12 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոնյայի համար առաջնային խնդիր է իր հոգու փրկությունը։ Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք՝ փրկի՛ր քեզ և քո շուրջը հազարավորներ կփրկվեն: Իրապես, մարդը վերափոխվելով, անխուսափելիորեն փոխակերպում է իրեն շրջապատող աշխարհը, որի հետ նա շփվում է, իր հավատի կրակով սկսում է լուսավորել իր միջավայրը: Իսկ եթե այս ամենը տեղի չի ունենում, անհրաժեշտ է հիշել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունեմ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են» (Ա Կորնթ. 13։1)։ Ցանկացած քրիստոնյայի հոգևոր կյանքի բնական ընթացքը միջավայրը լուսավորելն է։ Այս մասին Ավետարանում զարմանալի խոսքեր կան. «Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): «Սերը չի փնտրում այն, ինչ օգտակար է իրեն, այլ այն, ինչ օգտակար է շատերի փրկության համար»,- ասել է սբ. Եփրեմ Ասորին:
Նոյեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում, Արցախից բռնի տեղահանված Ավշարյան Արսենին (34 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Արսենն իր կնոջ, երկու զավակների, մոր և քրոջ ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքից: Արսենը մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Յոթ հոգուց բաղկացած ընտանիքն այժմ վարձակալությամբ բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Կարինե Սուգիկյան