26 Դեկտեմբեր, Եշ
Քրիստոս Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ լեռ բարձրացավ: Քրիստոս երբեմն Իր հետ վերցնում էր տասներկու աշակերտներից միայն երեքին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (Մատթ. 17.1; Մարկ. 5.37, 9.1, 14.33; Ղուկ. 9.28): Պետրոսը ամենից շատն էր սիրում Քրիստոսին (Հովհ. 21.15-17), Հակոբոսը առաքյալներից առաջին նահատակը եղավ (Գործք 12.1-2), իսկ Հովհաննեսը Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր (Հովհ. 13.23, 19.26, 21.20): Լեռան վրա Քրիստոս առաքյալների առջև պայծառակերպվեց, նրանց հայտնվեցին Մովսեսն ու Եղիան (Մատթ. 17.1-3, Մարկ. 9.1-3, Ղուկ. 9.28-30): Լուսափայլ պայծառակերպությամբ Քրիստոս ցանկացավ նաև ցույց տալ, թե ինչ փառքից զրկվեց Ադամը: Եվ մինչ Քրիստոս խոսում էր Մովսեսի և Եղիայի հետ, մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք» (Մատթ. 17.5, Մարկ. 9. 6, Ղուկ. 9.35): Առաքյալները զարհուրած երեսի վրա ընկան, իսկ երբ աչքները բարձրացրեցին, Քրիստոսից բացի ոչ ոքի չտեսան: Ըստ ավետարանական այս հատվածի մեկնության` Մովսեսը ներկայացնում է օրենքը, իսկ Եղիան` մարգարեներին: Պայծառակերպությունից հետո միայն Քրիստոսի երևալը աշակերտներին նշանակում է, որ Քրիստոսն է օրեքի և մարգարեությունների լրումը: Մովսեսը եկավ մեռյալների միջից, իսկ Եղիան, որ չէր մեռել, այլ մարմնով համբարձվել էր (Դ Թագավ. 2.11), եկավ երկնքից, որով և Քրիստոս երևաց որպես Տերը երկրի և երկնքի, Տերը ողջերի և մեռածների: Մովսեսն ու Եղիան տկար լինելով` հաղթեցին իրենցից հզորներին, Մովսեսը` փարավոնին, Եղիան` Աքաաբ թագավորին: Այսպես էլ առաքյալները պիտի հաղթեին բռնակալների ու տիրակալների` քրիստոնեությունը տարածելով ամբողջ աշխարհում: Նաև Քրիստոսի մասին ասում էին, թե Եղիան է կամ Մովսեսը, բայց նրանք հայտնվեցին` ցույց տալով, որ իրենցից ավելի մեծ է Քրիստոս:
Մուսուլմանները չեն ընդունում Քրիստոսի աստվածությունը, այլ Նրան համարում են մարգարե: Նրանց համոզումն այն է, որ Աստված թույլ չէր տա Իր մարգարեին չարչարվելու և խաչվելու, և Հուդան նույնիսկ հերոսական լույսի ներքո է ներկայանում, քանի որ կարծիք կա, թե Քրիստոսի փոխարեն խաչվեց Հուդան, իսկ Քրիստոս համբարձվեց, և կամ խաչելությունը ոչ թե ճշմարտապես եղավ, այլ առերևույթ: Եվ Քրիստոսի պայծառակերպությունը որպես աստվածության ցուցադրում, ողջերի և մեռյալների Տեր, օրենքների և մարգարեության լրում ներկայանալը իբրև բացատրություն հաճախ անընդունելի է մուսուլմանների, ինչպես նաև Քրիստոսի աստվածությունը մերժող մյուս աղանդավորների` Եհովայի վկաների, մորմոնների և այլոց համար:
Պայծառակերպության տոնը մեր ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Վարդավառ անունով: Եկեղեցու դեմ պայքարած և աթեիզմի գաղափարախոսությունը տարածած կոմունիզմի շրջանում կրթություն ստացած ազգագրագետները մեր եկեղեցական տոները և դրանց անունները փորձում են ներկայացնել իբրև հեթանոսության մնացուկներ և Վարդավառ անունն էլ նմանատիպ մեկնաբանություններով են բացատրում: Սակայն այդ ազգագրագետները տոների մասին իրենց գրքերում կամ գրքույկներում չեն փորձում ցույց տալ նաև եկեղեցական հեղինակների կարծիքները, ովքեր տոների անուններին բոլորովին այլ բացատրություններ են տալիս: Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ, որովհետև Քրիստոս պայծառակերպության ժամանակ վարդի պես բացվեց` ցույց տալով Իր աստվածությունը: Վարդի հետ կապված այլ հետաքրքիր բացատրություններ ևս կան: Վարդը փշերի մեջ է բուսնում, այսպես նաև մեր Տերը երևաց հրեաների մեջ, որոնցից և խաչվեց: Վարդը մեծանում է և ապա նոր ծաղկում, այսպես և մեր Տերը կատարյալ հասակի հասնելով, այսինքն` երեսնամյա դառնալուց հետո, ցույց տվեց Իր աստվածությունը: Վարդը սրտի համար բժշկական է, այսպես և մեր Տիրոջ Մարմինն ու Արյունը` Սուրբ Հաղորդությունը, բժիշկ է հոգիների և քավիչ մեղքերի: Վարդը փոքր և նվաստ տունկերի վրա է լինում, այսպես նաև մեր Տերն է ասում. «Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ հեզերին և խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի 66.2): Ահա այսքան իրողությունների հիշեցմամբ Պայծառակերպության տոնը նաև Վարդավառ է կոչվում:
Պայծառակերպությունը տոնում ենք Սուրբ Զատկից ամիսներ անց, չնայած որ ժամանակագրական առումով Քրիստոս պայծառակերպվեց խաչելությունից քառասուն օրեր առաջ: Պատճառն այն է, որ Քրիստոս աշակերտներին հանձնարարեց ոչ ոքի չպատմել այս մասին մինչ Հարությունը (Մատթ. 17.9, Մարկ. 9.8): Եվ միայն գերեզմաններից հարուցյալ մեռյալներին տեսնելով, Սուրբ Հոգուց ստացված զորությամբ առաքյալների` մարդկանց հարություն տալը տեսնելով՝ մարդիկ կհավատային, որ Քրիստոս պայծառակերպության ժամանակ երկնքից բերեց Եղիային և հարություն տվեց Մովսեսին:
Վարդավառի օրվա ժողովրդական սովորությունն է միմյանց վրա ջուր ցողելը: Նման սովորություն եղել է նաև հեթանոսության շրջանում, սակայն Վարդավառին ջուր ցողելը չպետք է կապել հեթանոսական արարողությունների հետ, քանզի Պայծառակերպության տոնի օրը միմյանց վրա ջուր ցողելը նաև հիշեցումն է համաշխարհային ջրհեղեղի և Նոյի ընտանիքի փրկության:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից