Կատարվեց: Մեկ տարուց ավելի հոգումս փայփայած երազանքը կյանքի կոչվեց: Կրկին մեկնում եմ Երուսաղեմ, որտեղ մեկ տարի առաջ թողեցի սրտիս մի մասը՝ վերադառնալու հույսով: Հույզերը փոթորկում են հոգիս, չեմ կարողանում կենտրոնանալ, նույնիսկ այս տողերը գրելիս եմ զգում սրտիս անհանգիստ զարկերը: Փորձում եմ նկարագրել աննկարագրելին ու անբացատրելին: Տիրոջ հետքերով ենք գնալու: Գիտեմ՝ անարժան եմ, թույլ եմ ու տկար հոգևոր կյանքում, բայց հոգիս ցնծում է: Ցնծում է գիտակցությունից, որ կրկին ոտք եմ դնելու այն հողի վրա, որտեղ ժամանակին մարդացյալ Աստված է քայլել…
Ով գեթ մեկ անգամ հպվել է Տիրոջ պատանաքարին ու զգացել դրա բույրը, այլևս չի մոռանա այն: Աննկարագրելի մի զորավոր ուժ քեզ պահում է այդ քարի մոտ, ուզում ես ձուլվել դրան ու մնալ անշարժ: Կարոտել եմ Սուրբ Հարության Տաճարն ընդհանրապես: Սա այն միակ վայրն է, որտեղ դադարում ես զգալ քեզ: Աստվածային կենդանի ներկայությունն այնքան ուժգին ես զգում ներսումդ, որ այլևս տեղ չի մնում քո խղճուկ ներքին մարդու համար: Խենթացնող զգացում է: Ողջ ներաշխարհդ տակնուվրա է լինում: Չես հասցնում ընկալել այն բոլոր փոփոխություններն ու վերադասավորումը, որ անպատճառ տեղի են ունենում: Ինքնաբերաբար հոսող արցունքներն են վկայում այդ մասին: Եվ զգում ես, թե ինչպես է Հոգատար Հոր Ձեռքը մաքրում ու լվանում հոգուդ վերքերն ու ախտերը, Իր անվերջ սերը՝ որպես անգին բալասան, դնում դրանց վրա ու մի մեծագույն մխիթարություն ես զգում, խաղաղություն ու ոչնչի հետ չհամեմատվող թեթևություն: Փա՜ռք Ամենակալին:
Բայց այս անգամ Երուսաղեմը մի մեծ պարգև ևս ուներ իր հայ ուխտավորի համար: Տարին մեկ անգամ՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, հայոց Սուրբ Հակոբ վանքում պատրիարքի հանդիսապետությամբ կատարվում է Ուխտավորաց Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս են բերվում Հայ Եկեղեցուն պատկանող սուրբ մասունքները՝ ուխտավորներին հնարավորություն պարգևելով հաղորդակցվելու և իրենց խոնարհումը բերելու սրբերի հրաշագործ մասունքներին: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Սարգիս, Սուրբ Հովհան Ոսկեբերան, Սուրբ Կիրակոս, Զեբեդիոսի որդիներ Սուրբ Հակոբոս և Հովհաննես, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ, Սուրբ Վարդանանք և այլ երանելի սրբերի մասունքներ, որ անասելի հուզմունքից չմտապահեցի: Իսկ պատրիարք հոր ձեռքին… Սուրբ Խաչափայտի մասունքն էր… Մեծագույն երկյուղածությամբ համբուրեցի՝ դեռևս չիմանալով, թե ինչ սրբության եմ հաղորդվում, երբ իմացա՝ քարացա մի պահ: Լավ էր, որ չէի իմացել նախապես, որովհետև երևի թե չկարողանայի մոտենալ նման սրբությանը… Շատ եմ մտածում մեր Երկնային Հոր սիրո ու ողորմածության անսահմանության մասին, բայց իմ փոքրիկ մտքով չեմ կարողանում պարփակել անպարփակելին: Մնում է միայն շնորհակալ լինեմ Ամենակալին, մարդկանց ու հանգամանքներին այն անգին պարգևի համար, որ վիճակվեց զգալ, վերապրել ու դրոշմել հոգումս: Շնորհակալ եմ քեզ, խաղաղության քաղաք Երուսաղեմ, որ ընդունեցիր մեղավոր ուխտավորիս, կարոտում եմ քեզ ու հույս ունեմ, որ դու էլ սպասում ես ինձ…
Էմիլիա Ապիցարյան
Աղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ