21 Դեկտեմբեր, Շբ
Բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում մարդը փնտրել է ուրախություն, քանի որ ի սկզբանե կոչված է Երկնային Արքայության ուրախության համար: Ուրախությունը, ըստ Պողոս առաքյալի խոսքի, Սուրբ Հոգու պտուղներից է (Գաղատ. 5:22): Քրիստոնյայի կյանքում ուրախությունը վկայում է այն մասին, որ Տերը գործում է իր մեջ, որովհետև մեծագույն ուրախություն է Աստծու ներկայությունը: Դարեր շարունակ վանքերում ապրող վանականների հիմնական բնութագրիչներից մեկն ուրախությունն էր, որն արտահայտվում էր ամեն ինչում՝ սիրո, ողորմության, պահքի, աղոթքի, երկրպագության և մարդկային փոխհարաբերությունների մեջ:
Եկեղեցու հայրերը նշում են, որ ուրախությունն ուղղակի չի տրվում, այն ընտրություն է, որ մարդ կատարում է իր կյանքում: Ուրախությունը սնում է հոգին ու միտքը, որպեսզի դեպի Աստված բարձրանա: Ոչ մի ճգնություն, ժուժկալություն և ջանք չի կարող իր ավարտին հասնել, եթե ողողված չէ սիրով և ուրախությամբ: Ուրախությունը վիճակ է, որ ստեղծվում ու հաստատվում է Աստծու կողմից՝ որպես նվեր, սակայն այս ամենին պետք է նախորդեն մարդու ջանքերը, կամքն ու համաձայնությունը: Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է. «Եթե դուք անապատում եք և ծարավ եք, Տերը երբեք ձեզ ջուր չի տա, եթե նախ չսպառեք ջուր փնտրելու բոլոր հնարավորությունները: Նախ ջանք թափեք, փնտրեք, և Տերը, տեսնելով ձեր ջանքերը, կպատասխանի ձեր խնդրանքին: Աստված երբեք մարդու համար չի անում այն, ինչ մարդն ինքը կարող է անել»: Աստված ուժով չի բացում մարդու հոգու և կամքի դռները, եթե մարդը դրանք կողպել է՝ կենտրոնանալով բացասական իրողությունների վրա:
«Քաղցր պտուղ տվող ծառը գետնի տակ դառը արմատներ ունի»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը և մեկնաբանել՝ քաղցր պտուղը՝ հոգևոր ուրախությունը, ստանալու համար, մարդ պետք է իր սրտում երկու դառը արմատ ունենա, որոնք են՝ մերձավորին չդատելը և ինքդ քեզ նախատելը մեղքերի համար: Այս դառը արմատներին պետք է միանա մերձավորի հանդեպ սերը: Պատահական չէ, որ Քրիստոս պատվիրում է սիրել մերձավորին ինչպես ինքդ քեզ, այսինքն՝ քանի դեռ մարդը չի սիրում իրեն, չի ճանաչում իրեն և չի հաշտվել ինքն իր հետ, չի կարող սիրել մերձավորին:
Քրիստոնյայի ուրախությունն աննկատ է, այն ուղեկցում է նրան իր ողջ կյանքի ընթացքում՝ չնայած հաջողություններին և դժվարություններին: Սուրբ Գրքում կարդում ենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը՝ միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք (Ա Թեսաղ. 5:16): Սրբերի վարքագրությունը փաստում է, որ շատ սրբեր, չնայած փորձություններին ու հալածանքներին, հոգևոր ուրախություն էին ապրում և նրանցից ճառագում էր լուսավոր ժպիտը՝ մեղքը հաղթահարած մարդու ժպիտը: Մարդը կոչված է երջանիկ լինելու, բայց եթե մարդն իր երջանկությունը սահմանափակում է միայն նյութական հարստությամբ, ապա վաղ թե ուշ դատապարտվելու է հոգևոր վակուումի: Երբ մարդն սկսում է հպարտանալ իր հաջողություններով, ոչնչացնում է իր հոգին: Հավատավոր անձը գիտի, որ առանց Տիրոջ կամքի իր գլխից մազ չի ընկնի, բայց դա չի նշանակում, որ նա անգործության է մատնվում՝ սպասելով, որ Տերը լուծի իր խնդիրները: Միևնույն ժամանակ նա չի մոռանում, որ երկրի վրա տեղի ունեցող ամեն ինչ Աստծու կամքի համաձայն է լինում: Երբեմն մարդկանց թվում է, թե չարն է տիրում աշխարհին, և մարդկային կրքերի անդունդում ոչ մի պայծառ բան չի մնացել, բայց այստեղ բացակայում է աղոթքը, որ զորացնում է մարդուն՝ թույլ չտալով մոռանալ, թե ինքը մկրտությամբ Ում հետ է միավորվել: Քրիստոնեական կյանքից անբաժան է աղոթքը, որ մարդուն ուրախություն է հաղորդում: Հնարավոր չէ նկարագրել, թե ինչպես կարող է աղոթքը վերափոխել մարդուն, հանգստացնել հոգին, զղջման և ապաշխարության ուղղորդել: Եկեղեցու բազմադարյա փորձը վկայում է, որ Աստծու հետ խաղաղության մեջ ապրող մարդը խաղաղություն և ուրախություն է սերմանում նաև իր շուրջը: Այն, ինչ ունի մարդ, Աստված է տվել ուրախ ապրելու համար: Եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը նշել է, որ այն, ինչ Աստված տվել է մարդուն, մարդու կողմից կարող է թե՛ լավ և թե՛ վատ առումով գործածվել:
Ավետարանում կարդում ենք, որ Կանայի հարսանիքի ժամանակ Հիսուս Իր մոր՝ Աստվածածնի խնդրանքով, ջուրը գինի դարձրեց՝ սրբացնելով հարսանեկան զվարճությունը Իր ներկայությամբ: Քրիստոս Կանայի հարսանիքում ուրախություն էր ապրում՝ ուրախության կոչելով ներկաներին: Երբ մարդն ապրում է աստվածային ներկայության մեջ, կարողանում է անկեղծ ուրախանալ դիմացինի համար:
Երեխաների ժպիտի և ծիծաղի մեջ կարելի է տեսնել իրական ուրախություն: Երեխաներին ուրախություն են պատճառում այնպիսի պարզ բաներ, որոնց հանդեպ անտարբեր են մեծերը: Նրանցից կարելի է սովորել, թե ինչպես ուրախանալ: Նրանց ծիծաղը հեռու է չարությունից, չի դատապարտում, չի բարկանում, այն լի է սիրով շրջապատող ողջ աշխարհի հանդեպ: Հնարավոր չէ պատկերացնել առողջ երեխայի առանց ժպիտի: Ժպտացող երեխան նման է արևի, որ ջերմացնում և ուրախություն է սփռում շուրջբոլորը: Այդ պատճառով Փրկիչը հստակ ասաց. «Եթե չփոխվեք ու չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3):
Հոգևոր ուրախությունը ձեռք բերելու համար մարդ պետք է կարողանա տեսնել ու զգալ այն, ինչ շնորհել է իրեն Տերը: Աստված մարդուն շնորհել է փրկության հնարավորություն, հարություն և հավիտենական երանելի կյանք: Գալիք համընդհանուր հարության և հավիտենական ուրախության համեմատ ոչինչ են այն դժվարությունները, խնդիրներն ու փորձությունները, որ մարդ կարող է կրել այս աշխարհում:
Յուրաքանչյուր մեղքի ու կրքի դեմ հաղթանակն ուղեկցվում է հոգու խաղաղությամբ և ուրախությամբ, ուրախություն, որին չի կարող հավասարվել աշխարհիկ ոչ մի ուրախություն: Քրիստոնեական սիրո և ողորմության յուրաքանչյուր գործին հաջորդում է հոգևոր ուրախություն, որի մասին չի կարող պատկերացում ունենալ մարմնական հաճույքներին տրված անձը: Առանց սիրո չկա հոգևոր ուրախություն: Որպեսզի մարդու հոգին լուռ վայելի ուրախությունը, պետք է միշտ հիշի, որ Հիսուս Քրիստոս Աստծու Որդին է, որ հավատալով Նրան և Նրա խոսքը կյանքի կոչելով՝ կարող է արժանանալ հավիտենական երանելի կյանքին: Քրիստոսին սրտում ունենալն աննկարագրելի երջանկություն է, ուստի քրիստոնյան ամեն ջանք պիտի թափի, որ այդ միությունը լինի անքակտելի:
Կազմեց Կարինե Սուգիկյանը