Գրքեր

Քայքայված ընտանիքների երեխաները

- Հա՛յր, եթե ընտանիքի հայրն ինչ-որ կիրք ունենալով՝ ընդունում է իր մեղքը, խոստովանում է, սակայն շարունակում է ընդունել այդ կրքի ներգործությունը և ասում է իր կնոջը. «Ես տանջում եմ թե՛ քեզ և թե՛ երեխաներին: Ավելի լավ է հեռանամ և ձեզանից հեռու ապրելով՝ ձեզ գումար ուղարկեմ, որպեսզի չտանջվեք», այս պարագայում ինչպե՞ս վարվի նրա կինը:

- Եթե ամուսինն իսկապես զգում է այն, ինչ ասում է, դա ցույց է տալիս, որ նրա մեջ շատ պատվասիրություն կա և նրա կինը պետք է համբերի: Սակայն ավելի լավ կլինի, եթե նա միանգամից չհավատա իր լսածներին: Թող խորությամբ ուսումնասիրի այդ հարցը: Որովհետև երբեմն այնպես է պատահում, որ ամուսինը իբրև թե մեծահոգությունից դրդված է ասում. «Հեռանամ, որպեսզի չտանջեմ ձեզ», սակայն իրականում ցանկանում է հեռանալ, որովհետև ուրիշ կնոջ հետ է կապվել:

Ամուսնությունը, հասնելով այն վիճակին, ինչ մենք այսօր ենք տեսնում, կորցրել է իր ողջ իմաստը: Ընտանիքները քայքայվում են ամեն մի փուչ բանի պատճառով: Մի քանի օր առաջ իմ խուց եկավ մի խճճված կյանքով մարդ: Սկզբում նա երկու երեխա ուներ իր սիրուհուց: Հետո նրանից հեռացավ ուրիշի մոտ: Այդ մեկն էլ նրա համար երեխա ծնեց և նա այս մեկից էլ բաժանվեց: Հետո ամուսնացավ երրորդ անգամ: Երրորդ կինը նույնպես ամուսնալուծված էր և նույնպես երեք երեխա ուներ՝ երկուսն առաջին ամուսնությունից և մեկն էլ՝ արտամուսնական: Այս կնոջից այդ տղամարդն ունեցավ ևս երկու զավակ: «Սպասի՛ր, սպասի՛ր,-ընդհատեցի ես՝ լսելով այս ամենը,-քանի՞ մորից ու քանի՞ հորից են արդյոք այս բոլոր երեխաները»:

Ահա այսպես էլ կործանվում են խեղճ երեխաները: Նրանք, ովքեր առանձանում են հոգեկան զգայունությամբ՝ չեն կարողանում հաղթահարել իրենց հետ պատահած դժբախտության վիշտը, հուսալքվում են և նրանցից ոմանք նույնիսկ իրենց կյանքն ինքնասպանությամբ են ավարտում: Մյուսները՝ մոռացության տրվելու համար, սկսում են խմիչքին տրվել: Հաջորդները թմրամոլ են դառնում: Եվ որտեղի՞ց են միայն կարողանում դրա համար փող ճարել: Հերոինի ամենափոքր չափաբաժինը չորս հազար դրահմ արժե, իսկ մեծը՝ վեցից յոթ հազար*:

Այդպիսին են անցած սերնդի բարձիթողի մատնված երեխաները: Արդ, ինչի՞ կվերածվեն այն փոքրիկները, ում ծնողներն ամուսնալուծվել են՝ ըստ ավտոմատ ամուսնալուծության օրենքի: Որքա՜ն թմրամոլ երիտասարդներ են այս ամառ անցել իմ խցով: Այդ դժբախտների մեծ մասը քայքայված ընտանիքների երեխաներ են: Պատկերացրե՛ք միայն, երիտասարդը քսանյոթ տարեկան է, բայց հուսահատության գիրկն է ընկել և օգնություն է խնդրում: Եվ գիտե՞ս, որ քայքայված ընտանիքների երեխաներին դեռ հեռվից կարելի է տարբերել: Իմ խցի մոտ, նստարանի վրա լոխումով տուփ է դրված: Եվ ահա, երբ գալիս են այդպիսի երեխաներ, տուփից մի կտոր լոխում են վերցնում և սկսում ուտել, իսկ հետո, երբ տեսնում են, որ ես խցից դուրս եմ գալիս, դեռ քաղցրավենիքն ամբողջովի չկերած, միանգամից ինձ մոտ են վազում, որպեսզի համբուրեն: Նրանց ձեռքերը շաքարի փոշու մեջ են լինում ու ինձ էլ ամբողջովին փոշոտում են: Այս երեխաները զրկված են սիրուց ու քնքշանքից: Նրանց համար ոչ մի տարբերություն չկա, ունե՞ն արդյոք ծնողներ, թե ոչ: Գալի՞ս է արդյոք հայրը տուն, թե՝ հեռանում, ապրո՞ւմ է նրանց հետ, թե ոչ՝ այս դժբախտների համար ոչինչ չի փոխվում:

 

* Այս խոսքերն արտասանվել են 1990թ.-ին, երբ 4000 հունական դրահմը հավասար էր մոտավորապես 12ԱՄՆ դոլարի:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

03.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․