Զատկից հետո երեխաների մոտ՝ դասարան մտա: Նրանք գիտեն, որ հոգևորական և աստվածաբան լինելով՝ իրենց անպայման պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց ասեմ»-ով ողջունեմ: Եվ ահա՛ ներս մտա, սակայն միտումնավոր որոշեցի ոչինչ չասել նրանց: Ուղղակի ողջունեցի ու հարցրեցի.
- Ինչպե՞ս եք, ի՞նչ եք անում:
Եվ աշակերտներից մեկն ինձ ասաց.
- Հա՛յր, պետք է ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
- Բայց Դուք չասացիք:
- Այո՛, չասացի:
Մյուս երեխաները զարմացան, որ աշակերտն ուղղեց ինձ ու ասաց, թե ինչ է պետք ասել: Այդ պահին դուռը թակեցին և ուրիշ դասարանից մի տղա ներս մտավ, որն ուզում էր բասկետբոլի գնդակը վերցնել.
- Ներեցե՛ք, կարո՞ղ եք ձեր բասկետբոլի գնդակը մեզ տալ, մենք չունենք:
Բոլորը բղավեցին.
- Գնա՛ այստեղից: Ոչ մի գնդակ էլ չենք տա: Անցյալ անգամ էլ տվեցինք, իսկ դուք կորցրեցիք: Այլևս չենք տալիս: Հեռացի՛ր:
Խեղճ երեխան ամոթահար փակեց դուռն ու հեռացավ: Ես շրջվեցի դեպի դասարանն ու ասացի.
- Երեխանե՛ր, այս բղավոցների պատճառով մոռացաք նրան ասել այն, ինչ ինձ ասացիք:
- Ի՞նչ:
- Քրիստոս հարյավ ի մեռելոց: Պետք էր այսպես ասել. «Գնա՛ այստեղից: Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Նրանք շշմել էին.
- Ի՞նչ նկատի ունեք:
- Այն, ինչ քիչ առաջ դուք ունեիք: Դուք ինձ նկատողություն արեցիք (և ճիշտ վարվեցիք), երբ դասարան մտա, որ պետք է «Քրիստոս հարյավ ի մեռելոց»-ով ողջունեի ձեզ: Բայց «Քրիստոս հարյավ»-ն այնքան ուժեղ արտահայտություն է, այնքան զորեղ իրականություն, որ միայն ասելը բավարար չէ, պետք է այն կյանքի կոչես քո առօրյայում, ապրումներում, վերածնված մտքում, վերափոխված սրտում, կյանքի բոլոր պարագաներում: Դուք հեշտորեն ասում եք «Քրիստոս հարյավ», բայց «Գնդակը չենք տա», «Քրիստոս հարյավ», բայց «Դուռը փակի՛ր ու մեզ հանգի՛ստ թող»:
Քրիստոս հարյավ նշանակում է, որ ես Նրա հետ հարություն եմ առնում: Հակառակ դեպքում դա ինձ հիշեցնում է այն, ինչ մի երիտասարդ ասաց, երբ դեռ լիցեյում էի սովորում: Այն ժամանակ ես փոքր էի, և նա իհարկե դա հեգնանքով ասաց.
- Քրիստոս հարյավ: Իսկ դա ինձ ի՞նչ է ասում:
Նա հարյավ, իսկ ե՞ս: Իսկ դո՞ւ: Իսկ մե՞նք: Դա ի՞նչ է նշանակում մեր կյանքում՝ այստեղ և այս պահին: Ընդհանրապես ազդո՞ւմ է այն իրականության վրա, որում ապրում եմ:
Օրինակ՝ զարմիկները, որոնք այնքան հյուրասեր են, գնում են միմյանց տուն, բացում են դուռն ու ասում.
- Բարև ձեզ: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Նստե՛ք խնդրեմ, եկեք սուրճ խմենք, խոսենք:
Նստում են ու քննարկում, թե դատարանում ինչ են ասելու իրենց գործի վերաբերյալ, պայմանավորվում են, թե ինչպես պետք է իրենց մյուս ազգականին մեղադրեն՝ ունեցվածքի բաժանման հետ կապված հարցով: Քննարկում են, թե ինչ պիտի ասեն, ինչպես համաձայնության գան միմյանց հետ: Ժամանակն անցնում է, վերջապես համաձայնության են գալիս ու.
- Դե առայժմ, դատարանում կտեսնվենք: Չմոռանաս այն մանրամասների մասին, որ ասացի, շատ կարևոր է: Դե լավ մնա: Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Քրիստոս հարյավ, բայց դու այդ բառերը լուծարում ես քո կյանքում: Ստեղնաշարի վրա «Cancel», «Delete» կոճակներն ես սեղմում: Բառերով ասում ես «Քրիստոս հարյավ», իսկ քո կյանքում դեռ ոչինչ հարություն չի առել: Թուլություններիս, կրքերիս, արատներիս, եսասիրությանս դագաղները դեռ ապրում ու գարշահոտում են իմ մեջ:
Ահա՛ ցանկալի նպատակը՝ Քրիստոս իմ, ինչպե՞ս պիտի հառնի իմ կյանքը: Սա եմ աղերսում Աստծուն և այժմ ոչ թե որպես քո ուսուցիչ եմ ելույթ ունենում, այլ ուղղակի ասում եմ, որ ուշադիր լինես, թե ինչ ես խոսում:
Հիշո՞ւմ ես, թե Հին Կտակարանում ինչ է ասվում. «Քո Տեր Աստծու անունը զուր տեղը չարտասանես» (Երկր. Օր. 5:11): Եվ քո շուրթերից հնչում են այդ սուրբ խոսքերը, իսկ գործնականում լուծարում ես դրանք:
Մի անգամ մի քրիստոնյայի զանգահարեցի՝ իմանալով, որ ֆինանսական հնարավորությունների տեր մարդ է:
- Քրիստոս հարյավ ի մեռելոց:
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,- պատասխանեց նա:
Հրաշալի է, որ գիտես դա և ասում ես, ճիշտ ես վարվում:
- Գիտես, մի աղքատ ընտանիք կա, որ օգնության կարիք ունի:
- Է՜հ, Հա՛յր, ի՞նչ կարող ենք անել: Հիմա տնտեսական ճգնաժամ է, շուրջբոլորը խնդիրներ են: Աղոթում եմ, որ նրանց խնդիրը լուծվի: Ի՞նչ արած, օգնել չեմ կարող: Հաջորդ անգամ կխոսենք: Քրիստոս հարյավ ի մեռելոց, Հա՛յր:
- Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Հաջողություն:
«Քրիստոս հարյավ», բայց դու դեռևս արծաթասեր ես, ժլատ, դեռ բարդ մարդ ես, սիրտդ դեռ փակ է: Դու հարություն չես առել: Արծաթասիրությունն ու եսասիրությունը դեռ կենդանի են, դրանք չեն էլ մահացել:
Նույնը մեկ այլ մարդու ասացի, որը եկեղեցի չի գնում, շատ չի հավատում Աստծուն, որևէ առանձնահատուկ արտաքին կապ չունի Եկեղեցու հետ, ինչպես մենք բոլորս: Բայց ես գիտեմ, թե ինչ է կատարվում նրա սրտում: Ըստ էության կատարվում է այն, ինչ Քրիստոս ասաց, որ մաքսավորներն ու մեղավորներն առաջինը դրախտ կմտնեն: Նա ինձ չասաց «Քրիստոս հարյավ», բայց աղքատ ընտանիքի մասին լսելուն պես միանգամից հինգ հարյուր եվրո տվեց ինձ՝ ասելով.
- Վերցրո՛ւ, Հա՛յր և ինչ ուզում ես արա՛, տո՛ւր ում, որ պետք է:
Ես նրան ասացի.
- Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Իսկ նա պատասխանեց.
- Ճշմարիտ է Տերը: Չգիտեմ այդպես է պետք պատասխանել, թե ոչ:
Ինչ-որ մեկը կասի. «Մի՞թե այդպես ճիշտ է»: Ո՛չ, ճիշտ չէ, ճիշտ է ասել. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի», ճիշտ է սիրել Տիրոջը, ապրել Նրա հետ և Ավետարանը գործնականորեն կիրառել կյանքում:
Չեմ ասում, թե ինձ ավելի է դուր գալիս, երբ որևէ աթեիստ քրիստոնեաբար է ապրում: Որովհետև աթեիստներ կան, որ ասում են, թե աթեիստ են, բայց այդպիսիք չեն: Նրանց հոգում հոգևոր վեհանձնություն կա, կենդանի սեր, մարդասիրական զգացումներ, նրանք լսում են ուրիշի ցավի մասին ու լաց են լինում, զգայուն սիրտ ունեն, ազդվում են:
Հիշո՞ւմ ես այն մարդուն, որը Հայր Պաիսիոսին իր քրոջ մասին պատմեց, որ գիշերները քարշ էր գալիս գինետներում, իսկ ցերեկները հիվանդանոցում էր աշխատում: Այդ մարդը Հայր Պաիսիոսին ասաց.
- Կկորցնեմ քրոջս: Նա դժոխք կգնա: Որովհետև քարշ է գալիս գիշերները, վաճառում է իրեն ու մեղքեր գործում:
Ծերը հարցրեց.
- Նա հիվանդանոցո՞ւմ է աշխատում:
- Այո՛:
- Երբ նա հիվանդների հետ է, հե՞զ է, բարի՞, օգնո՞ւմ է նրանց:
- Շա՜տ, Հա՛յր: Նա սիրում է հիվանդներին, ծերերի անկողինները հավաքում է, ոչնչից չի զզվում, ամեն ինչ անում է նրանց համար, կարծես իր ծնողները լինեն:
- Մի՛ անհանգստացիր, զավա՛կս, Աստված կօգնի նրան հենց դրա միջոցով:
- Բայց նա համարյա չի գնում եկեղեցի, կապ չունի այն ամենի հետ, ինչ մենք ենք անում…
«Մենք ենք անում…»: Իսկ մենք այդ ի՞նչ ենք անում: Ասում ենք. «Քրիստոս հարյավ»: Իսկ հետո մեկս մյուսի թիկունքը մի շատ սիրուն դանակ ենք խրում, որի վրա գրված է. «Քրիստոս հարյավ»:
- Խը՛րթ: Ա՛ռ քեզ: Քրիստոս հարյավ:
Եվ դրան հետևում է միմյանց դատելը, թշնամանքը, ատելությունը, արատները: Ո՛չ մի փոփոխություն, ո՛չ մի վերափոխում:
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Սակայն արդյո՞ք Նա հարություն առավ իմ կյանքում: Թե՞ ուղղակի հարություն առավ, որպես մի պատմական իրադարձություն, որի մասին հայտնում ես այդ կերպով:
Հիշեցի այն մարդուն ու նրա բառերը, որ ասաց, երբ դեռ փոքր էի. «Ի՞նչ է նշանակում Քրիստոս հարյավ: Ի՞նչ փոխվեց դրանից: Միայն Ի՞ր համար հարություն առավ»:
Սրբապատկերների վրա Քրիստոս պատկերված է ձեռքը մեկնած և Ադամին ու Եվային դագաղից դուրս հանելիս: Իսկ քե՛զ ինչպե՞ս հանի, ինչպե՞ս համամասնակից դարձնի այդ հարությանը:
Տերը ճշմարտապես հարություն առավ: Տերը վերափոխում է մարդկանց: Երբ Նրա սերը հոգու մեջ է մտնում՝ փոխում է այն, փոխում է մարմինը, ամեն ինչ փոխվում է, մարդը վերափոխվում է, նրա հոգին է փոխվում, սրտի որակը, միտքը խաղաղվում է, մարդը հանդարտվում է, հանգիստ քնում, արթնանում է և ապրելու ցանկություն ունի: Ցանկանում է աշխատել, առաջ գնալ և այդ ամենը Քրիստոս է տալիս:
Ո՞վ էր ստիպել մի երիտասարդի, որ ամեն ինչ հանուն Քրիստոսի զոհաբերի, և երբ ես Աթոս լեռը գնացի, ինձ ասաց. «Ուզում եմ խոսել քեզ հետ»:
- Դու ինձ ճանաչո՞ւմ ես:
- Ո՛չ, բայց մի անգամ ողջունեցիր ինձ ու հոգևոր ամրություն մաղթեցիր, այդ պատճառով էլ ուզում եմ քեզ մի բան ասել:
Նա իմ խուց մտավ և ես հարցրեցի.
- Վստահաբար փոքր տարիքի՞ց ես եկեղեցի հաճախել, կապվել ես Եկեղեցուն ու հիմա վանական ես դարձել:
- Ամենևին:
- Այդ դեպքում ինչպիսի՞ն էիր:
- Շրջմոլիկ էի: Քարշ էի գալիս այստեղ-այնտեղ, գիշերային կյանք էի վարում, մոտոցիկլետ էի վարում, ընկերուհիներ ունեի, խմում էի, հերթով կործանում էի ամեն ինչ, զվարճանում էի ու կյանքս անիմաստ վատնում:
- Բայց գոնե ծնողներդ քրիստոնյա՞ են:
- Ո՛չ: Նրանք նույնիսկ եկեղեցու տեղը չգիտեին: Զանգերը լսելիս կռահում էին, որ ինչ-որ բան է տեղի ունենում, որ մոտակայքում եկեղեցի կա, բայց չէին հաճախում:
- Այդ դեպքում ի՞նչ կատարվեց:
- Ինչ կատարվե՞ց: Հայրս խմում էր, նախատում ինձ, ծեծում, վանում իրենից: Ես սեր չէի զգում: Իսկ ողջ կյանքս կարոտ էի սիրո, ըմբռնումի, ջերմության ու սփոփանքի, որ չգտա այնտեղ, ուր գնում էի: Ես հագեցա մեղքերից, իսկ ըստ էության՝ Աստծուն էի փնտրում, բայց չգտա այդ ամենի մեջ:
- Եվ ի՞նչ պատահեց վերջ ի վերջո:
- Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց: Ուխտավորների մի խմբի հետ Սուրբ լեռ եկա: Ինձ համար դա զբոսանքի պես մի բան էր, բայց կարծես մի մեծ քար ընկավ գլխիս՝ աստվածային սիրո տեսքով: Ինչ-որ բան ցնցվեց ներսումս, ինչ-որ բան կատարվեց, և ես ցանկացա կյանքս փոխել: Այդպես էլ փոխվեցի: Իսկ դրանից առաջ մայրս մշտապես կշտամբում էր ինձ. «Ախր ինչո՞ւ ես այդպես անում, գիշերները տուն չես գալիս, օրը մի աղջկա հետ ես հանդիպում, այդքան մեղք ես գործում»: Իսկ հիմա հանկարծ ասացի նրան. «Ես հեռանում եմ, գնում եմ, որ ամեն բան Աստծուն նվիրեմ»:
Նախկինում մայրս վախենում էր, որ մեղավոր կյանք էի վարում ու նախատում էր ինձ, իսկ հիմա հանկարծ սկսեց հակառակն անել. նոր ծանոթություններ էր առաջարկում ինձ, պնդում էր, որ պետք է ամուսնանամ, որ կարիք չկա այդքան եկեղեցի գնալ և այլն: Ասում էր. «Դե լավ, մենք իհարկե ասում էինք, որ հոգևոր մարդ դառնաս, բայց ոչ այդ աստիճանի: Ամուսնացի՛ր այս աղջկա հետ կամ այն մյուսի, սա հոգևորականի դուստր է, այն մյուսն՝ աստվածաբանի քույր, իսկ այս մեկն ուղղակի շատ լավն է»: «Ո՛չ, ո՛չ»: «Բայց ինչո՞ւ»:
Որովհետև «ինչու» գոյություն չունի, երբ խոսքն աստվածային սիրո խենթության մասին է, ուրիշը չի կարող հասկանալ քեզ, երբ խենթանում ես աստվածային սիրուց: Որովհետև, եթե մարդկային որևէ բանի հետևանքով առաջացած խենթությունը ոգևորում է քեզ ու հափշտակում, եթե մարդը, որ աստվածային գեղեցկության շողն է միայն, կարող է ոգեշնչել քեզ, եթե մի շողը խենթացնում է քեզ սիրուց, ապա պատկերացրու, թե ի՞նչ կպատահի, եթե այդ շողը քեզ լույսի Աղբյուրի մոտ բերի, որ ողջ փայլը, գեղեցկությունն ու սերը տեսնես: Այդժամ ամեն բան կմոռանաս, կցնցվես այն վեհությամբ, որ կզգաս: Ոչ ոք չի հասկանա քեզ, տարօրինակ հայացքով կնայեն, կքննադատեն ու կհարցնեն իրենց. «Ախր ի՞նչ է նրան պատահել»: Իսկ դու կսկսես մտածել. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ եք իմ մասին խոսում»:
Սերը սիրով է բուժվում: Սերը սիրով է փոխարինվում. երբ ինչ-որ ավելի զորեղ բան զգաս, ապա ամեն ինչ կթողնես և խնդիրները կմոռանաս, Աստծո սերը կփափագես, որը Նա քեզ առատորեն կտա: Առանց ատելության կհեռանաս, կխուսափես բոլորից, բայց կշարունակես նրանց սիրել և հոգումդ մի այլ զգացողություն կունենաս:
Երբ ցանկացա այդ վանականին որոշ նվերներ տալ (չիր, շոկոլադ), որ Աթենքից էի բերել, ասաց.
- Դրանց կարիքը չունեմ, Հա՛յր, չնայած, որ չունեմ դրանցից, քանի որ այստեղ չենք ուտում նման բաներ: Բայց ես Աստծո սերն եմ փափագում ու իրական մարդկային սերը:
Ես այս պատմությունը «Քրիստոս հարյավ» խոսքերով սկսեցի, քանի որ այլ կերպ չէի կարող բացատրել այն փոփոխությունը, որ կատարվել էր այդ մարդու մեջ: Ո՞վ էր փոխել այդ մարդուն: Ո՞վ էր նրա աչքերն այդպիսին դարձրել: Նրա ընկերը ինձ պատմեց այդ մասին, որի հետ աշխարհիկ կյանքում ընկերություն էին արել և որն էլ մի օր Սուրբ լեռ եկավ՝ նրան տեսնելու, և ինքն էլ զղջաց իր անցյալի համար: Նրա ընկերն ինձ ասաց.
- Հա՛յր, այդ երիտասարդին, որին այժմ տեսնում ես այդպես զղջալիս, խոնարհությունից ու ապաշխարության արցունքներից բարի աչքերով, եթե տեսնեիր, թե ինչպիսին էր անցյալում, աչքերիդ չէիր հավատա: Կզարմանայիր, մի՞թե նա է: Ինչպե՞ս է այդպես բարեպաշտ դարձել:
Ահա՛ թե ինչպես է Աստված փոխում մարդուն, երբ նրա սիրտն է մտնում, ինչպես է նրա հոգին փոխվում, ինչպես է խիղճը խաղաղվում, ինչպես է հանգիստ քնում, ինչ քաղցրությամբ ու գեղեցկությամբ է սիրտը բաբախում, ինչպես է ամեն բան փոխվում նրա ներսում…
Այդ փոփոխությունը Բարձրյալի Աջից է բխում: Մարդը փոխվում է հարուցյալ և կենդանի Քրիստոսի միջոցով, Ով լոկ արտասանվող բառեր չէ: Մարդը միայն պատմություններով չի փոխվում, ինչպես երբեմն վիճում ենք այդ հարցերի շուրջ, կարծես մեր ուղեղում Քրիստոսի մասին գիտելիքներով լի սկավառակներ կան, իսկ ըստ էության հարկավոր է միայն սրտում Քրիստոսի դրոշմն ունենալ:
Ո՞րն ես նախընտրում, որ պատմեմ քեզ այն գրքի բովանդակությունը, որում Քրիստոսի մասին խոսքեր, խոսքեր, խոսքեր են գրված, պատմական փաստաթղթեր, փաստարկներ, հանրագիտարանում ներառված տվյալներ, թե՞ որ սիրտս քեզ ցույց տամ: Ո՞րն ես նախընտրում: Քրիստոսի մասին անսահման գիտելիքներով լի սկավառա՞կը, թե սիրտը, որ իր վրա Քրիստոսի պատկերն ու ձեռքի արնաշաղախ ափի հետքն է կրում:
Արդ ո՞րը: Ուզո՞ւմ ես Սուրբ Վերոնիկայի սրբազան գլխաշորը ցույց տամ, որով, ըստ ավանդության, Տերը սրբվեց ու Նրա պատկերը մնաց դրա վրա: Չգիտեմ, դա իրական իրադարձություն էր, թե ոչ, բայց գիտեմ այդ մտքի զորությունը՝ Քրիստոսի դրոշմը փնտրել հոգուդ մեջ: Որովհետև մնացածը Քրիստոսի մասին խոսքեր են, տեսություններ, վիճելու առիթներ, հարցեր, որ քննարկում ենք, կոնֆերասներ, որ կազմակերպում ենք, և խոսում ենք, որպեսզի համոզենք, բացատրենք, թե տեսե՛ք մենք այսպիսին ենք և հենց մե՛ր բառերն են ճիշտ: Այո՛, լավ է, բայց ո՞վ կարող է վեր կենալ ու մեզ Քրիստոսին ցույց տալ:
Սուրբ Սիլուան Աթոսացին ասում է. «Ինչպե՜ս կուզենայի Քրիստոսի դեմքը ցույց տալ ձեզ»: Դա իմացության մի այլ տեսակ է, Քրիստոսի դեմքը տեսնելու մեկ այլ եղանակ՝ առանց փաստարկների, այլ ընկալում: Հասկանո՞ւմ ես:
Երբ սիրում ես մեկին, ասում ես նրան. «Ինչ որ ուզես՝ կանեմ քեզ համար: Քո յուրաքանչյուր ցանկությունը կկատարեմ»: Դու հասկանում ես նրան, քանի որ սերն ինտուիցիա ունի: Երբ սիրում ես՝ հասկանում ես, թե սիրելիդ ինչ է սիրում, ինչն է նրա համար հաճելի և գոհացնում ես նրան:
Բայց խնդիրը կայանում է նրանում, որ մե՛նք չենք կարողանում սիրել մեկին, այլ ոչ թե այդ մեկը մեղավոր է որևէ բանում: Եթե սիրեինք նրան, ապա ամեն ինչ հրաշալի կլիներ: Քրիստոս իր հարությամբ բերեց դա. Նա օգնեց մեզ հաստատուն մնալ, փոխել մարդկանց, իրադարձությունների և տարբերի դեպքերի մասին ունեցած մեր տեսակետը:
Չեմ կարողանում լսել, երբ որևէ մեկն ասում է. «Քրիստոս հարյավ», իսկ հետո հետևում է հուսահատությունը, հիասթափությունը, վախերը, անվստահությունը, տագնապները, սթրեսն ու խուճապը: Իսկ մյուս հարցերում՝ խնդրեմ. «Քրիստոս հարյավ»: Ախր ո՞ւր է դա:
- Քրիստոս հարյավ, բայց չգիտեմ կհանձնե՞մ արդյոք քննությունները, խուճապի եմ մատնվում:
Իհարկե չգիտեմ կհանձնես քննություններդ, թե ոչ, և Քրիստոսի հարությունն ամենևին չի նշանակում, որ բոլորը կհանձնեն քննությունները: Որովհետև դպրոցում մի երեխա ինձ ասաց.
- Հա՛յր, ասում եք «Քրիստոս հարյավ ի մեռելոց», իսկ իմ պապիկը մահացավ: Ինչի՞ս է պետք այդ «Քրիստոս հարյավ»-ը, եթե պապիկս մահացավ:
Ասացի.
- Եթե սրտիդ մեջ հասկանաս Քրիստոս հարյավ բառերը, ապա մահվանն էլ ուրիշ աչքերով կնայես, կլսես իրադարձությունների մասին և նրանք այլ կերպ կազդեն քեզ վրա: Քրիստոս արտաքին աշխարհը չփոխեց, բայց մե՛զ փոխեց, մեր աչքերը, սիրտը, միտքը, իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, և երբ այնպիսի բաներ ենք տեսնում, որ Քրիստոսից առաջ էլ են եղել, այսինքն՝ ջրհեղեղներ, մահ, հիվանդություններ, խնդիրներ, ապա այդ ամենը չի անհետանում: Խնդիրները գոյություն ունեն, բայց Քրիստոս մեզ նոր աչքեր է տվել ու նոր հայացք՝ կյանքին:
Օրինակ՝ մի անգամ մի շատ երիտասարդ, գեղեցիկ, բարի քսանհինգամյա կնոջ թաղմանը գնացի: Տարբեր մարդիկ էին եկել: Պատկերացրու՝ ես հոգևորական եմ, կողքիս աթեիստ է կանգնած, նրա կողքին՝ թաղման գործակալության աշխատակիցը, հետո մի պատանի՝ իր պատանեկան հակումներով և այլն: Եվ մենք՝ բոլորս, նայում ենք միևնույն բանին՝ երիտասարդ կնոջ անկենդան մարմնին: Բոլորս նույն պատճառով ենք այնտեղ գտնվում, բոլորս նույն ննջեցյալին ենք նայում, բայց ոչ բոլորս ենք մահվանը միևնույն կերպ նայում:
Իր հավատքի համար ճգնող հոգևորականը նայում է ու ինքն իրեն ասում. «Տե՛ր, այս քսանհինգամյա աղջիկն այնքան բանի է հասել, որ մեկ ուրիշը նույնիսկ հարյուր տարեկանում չի հասնում: Դու նրան Քո Արքայությանն ես պատրաստել»: Տխուր ու վշտալի իրադարձություն, սակայն ես հույսով ու լավատեսությամբ եմ դրան նայում, ոչ այնպես, ինչպես «ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12): Մենք միևնույն բանին ենք նայում՝ մահվանը, բայց հույսով ենք նայում:
Կողքիս կանգնած աթեիստը նույն մարմնին է նայում ու մտածում. «Դե ինչ, հողը հողին է վերադառնում, սա վերջն է, քիմիական պրոցեսներ, կենսաբանական մահ, ամեն ինչ ավարտվում է, ոչինչ չի մնում»:
Նույն մարմնին թաղման գործակալության աշխատակիցն է նայում ու ինքն իրեն ասում. «Շատ մարդ կա, ծաղիկները շատ են, լավ եկամուտ կստանանք»:
Երիտասարդ տղան է նայում այդ նույն մարմնին ու իր պատանեկան ավյունով մտածում. «Եթե նա կենդանի լիներ, ապա քանի՜-քանի՜ սրտեր դեռ կգերեր»:
Բոլորս նույն բանին ենք նայում, բայց տարբեր կերպ ենք մտածում: Այդպես է նաև մնացյալի պարագայում:
Քրիստոս ասում է քեզ. «Որդյա՛կս, Ես նոր վրձին եմ բերել քեզ համար, որով աշխարհը կներկես նոր գույներով՝ սիրո գույնով, արյան կարմիր գույնով, որ թափվեց Գողգոթայի վրա, Իմ հարության սպիտակ գույնով, Հորդանան գետի կապույտով, որտեղ լվացի քո մեղքերը, ցորենի հասկերի գույնով, որոնց միջով քայլեցի: Եթե ուզում ես՝ վերցրու ու կյանքդ Իմ գույներով ներկիր և այլ աչքերով նայիր ամեն ինչին: Ուզո՞ւմ ես: Ուզո՞ւմ ես, որ ամրացնեմ քեզ, որ միասին նայենք իրերին: Ուզո՞ւմ ես ուժ տամ քեզ, որ հաջողես քո պայքարում»: Անկախ այն բանից, թե դա գայթակղություն, հիվանդություն, քննության ժամանակ հաջողություն կամ անհաջողություն է անվանվում, ամեն պարագայում հարուցյալ Քրիստոսով զորանալու հնարավորություն կա: Քրիստոս անում է դա:
Բայց հարությանը հավատալու փաստը չի նշանակում, որ քո կյանքում ամեն ինչ լավ է լինելու: Բայց չնայած այդ ամենին, ջանք թափիր՝ հաստատակամորեն, լավատեսությամբ և ուրախությամբ: Երբ ծանր զգացումները պատեն քեզ, երբ թվա, թե անկում ես ապրում ու հուսահատվում ես, ինքդ քեզ ասա. «Աստված ամեն ինչ գիտի: Քրիստոս հարյավ ի մեռելոց, նշանակում է ես նայում եմ Նրա աչքերին, իսկ նա ինձ եռանդ է տալիս և ասում. «Կարդա՛, պայքարի՛ր, ջա՛նք թափիր, քեզ մոտ կստացվի»: Ես այդպես եմ անում, բայց վերջ ի վերջո ինձ կտրում են քննության ժամանակ: Եվ Քրիստոս կրկին ասում է ինձ. «Նայի՛ր աչքերիս: Չհուսալքվե՛ս, այժմ մեկ այլ հարթություն կա, որի վրա կարող ես Իմ հարության ուժը զգալ՝ դա քո անհաջողությունն է»:
Այո՛, այդ ժամանակ էլ ենք ասում Քրիստոս հարյավ: Հավանաբար ամեն ինչ չէ, որ ավարտվել ու կորսվել է: Ապշեցուցիչ է: Հարության միջոցով տեսնում ենք այն անծայրածիր ու նոր հնարավորությունները, որ Աստված տալիս է մեզ:
Հիմա քեզ մի բան կպատմեմ, որ կես կյանքս դրա միջով է անցել: Ներթափանցիր ինձ համար բացառիկ այդ իրողության մեջ: Ես դա բազիմցս եմ վերապրել իմ կյանքում, բայց բավական էր միայն համոզել ինձ, որ… Չնայած, արի ամեն ինչ հերթով պատմեմ:
Կյանքում հաճախ ուզում ես որևէ բան ունենալ ու կարծում ես, որ դա քեզ կերջանկացնի և ասում ես. «Միայն դա (այդ մարդը, փողը, տունը, աշխատանքը) կերջանկացնի ինձ: Վե՛րջ, որոշված է, միայն ու միայն դա եմ ուզում»: Եվ վատ չէ, որ ինչ-որ բան ես ուզում. ուզի՛ր, բայց մի մտածիր, թե քանի որ դու կարծում ես միայն դա քեզ կերջանկացնի, ապա Աստված էլ է այդպես կարծում: Քո կարծիքով քանի՞ բան կարող է երջանկացնել քեզ: Երկո՞ւ, երե՞ք: Իսկ Աստված անվերջություն է, Նա անպարփակելի հարստություն է, անկրկնելի առատություն և Նա հսկայական այլընտրանքային լուծումներ ունի ամեն ինչի համար: Սակայն քո ընկալումը սահմանափակ է և դու ասում ես. «Եթե այդ բանն իմ կյանքում լինի՝ ես երջանիկ կլինեմ, որովհետև միայն դա եմ ուզում և վախենում եմ նույնիսկ ուրիշ բանի մասին մտածել, որովհետև զգում եմ, որ պատրաստ չեմ բացվելու ուրիշ բաների համար և ինչի՞ս է պետք ուրիշ բանի սպասել»:
Արի ավելի պարզ բացատրեմ քեզ, դասական օրինակով: Մեկը ծանոթանում է մի աղջկա հետ և ասում.
- Վե՛րջ, որոշված է, նա է: Նա ինձ համար է ստեղծվել: Եթե չմոտենամ նրան, չծանոթանամ ու չամուսնանամ, ապա կյանքս անիմաստ կլինի: Ամեն բան կվերջանա:
Կամ էլ ինչ-որ մեկը նոր աշխատանք է գտնում ու ասում.
- Այս աշխատանքն ամեն ինչ է ինձ համար: Եթե չաշխատեմ՝ հուսահատության գիրկը կընկնեմ:
Նույնն է տան կամ որևէ իր գնելու պարագայում: Իսկ Աստված նայում է քեզ ու ասում. «Ի՜նչ սահմանափակ մտածողություն ունես: Եվ խնդիրն այն է, որ կարծում ես, թե ես էլ եմ քեզ պես սահմանափակ: Դու ուզում ես Ինձ պարփակել ուղեղիդ ստեղծած նեղ շրջանակում և կարծում ես, որ եթե միայն այդ մի բանն է քո մտքում, ապա Ես չեմ կարող քեզ որևէ այլ երջանկություն տալ, և միայն այդ աղջկա, մասնագիտության, ավտոմեքենայի կամ տան միջոցով կարող եմ երջանկացնել քեզ: Իսկ Ես անթիվ լուծումներ ու անծայրածիր առաջարկներ ունեմ քեզ ու քո երջանկության համար»:
Սակայն դու Նրան ասում ես.
- Ո՛չ, ո՛չ: Աղաչում եմ Քեզ, Տե՛ր: Չեմ կարող հույսս դնել այդ աստվածային անսահմանության վրա, ուզում եմ շրջանակը նեղացնել: Ուզում եմ մտածել, որ երջանկությունը միայն այն նեղ շրջանի միջով է գալիս, որ ես թողնում եմ իմ կյանքում:
Այդպես ցանկանալը վատ չէ, ցանկացի՛ր, ուղղակի ասում եմ, որ իմանաս, որ եթե այն, ինչ ուզում ես՝ չի լինում, չի նշանակում, որ աշխարհի վերջն է: Եվ ոչ թե ուղղակի աշխարհի վերջը չէ, այլ ես կարծում եմ, որ հենց այդ ժամանակ են բացվում մյուս անսահման լուծումները, որ չես պատկերացնում ու չես էլ ուզում պատկերացնել, որովհետև չես դիմանում այդպիսի ազատությանը, հարստությանը, այդպիսի հնարավորություններին: Վարժվել ես փակվածությանը, նեղվածությանն ու վախին. «Վախենում եմ լայնախոհ լինելուց: Ինձ ավելի ապահով եմ զգում իմ կամքի զնդանում, այն փոքրիկ վրանի մեջ, որ ուղեղս է պատրաստում ինձ համար»:
Աստված ասում է քեզ.
- Ես դղյակներ ունեմ քեզ համար:
- Ո՛չ, աղաչում եմ Քեզ, ինձ մի խճճիր այդ դղյակներով ու նման բաներով, ես իմ փոքրիկ վրանն ունեմ:
Բնականաբար խոնարհությունից չէ, որ այդպես ես ասում, այլ հոգևոր աղքատությունից և կյանքի մասին ունեցած սահմանափակ կարծիքից:
Ուրեմն եկեք Աստծուն սխեմաների մեջ չմտցնենք՝ մտածելով, որ կարող ենք երջանիկ լինել միայն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում: Լավ է, որ դու մտքեր, նախագծեր ունես, քանի որ մարդ ես, սակայն ասա. «Տե՛ր, ես կարծում եմ, որ այդ փոքրիկ շրջանակն ինձ կերջանկացնի: Եթե Դու էլ ես այդպես կարծում և համաձայն ես դրա հետ՝ շատ լավ: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով համաձայն չես, ուրեմն թող Քո կամքով լինի»: Եվ դրան հաջորդող իրադարձությունները շատ ավելի լավը կլինեն:
Այդպես եմ ասում, որովհետև կյանքում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ նույնիսկ պատկերացնել չես կարող: Ես ունեցել եմ այդպիսի պահեր ու խենթանում էի Աստծո «անակնկալներից»: Երբ մտածում էի, որ ամեն ինչ վատ է ու եթե այսինչ բանը չլինի, ապա ամեն ինչ փուլ կգա, իսկ եթե այսինչին չհասնեմ, ապա ամեն ինչ կվերջանա, հանկարծ Աստված ինձ ցույց էր տալիս, թե ինչպես է մի բանի փլուզումից առաջանում նոր իրականություն, որ պատկերացնել անգամ չէիր կարող: Այդ ժամանակ հասկացա, թե ինչ անհավատ էի ես:
Մենք Աստծուն չենք հավատում ինչպես հարկն է և այդ պատճառով էլ հենց այսօր քեզ ցույց կտամ, թե մեր կյանքում որքան ենք հերքում «Քրիստոս հարյավ ի մեռելոց» արտահայտությունը: Ես արտասանում եմ դա, երգում, բայց բաց ու պատրաստ չեմ, որովհետև իրականում չեմ հավատում Աստծուն, քանի որ եթե հավատայի, ապա Նրա «անակնկալներին» լայն բացված աչքերով կսպասեի: Սակայն ասում եմ. «Չեմ կարծում, թե Աստված անակնկալներ մատուցի: Ենթադրում եմ, որ Նա էլ այնքան խղճուկ է, որքան իմ երևակայությունը»: Եվ քանի որ ես այդպիսին եմ, մտածում եմ, որ Աստված էլ է այդպիսին:
Սակայն Աստված այդպիսին չէ: Կուզենայի, որ հասկանայիր դա և իմ փոքր փորձով ուզում եմ ցույց տալ, որ առաջիկայում լավ անակնկալներ են սպասում քեզ: Այդ պատճառով էլ երկրայինից մի՛ կառչիր, մի՛ վախեցիր որևէ բան կորցնելուց, թո՛ղ այդ ամենը: Եթե ինչ-որ բան հանգիստ չի ստացվում, ապա մի՛ ստիպիր, մի՛ փորձիր բռնությամբ իրականացնել, օրինակ՝ պահպանել հարաբերությունները, երբ տեսնում ես, որ դրանք ինչպես հարկն է չեն դասավորվում: Կաշվիցդ դուրս ես գալիս դրանք պահպանելու համար, իսկ իմաստը ո՞րն է: Ամեն ինչ պետք է հանգիստ լինի, Աստված այդտեղ է, այլ ոչ թե ճնշումների ու բռնության մեջ: Աստված հանկարծ մի այնպիսի բան է ուղարկում, որ ասում ես. «Տե՛ր Աստված, ես գաղափար անգամ չունեի, որ Դու այդքան հարուստ ես»: Իսկ Աստված պատասխանում է. «Այդ պատճառով էլ ասացի քեզ, որ անարդարացի էիր Իմ նկատմամբ, որովհետև չէիր հասկացել Ինձ»:
Այդպես կամաց-կամաց կհասկանանք Աստծուն ու Նրա սերը, կհանդարտվենք դրանից, կսիրենք միմյանց, մեզ Աստծո կողմից սիրված կզգանք, ավելի հեշտ կլինի ուրիշներին սիրել և այնժամ ամեն ինչ մեզ լավ կթվա. երբ սիրում ես՝ ամեն ինչ գեղեցիկ է, և սերը ստիպում է քեզ ամեն ինչին այլ կերպ նայել: Իսկ սիրեցյալիդ պատճառած տրտմություններին վերաբերվում ես որպես բարությունդ ու ներողամտությունդ ավելի ջերմորեն արտահայտելու ևս մի հնարավորության:
Հակառակ դեպքում ամուսնությանդ հինգերորդ տարում այլևս տանել չես կարողանում ամուսնուդ: Մի կին ինձ ասաց.
- Հա՛յր, տանել չեմ կարող ամուսնուս:
- Ո՞ւմ: Ամուսնո՞ւդ, որին այնքան սիրում էիր, ներում ու ամեն ինչ վարդագույն լույսի ներքո էիր տեսնում: Քեզ ի՞նչ պատահեց:
- Տանել չեմ կարողանում նրան:
- Իսկ նա ի՞նչ է անում:
- Ոչ մի բան: Միայն նրա տեսքն արդեն իսկ նյարդայնացնում է ինձ: Միայն թե տեսնեք, թե ինչպես է ծամում: Ախր ճպճպացնում է ու նյարդայնացնում ինձ:
Առաջ ոչինչ չէր խանգարում նրան, իսկ այժմ այդպես է խոսում: Նա ամեն ինչ վարդագույն ակնոցներով էր տեսնում: Նրանք զբոսանքների էին գնում: Ամուսինը մի կույտ վերնաշապիկ էր կեղտոտում, որ հետո պիտի արդուկվեր, իսկ կինն ասում էր. «Սիրելի՛ս, ուրախությամբ օր ու գիշեր կարդուկեմ քեզ համար»: Եվ այդ ամենից հետո. «Վե՛ր կաց ու չքվի՛ր այստեղից: Թե ինչո՞ւ ամուսնացա քեզ հետ: Մորդ մոտ վերադարձիր: Սխալվեցի, որ ծանոթացա քեզ հետ»:
Եվ հարց ես տալիս ինքդ քեզ, թե ո՞ւր չքացավ սերը, որտե՞ղ թաղվեց սիրո այդ հսկայական ժայթքումը: Հարությունն ինչպե՞ս կրկին մահվան վերածվեց: Ինչո՞ւ:
Մշտական սնուցում, թարմացում ու նորոգում է անհրաժեշտ, որպեսզի չընտելանանք՝ բառիս վատ իմաստով: Իսկ չընտելանալու համար պետք է արբեցման վիճակը պահպանել, որովհետև միայն մեկ անգամ արբում ես, իսկ հետո սթափվում ես ու սկսում իրավիճակին կրկին կոպտորեն նայել և կյանքն իսկապես հոգնեցնում է քեզ: Բոլորս էլ ձանձրալի ենք ու հոգս ենք պատճառում: Այդ պատճառով էլ պետք է նորոգվել, այդ պատճառով էլ ամեն տարի կրկին ու կրկին իրադարձություններ (եկեղեցական տոներ) ենք վերապրում, այդ պատճառով էլ ամեն շաբաթ հիշում ենք Քրիստոսի Հարությունը: Ամեն կիրակի Սուրբ Պատարագին Հարություն է լինում, բայց յուրաքանչյուր Պատարագ էլ Քրիստոսի Հարությունն է, որպեսզի զարկ տանք մեր սրտին ու ասենք նրան. «Արթնացի՛ր, նոր արյուն ու կյանք ստացի՛ր, կրկին վերապրի՛ր Քրիստոսին, զգա՛ այդ թարմությունը, սիրի՛ր մարդուն ինչպես առաջին անգամ, երբ ծանոթացար նրա հետ և ամեն ինչին լույսով, խոնարհությամբ, մարդկայնորեն, աստվածայնորեն նայիր ու կյանքդ գեղեցիկ ապրիր»:
Եկե՛ք մեր կյանքը խելամտորեն ապրենք, ապրենք՝ գիտակցելով, թե ինչի համար ենք ապրում, ապրենք՝ սիրելով, ներելով, մեր վշտով և ուրախությամբ կիսվելով, որպեսզի մեր կողքին լինի այն մեկը ու նրա հետ կիսենք մեր զգացմունքները, իմանանք, որ միայնակ չենք, և նա հասկանում է մեզ: Ահա՛ քո հարցի պատասխանը, թե. «Սիրածս մարդուն ինչպե՞ս բացատրեմ Քրիստոսի Հարությունը»՝ սիրի՛ր նրան:
Պետք չէ նրան ասել «Քրիստոս հարյավ» ու փառաբանորեն ապացուցել, որ Քրիստոս հարություն առավ, որովհետև անհամար գրքեր կան այդ մասին, հայրաբանական մտքեր, բազմաթիվ հրաշալի գործեր, բայց նա չի հասկանա դրանք: Երբ նա քեզ հարցնում էր այդ մասին, հավանաբար ցանկանում էր Տիրոջ գերեզմանից ելած սերը տեսնել, տեսնել այն, ինչի մասին ասվում է, որ «Գերեզմանից մեզ համար շողարձակեց ներումն ու սերը»:
Աղոթում եմ, որ քո սրտում շողարձակի լույսը, ցերեկն ու հույսը: Եվ կրկին ասում եմ. ամեն ինչ շատ լավ կլինի քո կյանքում, դեռ ամեն ինչ ավարտված չէ, այսօր լաց ես լինում, բայց վաղը դեռ չի եկել: Լավն է մոտենում, նախօրոք ամեն ինչ մի՛ որոշիր, անդադար մի՛տրտնջա, մի՛ ցանկացիր մշտապես Ավագ Ուրբաթը (տանջանքներ, տառապանք, վշտեր) վերապրել ու մնալ դրա մեջ, որովհետև դու չես կարող այդքան մեծ ցավերը կրել, իսկ այդ փորձության նպատակը քո մեջ Հարության ծարավն ու փափագը արթնացնելն է:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգամանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի