Քրիստոնյան նպատակակետ ունի, հանուն որի նա ապրում է և գործում: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետ, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլիպպեցիներ 3:14): Հանուն այդ նպատակակետի քրիստոնյան փորձում է ապրել ներկայով՝ արժևորելով իր կյանքի յուրաքանչյուր մի պահը: Կարճ է երկրային կյանքը, և Քրիստոսի հետևորդը չի կարող ետ վերադարձնել կամ հետաձգել աստվածապարգև իր կյանքը, նրա համար կարևոր է ապրել օրն այնպես, որ այն ուրախություն պատճառի թե՛ իրեն և թե՛ իր մերձավորներին: Զուր չէ Ս. Սիմեոն Աթոսացու հետևյալ հորդորը. «Մի՛ ապրիր հիշողություններով, նրանք սպանում են քո ապագան: Մի՛ ապրիր երազանքներով, նրանք սպանում են քո ներկան… կյանքը դա ոչ անցած օրն է և ոչ էլ գալիքը, այլ այն, ինչ մենք ապրում ենք հենց այս պահին»: Իսկ եկեղեցու հայրերից մեկ ուրիշի խոսքով. «Քո կյանքի գլխավոր պահն այն է, ինչ դու ապրում ես այժմ, իսկ գլխավոր հանդիպումը կայանում է այն մարդու հետ, ով այժմ քո առջև է»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածատուր ժամանակի ընձեռնած ամեն մի հնարավորություն ի փառս Աստծո գործածելով, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը:
Հերթական այդ հնարավորությունը համայնքն ունեցավ դեկտեմբերի 14-ին՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ այցելեց Մելքոնյան ընտանիքին, որ բնակվում է Թաիրով 1/3 հասցեում տեղակայված վագոն-տնակում: Ընտանիքը քսան տարի բնակվում է տարրական պայմաններից զուրկ երկու փոքր սենյակներից բաղկացած վագոն-տնակում: Ընտանիքի մայրը՝ 46-ամյա Ծովիկ Մելքոնյանը, վեց տարի է, ինչ միայնակ է խնամում իր երեք զավակներին:
«Ես և երեխաներիցս երկուսն առողջական խնդիրներ ունենք: Այժմ ի վիճակի չեմ աշխատելու, 18-ամյա դուստրս է աշխատում, քանի որ սովորելու հնարավորություն չի ունեցել, բայց նրա աշխատավարձը չի բավարարում չորս հոգուց բաղկացած մեր ընտանիքի կարիքները հոգալու համար»,- ասաց տիկին Ծովիկը:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (60 000 դրամ), որ տրամադրել էր By Lili ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Լիլիթ Շահումյանը:
Ծովիկ Մելքոնյանը շնորհակալ էր այն ուշադրության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի, հոգևոր հովվի և աջակից անձի կողմից:
Կարինե Սուգիկյան