Քրիստոնեական միությունը և Հայ եկեղեցին

Քրիստոնեական միությունը և Հայ եկեղեցին | Qristoneakan Miutyuny Ev Hay Ekeghecin

«Պահի՛ր նրանց Քո անունով, որպեսզի լինեն մի, ինչպես մենք ենք մի» (Հովհ. 17:11)։

Մեծության և գեղեցկության անվան տակ Քրիստոսից առաջ կատարված հայրենասիրական, անձնվեր ու հերոսական գործերը ստուգապես պատիվ են բերում մարդկությանը: Նախնիների այդ հրաշագեղ գործերն ուրանալն անարդարություն կլիներ: Սակայն միևնույն ժամանակ ստիպված ենք ասել, որ հին աշխարհի հատկանշական բնութագրիչներից մեկն էլ մեկմեկու հանդեպ ատելությունն էր: Այդ անողոք ատելությունը այնքան էր ներթափանցել ազգային, քաղաքական, կրոնական շրջանակներ, որ հաճախ պոռթկում էր զարհուրելի խժդժություններով և պատերազմներով:

Նա, ով նույն ցեղից չէր և նույն երկրում չէր բնակվում կամ չէր մասնակցում նույն պաշտամունքին, օտար ու թշնամի էր և հետևաբար նրան թշնամաբար էին վերաբերվում: Ցավալի է ասել, բայց կրոնը բռնության, գժտության և հալածանքի մեծագույն շարժառիթներից մեկն է եղել:

Սուրբ Գրքից ուսանում ենք, որ հրեաներն արհամարհում էին հեթանոսներին, քանի որ վերջիններս Աբրահամի ցեղին չէին պատկանում: Անշուշտ լավ ըմբռնված միաստվածությունը նրանց բոլորովին այլ զգացում պիտի ներշնչեր: Մի քանի մարգարեներ ընդնշմարել են ճշմարտությունն ու ապագայի մասին իրենց կանխասացություններով մատնանշել են հանուն խաղաղության և տիեզերական եղբայրակցության բոլոր մարդկանց, ազգերի ու պաշտամունքների «մերձեցման» անհրաժեշտությունը:

Հիսուս գերազանց իմաստությամբ և աստվածային սրտով «բացեց» միաստվածության ճանապարհը: Միաստվածություն, որը «կախում չուներ» առանձնաշնորհումներից, ծնունդից, ցեղից կամ այլ հանգամանքից: Հիրավի, թեև Ավետարանը նախ ծանուցվել է իսրայելյան ցեղին, բայց միտում չի ունեցել այդ շրջանակում սահմանափակվելու:

Ավետարանը քարոզվել է նաև համայն մարդկությանը՝ ի լուր աշխարհի: «Խաղաղությո՜ւն երկրի վրա, հաճությո՜ւն մարդկանց մեջ»: Իր աշակերտներից բաժանվելիս Հիսուս այս նշանակալից խոսքերն է ուղղում նրանց. «Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին»:

Այս խոսքերն արտաբերելուց սկսած այլևս չկա ո՛չ ատելություն հեթանոսների նկատմամբ, ո՛չ արհամարհանք տկարների հանդեպ, ո՛չ էլ անտարբերություն փոքրավորների նկատմամբ, «որովհետև դուք մեկ Հայր ունեք, որ երկնքում է, և ամենքդ էլ եղբայրներ եք» (հմմտ. Մատթ. 23:8-9):

Աստծու առջև մարդկային զանազանությունները ջնջվում են, «քանի որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել» (Մատթ. 3:9): Ըստ էության մարդկությունը մեկ է, իսկ մարդուն վեհացնում ու ազնվացնում են սիրտը, հոգու սրբությունը, զգացմունքների ազնվությունը, մեկ բառով ասած՝ խիղճը:

Մարդիկ միայն մեկ Աստված, մեկ Հայր ունենալով՝ մեկ ընտանիք են կազմում, ու եթե կամենում են Արարչի «ծրագրին» համապատասխան ընթանալ, պիտի իրար միանան օգնության, բարյացակամության, գթության, սիրո և խղճմտանքի կապերով: Հնում կրոնները մեծ ուշադրություն էին դարձնում որոշ զանազանությունների, չար կրքեր, ատելավառ զգացումներ և ստորաքարշ տրամադրություններ էին բորբոքում: Բայց ներկայումս դրանք այլևս կրոնական զգացումներ չեն համարվում: Ընկերոջ հանդեպ արհամարհանքն ու ատելությունը չեն կարող տեղ ունենալ կրոնում: Այժմ կրոնական զգացումով տոգորված են համարվում միայն նրանք, ովքեր սիրո և զոհողության ոգով կապված են իրենց ընկերոջը, ովքեր տկարի ու թշվառի հանդեպ բարյացակամություն են դրսևորում և ովքեր կարեկցել գիտեն:

Իսկ ահա նրանք, ովքեր քրիստոնեություն դավանելով տակավին իրենց սրտերում ոխ, քեն, ատելություն, չարակամություն և նախանձ են սնուցում, այդպիսիք կարող են պատկանել հեթանոսական կամ հրեական կրոնին, բայց ոչ երբեք քրիստոնեությանը:

Երբ Հիսուս ասում էր. «Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց, որպեսզի լինեն մի, ինչպես մենք ենք մի», այդպիսով պատասխանում էր մարդկային բնության ազնվագույն և ամենախորունկ պահանջմունքին, ու հենց Իր օրինակով ամենքի մեջ ամրացնում էր սիրո և գթության կապը: Իսկապես, ի բնե մարդ սոցիալական էակ է: Մարդ միայն այն ժամանակ կարող է ավելացնել իր ունեցածը և զարգացնել արտադրությունը, երբ գործի իբրև հասարակական էակ: Որքան ժամանակ մարդ միայնակ է՝ լոկ սեփական ուժերին ապավինած, այդքան նրա կյանքը նմանվում է խոտի «կենցաղին»: Առանձնացումն անզորություն է: Եսասիրությունը բարբարոսություն է:

Սխալ և ողբալի երևույթ է, երբ ոմանք արհամարհվում են կամ երբ ոմանց «կարևորություն» չի ընծայվում: Մենք ամենքս իրարից կախում ունենք, ամենքս մեկմեկու կարիքն ունենք, ուստի պետք է գիտենանք, որ չի կարող գոյություն ունենալ ու իրականանալ բարի, մեծազդու և տևական որևէ բարիք առանց մարդկային ընկերակցության, գործակցության, կամքի ու սրտի միության:

Ամենազորեղ հանճարները, ամենասքանչելի հեղինակները նրանք են, ովքեր չեն զանցառել իրենց նախորդների ժառանգությունը և շրջապատի օժանդակությունը: «Մեկուսի» ճիգերը կարող են ունենալ իրենց արժեքն ու ներգործությունը, բայց որքա՜ն ավելի թանկագին և բեղուն է միաբան գործակցությունը, միաբան ճիգը: Միայնակ դիմադրությունն ինքնին ազդու և զորեղ, հաճախ նաև հերոսական է, բայց միահամուռ դիմադրությունն անպարտելի է:

Միությունը, միաբան գործակցությունը նաև առաջադիմություն է: Դժվար կլիներ թվել սրտի և կամքի միության արդյունքում ծնվող բարիքներն ու օրհնությունները: Ամեն անհատ նույն ընդունակությունները և ձգտումները չունի, սակայն նույնիսկ ընդունակությունների ու ձիրքերի այդ զանազանություններն ինքնին դրդապատճառներ են, որ մարդիկ հաղորդակցվեն և մերձենան իրար:

Մի բան, որ մեկը չունի, ունենում է մյուսը: Մի բան, որ մեկը չի նկատում, նկատում և ի հայտ է բերում մեկ ուրիշը: Այդպիսով յուրաքանչյուրի միահամուռ ճիգերով ապահովվում է առաջադիմությունը, և գործադրվում է հելվետիական այս գեղեցիկ նշանաբանը. «Բոլորը մեկի, և մեկը բոլոր համար»:

Միայն այս եղանակով մարդ կարող է հեռանալ բարբարոսությունից: Միայն այս եղանակով կարելի է ընդլայնել գիտության «կալվածքն» ու ճոխացնել մարդկային ցեղի ժառանգությունը: Սրտերի միությամբ, ջանքերի ներդաշնակությամբ ընտանիքներ, ազգեր և հասարակություններ են կազմվում, պահպանվում ու բարգավաճում: Այնտեղ, որտեղ խաթարվում են համակամությունը և միությունը, սկսվում է քայքայումը: «Ինքն իր մեջ բաժանված թագավորությունն ավերվում է» (Ղուկ. 11:17):

Որպեսզի միությունը երջանիկ և բեղուն լինի, անհրաժեշտ է, որ այն ազատ հիմքերի վրա դրվի: Միություն կա, որ բիրտ ուժով, ստիպողաբար է կազմվում: Օրինակ՝ մի կրոն կարող է ամենքին պարտադրել միևնույն դավանանքը, ծեսերն ու լուծը: Այդպես վարվել նշանակում է չարաչար մեկնել Հիսուսի «բե՛ր մտցրու այստեղ» խոսքը:

Այդպիսի արարքը ժողովուրդներին ոչ թե միության է առաջնորդում, այլ մատնում է լռության, քնի, մահվան: Աշխարհը մեկ է, մեկ ամբողջություն: Այն ունի իր կյանքը, սակայն ինչպիսի՜ զանազանություն կա տիեզերքի տարբեր մասերի միջև: Մարդկությունը մեկ է, այն մեկ ամբողջություն է և ունի իր կյանքը, սակայն ինչպիսի՜ զանազանություն կա մարդկանց ընդունակությունների, ճաշակների, բարքերի, նկարագրերի ու վերջապես բնավորության գծերի միջև:

Զանազանություն միության մեջ. ահա սա՛ է կյանքի օրենքը: Աստծու բոլոր գործերն այդ մասին են վկայում, և վա՜յ մեզ, եթե ուզենանք իբրև միության «խոչընդոտներ» ջնջել հասարակության ծոցում գոյացած այդ զանազանությունները, կամ էլ եթե փորձենք վերացնել միությունն իբրև զանազանությունները բացառող երևույթ: Այդ դեպքում քաոս ու թոհուբոհ կտիրեր և վերջապես ամեն բան կկործանվեր:

Ընտանիքի հրաշագեղ պատկերը ճշմարտություն է քարոզում: Այդ պատկերին հայելով՝ տեսնում ենք, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն բնորոշ կերպարանքը, խառնվածքը, նկարագիրը, մի խոսքով՝ իր անհատականությունը, բայց միևնույն ժամանակ ընտանիքը մեկ է: Ընտանիքում համերաշխություն է տիրում, ամենքն ուրախ են իրարով: Բոլորը նույն օդն են շնչում, ամենքը լծված են աշխատանքի և առաքինության, լցված են փոխադարձ գորովանքով որքան ուրախության ու երջանկության, նույնքան էլ դժբախտության և ցավի ժամանակ:

Նույնն է նաև ազգի պարագայում: Ազգի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հետևում է իր ուղուն, իր գործն է անում, աշխատում է ըստ իր ընդունակության: Բայց ամենքն էլ մեկ սիրտ և հոգի են դառնում, երբ հնչում է հայրենիքի սուրբ ձայնը: Այդժամ ամենքը միավորվում են, բոլորի սրտերը բաբախում են միության շնչով: Միությունը իրականանում, գործադրվում է գորավալիր սիրով, ամենքին պարուրած հույսերով, նաև ձախողումների ու վտանգների ժամանակ, և վերջապես նպատակով, որ այլ բան չէ, եթե ոչ հայրենիքի բարգավաճ ու երջանիկ լինելը:

***

Ընտանիքների ու ազգերի միությունն ինչպես զորություն, բարգավաճում և հարատևություն է ապահովում, այդպես էլ պիտի իշխի Եկեղեցում: Հիսուսի սուրբ և վսեմ բաղձանքն Իր բոլոր աշակերտների մի լինելն էր այնպես, ինչպես Նա և Հայրը մի են: Նա ցույց տվեց անմիաբանության և աններդաշնակության կործանարար հետևանքներն ու մատնանշեց քարսիրտ և հպարտ փարիսեցիության՝ մաքուր բարեպաշտությունը նվազեցնող և ավերող դերը:

Երբ Եկեղեցիների միջև սրտի միություն չկա, իսկույն ծնունդ է առնում չարակամությունը, և ահա՛ խաթարվում են հարաբերությունները, շահախնդրությունն ու կողմնակցական շահը ավերածություններ են գործում, մյուս կողմից էլ նախանձը կիզում և այրում է նվիրական այն բոլոր արժեքները, որոնք Եկեղեցիների սրբության դրոշմն էին, ու ներշնչում է այնպիսի գործեր, որոնք կարելի է միայն «դժոխային» անվանել, և այդպիսով Եկեղեցիներն «ավազակների որջեր»-ի են վերածվում:

Քրիստոսի աշակերտների միջև միությունն անհրաժեշտություն է: Բոլոր ժամանակներից առավել ներկայումս է շեշտվում միության անհրաժեշտությունը: Լոզանի վերջին համաժողովն ինքնին ապացույց էր այն բանի, որ Եկեղեցիներն այլևս «ստիպողաբար» պիտի միության, համերաշխության և համաձայնության գան:

Սակայն ի՞նչ հիմքի վրա պիտի հաստատել այդ բաղձալի ու անհրաժեշտ միությունը: Քրիստոնեական Եկեղեցիները երկար ժամանակ էր, ինչ սխալ միջոցների էին դիմում: Նրանք ջանացել են միություն իրականացնել այնտեղ, որտեղ դա անհնար էր, որտեղ միության կարիք չկար: Քրիստոնեական Եկեղեցիները երևակայական միության, միակերպության են փափագել և բռնություն են գործադրել մարդկային բնության, հոգու ամենախորունկ պահանջմունքների նկատմամբ՝ ճնշելով, արհամարհելով նվիրական այն «զգացումը», որ կոչվում է «խիղճ»: Նրանք ոտնակոխ են արել գթությունն ու կեղծիք և սուտ են սերմանել իրենց գաղափարների հաջողության համար: Հետևաբար ինքնին պիտի առաջանային անմիաբանություն, պառակտում, բաժանում և հերձված:

Եկեղեցիները ո՞ր հիմքի վրա կարող էին միանալ: Ի՞նչ է, մի՞թե, միություն ասելով, անպայմանորեն տեսանելի և արտաքին միություն պետք է հասկանալ: Ի՞նչ է, մի՞թե հնարավոր է միություն պաշտամունքի ձևերի, արարողությունների կամ ծիսակատարությունների մեջ: Մի՞թե հնարավոր է այսպիսի միություն: Միևնույն ընտանիքի անդամները, զավակներն արդյո՞ք նույն աղոթքներն են անում, արդյո՞ք միևնույն ձևով և բառերով են աղոթում:

Ո՞վ չգիտի, որ վարդապետական ու արարողակարգային հարցերում հնարավոր չէ կատարյալ համաձայնություն և միություն հաստատել: Չէ՞ որ ծեսերը, «ձևերը» կախված են ժամանակից, միջավայրից, երկրից, կլիմայից, սովորություններից, դաստիարակությունից, նույնիսկ քաղաքակրթությունից, և մի՞թե կարելի է պահանջել, որ այս «ձևերը» միություն ստեղծեն:

Նույնը կարող ենք ասել նաև աստվածաբանական վարդապետությունների և իմաստասիրական տեսությունների մասին: Դրանք ևս կախում ունեն մարդկանց զարգացման աստիճանից, ընդունակություններից ու կարողություններից, և հետևաբար անհնար է միություն հաստատել դավանանքների միջև: Եվ ոչ ոք իրավունք չունի ասելու. «Իմ դավանանքից դուրս փրկություն չկա, միայն իմ դավանանքն է ճշմարիտ»:

Մեծ հավակնոտություն կլինի իմացականության արդյունք եղող իմաստասիրական, աստվածաբանական գիտակարգերը կատարյալ ու անայլայլ համարելը: Մարդկության զարգացմանն առնչվող այդ բանաձևերը փոփոխական են: Բարեբախտաբար այդ բանաձևումները Քրիստոսի և Ավետարանի բուն կրոնը չեն բովանդակում: Այդ բոլոր ծեսերն ու վարդապետությունները պահոցի, կեղևի դեր են կատարում: Սակայն դրանք կորնչելի են. հարկ է ավելի խորքերը ներթափանցել հոգիների հաղորդակցության հիմնաքարը գտնելու համար:

Հիսուս արարողությունների նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերում: Նա որևէ դավանություն չկազմեց կամ չխմբագրեց, Հիսուս ո՛չ քահանա էր և ո՛չ դպիր: Գիտե՞ք որն է հաստատուն և իրական միության կետը. չարից հեռանալը և բարին սիրելը, Հիսուսի պատվիրած առաքինությունների գործադրումը, քաղցրությունը, խոնարհությունը, ողորմածությունը, ներողամտությունը, Աստծուն և ընկերոջը սիրելը, վերջապես հավատ, հույս ու սեր տածելը:

Որտեղ Քրիստոս է, այնտեղ Եկեղեցին է: Հիսուսի պատվիրանների արժեքն ըմբռնել, հոգով հաղորդակցվել Նրան. ահա՛ Եկեղեցու կազմությունը, ահա՛ Եկեղեցիների միությունը: «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես Ինձ»,- հարցնում էր Հիսուս Իր աշակերտին: «Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Եվ Տերը դրանից բացի այլ բան չպահանջեց, և Տերն իրավունք ուներ…

Ո՜վ հավատացյալ, ես չեմ հետաքրքրվում, թե ինչպիսին է քո զարգացման աստիճանը, չեմ հետաքրքրվում, թե քո փիլիսոփայական կամ աստվածաբանական բանաձևերը համապատասխանում են իմ գաղափարներին, այլ միայն ուզում եմ հարցնել՝ կամենո՞ւմ ես նվիրվել բարուն և պայքարել չարի դեմ՝ այն ինչ ձևով էլ արտահայտված լինի: Ուզում եմ հարցնել, դու ճշմարտության և արդարության քաղց ունե՞ս:

Եթե սիրել գիտես, ուրեմն արի՛, և բնավ էական չէ՝ աշխարհիկ ես, թե հոգևոր, արի՛, քանի որ դու Աստծու թագավորությանն ես պատկանում, ե՛կ, քանի որ Քրիստոս քեզ ճանաչում է իբրև Իր աշակերտը: Քո անձնական կարծիքները պիտի հեղաշրջվեն: Որքան մոտենաս Քրիստոսին, այնքան լավ կհասկանաս, թե որն է կրոնի էությունը: Որքան մոտենաս Աստծուն, այնքան կարտացոլես Աստծու որդի լինելուդ նկարագիրն ու կապացուցես ճշմարիտ քրիստոնյա լինելդ:

Այո՛, միայն քրիստոնեական կյանքում կարելի է միություն գտնել: Այդ միությունը բոլոր ժամանակներից ավելի հիմա է անհրաժեշտ: Հասկանում և հարգում եմ զանազանությունները, գիտեմ, որ դրանք մեր բնության, ազատ քննադատության անխուսափելի հետևանքներն են:

Հոգուս փափագն ու երազանքը ոչ անձուկ և փակ, այլ բաց, ընդարձակ Եկեղեցին է, որտեղ իշխում է ոչ թե վարդապետական ու ծիսական միակերպությունը, այլ սրտերի, Ավետարանի սիրո և առաքինությունների միությունը: Ինձ պես դուք էլ եք փափագում բոլոր սրտերի, բոլոր Եկեղեցիների մերձեցումը: Մի՞թե այսպիսի իղձը անիրականանալի երազ է միայն: Ո՛չ: Եկեղեցիների միությունը կարող է իրականանալ ոչ թե ծիսական ու դավանաբանական միաձևությամբ, այլ խղճի ազատությամբ, փոխադարձ օգնությամբ, միմյանց հանդեպ հարգանքով, խոնարհությամբ ու գթությամբ, և սրանք պիտի լինեն միջոցներն ու «ատաղձները»՝ կազմելու, կառուցելու Տիեզերական, Կաթուղիկե Եկեղեցին:

Հարկ է երախտագիտությամբ արձանագրել, որ Հայ Առաքելական Եկեղեցին այդ պայմաններով է կառուցվել: Հայ Եկեղեցու գոյությունը կախված չէ դավանաբանական խրթնաբանություններից. այն կամենում է ազատ լինել դավանաբանական հարցերում: Հայ եկեղեցական մատենագրության մեջ հաճախ հանդիպում ենք դավանաբանական ազատ արտահայտությունների:

Հայ Եկեղեցին անկախ հակաքաղկեդոնական կամ քաղկեդոնական լինել-չլինելուց իր գոյությունը չի պայմանավորում քաղկեդոնական դավանության ընդունմամբ: Մեր օրերում շատ են ջանում ապացուցել, որ մեր նախնիներն ընդունել էին քաղկեդոնական դավանանքը: Սխալ ձեռնարկ է դա ապացուցելու ջանքը, քանի որ Հայ Եկեղեցին միշտ ազատ է եղել երկբայելի հարցերում. «Ազատություն երկբայելի հարցերում», կամեցել է ազատ լինել դավանաբանական խնդիրները լուծելիս:

Հայ Եկեղեցին ասել և ասում է իր հավատացյալներին. «Քաղկեդոնական ժողովի դավանությունը ընդունես էլ, չընդունես էլ, մեկ է, կարևորը Քրիստոս է, Ավետարանն է»: Հայ Եկեղեցին նախընտրում է միություն դավանաբանական զանազանություններում: Հայ Եկեղեցու խորանները չեն թնդում կրոնական ազատության դեմ ելույթներով: Ամենաազատ բեմը Հայ Եկեղեցու խորանն է, որ չի խոսում դավանաբանական նյութերի մասին, այլ միայն Ավետարանի բարոյականությունն է քարոզում:

Արդյո՞ք սա չի մատնանշում, որ Հայ Եկեղեցին նախընտրում է միություն բարոյական և հոգևոր դաշտում, քան աստվածաբանական կամ դավանաբանական գետնի վրա: Ուրախալի է, որ, Եկեղեցիների միության անհրաժեշտությունն ըմբռնելով, Հայ Առաքելական և Հայ Բողոքական Եկեղեցիների միջև ավելի սերտ միության գործընթաց է սկսվել պաշտամունքային հարցերում այնպես, ինչպես ցայժմ եղել է բարոյական համագործակցությամբ ազգային գործեր կատարելիս:

Ամենքս էլ պաշտում ենք միևնույն երկնավոր Հորը, միևնույն Փրկչին ենք ճանաչում իբրև աստվածային սիրո և մարդկային եղբայրության հայտնող: Ամենքիս իդեալն էլ երկնավոր Հայրն է, մարդկության Փրկիչը: Եթե զանազանություն կա ըմբռնումների մեջ, սակայն նպատակը նույնն է: Թեպետ ձևերն ու միջոցները տարբեր են, սակայն հոգին նույնն է:

Ուրեմն ձեռք-ձեռքի տանք և միասիրտ լինենք, որպեսզի աշխարհը մեր մասին վկայի այն խոսքերով, որոնցով բնութագրում էր առաջին քրիստոնյաներին. «Տեսե՛ք, թե ինչպե՜ս են սիրում միմյանց»: Միայն այդժամ կապացուցենք, որ Տիրոջ աշակերտներն ենք. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»:

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

22.09.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․