար­գավո­րու­թյուն է և Աս­տու­ծո ա­ռաջ հա­ճե­լի:

Այս­պի­սով, Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին թե՛ օրհ­նու­թյամբ և թե՛ օ­րի­նա­կով հաս­տա­տում է սի­րո ար­տա­քին ի­րա­կա­նա­ցու­մը կամ ըն­տա­նի­քը, որ ներ­կա­յաց­նում է յուր մեջ մարդ­կա­յին սի­րո ա­մե­նա­սերտ կա­պակ­ցու­թյունը: Սա­կայն ըն­տա­նի­քը մի­միայն յուր գո­յու­թյամբ չէ ծա­ռա­յում սի­րո նպա­տա­կին, այլև յուր գոր­ծու­նեու­թյամբ: Ինչ­պես որ Ե­կե­ղե­ցին ըն­տա­նի­քով է պատ­կե­րաց­նում սի­րո ար­տա­քին ի­րա­կա­նա­ցու­մը, այն­պես էլ ըն­տա­նի­քի մի­ջո­ցով է ըն­դար­ձակ­վում սի­րո շրջա­նը: Ըստ այսմ` ըն­տա­նի­քը թե՛ սի­րո ար­տա­քին ի­րա­կա­նա­ցումն է և թե՛ ի­րա­կա­նա­ցու­ցի­չը: Իբ­րև սի­րո ի­րա­կա­նա­ցու­ցիչ` ըն­տա­նի­քը թե՛ սի­րո կա­պերն է բազ­մաց­նում և ըն­դար­ձա­կում և թե՛ ին­քը սի­րո վար­ժա­րան է դառ­նում` բնա­կա­նա­պես սո­վո­րեց­նե­լով մարդ­կանց և գործ­նա­կա­նա­պես վար­ժեց­նե­լով սի­րո զգաց­մանց հա­մե­մատ գոր­ծու­նեու­թյան մեջ: Այդ­պի­սի վար­ժու­թյունը սկսվում է նախ` եր­կու ա­մու­սին­նե­րի, ա­պա` ծնո­ղաց ու որ­դի­նե­րի, հետո` եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի, այ­նու­հե­տև ա­մու­սին­նե­րի և ազ­գա­կան­նե­րի, ըն­տա­նի­քի և ազ­գա­կան­նե­րի մեջ և այլն, և այլն, այն­քան ըն­դար­ձա­կու­թյամբ, որ­քան նպաս­տում են հան­գա­մանք­նե­րի ու հարա­բե­րու­թյանց բար­դու­թյուն­նե­րը[6]: Ըստ ո­րում ոչ մի տե­սա­կան բա­ցատ­րու­թյուն չի կա­րող այն­պես պար­զել ու հաս­տա­տել սի­րո որ­պի­սու­թյունը մարդ­կանց հո­գու մեջ, որ­քան ըն­տա­նե­կան սիրո օ­րի­նակն ու վար­ժու­թյունը: «Սի­րես­ցես զըն­կեր քո իբ­րեւ զանձն քո»` իս­կա­պես ըն­տա­նի­քի մեջ է յուր կա­տա­րու­մը ստա­նում և ա­պա ճյու­ղավոր­վում դեպի դուրս:

Քա­նի որ ըն­տա­նիքն այս­քան մեծ դեր ու մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում, պետք է ան­շուշտ Աս­տու­ծո պա­տվի­րա­նաց հա­մա­ձայն հիմ­նադ­րվի ու յուր կեն­սու­նա­կու­թյունն ստա­նա, որպեսզի կա­րո­ղա­նա ար­ժա­նա­նալ կամ վա­յե­լել աս­տվա­ծա­դիր ս. պսա­կի օրհ­նու­թյունը: Այս սկզբունքն ար­տա­հայտված է նա­խա­մար­դու ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ. Աստ­ված ստեղ­ծեց կնո­ջը` ար­տա­հայտե­լով յուր կամ­քը` «ա­րաս­ցուք դմա օգ­նա­կան ըստ դմա» (Ծննդ., Բ 18): Այդ ըմբռ­նեց և Ա­դա­մը, երբ ա­սաց. «Այս այժ­միկ ոսկր յոսկե­րաց ի­մոց եւ մար­մին ի մարմ­նոյ իմ­մէ»: Այս նմա­նու­թյունը մի հիմ­նա­կան սկզբունք էր, ո­րից հետո Աստ­ված օրհ­նեց նո­ցա` ա­սե­լով. «Ա­ճե­ցէք եւ բազ­մա­ցա­րուք եւ լցէք զեր­կիր եւ տի­րե­ցէք դմա», այ­սինքն` պա­տվի­րեց «քրտամբ աշ­խա­տել»[7] և զավակ­նե­րով ա­ճել ու տի­րել[8]:

Աս­տու­ծո ո­րո­շած հիմ­նա­կան սկզբունքն, այ­սինքն` նմա­նու­թյունը, կա­րող է լի­նել մարմ­նավոր և հո­գևոր, ո­րոն­ցից բղխում են բնա­կա­նա­բար եր­կու կար­գի պայ­ման­ներ. նախ` մարմ­նավոր կա­նո­նավո­րու­թյուն ` 1. ա­ռող­ջու­թյուն. 2. հա­սու­թյուն ու 3. չա­փա­հա­սու­թյուն, իսկ երկ­րորդ` հո­գե­կան կյան­քի հա­մե­մա­տու­թյուն` 1. միա­հավա­տու­թյուն. 2. ա­մու­րիու­թյուն ու 3. փո­խա­դարձ սերտ սեր:

Մարմ­նավոր կա­նո­նավո­րու­թյունը անհ­րա­ժեշտ է ա­մուս­նա­կան կա­պակ­ցու­թյան հա­մար և ինքնըստինքյան հաս­կա­նա­լի է, վասնզի ա­ռող­ջու­թյունը պետք է այն­քան նպաս­տավոր լի­նի, որ ար­գելք չդառ­նա կե­նակ­ցու­թյան, ինչ­պես լի­նում է ան­բու­ժե­լի ցավե­րի ժա­մա­նակ, որ­պի­սիք են բա­րա­կա­ցավ, խե­լա­գա­րու­թյուն և այլն: Չա­փա­հա­սու­թյունը նույն­պես մի անհ­րա­ժեշտ պայ­ման է, որ և զու­գա­դեպ պետք է լի­նի եր­կու ա­մու­սին­նե­րի մեջ, ըստ ո­րում, կի­նը պետք է չա­փա­հաս լի­նի (17 տա­րե­կան), և տղա­մար­դը` ա­ռավել տա­րի­նե­րով (20-25): Իսկ հա­սու­թյունն մի անհ­րա­ժեշտ պայ­մանն է թե՛ բժշկա­կան ա­ռող­ջա­պա­հա­կան, այ­սինքն` մարմ­նա­պես ու հո­գե­պես ա­ռողջ սե­րունդ ու­նե­նա­լու, և թե՛ սի­րո ու բա­րո­յա­կա­նու­թյան գա­ղա­փա­րի հաս­տա­տու­թյան տե­սա­կետից, ինչ­պես ա­սա­ցինք վե­րև: Այս ո­րո­շված է Ս. Գրքում նույնիսկ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ժա­մա­նա­կից` «թող­ցէ այր զհայր իւր եւ զմայր իւր, եւ եր­թի­ցէ զհետ կնոջ իւ­րոյ, եւ ե­ղի­ցին եր­կուքն ի մար­մին մի»: Մով­սեսն էլ սահ­մա­նում է այս սկզբուն­քը գրե­թե մին­չև հին­գե­րորդ աս­տի­ճա­նը[9]: Նույն սկզբուն­քը հաս­տա­տված է և Նոր Ուխ­տի սրբա­գործ­մամբ[10]: Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում հա­սու­թյունը սահ­մա­նված է բնա­կան ազ­գակ­ցու­թյան մեջ յոթը պոր­տի շրջա­նում, այ­սինքն` կա­րող են ա­մուս­նա­նալ եր­կու գծի ծոռ­նը առ­նի կամ մի զոյ­գի առ­նը կոռ­նի հետ թեև բժշկա­կան տե­սա­կետից սո­քա ևս չեն կա­րող ա­մուս­նա­կան վերս­տին կա­պակ­ցու­թյան և ու­րեմն որ­դեծ­նու­թյան հա­մար բա­րեն­պաստ ու բա­րե­հաջող հա­մա­րվիլ: Որ­քան տա­րո­րոշ ըն­տա­նիք­նե­րից են ա­մուս­նա­ցող­նե­րը, այն­քան ավե­լի հուսա­լի է, որ միան­ման և միա­հար հիվան­դու­թյուն­ներ չեն հան­դի­պիլ ի­րար: Մյուս կող­մից` որ­քան հե­ռու ըն­տա­նիք­նե­րից են ա­մուս­նա­ցող­նե­րը, այն­քան նոր բա­րե­կամ­նե­րով ա­ռավել ևս ա­պա­հո­վվելու հնա­րավո­րու­թյուն են գտնում: Եվ ինչ­պես բնա­կան ազ­գակ­ցու­թյունը, նույն­պես և հո­գևո­րը մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի, ուս­տի խնա­մու­թյունը թույ­լատր­վում է ա­զա­տա­պես նույն աս­տի­ճա­նաց մեջ, ավա­զա­նի ծննդյամբ ար­գել­վում են վեց աս­տի­ճա­նով, իսկ որ­դեգ­րու­թյամբ` չոր­սով: Նե­րե­լի հան­գա­մա­նաց մեջ կա­նո­նադ­րա­կան բա­ցա­ռու­թյուն­ներ ա­նե­լը, ա­պաշ­խա­րանք նշա­նա­կե­լով, Հայ­րա­պե­տա­կան ի­րավունք է ու բա­րե­հա­յե­ցո­ղու­թյան ա­ռար­կա:

Երկ­րորդ կար­գի մեջ, հո­գե­բա­նա­կան տե­սա­կետից դա­տե­լով, ան­տա­րա­կույս անհ­րա­ժեշտ է փո­խա­դարձ սեր, որպեսզի ա­մու­սին­նե­րը գրավվեն դեպի ի­րար և ոչ թե խոր­շեն ու մի­միայն կեն­դա­նա­կան կյան­քի հա­մար համ­բե­րա­տար լի­նին դեպի ի­րար ա­ռանց հարա­տևու­թյան: Իսկ այդ­պի­սի սի­րո հիմքն է նախ միա­հավա­տու­թյունը, զի հավատ­քից է բղխում[11] մար­դու հո­գե­կան աշ­խար­հի բո­լոր կյանք ու հա­յե­ցո­ղու­թյունը, և երկ­րորդ` ան­փորձ կու­սա­կան քնքշու­թյունը, որ կա­րող է նո­րա­պես հա­կվիլ, տրա­մադ­րվիլ ու կա­պակ­ցվիլ սի­րո նոր պա­հանջ­նե­րի կո­ղակ­ցու­թյան մեջ. և ան­խզե­լի միու­թյուն դառ­նալ յուր կո­ղակ­ցի հետ: Այս­պի­սի կա­նո­նավոր կա­պակ­ցու­թյամբ միայն կա­րող են պսա­կվող­նե­րը լի­նել` «Մի մար­մին, միա­ւո­րեալ հոգ­ւով հե­զու­թեան, սի­րել զմի­մեանս պար­կեշտ վա­րուք, ամ­բիծ հո­գով, ա­ռանց ա­մօ­թոյ, ա­ռանց լկտու­թեան պատ­րաստ լի­նել ի գործս բա­րիս», «սուրբ եւ ա­նա­րատ միա­շունչ եւ միա­խոր­հուրդ», վասնզի ինչ­պես եր­կու ա­մու­սին­ներն են հո­գով ու մարմ­նով ա­ռանձ­նա­պես, այն­պես է լի­նում և նո­ցա կա­պակ­ցու­թյուն ու նո­ցա կազ­մած ըն­տա­նի­քը: Ինչ­պես նո­ցա հո­գե­կան կյանքն է, այն­պես ար­տա­հայտ­վում է և նո­ցա սի­րո կապն և ամ­բողջ ա­մուս­նա­կան կե­նակ­ցու­թյունը: Միայն այդ­պի­սի պսա­կվող­նե­րը կա­րող են ծա­ռա­յել Աս­տու­ծո դրած ա­մուս­նա­կան նպա­տա­կին, ըստ ո­րում և միայն այդ­պի­սի­նե­րի վրա Հա­յաս­տան­յայց Ս. Ե­կե­ղե­ցին կա­րող է պսակ դնել և ու­րա­խու­թյամբ եր­գել. «Ու­րախ լեր, բերկ­րեա՛, հարս­նա­ցեալ Ս. Ե­կե­ղե­ցի, պայ­ծա­ռա­ցո՛ զման­կունս քո յօրհ­նա­բա­նու­թիւն ծա­գո­ղին զշող լու­սոյ ի քեզ, Մայր Ե­կե­ղե­ցի»:

Սույն այս բո­լոր սկզբունք­նե­րը թե՛ սաղ­մոս­նե­րով, թե՛ եր­գե­րով, թե՛ ըն­թեր­ցված­նե­րով, թե՛ աղոթք­նե­րով ու թե՛ տե­սա­նե­լի ա­րա­րո­ղու­թյամբ ար­տա­հայտ­վում ու ներշնչ­վում է այն հավա­տաց­յալ­նե­րի մեջ, ո­րոնք կա՛մ պսա­կվելիս, կա՛մ ներ­կա գտնվելով` մաս­նակ­ցում են պսա­կի այս վեհ խոր­հուր­դին: Սա­կայն մար­դու հո­գևոր աշ­խար­հի որ­պի­սու­թյունից ու նո­րա հա­յե­ցո­ղու­թյունից է կա­խված, թե նա ինչ­պի­սի՞ աչ­քով կնա­յե յուր կյան­քի այդ մեծ քայ­լի վրա և ինչ­պի­սի՞ սրտով կմտնի այդ վսեմ կա­պակ­ցու­թյան մեջ, ար­դյո՞ք սուրբ և ան­կեղ­ծավոր հավատ­քով, հո­գով և զգաց­մուն­քով, թե՞ կեղ­ծավո­րու­թյամբ ու լկտու­թյամբ: Ինչ­պես այդ քայ­լը կլի­նի, այն­պես կո­րո­շվի և նո­րա ա­պա­գան, և ինչ­պես մար­դու հո­գե­կան աշ­խարհն է, այն­պես կներ­կա­յա­նա նո­րան և ա­մուս­նու­թյան նշա­նա­կու­թյունը: «Ա­մե­նայն ինչ սուրբ է սրբոց, բայց պղծոցն եւ ան­հա­ւա­տից ո­չինչ է սուրբ, այլ պղծեալ են միտք եւ խոր­հուրդք նո­ցա: Խոս­տա­նան գի­տել զԱս­տուած, եւ գոր­ծովք իւ­րեանց ու­րա­նան. պիղծք եւ ան­հա­ւանք եւ յա­մե­նայն գործս բա­րեաց ան­պի­տանք» (Տիտ., Ա 15):

Այժմ հարց է ա­ռաջ գա­լիս այ­րի­նե­րի կրկնա­մուս­նու­թյան ու պսա­կի ան­լու­ծա­նե­լիու­թյան վրա:

Պսա­կի ս. խոր­հուր­դի էու­թյունն ու թե ա­մու­սին­նե­րի մի մար­մին լի­նե­լը պար­զա­պես ցույց են տա­լիս, որ պսա­կը մի ան­գամ է կա­տար­վում, և ա­մուս­նու­թյունը մի ան­գամ է կա­յա­նում: Պսակ­վելիս ա­մու­սին­նե­րը խոս­տա­նում են ի­րար պատ­կա­նել ցմահ, ըստ ո­րում, ս. Ավե­տա­րա­նի պա­տվե­րով տղա­մար­դը խոս­տա­նում է սի­րել յուր կնո­ջը յուր ան­ձի պես, որ նշա­նա­կում է, թե ա­մե­նայն ինչ պատ­րաստ լի­նել զո­հե­լու նո­րա հա­մար իբ­րև ճշմա­րիտ սրտա­կից և իբ­րև մի մար­մին նո­րա հետ[12]: Սա­կայն նույնիսկ ստեղ­ծա­գոր­ծու­թյան պատ­մու­թյունը ցույց է տա­լիս, որ կնոջ հետո ստեղծ­վելո­վը գե­րա­դա­սու­թյուն է ստա­նում տղա­մար­դը, այն­պես որ ա­ռա­ջի­նը պետք է փայ­լի յուր պար­կեշ­տու­թյամբ ու հա­մես­տու­թյամբ, իսկ երկ­րոր­դը` յուր տղա­մար­դու­թյամբ ու հո­գա­տա­րու­թյամբ: Կնոջ ու տղա­մար­դու բնա­կան խառ­նվածքն ու դիրքն անհ­րա­ժեշ­տա­պես ո­րո­շում են այս եր­կու տե­սակ հա­րա­բե­րու­թյան որ­պի­սու­թյունն, ըստ ո­րում և կի­նը պսա­կվելու ժա­մա­նակ խոսք է տա­լիս հնա­զանդ լի­նե­լու տղա­մար­դին ու երկն­չե­լու կամ ակ­նա­ծե­լու նո­րա­նից: Իսկ այս հնա­զան­դու­թյունն ու եր­կյու­ղը ոչ թե ստրկա­կան է, այլ այն վե­րա­բեր­մունքն, որ սո­վո­րա­բար ու­րա­խու­թյամբ ու­նե­նում ենք դեպի անձ­նա­զո­հու­թյամբ մեզ սի­րող և մեզ հա­մար ապ­րող ու շնչող ըն­կե­րը կամ մտե­րի­մը: Նա, որ սի­րում է, չի կա­րող բռնա­կալ լի­նել, իսկ նա, որ սիր­վում է, չի կա­րող չպաշ­տել, չհնա­զան­դվել յուր անձ­նվեր սի­րող կո­ղակ­ցին: Որ­քան էլ բարձր լի­նի տղա­մար­դը, նա, եր­դվելով Աս­տու­ծո և ժո­ղովր­դի ա­ռաջ` սի­րել յուր կո­ղակ­ցին, չի կա­րող որևիցե կեր­պով ար­հա­մար­հել նո­րան կամ բռնա­նալ նո­րա վրա. «Այլ թէ ի­ցէ եւս ի­մաս­տուն, չէ պարտ զօգ­նա­կանն իւր ար­հա­մար­հել... զի ի­մաս­տունք ի­մաստ­նոց լսեն եւ խո­նարհք խո­նար­հաց հնա­զան­դին: Զի որք ուղ­ղա­պէս մտաց ա­չօք նա­յի­ցին ի պա­տուի­րանս Աս­տու­ծոյ, եւ հո­գե­ւոր վա­րիւք զքաղց­րու­թիւն սրտին ստա­ցեալ ու­նին ա­զա­տա­բա­րոյ բա­րուցն հան­դար­տու­թեամբ, չէ պարտ ար­հա­մար­հել զայս­պի­սի ա­ղեր­սա­բա­նու­թիւնս, քան­զի ե­րա­նե­լին Պօ­ղոս ա­սէ. «Արք ի­մաս­տու­թեամբ բնա­կես­ցին ընդ կա­նայս, իբ­րեւ տկար ա­նօ­թոյ ա­րաս­ցեն պա­տիւ կա­նանց»: Այս­պես է գրում Ս. Հովհան Ման­դա­կու­նին, որ Մաշ­տո­ցի այս մա­սի հե­ղի­նակն է: Հե­տևա­բար բռնու­թյուն և ստրկու­թյուն չկա ա­մու­սին­նե­րի մեջ, այլ կա­տա­րյալ սեր և հավա­սա­րու­թյուն, անձ­նվի­րու­թյուն ու հնա­զան­դու­թյուն, միու­թյուն ու միասր­տու­թյուն, ո­րով ուխ­տում են ցմահ ի­րար պատ­կա­նել: Պո­ղոս ա­ռա­քյալը, ա­ռանձ­նա­պես շեշ­տե­լով տղա­մար­դի ու կնոջ հավա­սա­րու­թյունը, մեծ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում այս հարա­բե­րու­թյան վրա` ա­սե­լով. «Հնա­զանդ լե­րուք մի­մեանց եր­կիւ­ղիւն Քրիս­տո­սի: Կա­նայք իւ­րեանց ա­րանց հնա­զանդ լի­ցին իբ­րեւ Տեառն. Զի այր գլուխ կնոջ, որ­պէս եւ Քրիս­տոս գլուխ է ե­կե­ղեց­ւոյ, եւ ինքն է Փրկիչ մարմ­նոյ: Այլ որ­պէս ե­կե­ղե­ցին հնա­զանդ լի­նի Քրիս­տո­սի, նոյն­պէս եւ կա­նայք իւ­րեանց ա­րանց` յա­մե­նայ­նի: Արք` սի­րե­ցէք զկա­նայս ձեր, որ­պէս եւ Քրիս­տոս սի­րեաց զե­կե­ղե­ցի, եւ զանձն իւր մատ­նեաց վասն նո­րա. Զի զնա սրբես­ցէ սրբու­թեամբ ա­ւա­զա­նին բա­նիւ. Զի կա­ցուս­ցէ ինքն իւր յան­դի­ման փա­ռա­ւոր զե­կե­ղե­ցի...: Նոյն­պէս եւ պար­տին արք սի­րել զիւ­րեանց կա­նայս իբ­րեւ զիւ­րեանց մար­մինս, որ սի­րէ զկին իւր, զանձն իւր սի­րէ. Զի ոչ ոք եր­բէք ա­տեայ զանձն իւր, այլ սնու­ցա­նէ եւ դար­մա­նէ զնա, որ­պէս եւ Քրիս­տոս` զե­կե­ղե­ցի. Զի ան­դամք եմք մարմ­նոյ նո­րա, ի մարմ­նոյ նո­րա եւ յոս­կե­րաց նո­րա: Վասն այ­սո­րիկ թող­ցէ այր զհայր եւ զմայր իւր, եւ եր­թի­ցէ զհետ կնոջ իւ­րոյ, ե­ղի­ցին եր­կո­քին ի մար­մին մի: Խոր­հուրդս այս մեծ է, բայց ես ա­սեմ ի Քրիս­տոս եւ յե­կե­ղե­ցի: Այլ եւ դուք նոյն­պէս մի ըստ միո­ջէ, զի իւ­րա­քան­չիւր ոք զիւր կին այն­պէս սի­րես­ցէ իբ­րեւ զիւր անձն, եւ կին երկն­չի­ցի յառ­նէ իւր­մէ» (Եփ., Ե 21):

Ս. ա­ռա­քյալի խոս­քերն, ո­րոնք մենք դիտ­մամբ ամ­բող­ջա­պես ա­ռաջ բե­րինք, պարզ ցույց են տա­լիս, թե որ­քան սերտ է ա­մու­սին­նե­րի միու­թյունն և որ­քան սի­րա­լիր և անձ­նվի­րա­կան: Ինչ­պես Քրիս­տոս վե­րա­բեր­վում է առ յուր ե­կե­ղե­ցին, այն­պես պետք է վա­րվի և տղա­մար­դը յուր կնոջ հետ. և ինչ­պես ե­կե­ղե­ցին վե­րա­բեր­վում է առ Քրիս­տոս, այն­պես էլ պետք է վա­րվի կինն յուր ա­մուս­նու հետ: Ուստիև ինչ­պես որ ե­կե­ղե­ցին ու Քրիս­տոս ան­բա­ժա­նե­լի են ի­րա­րից, այն­պես էլ ցմահ կա­պված են ի­րար հետ այր ու կին, ըստ ո­րում և թե՛ Քրիս­տոս ու թե՛ ա­ռա­քյալ­նե­րը[13] բա­ցեի­բաց մեր­ժում են պսա­կի լու­ծու­մը, իսկ ի­րա­րից հե­ռա­ցող ա­մու­սին­նե­րին ի­րավունք չեն տա­լիս վերս­տին ա­մուս­նա­նա­լու: Այս այն­քան դժվար թվաց Քրիս­տո­սի ա­շա­կերտ­նե­րին, որ իս­կույն ար­տա­հայտե­ցին ու պա­տաս­խան ստա­ցան. «Ա­սեն ցնա ա­շա­կերտքն իւր. ե­թէ այդ­պէս ինչ վնաս ի­ցէ անդ այր եւ անդ կին, լաւ է չա­մուս­նա­նալ. Եւ նա ա­սէ. Ոչ ա­մե­նե­քեան բա­ւա­կան են այդմ բա­նի, այլ` ո­րոց տուեալ է»: Այս խոս­քե­րով Քրիս­տոս վերջ­նա­կա­նա­պես կա­պեց որևիցե ու­րիշ ելք: Թող­նել ա­մուս­նուն և ու­րի­շին առ­նել ոչ այլ ինչ է, ե­թե ոչ շնու­թյուն, վասնզի միան­գամ ի­րա­կա­նա­ցած միու­թյունը խախ­տել ան­կա­րե­լի է:

Բայց չէ՞ որ մեկի մեռ­նե­լով` մնում է մի ա­մու­սի­նը միայ­նակ: Այս դեպ­քում ևս հե­տևորեն ար­գել­վում է կեն­դա­նի մնա­ցա­ծի կրկնա­մուս­նու­թյունը, և ճշմա­րիտ` միան­գամ սի­րա­ծը և հո­գով ու մարմ­նով միա­ցա­ծը, ե­թե ճշմար­տա­պես և ազն­վու­թյամբ է մտել այդ կա­պի մեջ, չի կա­րող մի նոր միու­թյան մեջ մտնել, վասնզի սուրբ սերն ան­շի­ջա­նե­լի է: Այդ պատ­ճա­ռով և Ս. Պո­ղոս ա­ռաք­յալը պար­զա­պես հայտա­րա­րում է, որ այ­րին պետք է մնա սրբու­թյամբ (Ա Կոր., Է 18-40): Սա­կայն ո­րով­հե­տև «լաւ է ա­մուս­նա­նալ, քան զջեռ­նուլ»[14], ուս­տի Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին, ըստ ա­ռա­քյալի ո­րոշ­ման, նե­րե­լով թույլատ­րում է երկ­րորդ ա­մուս­նու­թյունը` թող­նե­լով ա­մուս­նա­ցող այ­րի­նե­րի վրա յու­րյանց սի­րա­դրուժ նոր կյան­քի մե­ղան­չա­կան հիմ­քի քավու­թյունը: Այդ պսա­կի հա­մար կա և մի ա­ռան­ձին կարգ, ո­րում այս սկզբունք­ներն ա­ռաքյալի ա­սա­ծին հա­մե­մատ ո­րոշ­վում են[15]: Ըստ ո­րում, այ­րին մի­միայն այ­րու հետ կա­րող է ա­մուս­նա­նալ և ոչ կույսի հետ: Իսկ եր­րորդ ու չոր­րորդ ա­մուս­նու­թյունն, որ այժմ մի­ջին դա­րե­րից սկսյալ թույլատր­վում է` իբ­րև ե­րիցս մե­ղան­չումն` բա­ցա­ռու­թյանց բա­ցա­ռու­թյուն է, այն­պես որ, Ս. Գրի­գոր Տա­թևա­ցին կրկնա­մուս­նու­թյունը նե­րումն է կո­չում և ոչ օրենք, բայց հին­գե­րոր­դը` պոռն­կու­թյուն[16]:

Քա­նի որ մեկի մա­հով մյու­սը ա­զատ­վում է ա­մուս­նա­կան կա­պից ու նո­րեն ա­մուս­նա­նում, բնա­կան է, որ կա­րող են լի­նել այն­պի­սի դեպ­քեր, ո­րոնք նման են մա­հվամբ լու­ծվելուն: Այդ­պի­սի մի դեպք հիշ­վում է Ս. Պո­ղո­սի մի թղթում, այն է` երբ հե­թա­նոս ա­մու­սի­նը թող­նում, հե­ռա­նում է քրիս­տո­նեու­թյունն ըն­դու­նած ա­մուս­նուց (Ա Կոր., Է 12), և ա­ռա­քյալը թույլատ­րում է քրիս­տոն­յա ա­մուս­նուն այս­պի­սի հան­գա­մանք­նե­րում ա­զատ թող­նե­լու հե­թա­նոս կո­ղակ­ցին: Քրիս­տո­նյան ա­ռավել ևս պար­տավոր­վում է մա­հվան չափ հե­ռու լի­նել ան­բա­րո­յա­կան ու փուչ կո­ղակ­ցից` ըստ Քրիս­տո­սի և ըստ ա­ռա­քե­լոց պա­տվե­րին[17]: Ու­րեմն կա և մի հո­գևոր մահ, ո­րով դար­ձյալ կեն­դա­նի ա­մու­սի­նը ա­զատ­վում է` ըստ բնա­կան մա­հվան սկզբուն­քին, ո­րով նե­րողմ­տա­բար թույ­լատր­վում է կեն­դա­նի ա­մուս­նու կրկնա­մուս­նու­թյունը:

Ա­հա վե­րո­հիշյալ հի­մանց վրա Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին ու­նի կա­նո­նադ­րած եր­կու կար­գի սկզբունք­նե­րով լու­ծումն շնոր­հա­զուրկ ա­մուս­նու­թյանց: Ա­ռա­ջին կար­գի են վե­րա­բե­րում այն պսակ­ներն, ո­րոնք իս­կա­պես կա­յա­ցած չեն ան­վավե­րու­թյան պատ­ճա­ռով: Այդ­պի­սի պատ­ճառ­ներ են. 1. չհա­սու­թյուն. 2. ան­բու­ժե­լի տկա­րու­թյուն կամ ան­կա­րո­ղու­թյուն. 3. բռնու­թյամբ կա­յա­ցա­ծը. 4. պոռն­կու­թյուն պսա­կից ա­ռաջ[18]. 5. մարմ­նավոր ան­զու­գա­դի­պու­թյուն. 6. օտարա­հավա­տու­թյուն[19]: Սույն­պի­սի ա­մուս­նու­թյունք լուծ­վում են և, կա­րող ա­մու­սին­ներն ա­պաշ­խա­րե­լով նոր թույլ­տվու­թյուն են ստա­նում օ­րի­նավոր ա­մուս­նու­թյան մեջ մտնե­լու:

Երկ­րորդ կար­գին են պատ­կա­նում այն ա­մուս­նու­թյունք, ո­րում մեկը մա­հա­ցած է բնա­կա­նա­պես կամ բա­րո­յա­պես. այ­դոնք են. 1. Ուխ­տավո­րու­թյան ու կրոնավո­րու­թյան նվի­րվելով` եր­կուքն էլ կրոնավոր­վում են. 2. Երբ մեկն ան­հավատ է, այ­սինքն` մեր­ժում է Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու հավատ­քը. 3. Խե­լա­գա­րու­թյուն, այ­սա­հա­րու­թյուն և ան­բու­ժե­լի ան­կա­րո­ղու­թյուն. 4. Ան­բու­ժե­լի գո­դու­թյուն և նույն­պի­սի հիվան­դու­թյունք. 5. Ան­դարձ ան­ջա­տումն կամ աք­սոր. 6. Կորս­տա­կան պոռն­կու­թյուն և մահ[20]:

Ա­հա վե­րո­հիշյալ հան­գա­մանք­նե­րում Հո­գևոր իշ­խա­նու­թյան բարձր ժո­ղով­նե­րը կամ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի ստո­րադ­րյալ ատ­յան­ներն ու պաշ­տոնյայք, քննե­լով դեպ­քի բո­լոր պա­րա­գայք լրջորեն, օ­րի­նավո­րա­պես ու պատ­շա­ճավոր անձ­նավո­րու­թյանց կամ հաս­տա­տու­թյանց հաս­տա­տուն ե­րաշ­խավո­րու­թյամբ, ա­ռա­ջար­կում են Նո­րին Օծու­թյան ի տնօ­րի­նու­թյուն, որ և կոն­դա­կով հիշա­տա­կում է բո­լոր հիմ­քերն և ըստ այնմ կար­գադ­րում: Հո­գևոր իշ­խա­նու­թյան ա­ռաջ­նոր­դող գա­ղա­փարն այն է, որ պսա­կը իբ­րև սուրբ խոր­հուրդ` յուր հիմ­քերն ու պայ­ման­ներն ու­նի. այդ հիմ­քերն ու պայ­ման­ներն այն­պի­սի սկզբունք­ներ են, ո­րոնք կազ­մում են Ս. Գրքի վար­դա­պե­տու­թյան հի­մունք­նե­րը և ու­րեմն ա­ռանց դո­ցա չի կա­րող ա­մուս­նա­կան կյանք կա­յա­նալ, իսկ ա­ռանց այդ ս. խոր­հուր­դի ի­րա­կա­նաց­ման ոչ ոք չի կա­րող, ա­մուս­նա­կան կյանք վա­րե­լով, Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու ան­դա­մը լի­նել: Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյունը պա­հան­ջում է եր­կու ա­մու­սին­նե­րի մարմ­նավոր ու հո­գևոր զու­գա­դի­պու­թյուն ըստ յու­րյանց ան­կեղծ ընտ­րու­թյան, որպեսզի նո­քա Աս­տու­ծո առաջ իբ­րև մի միու­թյուն ճա­նա­չվին և կա­պվին: Ա­մուս­նու­թյան կա­պը ի­րոք չի կա­յա­նում, ե­թե այդ վեհ սկզբանց դեմ մե­ղան­չված է և ու­րեմն ա­մուս­նու­թյունը կա­րող է այն ժա­մա­նակ միայն խախ­տվիլ, նախ` երբ հիշյալ պայ­ման­ներն ան­տես են առ­նված, և երկ­րորդ` երբ տե­ղի ու­նե­նա մի ա­մուս­նի բնա­կան մա­հը և կամ աս­տվա­ծա­յին սուրբ ճշմար­տու­թյան և Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու հա­մար ըն­դար­մա­նա­լը: Ըստ ո­րում, ինչ­պես որ բնա­կան մա­հով մի­միայն մի ա­մու­սինն է կրկնա­մուս­նու­թյան թույլտ­վու­թյուն ստա­նում, այն­պես էլ` բա­րո­յա­կան մա­հով. վասնզի նա, որ դրժել է Աս­տու­ծո, նո­րա սրբու­թյան ու բո­լոր հավա­տա­ցյալ­նե­րի ա­ռաջ տված խոս­տու­մը, չի կա­րող մի նոր վստա­հու­թյուն ու հավատք գտնել ո՛չ ե­կե­ղե­ցու մեջ և ո՛չ որևիցե հավա­տա­ցյալից: «Որ­պէս քա­հա­նա­յին օ­ծումն ի Հոգ­ւոյն ոչ բա­ժա­նի յա­ւի­տեան, եւ պսա­կին օրհ­նու­թիւնն, որ ի մար­մինն է, ոչ բա­ժա­նի մինչ ի մահ ի մարմ­նոյն: Եւ ե­թէ մինն է պատ­ճառ, որ եւ ի­ցէ թէ՛ այրն եւ թէ՛ կինն, ա­ռանց ա­մուս­նու­թեան մնաս­ցէ, եւ միւսն զու­գես­ցի այ­լոց, որ չէ պատ­ճառ»[21]: Երբեք չպետք է մտա­հան ա­նել այն, որ եր­կու ա­մուս­նա­ցող­նե­րը Աս­տու­ծո և ժո­ղո­վուր­դի ա­ռաջ ուխ­տում են և ի­րար ազ­նիվ ու հավա­տա­բուղխ խոսք տա­լիս ցմահ միա­սին ապ­րե­լու, ի­րար սի­րե­լու և գոր­ծա­կից ու կե­նա­կից լի­նե­լու` չընկ­ճվելով ոչ մի նե­ղու­թյան և հիվան­դու­թյան տակ: Նո­քա հանձն են առ­նում, որ այ­րը սի­րա­լիր տեր է, իսկ կի­նը` սի­րող հնա­զանդ, սա­կայն եր­կուքն էլ, միու­թյուն լի­նե­լով, ի­րար հավա­սար են իբ­րև մի մար­մին, մի միտք, մի կամք ու­նե­ցող ա­մոլ­ներ[22]: Նո­քա ըն­դու­նում են, որ միայն մա­հը կա­րող է բա­ժա­նել նո­ցա. ըստ ո­րում, բնա­կան մա­հը ճա­նաչ­վում է ինքնըստինքյան` ան­ջա­տե­լով մեկի մարմ­նավոր կյան­քը մյու­սից, իսկ հո­գևոր մա­հը ճա­նաչ­վում է Աս­տու­ծո ա­ռաջ Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու ընդ­հան­րա­կան Հայ­րա­պե­տի վճռով:

Ու­րեմն երբ մի զույգ, գի­տե­նա­լով այս ա­մե­նը, հավատ­քով ու ճշմար­տու­թյամբ գա­լիս է, մտնում Աս­տու­ծո օրհ­նու­թյան տակ և Պսա­կի ս. խոր­հուր­դով նոր կյանք սկսում, ան­շուշտ այդ նոր կյան­քի ըն­թաց­քում ևս պետք է հնա­զան­դվի մի­միայն այն սկզբանց, ո­րոնք բղխում են Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու վար­դա­պե­տու­թյունից: Ու­րիշ պայ­ման­ներ մտա­ծել կամ անձ­նա­կան քմա­հա­ճույ­քով կա­մե­նալ ուխ­տա­զանց լի­նել, նույն է, թե ար­հա­մար­հել ե­կե­ղե­ցին և այն հավատքն, ո­րով ա­մուս­նա­ցո­ղը օրհ­նու­թյան է փա­փա­գել: Մին­չև ան­գամ ամ­լու­թյան հա­մար կնոջ հետ գժտվիլն ար­գել­վում է, և Ս. Հովհան Ման­դա­կու­նին գրում է. «Այլ թէ վասն չքա­ւո­րու­թեան ոք որդ­ւոյ առ­նի­ցէ ա­տե­լու­թիւն ընդ ա­մուս­նոյ իւ­րոյ, չար է ա­ռա­ջի Աս­տու­ծոյ: Զի՞նչ օ­գուտ է որ­դիս խնդրել, եւ զո­գիս կո­րու­սա­նել ա­նի­րաւ ա­տե­լու­թեամբն: Զի ոչ ե­թէ որդ­ւոց խնդիր է ա­ռա­ջի Աս­տու­ծոյ, այլ ա­նա­րատ ոգ­ւոց»[23]:

Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին մո­լար ըն­թացք է բռնում, վասնզի պսա­կը ս. խոր­հուրդ հա­մա­րե­լով հան­դերձ` նա­խա­դա­սում է կու­սու­թյունը ա­մուս­նա­կան կյան­քից և խո­տե­լի դարձ­նում հո­գևո­րա­կա­նաց հա­մար: Այս մի դառն հա­կա­սու­թյուն է, վասնզի այն, որ խո­տե­լի է ե­կե­ղե­ցա­կա­նաց հա­մար, չի կա­րող և ս. խոր­հուրդ լի­նել կամ ս. խոր­հուր­դով ի­րա­կա­նա­նալ: Այս մի թյուր հաս­կա­ցո­ղու­թյուն է Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյան, ըստ ո­րում ոչ թե կու­սու­թյունն է ինքնըստինքյան բարձր ա­ռա­քի­նու­թյուն ճա­նաչ­վում, այլ կու­սու­թյամբ ա­մե­նայն աշ­խար­հա­յին հոգ­սե­րը թող­նել և Քրիս­տո­սի հե­տևից գնա­լով` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար աշ­խա­տե­լը, ուստիև ո՛չ Քրիս­տոս և ո՛չ էլ ա­ռա­քյալ­նե­րը չեն մեր­ժում նաև ա­մուս­նա­ցած գոր­ծող­նե­րին, ո­րոնք նույն­պես նվիր­վում էին ե­կե­ղե­ցա­կան ծա­ռա­յու­թյան:

Երկ­րորդ` Հռովմեա­կան ե­կե­ղե­ցին մո­լոր­վում է, երբ ա­մուս­նու­թյունն ըստ ա­մե­նայ­նի ան­լու­ծե­լի է ճա­նա­չում` իբր հե­տևանք այն մո­լո­րու­թյան, ո­րով ու­սու­ցա­նում է, թե խոր­հուր­դը կա­տար­վում է հավա­տա­ցյալի վրա նո­րա հավատ­քից և ար­ժա­նի­քից ան­կախ: Չլու­ծե­լով ա­մուս­նու­թյունը` նա ժխտում է հո­գևոր մա­հվան կա­րե­լիու­թյունը հա­կա­ռակ Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյան, քա­ջա­լե­րում է պիղծ կե­նակ­ցու­թյունը և վեր­ջա­պես ար­դար ա­մուս­նուն ստրկաց­նում է մե­ղավո­րին: Նա նպաս­տում է այս ե­րեք մո­լո­րու­թյանց ա­ռավել ևս այն թյուր վար­դա­պե­տու­թյամբ, ո­րով բա­ժա­նում է այդ­պես գժտված ա­մու­սին­նե­րին «սե­ղա­նով և ան­կող­նով» ի­րա­րից և ստի­պում այդ­պես բա­ժա­նված ապ­րե­լու: Մինչ­դեռ, ինչ­պես տե­սանք, թե՛ Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյունը, թե՛ ա­ռա­քյալ­նե­րի քա­րո­զու­թյունը ճա­նա­չում է ո­րոշ հան­գա­մանք­նե­րի մեջ մի ա­մուս­նի բա­րո­յա­կան մահն և հե­տևա­բար ար­դար ա­մուս­նի կրկնա­մուս­նու­թյան զի­ջո­ղու­թյունը[24]: Ար­դար ա­մու­սի­նը կա­րող է հաշ­տվիլ մի­միայն այն­պի­սի ա­մուս­նի հետ, որ մե­ղան­չել ու զղջում է յուր մեղ­քը և ոչ թե` բա­րո­յա­կան մա­հի մատ­նվելով ըն­կա­ծի հետ:

Այս մո­լար ըն­թաց­քը բավա­րար ա­ռիթ էր, որ դեմը բո­ղո­քող­նե­րը մեր­ժե­ցին Պսա­կի ս. խոր­հուրդն և ա­մուս­նու­թյունը լոկ մարմ­նավոր, ե­կե­ղե­ցու հետ կապ չունե­ցող ի­րո­ղու­թյուն ճա­նա­չե­ցին, կար­ծե­լով, թե այդ­պես վերջ­նա­կան հա­րված կտան հռովմեա­կան ան­կա­նո­նու­թյանց: Սա­կայն դո­րա հե­տևան­քը ե­ղավ ըն­տա­նե­կան կյան­քի ան­կումն թե՛ բա­րո­յա­կան ու թե՛ կրոնա­կան տե­սա­կետից: Ըստ ո­րում, այդ­պի­սի վար­դա­պե­տու­թյամբ նախ ըն­տա­նի­քը դառ­նում է ե­կե­ղե­ցու լույսից դուրս շրջան. երկ­րորդ` հա­կա­սու­թյան վրա է հաս­տատ­վում, վասնզի ըն­տա­նի­քը, ծնող լի­նե­լով ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րի, ին­քը ս. խոր­հուր­դով չէ հիմն­վում, մինչ­դեռ յուր ծնուն­դը ս. խոր­հուր­դի վա­յե­լող է դառ­նում. եր­րորդ` սի­րո գործ­նա­կան ի­րա­կա­նա­ցու­մը վե­րա­նում է, ուստիև հա­սու­թյունը մոտիկ ազ­գա­կան­նե­րի մեջ ան­գամ սո­վո­րա­կան է դառ­նում, որ ավե­րում է ըն­տա­նե­կան սրբու­թյունը. չոր­րորդ` բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցին, լոկ մարմ­նա­կան հա­մա­րե­լով ա­մուս­նու­թյունը, ժխտում է մար­դու հո­գևոր նշա­նա­կու­թյունն և ա­ռավե­լու­թյունը հա­կա­ռակ Ս. Գրքի վար­դա­պե­տու­թյան, ըստ ո­րում, մարդ, «տա­ճար Աս­տու­ծոյ կեն­դան­ւոյ» լի­նե­լով, սի­րո ա­մե­նա­սերտ կա­պի մեջ սոսկ մարմ­նա­կան է դառ­նում այդ ե­կե­ղե­ցում: Եվ վեր­ջա­պես հին­գե­րորդ` այդ ե­կե­ղե­ցին բա­ցեիբաց հա­կա­ռակ է ըն­թա­նում Ս. Գրքի վար­դա­պե­տու­թյան, որ ա­մուս­նա­կան սի­րո միու­թյունը նույնաց­նում է Քրիս­տո­սի և յուր ե­կե­ղե­ցու միու­թյան ու նո­րան հա­մե­մատ ար­ժա­նի­քը պար­զա­բա­նում[25]:

Հա­յաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցին ո՛չ լոկ ար­տա­քին է հա­մա­րում ա­մուս­նու­թյունն, ո՛չ մա­սամբ խո­տե­լի, բայցև սուրբ խոր­հուրդ, և ո՛չ էլ հե­ռաց­նում է յու­րյանից իբ­րև միայն մարմ­նավոր դաշ­նակ­ցու­թյուն, այլ ճա­նա­չում է թե՛ մարմ­նավոր և թե՛ հո­գևոր միու­թյուն ու սի­րո ի­րա­կա­նա­ցումն, որ Աս­տու­ծո հա­ճե­լի մի կարգ է ժո­ղո­վուր­դի և նույնիսկ Ե­կե­ղե­ցու սպա­սավոր­նե­րի մեջ: Ինչ­պես որ չկա նո­րա մեջ լոկ մարմ­նավոր ձգտում­նե­րի հարա­ցույց, այն­պես էլ նա յուր լու­սո շրջա­նում չէ ճա­նա­չում այն­պի­սի կյանք, որ սոսկ մարմ­նավոր լի­նի, և միևնույն ժա­մա­նակ գոր­ծոն դառ­նա­լով Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման, յուր ս. խորհր­դա­կա­տա­րու­թյամբ չհիմ­նվի և ա­ճե­լով զար­գա­նա: Այն, ո­րի ար­դյունքն ու գոր­ծու­նեու­թյունը Աս­տու­ծո ար­քա­յու­թյան հա­մար են, յուր հիմքն ու բար­գավա­ճումն էլ պետք է Աս­տուծո ար­քա­յու­թյան մեջ և Աս­տու­ծո օրհ­նու­թյամբ ստա­նա: Ուստիև ըն­տա­նիքն էլ իբ­րև այդ­պի­սի մի նշա­նավոր գոր­ծոն, փա­ռավոր խորհր­դա­կա­տա­րու­թյամբ է ստա­նում յուր օրհ­նու­թյունը:

Պսա­կը կա­տար­վում է Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցում նո­րա հավա­տա­ցյալ­նե­րի վրա և նո­րա քա­հա­նա­յի, ե­պիս­կո­պո­սի ու Կա­թու­ղի­կո­սի ձեռ­քով ա­ռավոտվա­նից մին­չև կեսօր, բայց ոչ լույս տերու­նա­կան տոնե­րին, պահք ու մեծ պահ­քին և զատ­կից հետո մին­չև Հո­գե­գա­լուստ, վասնզի պահ­քի օ­րե­րը աղոթ­քի և հո­գևոր կար­գե­րով մխի­թա­րվելու կամ թե ա­պաշ­խա­րե­լու օ­րեր են, այ­սինքն` «սգոյ եւ տրտմու­թեան է եւ խոր­հուրդ չար­չա­րա­նաց Տեառն եւ ոչ գի­նար­բու­թեան եւ ու­րա­խու­թեան հար­սա­նեաց»: Իսկ հի­նուն­քը և տերու­նա­կան տոնե­րը ներ­կա­յաց­նում են երկ­նավոր փե­սա­յի և հարսն ե­կե­ղե­ցու հար­սա­նյաց օ­րե­րը հան­դերձ­յալում, ո­րում միա­նում են հավա­տա­ցյալ­նե­րը հրեշ­տակ­նե­րի հետ: Ուստիև այդ օ­րե­րում, քա­նի որ հան­դեր­ձյալ կյան­քը երկ­րավոր ա­մուս­նու­թյուն չու­նի, ար­գե­լված է «զմարմ­նա­կանս զայս կա­տա­րել հար­սա­նիս, որ է ախ­տաւոր և ծննդա­կան», և ու­րեմն ան­հնար է երկ­նավոր հար­սա­նյաց օ­րե­րի շնոր­հը տա­րա­ծել երկ­րավո­րի վրա[26]: Քա­հա­նա­յի պար­տավո­րու­թյունն է նախ` քննել, որ ա­մուս­նա­ցող­նե­րը ըստ ա­մե­նայ­նի հա­մա­պա­տաս­խան են Հայաս­տա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցու սկզբանց, և ա­պա` կա­նո­նավո­րա­պես պսակ կա­տա­րել:

 

[1] Ծն., Բ 18, 24. Թ 1. Եփ., Ե 23. Ծն. Ա 28. Եփ., Զ 4. Ա Տիմ., Դ 1-5: Գործունյա զույգի այդպիսի մի օրինակ են Ակյուղա և Պրիսկիղա ամուսինները: Գործք, ԺԸ 2-26. Հռ., ԺԶ 3. Ա Կոր. ԺԶ 19. Բ Տիմ., Դ 19:

[2] Ծննդ., Բ 22-24. Մատթ., ԺԹ 13-15:

[3] Ամր. քարոզ., էջ 199. Ս. Գրիգոր Նարեկ., Մեկն. Երգոց Երգույն:

[4] Մատթ., ԺԹ 11-12. Ա Կոր., Է 8. տե՛ս և վարը` գլ. ԽԶ:

[5] Մատթ., ԺԹ 11. Ա Կոր., Է 1, 26, 28. Կող., Բ 18. Ա Տիմ., Դ 2-3:

[6] Ղուկ., ԺԴ 12. ԻԱ 16. Հռ., Թ 3:

[7] Ծննդ., Գ 16, 17. Բ 15. Ա 26-28. Բ Թես., Գ 10:

[8] Ծննդ., Ա 28. Թ 1, 7

[9] Ծննդ., Բ 24. «Մարդ ոք մարդ առ ամենայն ընտանութիւն մարմնոյ իւր մի՛ մեր­ձես­ցի». Ղևտ., ԺԸ 6-25. Բ Օր., ԻԲ 30. ԻԷ 21:

[10] Մատթ., ԺԹ 5. Մարկ., Զ 18. Ա Կոր., Ե 1: «Պատուէր արարէք նոցա, զի տղայոց կա­նայս մի խօսեսցին, եւ մի կատարելոցն` առանց զիրեարս տեսանելոյ միմեանց հա­ճու­թեամբ: Եւ դուք քահանայք, տղայոց ամենեւին իսկ պսակ մի օրհնէք մինչեւ ի կա­տա­րումն հասակի: Իսկ կատարելոցն, որոց զմիմեանս ոչ իցէ տեսեալ ի հաճոյս իւ­րեանց, պսակ մի իշխէք դնել առանց քննութեան եւ ցնոսին ինքեանց հարցանելոյ, գու­ցէ բռնադատութեամբ ծնողացն ակամայ հաւանեալ իցեն. եւ զայսպիսի հարսանիս մի իշխէք յանձն առնուլ, զի մինչեւ ցայսօր յայդպիսի անկարգութենէ բազում վնասք գնա­ցին յաշխարհի հոգեւոր եւ մարմնաւոր»: Ս. Սահակ:

[11] «Եւ ոչ եթէ առ մեօք միայն, որ Քրիստոսի անունդ բարձեալ բերեմք հաւատովքս, այլ զոր ինչ միանգամ իրք աշխարհի պաշտին, եւ որ ինչ արտաքս, քան զեկեղեցին, սա­կայն հաւատովք կարգին: Հաւատովք եւ օրէնք ամուսնութեան զօտարացեալն ի հա­ւա­նութիւն միաբանութեան կարգեն: Մարդ օտար յօտարէ առ ամուսնութեանն հա­ւա­սա­րութենէ լինի տէր բերդից, գանձից եւ գերդաստանաց»: Կոչ. Ընծ., 87:

[12] Ա Կոր., ԺԱ 7. Է 33. Ա Պետր., Գ 7. Կող., Գ 19:

[13] Մատթ., Ե 28-32. ԺԹ 3-11. Հմմտ. Բ Օր., ԻԲ 13-21. ԻԴ 1-3. Երեմ., Գ 8. Ես., Ծ 1. Մարկ., Ժ 2-12. Ղուկ., ԺԶ 18. Ա Կոր., Է 10-27. Հռ., Է 3:

[14] «Որ միակինքն իցեն` զերկկանայսն մի՛ բամբասեալ խոտիցեն, զի լաւ լաւ է սրբու­թիւնն եւ սքանչելի, բայց առանց մեղադրութեան է եւ երկրորդ հարսանիքն, զի մի՛ պոռնկես­ցի տկարագոյնն: Լաւ լաւ էր նոցա, ասէ առաքեալն, եթէ կացցեն մնասցեն իբրեւ զիս, ապա թէ ոչ հանդարտեն, արանց լինիցին, զի լաւ է ամուսնանալ, քան զջեռ­նուլ»: Կոչ. Ընծ., 76:

[15] Ա Կոր., Է 9, 39. Հռ., Է 2-3. Մաշտոց ձեռաց., 184-185. Սեբեոս, 131, 132:

[16] Ա Հովհ. Իմաստ., 11. Հարց., 613:

[17] Մատթ., Ե 29-30. ԺԸ 17. Ա Կոր., Ե 9-11. Ա 9-16. Եբր., ԺԳ, 4. Մովսիսական օրեն­քով շնացող կինը կամ տղամարդը, նախքան ամուսնությունը պոռնկացած աղջիկը քար­­կոծվում է. Թիվք, Ե 12-31. Ղևտ., Ի 10. Բ Օր., ԻԲ 13-22. Եզեկ., ԺԶ 38, 40. ԻԳ 43. Ծննդ., ԼԸ 24. Հմմտ. Բ Օր., ԻԴ 1-3: Ամուսինը կարող էր արձակել այն կնոջ, որին առնելով` գտնում էր նորա մեջ «իրս անարգութեան». Բ Օր., ԻԴ 1-3. Երեմ., Գ 8. Ես., Ծ 1: Ընդ­հանրապես արձակման սկզբունքը մերժվում էր. Բ Օր., ԻԲ 19. 29. Մաղ., Բ 15:

[18] Տե՛ս Բ Կոր., Զ 14. և ԺԴ Կան., Ներսես Բ-ի, ԺԱ Կան. Սիոնի, Հովհան Մանդ., 152-153. Ուխտանես, II, 80, 86, 136. Մովս. Կաղանկ., II, ԽԷ Հովհ. Իմաստ., ԻԹ, ԼԲ Ընդհանր., 81-82:

[19] Ոմանք Քրիստոսի «ամենայն, որ արձակեսցէ զկին իւր` եւ ոչ վասն պոռնկութեան, եւ առնիցէ այլ` շնայ...» (Մատթ., ԺԹ), հասկանում են պսակից առաջ պղծությունը: Սա­կայն հմմտ. Եզնիկ, էջ 37:

[20] Տե՛ս և Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 610, 401. Մեկնություն Մատթ., գրչագիր: «Կրկին է շաղկապ պսակին եւ կրկին է մահն, որ պատասխանի տայ նոցին...: Իսկ եւ մահն կրկին է, հոգեւոր եւ մարմնաւոր: Հոգեւոր մահուամբ արձակի հոգեւոր շաղկապն, այն է` յորժամ մարդն մեռանի աշխարհի` մտանելով ի կրօնաւորութիւն: Եւ մարմնաւոր շաղկապն արձակի եւ քակի մարմնաւոր մահուամբն, վասնորոյ ոչ է պարտ բաժանել զօրինաւոր պսակն, որքան կենդանի իցեն»: Ըստ որում և Տաթևացին թվում է հիշյալ կետերը: Տե՛ս իմ «Պսակի ս. խորհուրդը», 66-74. Օրթոդոքս եկեղեցին ճանաչում է միայն չորս պատճառներ` աքսոր, անկարողություն, շնություն և կրոնավորություն:

[21] Ս. Գրիգոր Տաթևացի, Հարց., 401:

[22] Եփ., Ե 21-33. Կող., Գ 18. Եբր., ԺԳ 4. Ա Պետր., Գ 1:

[23] Ճառ վասն կնաթողաց., 138-141. տե՛ս և Բուն Մաշտոց, 229-233:

[24] Տե՛ս և Նեոկես. Բ Կարթագինեի ՃԺԵ. Բարսեղ Կես., Թ, ԻԱ, ԼԹ, ԽԸ և այլ ժողո­վոց կանոնները:

[25] Ա Կոր., Զ 19. Գ 16, 17. Է 37. Եփ., Ե 22-32. Ա Թես., Դ 2. Հմմտ. Մատթ., Թ 15. ԻԵ 1-10. Ղուկ., Ե 34. Մարկ., Բ19. Հովհ., Գ 29. Հայտ., ԻԲ 17 և այլն:

[26] Ս. Ներսես Շնորհալի, Ընդհ., 85-87. Ս. Հովհ. Իմաստ., Կան., Գ, Դ, Ե:

 

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

12.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․