«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է»

Տիրոջ կողմից մարդ արարածին շնորհված բազմաթիվ պարգևներից մեկը աստվածատուր այն հողակտորն է՝ երկրային հայրենիքը, որտեղ մարդն ապրում է ժամանակավոր իր կյանքը: Քրիստոս Իր փրկագործության շնորհիվ մարդուն հնարավորություն տվեց նաև երկնային հայրենիք ունենալու: Աստծու պարգևը՝ երկրային հայրենիքը, գնահատողը, պահպանողն ու շենացնողը, Աստծուն և իր հայրենակցին սիրող անձը երկնային մնայուն հայրենիք ունենալու պատվին է արժանանալու: Մեր Տերն այս մասին ասել է. «Եթե աշխարհիկ հարստությունը գործածելու մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ո՞վ կվստահի ձեզ: Այսինքն, եթե հավատարիմ չեղաք աշխարհիկ հարստությանը, որը ձերը չէ, ինչպե՞ս եք ուզում, որ Աստված ձեզ տա ձեզ սպասող  ճշմարիտ հարստությունը» (Ղուկ. 16:11-13):

Հայրենասեր քրիստոնյայի համար իր  հայրենիքի վիշտն ու ուրախությունը իր վիշտն է և ուրախությունը, ուստի նրա շուրթերից հանապազորդ հնչում են աղոթքներ՝ հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպանի: Ապրիլի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց ուխտագնացության՝ Տիրոջը վերառաքելով աղոթքներ՝ հանուն հայրենիքի և հայրենյաց պաշտպանի: Աղոթքով հարուստ համայնքի ուխտի ուղին նրանց առաջնորդեց դեպի Դաշտադեմի սբ. Սարգիս եկեղեցի, այնուհետև Գյումրու չորս սրբավայրեր՝ սբ. Ամենափրկիչ, սբ. Աստվածածին (Յոթ Վերք), սբ. Նշան և սբ. Գրիգոր Լուսավորիչ: Ս. Ամենափրկիչ եկեղեցում ուխտավորները մասնակից եղան Երեկոյան ժամերգությանը: Սիրո ճաշով եզրափակվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտի ուղին:

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է, իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկ. 16.10): Տերն ուսուցանում է, որ նա, ով հավատարիմ է քչի մեջ, այսինքն՝ կարողացել է աստվածահաճո կերպով տնօրինել այս աշխարհում իրեն վստահված ունեցվածքը, ապագայում արժանի կլինի ճշմարիտ հարստությանը: Երկրային հարստությունն անվանել է փոքր, քանի որ այն իսկապես փոքր է, աննշան և անցողիկ՝ ի համեմատություն երկնայինի, որ մնայուն է: Եթե մարդ անհավատարիմ է եղել երկրային հարստությանը, չտնօրինելով այն, ինչպես հարկն է, այսինքն՝ ի շահ հոգու, ապա ինչպե՞ս կարող է արժանի լինել, որ վստահեն իրեն հոգևոր հարստությունը:

 

Կարինե Սուգիկյան

 

16.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․