26 Նոյեմբեր, Գշ
Հունվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Ֆրանգուլյան Քնարիկին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Քնարիկն իր դստեր հետ բնակվում է Գրիգոր Զոհրաբ 114 հասցեում գտնվող տանը, որ զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Տիկին Քնարիկը կանացի օրգանների չարորակ ուռուցք ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում բուժման գնալ: Նրա տղան մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ դուստրը հոգեկան ծանր խանգարում ունի: «Մեզ հասանելիք թոշակի մեծ մասը ծախսում եմ աղջկաս բուժման համար: Շնորհակալ եմ աջակից անձին, որ օգնության ձեռք մեկնեց մեզ»,- ասաց տիկին Քնարիկը:
Քրիստոնյան կոչված է իր կյանքով փառավորելու Տիրոջ անունը: Կյանքի ուղին աստվածահաճո ընթացք է ունենում, եթե որպես խթան ունի Աստծո հանդեպ սերը: Ս. Հովհաննես առաքյալն իր նամակում գրել է, որ սեր ունեցողը վախ չունի, որովհետև կատարյալ սերը հեռու է վանում վախը (Ա Հովհ. 4:18): Առաքյալը շատերին էր հորդորում, որ իրենց սրտում աճեցնեն աստվածային սերը՝ որպես անխորտակելի և անընկճելի մի ուժ: Երբ նրան հարցնում էին, թե որն է Աստծուն հաճելի լինելու լավագույն միջոցը: Նա պատասխանում էր՝ սիրո գործերը: Աստվածահաճո կյանքին ձգտողը ջանում է ամուր մնալ աստվածային սիրո մեջ. «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, անձկությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը կամ սո՞ւրը» (Հռոմ. 8:35): Մի օր Ս. Անտոն Մեծին եղբայրները հարցրեցին՝ արդյո՞ք ճիշտ է այն, որ ինչ որ մեկն ասի՝ ես ոչինչ չեմ վերցնի եղբայրներից և ինքս էլ ոչինչ չեմ տա, ինձ համար բավական է իմը: Սուրբը պատասխանել է. «Զավակներս, այդպիսի մեկը դաժան սիրտ ունի և բարի գործերից օտարացած մեկն է: Մեծ անմտություն է ուրիշին պատգամելը այն, ինչ ինքդ չես անում, քանի որ ոչ մի օգուտ չես կարող քաղել ուրիշի կողմից արված գործերից: Անհրաժեշտ է գործով փառավորել Տիրոջ անունը»:
Կարինե Սուգիկյան