Քրիստոսի մասին մարգարեություններ

Մաս առաջին

Աստվածաշունչը մարդու հոգու փրկության գիրքն է: Դրա մեջ տեսնում ենք Աստծու անսահման սերը հողեղեն արարածի նկատմամբ, պատվիրաներ և օրենքներ, բազմաթիվ դեմքերի հոգեկան և մտավոր կյանքի նվաճումներ ու անկումներ, հոգու փրկության՝ երկնքի արքայության ժառանգելու պայմաններ, պատմական դեպքեր, մարգարեություններ, խորհրդանիշներ, փառաբանական աղոթքներ և այլն: 

Աստվածաշունչը նկարագրվում է որպես պտղաբեր ծառ: Հին Կտակարանը ծառի արմատներն է, իսկ Նոր Կտակարանը՝ պտուղները: Ճիշտ չէ մերժել կամ նվաստացնել Հին Կտակարանը, ինչպես անում են բազմաթիվ օտար քարոզիչներ, որովհետև այդ արարքը նշանակում է ծառի արմատները կտրել և անջատել  պտուղներից: Եթե ուզում ենք Նոր Կտակարանը լավ հասկանալ, նախ պետք է լավ հասկացած լինենք Հին Կտակարանը:

Այժմ մենք ապրում ենք տոնական օրերի մեջ՝ մեր Տիրոջ, Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան և հայտնության հոգեպարար մթնոլորտի մեջ: Ուստի, այս հոդվածի նպատակն է հակիրճ ձևով ներկայացնել Քրիստոսի կյանքին առնչված  մարգարեություններից մի քանիսը, և դրանց կատարումները Նոր Կտակարանում:

Իսկ Ավագ շաբաթվա հոդվածում կներկայացվեն այն մարգարեությունները, որոնք առնչվում են Քրիստոսի մուտքին Երուսաղեմ և մինչև Նրա երկինք համբառնալու ու Հայր Աստծու աջ կողմում նստելու դեպքերին. «Տերն ասաց իմ Տիրոջը. Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ» (Սաղմ. 109:1):

Բանն Աստծու մարմնացումի մարգարեությունը: Կարդում ենք երկնքից իջնելու մարգարեությունը. «Խոնարհեցրեց երկինքը և իջավ, և մառախուղ էր նրա ոտքերի տակ» (Սաղ. 17:10): Այս մարգարեությունը կատարվեց, երբ Բանն Աստված, որ սկզբից՝ ժամանակներից առաջ, Հայր Աստծու հետ էր, երկնքից երկիր իջավ՝ մարմնացավ. «Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր» (Հովհ. 3:13), «Ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց» (Հովն. 6:38):

Կույսից ծնվելու մարգարեությունը: Եսայի մարգարեության մեջ կարդում ենք. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն» (Ես. 7:14): Այս մարգարեությունը կատարվեց, երբ կույսը՝ Մարիամը, հղիացավ Սուրբ Հոգուց. «Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց» (Մատթ. 1:18):

Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը: Հին Կտակարանում կարդում ենք Բեթղեհեմի մեջ իշխանի ծննդի մարգարեությունը. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Եփրաթայի տո՛ւն, թեև դու փոքր ես Հուդայի քաղաքների մեջ, սակայն քեզանից է դուրս գալու նա, ով իշխան է լինելու Իսրայելի մեջ, որի ծագումը աշխարհի սկզբից է» (Միք. 5:1): Այս մարգարեությունը կատարվեց, երբ խաղաղության իշխանը ծնվեց Բեթղեհեմ քաղաքում. «Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում» (Մատթ. 2:1):

Մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելու մարգարեությունը: Սաղմոսներում կան երկրպագելու և ընծաներ մատուցելու մարգարեական համարներ, օրինակ՝ «Բոլոր ազգատոհմերը կերկրպագեն նրան» (Սաղմ. 21:28), «Երուսաղեմի քո սուրբ տաճարում թագավորները թող ընծաներ մատուցեն քեզ» (Սաղմ. 67:30): Աստծուն  երկրպագելու և ընծաներ մատուցելու մարգարեության իրականացումը տեսնում ենք Մատթեոսի ավետարանում մոգերի այցի հատվածի մեջ (Մատթ. 2:1-12). «Երբ «մոգերը» տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս» (Մատթ. 2:11):

Եգիպտոս փախչելու մարգարեությունը: Կարդում ենք Ովսեեի գրքում Եգիպտոս  կանչվելու՝ դեպի Եգիպտոս փախչելու մարգարեությունը. «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» (Ովս. 11:1): Այս մարգարեությունը կատարվեց, երբ Հայր «Հովսեփն  արթնացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և հեռացավ Եգիպտոս» (Մատթ. 2:14)՝ գործադրելու համար երազում իրեն հայտնված Տիրոջ հրեշտակի հրամանը (Մատթ. 2:13):

Բեթղեհեմի մանուկների սպանության մարգարեությունը: Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերը հետ չվերադարձան Երուսաղեմ, սաստիկ բարկանալով և մարդ ուղարկելով` սպանեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին (Մատթ. 2:16-18): Բեթղեհեմում կատարված մանուկների ջարդի դեպքի մարգարեությունը տեսնում ենք Երեմիայի մարգարեության մեջ. «Մի ձայն լսվեց  Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը լալիս էր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային» (Երեմ. 31.15)։

Քրիստոսի մկրտության մարգարեությունը: Հին Կտարականում կարդում ենք, որ  ջրերը կտեսնեն Աստծուն. «Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ, ջրերը տեսան քեզ ու վախեցան, և անդունդները խռովեցին բազում ջրերի ձայնից» (Սաղմ. 76:17): Հորդանանի գետի ջրերը տեսան Քրիստոսին, երբ Նա մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով (Մատթ. 3։13–17, Մարկ. 1:9–11, Ղուկ. 3։21-22):

Առակներով խոսելու մարգարեությունը: Հին Կտակարանի մեջ կարդում ենք առակներով խոսելու մասին մարգարեություն. «Բերանս պիտի առակներով բացեմ, ի սկզբանե առակներ պիտի խոսեմ» (Սաղմ. 77:2): Այդ մարգարեության  կատարման փաստերը տեսնում ենք չորս Ավետարանների մեջ, որոնք ցույց են տալիս, որ Քրիստոս շատ անգամ առակներով խոսեց. «Հիսուսը դարձյալ խոսեց և առակներով ասաց նրանց» (Մատթ. 22:1):

Բարի հովիվ կոչվելու մարգարեությունը: Սաղմոս 22-ը ներկայացնում է Տիրոջը  որպես հովիվ. «Տերն է իմ հովիվը, և ինձ ոչինչ չի պակասելու» (Սաղմ. 22:1): Այդ մարգարեությունը կատարվեց Քրիստոսի վկայությամբ. «Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11),  «Ես եմ բարի հովիվը,  ճանաչում եմ իմ ոչխարներին, ու ճանաչվում նրանցից» (Հովհ. 10:14):

Տեր կոչվելու մարգարեությունը: Այս համարը. «Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ» (Սաղմ. 109:1) Բանն Աստծու «Տեր» կոչվելու մասին մարգարեություն է: Նոր Կտակարանը ցույց է տալիս, որ այդ մարգարեությունը իրականացավ Քրիստոսի վկայությամբ. «Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում» (Մատթ. 22:43), և այլ աստվածաշնչական համարներով, օրինակ՝ «Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:28):

Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը: Կարդում ենք (Մատթ. 21։12-13, Մարկ. 11։15-17, Ղուկ. 19։45-46 և Հովհ. 2:13-17)-ի մեջ, թե ինչպես Քրիստոս, Տաճար մտնելով, վտարեց առևտուր անողներին: Այդ դեպքը ցույց է տալիս Քրիստոսի  նախանձախնդրությունը, որ նախապես հիշված է որպես մարգարեություն. «Քո տան նախանձը կերավ ինձ, և քո նախանձողների նախատինքը ընկավ ինձ վրա» (Սաղմ. 68:10):

Եվ տակավին կան այլ մարգարեություններ, օրինակ՝ Քրիստոսով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, Քրիստոս պիտի գա Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Դավթի սերնդից, Քրիստոսին սպասում են բոլոր սերունդները և այլն:

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

18.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․