Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի

Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի | Qaroz Erkrord Tsaghkazardi

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ այսօր մեծ ցնծությամբ տոնում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Ամեն տարի այն նշվում է Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը և իր անունը ստացել է Սուրբ Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնից, որը Հիսուս Քրիստոսի փառապանծ մուտքն էր խորհրդանշում Երուսաղեմ, երբ մարդիկ մեծ ցնծությամբ ու խանդավառությամբ դիմավորեցին Երուսաղեմ մտնող Արքային: Իսկ Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է արդեն հարություն առած և համբարձված Քրիստոսի լուսաշող մուտքը Վերին Երուսաղեմ, երբ արդեն հրեշտակաց դասերի հերթն էր իրենց փառահեղ Արքային դիմավորելու:

Այս տոնի հիմքում ընկած է այն սքանչելի ավանդությունը, ըստ որի, երբ հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր Խոր Վիրապում, հրեշտակաց չորրոդ դասի մի հրեշտակ ամեն օր այցելում էր նրան: Սակայն մի օր հրեշտակն այցելության չի գալիս Աստծո երանելի ծառային և երբ հաջորդ օրը գալիս է, պատմում է, որ Քրիստոսի երկինք համբառնալուց հետո, Տերն ինն օր անցկացրեց հրեշտակաց դասերում՝ յուրաքանչյուր դասում մեկ օր, և յուրաքանչյուր դաս ցնծությամբ ընդառաջ էր ելնում իր Տիրոջն ու տոն մատուցում Նրա պատվին, իսկ Տերն էլ սիրով ընդունում էր այդ ու նրանց հայտնում Իր մարդեղության խորհուրդը: Ահա այդ օրն էլ չորրորդ դասի հրեշտակների հերթն էր իրենց Փառահեղ Արքային դիմավորելու և այդ պատճառով էլ, ամեն տարի այդ օրը նրանք նշում են այդ տոնը: Եվ փա՜ռք Ամենակալ Աստծուն, որ մենք էլ, Քրիստոսի երկրային եկեղեցու անդամներս, այսօր հնարավորություն ունենք միավորվելու երկնային դասերի հետ ու մեր միասնական աղոթքն ու փառաբանությունը մատուցելու համբարձյալ անհաղթ Արքային ու երգելու «Օվսաննա՜, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):

Ամենքդ էլ հիշում եք Ծաղկազարդի պատմությունը և Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ համեստ ընտանիքում ծնված ու մեծացած հյուսնի որդին, գլուխը դնելու տեղ չունեցող Վարդապետը, հեզության ու խոնարհության այդ կատարյալ կերպարը հանկարծակի բուռն խանդավառության, ցնծության ու փառաբանության հանդիպեց ժողովրդի կողմից: Բազմաթիվ հալածանքներից ու կեղեքումներից հոգնած ժողովուրդն իր փրկչին էր սպասում և ի դեմս Քրիստոսի՝ նրան էր գովաբանում ու մեծարում: Մարդիկ երկրային փրկության հույսն էին փայփայում ու ցնծում, Քրիստոս տեսնում էր նրանց իրական ակնկալիքներն ու տխուր էր: Իսրայելի ժողովուրդը մարդկային ընկալման հաղթանակած արքա էր ուզում, Քրիստոս ասաց. «Իմ արքայությունն այս աշխարհից չէ»: Մարդիկ իրենց մարմնական փրկությունն էին փափագում, Քրիստոս հոգիների փրկությունն էր բերել… և չընդունվեց: Ժամանակավորի տենչը կուրացրեց Իսրայելի ժողովրդին ու չտեսան հավիտենությանը Տնօրինողին իրենց առջև:

Այո՛, սիրելինե՛ր, պիտի փառավորվեր Մարդու Որդին, սակայն ո՛չ այդ մոլորված ամբոխի կողմից, ում վայրկենական ցնծությունն ու փառաբանական կանչերը մահապատժի կոչերի պիտի վերափոխվեին ընդամենը մի քանի օր անց, այլ պիտի փառավորվեր Իր Հոր կողմից՝ իրական ու հարատև փառքով: Եվ Հովհաննու ավետարանում Հիսուս պարզորոշ կերպով մատնանշում է Աստծո կողմից տրվող փառավորյալ կյանքի ուղին՝ ասելով. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ ետևից կգա. և ուր ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկը ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը» (Հովհ. 12:23-26): Ահա՛ այն բանաձևը, սիրելի՛ հավատացյալներ, որին հետևելով՝ տարբերվում ենք հին Իսրայելի ժողովրդից և մարմնականից վեր բարձրանալով ու հրեշտակային դասերին նմանվելով՝ մոտենում ենք Երկնային Արքային:

Երուսաղեմում գտնվելու օրերին, երբ ուխտավորների խմբի հետ հասանք դեպի հին քաղաքը տանող դարպասներին, քայլերս դանդաղեցին ակամայից ու աչքերիս առաջ հառնեց նորկտակարանյան Ծաղկազարդի դրվագը: Սուրբ քաղաքի շունչն ասես իրական կենդանություն հաղորդեց պատկերացումներիս ու հայտնվեցի հրեա ժողովրդի այն ամբոխի մեջ, որ արմավենու ճյուղերն ու իրենց հագուստներն էր փռում, խոնարհությամբ ավանակի վրա նստած, Հիսուս Քրիստոսի առջև ու փառաբանում էր Դավթի որդուն: Վարակիչ խնդության զգացում, հնչող փառաբանական երգերի ձայներ, տոնական տրամադրություն: Այս զգացումները համակեցին սիրտս մի պահ, բայց երբ այդ ընդհանուր խնդության մեջ տեսա Տիրոջ տխուր աչքերը, հասկացա, որ կրկին ընտրության առջև եմ կանգնած: Դա այն ընտրությունն է, որի առջև, կյանքի զանազան պարագաներում, կանգնում է յուրաքանչյուր քրիստոնյա ու ինքն է որոշում, թե ով է ինքը՝ հին Իսրայելի ժողովուրդը, որ խնդությամբ դիմավորեց Աստծո Որդուն Երուսաղեմի դարպասների առջև, բայց կարճ ժամանակ անց մահվան դատապարտեց ներսում, թե՞ Աստծո նոր ժողովուրդը, որ հավատարիմ է Նրան յուրաքանչյուր պարագայում և պատրաստ է իր խաչը վերցրած դեպի Գողգոթա հետևել նրան:

Սա լուրջ ընտրություն է, սիրելինե՛ր, անմնացորդ սիրո, նվիրումի, խոնարհության ու անդադրում պայքարի ճանապարհի ընտրություն: Եվ քրիստոնյան ամեն օր կանգնում է այդ ընտրության առջև՝ իր մտքով, խոսքով և գործով: Եվ երանի նրան, ում միտքն ու հոգին առողջ է ճշմարիտ հավատքի մեջ, մաքուր է Քրիստոսի թափված կենարար արյամբ և առ Աստված ու մերձավոր սիրով լցված՝ Երուսաղեմի դարպասների մոտ կանգնած Քրիստոսի մեջ Երկնային Փառապանծ Թագավորին է տեսնում: Մարմնականը, աշխարհիկը դադարում է նրա համար հոգս լինելուց և հոգևոր հայացքը Երկնքի անհուններին ուղղած՝ հաստատուն ու վստահ քայլերով դեպի Երկնային Արքայությունն է ուղղվում:

Երջանիկ ենք մենք, սիրելի՛ հավատացյալներ, քանզի կենդանի է մեր Տեր Աստված, հաղթել է մահվանն ու մեղքին՝ հարություն առնելով մեռյալներից և Իր փառաց գահին բազմելով համբարձումից հետո: Փառապանծ, հաղթանակած, ամենազոր, անսահման բարի, սիրող ու արդարամիտ մեր Տերն Իր երկնային բարձունքներից նայում է Իր զավակներին, ուրախանում նրանց հոգևոր հաջողություններով, տրտմում՝ անկման պահին, սակայն ոչ մի վայրկյան չի դադարում հոգ տանել նրանց մասին: Բարությամբ լի Սիրող Հոր աչքերն Իր մոլորված ու տառապած զավակի հայացքին է սպասում, որ աշխարհի ունայն գործերից կտրվի մի պահ, կանգ առնի կործանման ճանապարհին ու տեսնի փրկության համար մեկնված Ամենազոր Աջը, որ ամենայն ժամ մոլորյալ զավակի վերադարձին է սպասում:

Հոգու սրբություն, աստվածային իմաստություն, ճշմարիտ սեր ու անկեղծ նվիրում եմ մաղթում ամենքիս, սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս: Յուրաքանչյուրիս շուրթերից բխած փառաբանությունները թող Քրիստոսով մաքրված հոգիների խնդության արձագանքը լինեն այսուհետ: Բաց անենք մեր սրտերն Անհաղթ Թագավորի առջև, որպեսզի այնտեղ բնակվելով՝ սրբի դրանք Իր անաղարտ լույսով, զարդարի առաքինության քաղցր պտուղներով, ամրացնի մեր հավատքի ու ընտրած ճանապարհի մեջ, Իրեն անդադար փառաբանող հրեշտակների դասերի օրինակն անմար պահի մեր հոգիներում, որպեսզի ոչ միայն մեր խոսքերով փառաբանենք Փրկչին, այլև՝ աստվածահաճո մեր ընթացքն անխոս օրհնություն ու փառաբանություն լինի Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այսուհետև և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․