Գրքեր

Քրիստոնեության մեջ ամենակարևորը արտաքին ձևից էությանը անցնել սովորելն է

- Մեղքն ամբողջովին ապակողմնորոշում է մարդու հոգին,- բացատրում էր հայր Պորֆիրիոսը։- Եվ այդ խառնաշփոթը հնարավոր չէ ոչ մի բանով վերացնել․․․ Միայն Քրիստոսի լույսն է ամեն ինչ պարզաբանում․․․ Անգամ մեր առաջին շարժն է Քրիստոս անում․ «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ․․․» (Մտթ․ 11։28)։ Ապա մենք՝ մարդիկս, մեր բարի կամքով ընդունում ենք այդ լույսը։ Մեր բարի կամքն արտահայտվում է Նրա հանդեպ տածած մեր սիրո, աղոթքի, Եկեղեցու կյանքին մասնակցելու, Եկեղեցու խորհուրդների մեջ։

Հաճախ ո՛չ ջանքը, ո՛չ երկրպագությունները, ո՛չ խաչակնքվելը շնորհի հայտնվելու պատճառ չեն դառնում։ Դրանում է ամփոփված քրիստոնեության խորագույն գաղտնիքներից մեկը։ Քրիստոնեության մեջ ամենակարևորը արտաքին ձևից էությանը անցնել սովորելն է։ Իսկ դրա ճանապարհը հետևյալն է՝ այն ամենն, ինչ արվում է, թող արվի սիրով․․․

Կարևոր մի բան էլ կա։ Սերն ամեն ինչ կենդանացնում է անձնազոհությամբ, ամեն ինչ դարձնում է զոհաբերություն Աստծուն։ Քանի որ հոգին հակառակվում է այն ամենին, ինչ հարկադրված ես անում։ Սերը դեպի իրեն է ձգում Աստծու շնորհը։ Շնորհի հետ գալիս են Սուրբ Հոգու պտուղները։ «Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ․ 5։22-23)։ Սա այն է, ինչ պետք է ունենա Քրիստոսով առողջ հոգին։

Մարդ Քրիստոսով դառնում է բարեշնորհ, ապրում է՝ չարիքից վեր լինելով։ Չարիքը նրա համար գոյություն չունի։ Այլ գոյություն ունի միայն բարին, Աստված։ Չարիքը չի կարող գոյություն ունենալ։ Այսինքն, եթե նա ունի լույս, ապա չի կարող ունենալ խավար։ Եվ խավարը չի կարող պատել նրան, որովհետև նա լույս ունի։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

27.09.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․