Քրիստոնյայի հոգենորոգ ուղիներից մեկը

Քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում ջանում է ընթանալ Տիրոջ ուղենշած ճանապարհով՝ ձգտելով աստվածնմանության: Քրիստոսի հետևորդներն առաջին դարից ի վեր անձամբ չեն ճանաչել Քրիստոսին, բայց հնարավորություն են ունեցել կարդալ Նրա խոսքը Ավետարաններից, որ վկայել են Նրա ներկայությունն ու խոսքը վայելած առաքյալներն ու աշակերտները: Դարեր շարունակ յուրաքանչյուր քրիստոնյա հանդիպել է Քրիստոսին իր հոգևոր ճամփորդության ընթացքում, ճանաչել Նրան՝ ոչ միայն Նրա ուսմունքը լսելով կամ կարդալով, այլ իր հոգուց և սրտից ներս վայելելով Նրա կենդարար ներկայությունը: Դարեր շարունակ Քրիստոսի հետևորդներն իրենց հոգևոր ընթացքը նորոգել ու նորոգում են  ուխտի ճանապարհներով: 

Հոկտեմբերի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ,  հերթական հոգենորոգ ուղին անցավ՝ ուխտի մեկնելով Սյունյաց թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Սյունաց աշխարհի նշանավոր վանքերից Որոտնավանքն էր: Վանական համալիրի հնագույն եկեղեցին Ս․ Գրիգոր եկեղեցին է, որն ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ 4-րդ դարում հիմնադրել է սբ. Գրիգոր Լուսավորիչը: Վանքի մյուս Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիները կառուցվել են 11-րդ դարում: 

Ուխտավորներին ողջունեց և բարեմաղթանքի ու օրհնության խոսքեր ասաց վանքի հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Գիշյանը, ապա Տեր Հայրը ներկայացրեց վանքի բազմադարյան պատմությունը: Համայնքը Տեր Դավիթի գլխավորությամբ մասնակցեց Ճաշու ժամերգությանը և հայցեց օրվա հիշատակելի սրբերի՝ Քրիստոսի յոթանասուներկու աշակերտների բարեխոսությունը: Ապա Տեր Հոր առաջնորդությամբ ուխտավորները մեկնեցին Դարբաս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի, ուր միասնական աղոթք հնչեցրին առ Տեր՝ Հայոց ազգի ու եկեղեցու պահպանության և շինության համար: Այնուհետև համայնքը  համախմբվեց սիրո ճաշի և հոգևոր զրույցի շուրջ, ապա հոգեպես զորացած վերադարձավ Երևան:

Եկեղեցու հայրերից Պավել պատրիարքն ասել է. «Թռչունը նրա համար է թռչուն, որ թռչում է: Եվ ծաղիկը նրա համար է ծաղիկ, որ բուրումնավետ է և ծաղկում է: Եվ մարդը նրա համար է մարդ, որ աղոթում է»:

 

Կարինե Սուգիկյան 

05.10.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․