Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության համար բարի ավանդույթ է դարձել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության ճրագալույցի օրերը նշանավորել դեպի Սուրբ Էջմիածին ոտքով ուխտագանցությամբ և Սուրբ Պատարագի մասնակցությամբ:
Ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի ճրագալույցին, «Զորավոր արանց» միությունը, մինչև ուխտի ճանապարհ անցնելը, վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեց դեպի Հայոց հոգևոր կենտրոն: Ուխտավորների աղոթքի ուղին, որ ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանն ու անսասանությանը, կանգ առավ նախ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս և Փարաքարի Ս. Հարություն եկեղեցիներում, ապա՝ իր շարունակությունն ունեցավ Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ եկեղեցիներում և Էջմիածնի Մայր Տաճարում: Ս. Զատկի ճրագալույցի Պատարագին ուխտավորները մասնակից եղան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:
Քրիստոնյան ապրում ու զորանում է հարության հույսով, քանի որ վստահ է, որ մահը վերջնական իրականությունը չէ: Հին և Նոր Կտակարանններում հանդիպում ենք հարության հրաշքների, երբ Աստծու զորությամբ ննջեցյալները հարություն են առել, բայց հետո մահացել են: Քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոս, հարություն առավ հավիտենապես: Քրիստոսի հրաշափառ հարության իրադարձությունն աշխարհում միակն է, և Քրիստոս միակն էր աշխարհում, որ ասաց՝ Ես հաղթեցի աշխարհին (Հովհ․ 16:33):
Կարինե Սուգիկյան