Քշոց

Նախնական շրջանում, երբ քրիստոնեությունը հալածվել է, քրիստոնյաները թաքնվել են գետնադամբարաններում և Սուրբ Հաղորդության խորհուրդը կատարել են այնտեղ: Քշոցներն այդ ընթացքում ծառայել են որպես ճանճ, միջատ քշելու համար: Հետագայում այդ կիրառությունը վերացավ, և քշոցը դարձավ ուրախ նվագարան Սուրբ Պատարագին մասնակցող դպիրների ձեռքին:

Քշոցը սկավառակաձև է՝ ամրացված փայտե երկար (1.5-2 մ) կոթի վրա: Սկավառակի վրա երկու կողմերի ծայրերին պատկերված են հրեշտակներ, իսկ կենտրոնում՝ վեցթևյան հրեշտակներ՝ խորհրդանշելով քշոցի այլաբանական դերը՝ հրեշտակների ներկայությունը խորանում: Նրա եզրերը զարդարված են բոժոժներով (շատ փոքր զանգակներով), որոնք արարողության խորհրդավոր պահերին դպիրների կողմից շարժվելով՝ զվարթ հնչյուններ են արձակում՝ խորհրդանշելով հրեշտակների փառաբանությունը:

Քշոցները գործածվում են հատկապես Սուրբ Պատարագին.

1. Թափոր դուրս գալիս

2. Ավետարանը և Սուրբ Խորհուրդը վերաբերելիս

3. «Սուրբ Աստված», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», «Սուրբ Սուրբ», «Որդի Աստծո», «Հոգի Աստծո», «Հայր մեր» և «Միայն սուրբ» երգելիս և այլն:

Քշոցը գործածվում է նաև եկեղեցական այլ արարողությունների ժամանակ. օրինակ՝ սրբալույս Մյուռոնը և սրբերի մասունքները վերաբերելիս, Խաչվերացի երեկոյին, «Այսօր դասք հրեշտակաց» երգելիս և այլն:

27.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․