Քրիստոսի երկրորդ գալուստը (հուսախաբություններ)

Քրիստոսի երկրորդ գալուստը (հուսախաբություններ) | Qristosi Erkrord Galusty Husakhabutyunner

 

 

 

«Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես արարչագործության սկզբից էր»

(Բ Պետ. 3։4)։

Ինչպես առաքելական շրջանում, այդպես էլ ներկայումս ծաղրախոսների մի խումբ քրիստոնեությունը վարկաբեկելու նպատակով սույն բնաբանի օրինակով միևնույն խոսքերն են ուղղում հավատացյալներին. «Ո՞ւր մնաց Քրիստոսի մինչև աշխարհի վախճանն Իր հավատացյալների հետ մնալու խոստումը, կամ ի՞նչ եղավ Նրա՝ յուրայինների մոտ վերադառնալու և Իր թագավորությունը հաստատելու հավաստիքը: Ո՞ւր է Նրա ազդեցությունն այն ազգերի կյանքում, որոնք իրենց քրիստոնյա են հռչակում։

Ինչպե՞ս կարելի է բացատրել այն բռնության կիրառումը, որը չի ճանաչում ո՛չ իրավունք, ո՛չ արդարություն, և որի պատճառով անպաշտպան ազգերը սրատվում, իսկ բռնավորները հաղթանակի դափնիներով են պսակվում։ Այդ ինչպիսի՞ հավատքով կարելի է դիմանալ նման եղեռնագործությունների։ Հակառակ նրան, որ այդքան մարտիրոսներ նահատակվել են հանուն Քրիստոսի հանդեպ հավատի ու առհասարակ հանուն մարդկության, ոչինչ տակավին չի փոխվել, և դարձյալ բռնությունն ու նենգությունը ձեռք ձեռքի տված ամեն տեսակի ոճիրներ են ծրագրում։ Ո՜վ քարոզիչներ, ո՞ւր է Քրիստոսի խոստումների իրականացումը»։

Հարկ է նշել, որ քրիստոնեությունը վարկաբեկել կամեցողների խմբակի այս խոսքերում ճշմարտությունը մատնանշող կետեր կան։ Հայացք նետեք վերջին դարերում անմեղ քրիստոնյաների կրած տառապանքներին, անպատմելի չարչարանքներին և հօդս ցնդած բոլոր ակնկալիքներին, մտաբերեք քրիստոնեական Եկեղեցու քսան դար շարունակ կրած հալածանքները և մի շարք հուսախաբություններից հետո սարսափելի հուսալքումը։

Պիտի խնդրեմ, որ ուշադիր հետևեք քարոզիս ընթացքին, քանի որ նպատակ ունեմ սույն քարոզի միջոցով նախ՝ նկարագրել Քրիստոսի երկրորդ գալստյան առթիվ Եկեղեցու ապրած հաջորդական հուսախաբությունները և ապա ձեզ վերահաստատել Նրա իրական գալստյան ճշմարիտ հույսով։

Շատ դժվար կլիներ նկարագրել առաքելական շրջանի հավատացյալների տենդագին ակնկալությունն առ այն, որ ահա հաջորդ վայրկյանին հնարավոր է մեռելների հարությունն ու աշխարհի դատաստանը, որը «նախագահելու» էր Ինքը՝ Քրիստոս, Իր տասներկու առաքյալների հետ։ Եթե կամենանք, ապա սրա մասին որոշ ակնարկություններ կարող ենք մատնանշել Նոր Կտակարանում՝ հիշատակելով մեկից ավելի հատվածներ, որոնցում նկարագրվում է Քրիստոսի երկրորդ գալուստը ծանուցող փողահար հրեշտակապետերի վայրէջքն ու երկրի անկնթարթային և զարմանահրաշ կերպարանափոխությունը, Նոր Երուսաղեմի հարսի էջքը երկնքից երկիր, սատանայի ու նրա երկրպագուների գահավիժումը և վախճանը։

Այնուհետև արդարները պիտի ուրախանային հավիտենական ուրախությամբ և դարեդար պիտի թագավորեին երկրի վրա։ Այս մասին որոշակիորեն ու հստակությամբ պատմում էին նաև առաքյալները՝ հաղորդելով Տիրոջ հավաստիացումները, ըստ որոնց՝ մարդկային սերունդը չպիտի վերանա, մինչև այդ ամենը կատարվի. «Այս սերունդը չպիտի անցնի, մինչև որ այս ամենը կատարվի» (Մատթ. 24։34, Մարկ. 13։30)։ Նաև, նրանց մեջ պիտի լինեին այնպիսիք, որոնք մահ չպիտի ճաշակեին, մինչև չտեսնեին իրենց Տիրոջ երկրորդ գալուստը. «Այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած Իր արքայությամբ» (Մատթ. 16։28, Ղուկ. 9։22 հմմտ. Ա Կորնթ. 15։51)։

Սակայն անցնում էին ամիսներ, տարիներ ու տասնամյակներ, բայց ո՛չ եկող կար, ո՛չ էլ գնացող, ոչ մի հրեշտակ կամ հրեշտակապետ չէր երևում, իսկ հավատացյալների տառապանքները նախկինից ավելի մեծ թափով էին սաստկանում, չկար մեկը, որ վերջ դներ հալածանքներին ու անիրավություններին։ Առաքյալները մեկը մյուսի հետևից մեռնում էին՝ առանց Տիրոջ մեծ օրվա ականատեսները լինելու։ Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, որ ողջ մնացած միակ առաքյալն էր և որը, ընդունված կարծիքի համաձայն, ականատես պիտի լիներ Մարդու Որդու՝ արքայությամբ գալուստին ու մահ չպիտի ճաշակեր, գերեզման իջավ խոր ծերության մեջ և նրա հետ կապված քրիստոնեական հույսի թելը ևս կտրվեց։

Դրանից հետո Եկեղեցին ստիպված էր խոստովանել իր սխալն ու Հիսուսի գալստյան հույսը տարածել հաջորդ սերնդի վրա և ազատամտության շնչով նույնիսկ կամեցավ հոգևորապես մեկնաբանել Նրա գալստյան խոստումը։ Այդուամենայնիվ այստեղ-այնտեղ առաքյալներին ճանաչող տարեց անձանց գոյությունը հույս էր ներշնչում, որ Տիրոջ վերադարձը տակավին ակնկալելի էր։

Չափազանց խանդավառ երևակայություն ունեցողները «փորձում» էին Հիսուսի գալստյան ազդանշաններ տեսնել ամեն անգամ, երբ երկրաշարժ, մեծ աղետ կամ օդերևութաբանական մի երևույթ էր պատահում, երբ ձախողվում էր թշնամու բանակը կամ էլ, վերջապես, երբ որևէ հեթանոսական գյուղ կայծակնահար էր լինում։

Բայց մահը շարունակում էր իր բնական ընթացքը, և քրիստոնեական երկրորդ շրջանի սերունդն էլ ընթանում էր նույն այն ճանապարհով, որով անցել էին նախորդները։ Չարն իր գոյությունն ասես ավելի ուժգնորեն էր զգացնել տալիս և ավելի ուժգին էր մռնչում քրիստոնեության վրա՝ մշտապես իր ճանկերի մեջ պահելով արյունաթաթավ որսը։ Բնականորեն պետք է եզրակացնել, որ այդպիսի պայմաններում քրիստոնեական հույսը հետզհետե պիտի մեռներ մարդկանց սրտերում, և մյուս կողմից էլ մեծապես ավելանում էր կասկածամիտների (սկեպտիկներ) թիվն ու ավելի հնչեղ էին դառնում բնաբանիս խոսքերը. «Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես արարչագործության սկզբից էր»։

Հավատացյալները խորապես հուզվում էին նման անարգական վերաբերմունքից և շվարում այդ հեգնական քննադատությունների առջև։ Հազիվ թե քրիստոնեական Եկեղեցին մի փոքր ժամանակ շունչ էր քաշում ահավոր հալածանքներից, երբ դարձյալ իր մեջ փայփայում էր Քրիստոսի գալստյան հույսը, սակայն ահա հանկարծ՝ արդեն երկրորդ անգամ, մեծ հուսախաբության է ենթարկվում՝ իսլամի անակնկալ հաղթանակին առերեսվելով։ Ահավասիկ 6-րդ դարի վերջերին Արաբիայի խորքերից երևան է գալիս արաբական հին կրոնի մի բարեկարգիչ՝ «Միակ Աստծու մարգարեն», ինչպես սիրում էր ինքն իրեն կոչել պատերազմի հանճարեղ զորավարը, որը, մարտնչող անհամար զորքերի գլուխ անցնելով, սարսափ էր սփռում քրիստոնյա աշխարհի վրա։

Նրա արաբ հետևորդները, որոնց հետագայում միացան նաև Ասիայի օսմանցիները, աշխարհակալության բուռն տենչով բորբոքված՝ խուժեցին Եգիպտոս, ինչպես նաև Փոքր Ասիա և Հարավային Եվրոպա։ Այդժամ հունական աշխարհի քրիստոնյաներն իրենց աստվածաբաններով պառակտվել էին, վանքերն ապականության բույն էին դարձել, նույնիսկ արքունիքն էր ստիպված թաթախվել աստվածաբանական վեճերի մեջ։ Ապականված բարքով և «պառակտված» աստվածաբանությամբ ժողովուրդն ինչպե՞ս կարող էր դիմագրավել իսլամական զորեղ ներխուժմանը։

Քրիստոնեական աշխարհի ամենապանծալի եկեղեցիները, որ հիմնվել էին առաքյալների կամ նրանց անմիջական հաջորդների կողմից, որտեղ քարոզել էին Որոգինեսները, Օգոստինոսներն ու Ոսկեբերանները և որտեղ անհամար մարտիրոսներ վկայել էին Քրիստոսի անունը՝ Ալեքսանդրիայի եկեղեցին, Անտիոքի եկեղեցին, որտեղ Հիսուսի հետևորդներն առաջին անգամ «քրիստոնյա» կոչվեցին, Կ. Պոլսի եկեղեցին, որտեղ ավելի քան 90 ժողով էր գումարվել և Սուրբ Սոֆիա եկեղեցին իր փառազարդ գմբեթներով 15-րդ դարի քրիստոնյա աշխարհի փառքն էր հանդիսանում, այդ բոլոր եկեղեցիները հաջորդաբար անցնում էին Մուհամմեդի բռնակալ հաջորդների իշխանության տակ։

Հերթը հասել էր Երուսաղեմին... Մահմեդականներն աննախադեպ անողոքությամբ հարվածում էին Երուսաղեմին։ Խաչյալ Նազովրեցու սիրելի քաղաքը, որի համար Նա այնքա՜ն սիրտ էր ցավեցրել, իսլամի հետևորդների համար խայծ էր դարձել, ինչի հետևանքով պղծվում էին սուրբ Գերեզմանն ու սուրբ վայրերն առհասարակ։

Քրիստոնյաների լացը, ողբն ու կոծն արձագանքում էին Արևելքում։ Անկարելի էր, որ Արևմուտքի քրիստոնյաներն անտարբեր մնային մահմեդականների վայրագություններին։ Եվ ահա ծնունդ է առնում Խաչակրաց արշավանքը, սակայն շուրջ երկու հարյուր տարվա շարունակական ջանքերն օգուտ չէին տալիս, և մահմեդականները սուրբ ու նվիրական բոլոր վայրերի տերն ու տիրականն էին մնում։

Հակառակ Արևելքի քրիստոնյաներին փրկելու համար Արևմուտքի քրիստոնյաների հեղած արյան՝ «արևելցիները» սարսափի ներքո էին մնում, իսկ սոսկալի քայքայումը շարունակվում էր։ Այդպիսի քայքայման և զարհուրելի ավերի ականատես եղանք նաև վերջին ժամանակներում։

Մարդ իսկապես ընդվզում և ստիպված է լինում հարցնել. «Ո՞ւր է Քրիստոսի գալստյան խոստումը, Նա ինչո՞ւ վերջ չի դնում այս ոճիրներին ու նենգությանը»։ Ուրեմն ի՞նչ պիտի ասենք այժմ։ Տիրոջ գալստյան հույսը մեզանում արթնացնելու համար ո՞ւր պիտի դիմենք։ Մեր տկարությունների ժամանակ արիանալու համար ո՞ւմ պիտի ապավինենք։ Հատկապես այժմ որքա՜ն կարիք ունենք այս առթիվ որոշակի լուսաբանության՝ Ավետարանին է՛լ ավելի կապվելու համար։

Հետևելով Ավետարանի այն ոգուն, համաձայն որի՝ «գիրը սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. 3։6)՝ լիովին համոզված հայտնում եմ, որ շատ քրիստոնյաների կողմից սխալ է ըմբռնվել Հիսուսի գալուստը և Նրա թագավորությունը: Կարծիք կա, որ Հիսուսի գալուստը կապված է նյութական կամ սքանչելահրաշ արտաքին նշանների հետ։ Հիսուսի գալուստը, ընդհակառակը, բոլորովին հոգեղեն է, և այդ գալուստը հոգում է լինելու։

Արդ, այդպիսի գալուստը, համաձայն Հիսուսի խոստման, արդեն իսկ իրականացե՞լ է մեր մեջ։ Քննեցե՛ք և պիտի համոզվեք, որ Հիսուս չի դրժել Իր գալստյան խոստումը։ Նա, ըստ Իր խոստման, եկել է և գալիս է մեր կյանք։ Աչքի անցկացրեք քրիստոնեական աշխարհի քսան դարերի պատմությունը և կհամոզվեք, որ Նազովրեցի Հիսուսի ոտքը մեր երկրագնդի վրա դրվելուց ի վեր քաղաքակրթությունը նոր զարկ, նոր ոգի, նոր կերպարանք և նոր նշանակություն է ստացել, այն անդադար առաջադիմում է իր անխոնջ ու անձնվեր հերոսների կերտած բարոյական մեծ հաղթություններով՝ հաղթություններ ոչ միայն արտաքին բարգավաճումով և առաջադիմությամբ, այլև առավելաբար ներքին ու բարոյական աճով։

Աստծու թագավորությունը երկրի վրա ամրացնելու համար հարկ չկա Քրիստոսի երկրորդ գալստյան։ Աստծու թագավորությունը երկրի վրա արդեն իսկ իրականացել է ինչպես անցյալում, այդպես էլ ներկայում։ Նա, ով աչքեր ունի՝ տեսնելու, և ականջներ՝ լսելու համար, կհավատա մեր խոսքերին, մանավանդ երբ համեմատի հին ժամանակների կացությունը ներկայի հետ։ Հիրավի, թեև Աստծու թագավորության ամրապնդումը շատ դանդաղ է ընթանում և նույնիսկ այնպիսի պահեր են գալիս, որ թվում է, թե այն այլևս սպառել է իր ուժն ու դատապարտվել նահանջի, սակայն հանկարծ նկատում ենք, որ քրիստոնեական ոգին հետզհետե զարթնում է համոզումի, հոժարության և սիրո ուժով։

Աստծու թագավորությունը շաղկապված է կամքին և սիրուն։ Այնտեղ գոյություն չունեն բռնություն, ահ ու սարսափ։ Եթե անվերջանալի պատերազմների արհավիրքներ կան, դրա փոխարեն, սակայն, նախաձեռնվում են մեծ թափի հասնող բարեգործական ձեռնարկումներ, անհամեմատելիորեն ավելացել են սիրո և բարության, անձնվիրության ու զոհողության վրա հիմնված միությունները։ Հին աշխարհին անծանոթ էին նման միությունները, ինչպես նաև հնում գոյություն չունեին Կարմիր, Կապույտ կամ Ճերմակ խաչի անվան ներքո գործող կառույցները, որոնք հրաշքներ են գործում հոգևոր, բարոյական և ֆիզիկական աշխարհներում։

Սրանք մի՞թե Հիսուսի գալստյան խոստման իրականացման և Նրա թագավորության հաստատման նշաններ չեն, ա՛յն թագավորության, որ օր-օրի զորանում և բարգավաճում է այն դեպքում, երբ այս աշխարհի ցավերն ու տառապանքները մեղմանում, իսկ մխիթարության առիթներն ավելանում են։

Դարձյալ, եթե քրիստոնեությունն ընդունող երկրների օրենքներն ու օրենսդրական կազմակերպությունների գործունեությունը համեմատենք հին աշխարհի օրենքների հետ, այդժամ ևս պիտի նկատենք, որ Քրիստոս կատարել է Իր գալստյան խոստումը՝ Ավետարանի զորեղ ազդեցությունը ներգործելով նաև օրենքներին։

Ահա տեսե՛ք, ներկայիս քրիստոնյա աշխարհի դատարանները հայտարարում են օրենքի առաջ քաղաքացիների հավասարության, հետամնաց սոցիալական դասակարգերի ազնվացման ու զարգացման, հանցավորների հանդեպ խիստ պատիժների թեթևացման և մեղմացման, ինչպես նաև ազգերին միմյանցից տարանջատող արգելքների վերացման մասին։

Սրանք բոլորը հետևանք են Ավետարանի վսեմ ներգործության, որի շնորհիվ իրականանում է կյանքի առաջադիմությունն ու ճոխությունը։ Սրանք մի՞թե նշաններ չեն, որ Հիսուս կատարել է Իր գալստյան խոստումը՝ աշխարհի ներքին կյանքը կերպարանափոխելով։

Տակավին կան որոշ միամիտներ, որոնք, Մատթեոսի 24։30—31 համարների վրա հիմնվելով, կարծում են, որ Քրիստոս Իր երկրորդ գալստյամբ պիտի վերջ տա չարի թագավորությանը։ Դա միամիտ և միաժամանակ ծիծաղելի ու ոչ քրիստոնեական տեսակետ է։ Այդ գաղափարը «Հազարամյա վարդապետություն»-ն է, ըստ որի՝ այս աշխարհում կարգուկանոն հաստատելու համար Հիսուս նոր փառքով պիտի գա ու վերջնական տեսք պիտի տա Աստծու թագավորությանը։

Բարեբախտաբար ճիշտ ժամանակին Եկեղեցու սուրբ հայրերից Դիոնիսիոս Ալեքսանդրացին ու Օգոստինոսն իրենց ողջամիտ մեկնություններով բացատրեցին այդ վարդապետության թալմուդական ավանդություն լինելու հանգամանքը և վերջ դրեցին այն սպառնալիքներին, որոնք կարող էին նույնիսկ Եկեղեցու հիմքերը խարխլել։

Դժբախտաբար տակավին հանդիպում ենք քարոզիչների, որոնք եկեղեցու բեմից տարփողում են Քրիստոսի երկրորդ գալուստը՝ այդ գալստյան և դատաստանի անհրաժեշտությունը շեշտելով։ Նրանք նույնիսկ հայտարարում են, որ եթե Աստծու հավիտենական ծրագրում չկա Քրիստոսի երկրորդ գալուստը, ուրեմն աշխարհի անիրավվածները իրավունք պիտի ունենան բողոքելու Աստծուն բոլոր անմեղ թշվառներին այդպիսի զրկանքի ենթարկելու համար։

Քրիստոսի երկրորդ գալուստն արտաքին նշաններով չի կարող լինել, այն արդեն իսկ և հավիտենապես պատկանում է Քրիստոսի սիրելիներին։ Աստծու հոգին չի հայտնվում արտասովոր ֆիզիկական իրողություններով։ Քրիստոնեական կրոնը հոգուն առնչվող կրոն է։ «Ֆիզիկական» հրաշքները կրոնի տիրույթում չեն։ Մի՛ սպասեք, որ Հիսուս զորությամբ ու փառքով ամպերի միջից պիտի գա Իր թագավորությունը հաստատելու համար։

Եկեղեցին, այսինքն՝ Աստծու թագավորությունն ունի իր հավիտենականությունն ապահովելու միջոցները։ Ավետարանով հայտնված սկզբունքների գործադրմամբ միայն կիրականանա Քրիստոսի իրական գալուստը։ Եվ երբ մեզ հեգնանքով հարցնում են, թե՝ ո՞ւր է Նրա գալստյան ավետիսը, այդժամ մեր բարոյական կյանքի սրբությամբ, արդարությամբ ու սիրով ապացուցենք, որ հոգևոր կյանքի սրբազան փոխակերպումով արդեն իսկ իրականացել է Նրա գալուստը, և միայն այդ փոխակերպումո՛վ ողջունենք Նրան՝ ասելով. «Օրհնյա՜լ է Նա, Ով եկել է Տիրոջ անունով»։

 

Տեր Ղևոնդ վրդԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

03.08.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․