25 Նոյեմբեր, Բշ
Քրիստոս նոր Կյանք է։ Քրիստոս ամեն ինչ է։ Նա ուրախություն է, Նա կյանք է, Նա լույս է, ճշմարիտ լույս, որն այնպես է անում, որ մարդ ուրախանում է, ձգտում է վեր, տեսնում է ամեն ինչ, տեսնում է բոլորին, ցավում է բոլորի համար, ուզում է, որպեսզի բոլորն Իր հետ միասին լինեն, և բոլորը՝ Քրիստոսի կողքին։
Երբ մենք որևէ իր կամ գանձ ենք գտնում, չենք ցանկանում դրա մասին որևէ տեղ խոսել։ Սակայն երբ քրիստոնյան գտնում է Քրիստոսին, երբ ճանաչում է Նրան, երբ Քրիստոս նրա հոգուց ներս է թափանցում և նա զգում է Նրան, այդժամ նա ցանկանում է խոսել ու գոչել դրա մասին ամենուր։
Նա ուզում է խոսել Քրիստոսի մասին, այն մասին, թե ինչ է Քրիստոս։ Սիրե՛ք Քրիստոսին և ոչինչ մի՛ գերադասեք Նրա սիրուց։ Քրիստոս ամեն ինչ է, կյանքի աղբյուր է, ցանկությունների գագաթը, ամեն ինչ։ Քրիստոսի մեջ ամեն ինչ կա, ամեն սքանչելին։
Վշտերը, հուսահատությունը, ջղագրգիռ վիճակը, ապրումները, կյանքի հարվածների, կռիվների ու տառապանքի մասին հիշողությունները հեռու են Քրիստոսից։ Այդ ամենը պատահում է մեր կյանքում։ Մենք շտապում ենք, վազում այս ու այն կողմ, սակայն ամեն ինչ ապարդյուն է, և ոչ մի տեղ չենք կարող կանգ առնել։ Սակայն որտեղ գտնում ենք Քրիստոսին, անգամ, եթե դա քարանձավ լինի, մնում ենք այնտեղ, և վախենում ենք հեռանալ, որպեսզի չկորցնենք Նրան։
Կարդացեք և ամեն ինչ կիմանաք։ Ճգնավորները, որ ճանաչեցին Քրիստոսին, չէին ցանկանում թողնել իրենց քարանձավները, չէին ցանկանում աշխարհ գնալ՝ քարոզելու, նրանք ուզում էին մնալ այնտեղ, որտեղ զգացել էին Քրիստոսի ներկայությունը։
Քրիստոս ամեն ինչ է։
Քրիստոս կենաց աղբյուրն է, ուրախության աղբյուրը։ Ամեն ինչ է։ Իսկ դու ի՞նչ ես կարծում, Նիկո՛ս։
- Այն, ինչ ասացիք, հա՛յր, ոսկի խոսքեր են, և դա է իրականությունը։ Ինչպես ասում եք, այդպես էլ կա իրականում։
- Այո,- շարունակեց հայր Պորֆիրիոսը,- այդպես լսում ենք ապրելու կոչը։ Երբ ասում ենք, որ քրիստոնյա ենք, երբ ասում ենք, որ Քրիստոսինն ենք։ Հասկացա՞ր։ Ահա թե ինչպես է լինում։ Եվ փորձության ժամին, հենց տեսնենք Քրիստոսին, միանգամից մի կողմ ենք թողնում մեր մտադրությունները և ցանկանում ենք Քրիստոսի հետ լինել։ Սակայն Քրիստոս մեր ընկերն է, մեր եղբայրը, և Նա ասում է․ «Դուք Իմ ընկերներն եք։ Չեմ ուզում, որպեսզի Ինձ այլ կերպ նայեք, չեմ ցանկանում, որպեսզի Ինձ այսպես նայեք՝ Ես Աստված եմ, Աստծու Բանն եմ, որ Սուրբ Երրորդության անձ եմ։ Ես ուզում եմ, որ Ինձ նայեք որպես հարազատի, որպես ձեր ընկերոջ, Ինձ ձեր գիրկն առնենք, զգաք ձեր հոգում Ինձ՝ ձեր ընկերոջը, կյանքի աղբյուրին, ինչպես որ Եմ իրականում»։
Եվ այս ամենը ճշմարիտ է։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը