- Հա՛յր, սուրբծննդյան գիշերային հսկումից հետո չե՞նք պառկում քնելու:
- Սուրբ Ծնունդ և քնե՜լ: Մայրս ասում էր. «Այդ գիշեր միայն հրեաներն են քնում»: Այն գիշեր, երբ Քրիստոս ծնվեց, առաջնորդներն էին պինդ քնած, իսկ հովիվներն արթուն էին (հմմտ. Ղուկ. 2:8): Հսկում էին ոչխարներին ու սրինգ նվագում: Հասկացա՞ր: Հովիվները, որ արթուն էին, տեսան Քրիստոսին:
- Հա՛յր, իսկ ի՞նչ տեսք ուներ քարանձավը:
- Ժայռափոր անձավ էր և մսուրից բացի ուրիշ բան չկար: Միայն չունևորներն էին գնում այնտեղ իրենց ոչխարներին պատսպարելու համար: Աստվածամայրն ու Հովսեփն այդ անձավը գնացին (Ղուկ. 2:7), որովհետև բոլոր իջևանատները լեփ-լեցուն էին: Այնտեղ մի ավանակ ու մի ցլիկ կար, որ իրենց շնչով ջերմացնում էին Քրիստոսին: «Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը»,- մի՞թե այսպես չի ասում Եսայի մարգարեն (Ես. 1:3):
- Հա՛յր, ինչպե՞ս ի սրտե վերապրենք և զգանք սուրբծննդյան այդ իրադարձությունը, որ Քրիստոս «այսօր ծնվում է Կույսից»:
- Միտքը պետք է կենտրոնացած լինի սրբազան գաղափարների վրա, որպեսզի կարողանանք վերապրել և զգալ այդ սուրբ իրադարձությունները: Այդժամ մարդ փոխվում է: «Մեծ և փառապանծ հրաշք է կատարվում այսօր»,- երգում ենք մենք: Եթե մեր միտքն այնտեղ է, որտեղ «փառապանծ»-ն ու «զարմանալի»-ն է, ապա կկարողանանք ի սրտե վերապրել Քրիստոսի ծննդյան մեծ խորհուրդը:
Կաղոթեմ, որ ձեր սիրտը բեթղեհեմյան մսուրի վերածվի, և աստվածային Մանուկը շնորհի ձեզ Իր բոլոր օրհնությունները:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը