Քրիստոսի՝ մեր Աստծու հարության տոնը և հայոց սուրբ վարդապետ Եղիշեի ներբողն ի պատիվ Քրիստոսի սուրբ հարության

Ամենավաղը Մարիամ Մագդաղենացին եկավ-հասավ Քրիստոսի գերեզման՝ այն ժամանակ, երբ հրեշտակն արդեն գլորել էր վեմը գերեզմանից։ Եվ ներս մտնելով՝ այնտեղ չգտավ Տերունական մարմինը, որի պատճառով սկսեց ողբագին լալ ու արտասվել և կուրծքը ծեծելով՝ ասել. «Ի՞նչ անեմ կամ ի՞նչ չանեմ, ո՞ւր գնամ և ո՞ւմից հարցնեմ, որտե՞ղ փնտրեմ և որտե՞ղ գտնեմ Նրան։ Չէ՞ որ խաչից իջեցրին և այս գերեզմանի մեջ դրեցին Նրան, այս քարայրի մուտքն էլ կնքելով՝ փակեցին, և պահապաններ կարգեցին։ Ես էլ վկա եմ եղել աշակերտների առաջ, որ ողջ գիշերվա ընթացքում վեմը անշարժ իր տեղում է եղել։

Իրապես, հրեաներից ոչ ոք այս բանը չէր գործի շաբաթ օրվա հանդեպ ունեցած պատվախնդրության պատճառով, իսկ հեթանոսների պետքն էլ չէր այդ անել։ Եվ, առհասարակ, մարդկանց բնորոշ չէ դիագողությունը, իսկ կենդանիների վերաբերյալ կասկածը չքանում է վեմի ծանրության պատճառով։ Իսկ եթե Հարություն է առե՞լ. դրա համար էլ, սակայն, դեռ վաղ չէ՞ արդյոք, քանի որ Նա երեկ չէ առաջին օրը՝ ուրբաթ, թաղվեց, և դեռ երկու գիշեր ու մեկ լիակատար օր և երկու ժամ է անցել, սակայն մի՞թե Նա չասաց, որ երեք գիշեր պիտի անցնի։ Բայց և ինչպե՞ս, հնարավո՞ր է արդյոք, որ Նա, ով ամեն բան ճիշտ խոսեց, այս հարցում սուտ խոսեր. քա՛վ լիցի։ Չեմ կարող կասկած ունենալ Նրա հանդեպ, քանի որ Նա երբեք սուտ չխոսեց, այլ ըստ ամենայնի ճշմարիտ խոսեց. ամեն բան, ինչ Նա ասաց Իր կենդանության ժամանակ, եղավ ու կատարվեց։ Եվ դեռ ես մտածում եմ, որ սա կարող է սո՞ւտ լինել, այն էլ, երբ անգամ չգիտեմ՝ հարությո՞ւն է առել, թե՞ սա որևէ մեկի նենգության հետևանքն է»։

Երբ Մարիամ Մագդաղենացին ասում էր սա, ողբագին ծեծում կուրծքն ու արտասուքներն էլ հորդում էին աչքերից, սակայն չէր համարձակվում բարձրաձայն լալ հրեաներից ունեցած վախի և պահապաններից զգուշանալու պատճառով, ուստի կոծում էր իր մտքում և փղձկում՝ այդ իրավիճակից մխիթարության ելք չգտնելով սրտում։ Այս էլ այնքան ժամանակ, մինչ Տիրոջ հրեշտակը գթալով՝ ողորմեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս հուսահատությամբ և անմխիթար սգում ու ողբում։ Ասա՛ ինձ, թե որն է պատճառը, ու թերևս ինձնից անսուտ պատասխան լսես»։

Եվ Մարիամ Մագդաղենացին ասաց. «Ողբում եմ, քանի որ իմ Տիրոջը վերցրել են այս գերեզմանից և ես չգիտեմ, թե ուր են դրել»։ Հրեշտակը պատասխանում է նրան. «Սքանչելի է քո սուրբ հավատից շողարձակող սերը, սակայն իմաստուն չես վարվում՝ դառնորեն արտասվելով այս գերեզմանի վրա։ Որտե՞ղ ես լսել կամ որտե՞ղ ես տեսել, որ մեռյալները ողջին փնտրեն, կամ թե՝ մարդը որոնելու ելնի Հարուցյալ Աստծուն։ Ինձ այնպես է թվում, թե դու այս գերեզմանի պահապաններից էլ առավել հիմար ես։ Սակայն, եթե կամենում ես, մո՛տ արի և տե՛ս, որ Նա հարություն է առել և այստեղ չէ։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ ես ողջին փնտրում մեռածների մեջ»։

Այս ասելով՝ հրեշտակը մեծ տարակուսանքի մեջ գցեց կնոջը։ Հրեշտակը շարունակեց՝ ասելով. «Եթե ինձ՝ իբրև օտարականի, չես հավատում, հարցրո՛ւ քո գավառակիցներին, հավատարիմ դատավորին, ձեր իշխանների խորհրդականներին ու քահանայապետերին, որպեսզի քեզ ու ոչ միայն քեզ և Նրա սիրելիներին, այլև Նրա անվան թշնամիներին ևս պատմեն ճշմարտությունը։ Այն, որ Նա հարություն է առել, ես գիտեմ ստուգապես, սակայն հարության ժամից անտեղյակ եմ, այլ միայն ենթադրում եմ, որ այնժամ, երբ երկիրը դղրդաց, այնժա՛մ Նա հարություն առավ։ Չնայած որ ես և իմ ընկերներն այս գերեզմանի մոտ էինք, սակայն չիմացանք, թե դա ինչպես եղավ։ Նայեցինք գերեզմանի վեմին և տեսանք, որ այն անխախտ է մնացել, կնիքն էլ հայտնապես երևում էր։ Բայց և երկրի այդ դղրդյունից ենթադրություն անելով՝ մենք բացեցինք գերեզմանի մուտքը, սակայն ներսում ոչ ոքի չգտանք, մինչև որ Նա Ի՛նքը ողորմեց ու հայտնվեց մեզ։ Գուցե և Իր այս գթասրտության պատճառով Նա դարձյա՞լ ողորմի մեզ և արժանանանք կրկին տեսնելու մեռելներից հարություն առածին»։

Եվ մինչդեռ հրեշտակն այս ամենն ասում էր կնոջը, ահա գերեզմանի պահապաններից ոմանք որոշեցին մտնել քաղաք և իրենց տեսածը պատմել քահանայապետերին։ «Ինչո՞ւ եք նստել-մնացել,- ասում էին նրանք դատավորի ապարանքում,- տեսե՛ք, որոշե՛ք՝ ինչ պիտի անել. ճշմարտապես հարություն առավ Նա և մենք դա թաքցնել չենք կարող։ Ահա ինչպես այժմ վկայում ենք դատավորի ապարանքում, այդկերպ բարձրաձայնելու ենք նաև ողջ քաղաքում։ Մենք չենք կարող ուրանալ հարության սքանչելի տեսիլքը, քանզի երկրի դղրդյունն այս անգամ առավել ուժգին էր, քան առաջին դեպքում։ Չէ՞ որ խաչելության ժամանակ ևս մենք այնտեղ ներկա էինք և ականատես եղանք այն մեծամեծ սքանչելիքներին, որ տեղի ունեցան այն ժամանակ։ Սակայն այն օրն անգամ առավել հեշտ էր մեզ համար, քան այսօր, որովհետև այսօր ոչ միայն երկրի դղրդյունից սարսռեցին մեր սրտերը, այլև մեզ երևացին լուսափայլ մարդիկ, որոնք՝ չիմացանք՝ երկրի՞ց էին, թե՞ երկնքից։

Այնքան հրաշալի ու լուսապայծառ էր նրանց երևումը, որ եթե նրանք միջօրեին հայտնվեին՝ կխամրեցնեին արեգակի ճառագայթների անմատույց լույսն անգամ։ Նաև այն պատճառով ենք հիացած, թե ինչպե՞ս դուք չտեսաք այդ լույսը կամ նրանց ճառագայթման հուրը ինչպե՞ս այստեղ չի հասել։ Այնտեղ, որտեղ մենք էինք գտնվում, գետնի քարերը դղրդացին, իսկ հողը երաշտացավ ու ցամաքեց և մենք էլ կիսամեռ վայր ընկանք։ Իսկ մեզնից շատերը, որ այնտեղ՝ մեզ հետ էին, այժմ մեռած են»։

Քահանաները, զինվորներից լսելով այս բոլորը, ասացին. «Երբ այդպիսի մեծասքանչ իրադարձություններ տեղի ունեցան, ինչպես դուք եք ասում, թե՝ «մեզնից ոմանք կիսամահ ընկան այնտեղ», դուք ինչպե՞ս կարողացաք գալ ու պատմել մեզ այս ամենը»։ Զինվորները պատասխանեցին. «Մի քանի երանելի կանայք եկան այնտեղ՝ գերեզման, ոմանք էլ դեռ գիշերն էին եկել՝ որպես աստվածային նվերներ բերելով անուշաբույր յուղեր և արտասովոր խնկեր։ Եվ կանանց՝ գերեզմանին մոտենալու ժամանակ մեծ թեթևություն իջավ մեզ վրա։ Օրհնյա՜լ թող լինեն այդ կանայք և երանելի՝ այն ազգը, որից ծագում են նրանք, քանի որ մենք, որ թմրած, հիմարացած ու թուլացած վայր էինք ընկած, հիրավի, նրա՛նց ենք միայն պարտական։

Նաև նրանցից մեկն էլ աներկյուղ ու անվարան նայում էր գերեզմանին ու երբ մեռյալի մարմինն այնտեղ չգտավ, սկսեց դառնապես արտասվել ու լալ, մինչև որ մեռյալի մասին այն պատասխանը լսեց, որ վերջինս կենդանի է և հարություն է առել։ Մեզ վրա շատ ազդեց այն հանգամանքը, որ Խաչյալին Աստված՝ և ոչ մարդ, ողջ՝ և ոչ մեռած խոստովանելու մասին կանանց ճշգրիտ նշաններ հաղորդողները հրեշտակներ էին, և ոչ մարդիկ։ Մենք ինքներս այդ լուսափայլ մարդկանց շուրթերից լսեցինք, որ նրանք կանանց ասում էին, թե «ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Չե՞ք հիշում, թե ինչ ասաց Նա սկզբում, որ Մարդու Որդին պիտի մատնվի մեղավորների ձեռքը, խաչը պիտի բարձրանա, պիտի մեռնի, պիտի թաղվի և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Եթե անգամ այս խոսքերը չեք էլ հիշում, ահա տեսե՛ք, այստեղ չէ, այլ հարություն առավ և ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կտեսնեք Նրան, ինչպես որ ասացի ձեզ»։

Զինվորներից այս լսելով՝ քահանաները հիացան ու ապշեցին, բայց և սարսափեցին ու ահն ընկավ նրանց սիրտը, քանի որ հասկացան, որ ստույգ էին Հիսուսի ասած խոսքերը։ Խորհրդակցություն գումարեցին և հարց բարձրացրին, թե՝ «ի՞նչ անենք, քանի որ Նա հարություն է առել, հրեշտակներն ու մարդիկ տեսել են դա և զինվորներն էլ, որոնց համար խնդրել էինք, որ դատավորը նրանց մեզ տրամադրի՝ գերեզմանը հսկելու նպատակով, մեծասքանչ հիացմունքով պատմում են Հարուցյալի մասին։ Այդ էլ բավական չէ, դեռ մի բան էլ Գալիլիա է գնում, որպեսզի այժմվանից իսկ առավել մեծ լինի Նրա հայտնությունը»։ Եվ երբ քահանաները ոչ մի հնար այլևս չկարողացան գտնել, ձեռք գցեցին տաճարի գանձերին և շատ արծաթ վերցնելով՝ տվեցին պահապաններին ու պատվիրեցին գերեզմանից Հիսուսի բացակայությունը պատճառաբանել այն հանգամանքով, թե իբր՝ «գողացան Նրան»։

Իսկ Մարիամ Մագդաղենացին դեռ այնտեղ՝ գերեզմանում, հրեշտակների զուգակցությամբ փառաբանում էր Աստծու անունը և խնդրում իրեն արժանացնել Հարուցյալի հետ տեսությանը։ Նա այնքան ժամանակ իր ջերմ սիրով լցված, անդադրում աղաչանքներով շարունակեց աղոթել այդ վայրում, մինչև որ նրան շնորհվեց փափագելի տեսությունը. ոչ թե որևէ հրեշտակ, այլ նույն Ինքը՝ Տերը՝ Քրիստոս…

Ինչպես որ գրված է Ավետարանում, երբ հրեշտակն ասաց իր խոսքը, Մարիամը հետ շրջվեց՝ դեպի այն կողմը, որ կողմում խաչն էին հանել Հիսուսին, և տեսավ Տիրոջը, սակայն, չկարողանալով ճանաչել Նրան, կարծեց, թե պարտիզպանն է և դիմեց Նրան խանդաղատանքով լի խոսքով՝ ասելով. «Եթե դու ես վերցրել Նրան, ասա՛ ինձ, ո՞ւր ես տարել, որպեսզի ես գնամ և վերցնեմ»։ Ի պատասխան Հիսուս ասաց նրան. «Բարիքով է լեցուն ողջ գիշերվա քո տքնությունը, ո՜վ Մարիամ, և սքանչելի է առավոտյան քո այս փնտրտուքը։ Մարդիկ, որ մարդ են՝ չեն զրկում իրենց մոտ աշխատողներին իրենց վարձից, Աստված ևս չի արգելի քեզ քո չարչարանքի վարձը ստանալուց։ Քո՝ գիշերվա տառապանքների վարձը հրեշտակը տվեց քեզ՝ մեռելներից հարություն առածի ավետիսը քեզ փոխանցելով։ Իսկ քո սրտում բորբոքված տապը թող որ զովանա Իմ՝ պարտիզպանիս երևմամբ։ Եվ Ինձ այնպես է թվում, որ դու գտար գողին, և գողի հետ նաև՝ գողոնը։ Ամո՛ւր պահիր Այն և քաջալերվի՛ր քո գտածով, քանի որ Դա ճշմարտապես քո փնտրածն է։ Եվ Նա ոչ թե ուրիշի կողմից է գողացված, այլ վերցված է Ինքն Իր կողմից, ուստի մի՛ ասա, թե Նա վերցվել է այնպես, ասես որևէ ուրիշ մեկը որևէ ուրիշ բան է վերցրել, այլ Նա Ինքը Իրե՛ն է վեր հանել գերեզմանից»։

Այդ Նա՛ է, որ Խաչը ելավ Գողգոթայում։

Այդ Նա՛ է, որ խաչվեց Ադամի գլխավերևում։

Այդ Նա՛ է, որ, որ լեղին ու քացախը ըմպեց։

Այդ Նա՛ է, որ մեռավ Խաչի վրա։

Այդ Նա՛ է, որ թաղվեց երկրի սրտում։

Այդ Նա՛ է, որ դրվեց գերեզմանում։

Այդ Նա՛ է, որ գնաց մեռածների մոտ։

Այդ Նա՛ է, որ մտավ հզորի տունն ու գերողից վերադարձրեց ավարը։

Այդ Նա՛ է, որ կապեց հզորին։

Այդ Նա՛ է, որ վերցրեց նրա ավար առած գանձերը։

Այդ Նա՛ է, որ հարություն առավ Իր գերեզմանից։

Այդ Նա՛ է, որ Իր պարգևները բաշխեց շատերին։

Այդ Նա՛ է՝ ճշմարիտ Պարտիզպանը։

Այդ Նա՛ է, որ ավազակին Դրախտ մտցրեց։

Այդ Նա՛ է, որ վերացրեց բոցեղեն սուրն ու բացեց դեպի Կենաց ծառ տանող ճանապարհը։ Նրա՛ն էիր փնտրում դու, Նրա համար էիր լալիս։ Նրա համար էիր անուշահոտ խունկ բերում, Նրա համար էիր ազնիվ յուղ մատուցում։ Եվ եթե Նրա համար էիր բերում, էլ ինչո՞ւ էիր ուրիշին փնտրում։ Նրա մասին հրեշտակից լսեցիր, թե՝ «Հարյավ գերեզմանից»։ Նրա համար էր հրեշտակը կանգնած գերեզմանի մոտ։ Նրա մասին նա քեզ հարցրեց, թե՝ «ո՞ւմ ես փնտրում»։ Նրա մասին դու ասացիր, թե՝ «ցո՛ւյց տուր ինձ, որպեսզի վերցնեմ Նրան»։ Գիտեմ, որ սիրուց բխող քո փափագի պատճառով այդ ասացիր, սակայն եթե Նա թույլ էլ տա քեզ տանել Իրեն, դու չես կարող տանել Նրան. ո՛չ դու, ո՛չ Հակոբի մայր Մարիամը, ո՛չ Կղեովպասի կին Մարիամը, ո՛չ Ղազարոսի քույր Մարիամը, ո՛չ անգամ Սուրբ Կույս Մարիամը, որը Մայրն է Նրա…

Ու եթե անգամ ամենքդ էլ միաբանվեք, Նրան վերցնել չեք կարողանա, քանի որ Նա հույժ ծանրացավ և միաժամանակ առավել ևս հույժ թեթևացավ. ծանր է նրանց համար, ովքեր կամենում են մարմնապես մերձենալ Նրան, և թեթև նրանց համար, ովքեր հավատով են մոտենում Նրան, որպեսզի Նրանով, Նրա՛ իսկ ձեռքով վեր բարձրանալով՝ հասնեն սրբերի լույս վիճակին և բոլոր սրբերի հետ ժառանգեն անախտ ու անմահական կյանքը, որին և մեզ թող որ արժանի դարձնի Քրիստոս Աստված բոլոր հավատացյալների և մանավանդ այս գիրն ընթերցողների հետ։ Ամեն։

 

«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

03.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․