Անտեսանելի աշխարհը մշտապես հետաքրքրել է մարդկությանը, սակայն մեր հողեղեն աչքերի սահմանափակվածությունը թույլ չի տալիս տեսնելու երկնային անպատմելի կյանքը, բայց այդ իրականության իսկությունը երբեմն առկայծող աստղերի պես լուսավորվում է և ժամանակավորապես իրեն հայտնում մեզ, որը նյութական աշխարհով սահմանազատված անհատի համար թվում է անհավանական և անիրական: Այնուամենայնիվ, աստվածային հայտնության միջոցով կարողանում ենք հաղորդակից լինել հոգեղեն իրականությանը: Աստվածաշնչյան «Տոբիթ» գիրքը նկարագրում է անտեսանելի ոլորտներից դեպի երկրային աշխարհ իջած և տեսանելի դարձած հրեշտակի գործակցությունը մարդու կյանքի ընտանեկան և գործնական հարցերում: Աստծու հոգատար նախախնամության զորակցությունը մշտապես ուղեկցում է մեզ նաև Իր հրեշտակների միջոցով, հատկապես յուրաքանչյուր անձի համար պատասխանատու պահապան հրեշտակների ուղեկցությամբ: Սբ. Պաիսիոս Աթոսացին նշում է, որ մեր պահապան հրեշտակը բարեխոսում է մեզ համար և առաջնորդում: Երբ մենք որևէ մեկի համար աղոթում ենք, մեր հրեշտակը կարող է կայծակնային արագությամբ օգնել: Նա կարող է զգուշացնել վտանգի մասին կամ պահապան լինել նրան, ում համար աղոթում ենք: Թեև երկնային նախախնամության աջակցությունը սովորաբար չենք տեսնում և նկատում, ինչպես Տոբիթը չէր նկատել, բայց հրեշտակը հետագայում նշում է, որ այդ բոլոր իրադարձությունների ժամանակ ներկա է եղել՝ ասելով. «Ես քեզ հետ էի» (Տոբիթ 12:12-13): Եվ այդ հրեշտակը, ով օգնեց «Տոբիթ» գրքում ներկայացված բոլոր անձանց, Ռաֆայել հրեշտակապետն էր: Նրա մասին տեղեկանում ենք այդ գրքում: Հատկանշական է, որ նա իր մասին խոսելիս նշում է, որ յոթ հրեշտակներից մեկն է. «Ես Ռափայելն եմ՝ մեկն այն յոթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղոթքները, մտնում սուրբ և փառավոր Աստծու մոտ և մատուցում նրան» (Տոբիթ 12:15): Ենթադրվում է, որ Ավետարանում նկարագրված ավազանի ջրերը խառնող հրեշտակը հենց Ռաֆայելն է (Հովհ. 5:2-4): Ռաֆայել նշանակում է Աստված բժշկում է կամ Աստծու բժշկություն:
«Տոբիթ» գրքում հանդիպում ենք հետաքրքիր դրվագների, թե Աստծու կողմից ուղարկված հրեշտակի դերակատարությունն ինչպես է անդրադառնում մարդու հետագա կյանքի վրա: Նախ արձանագրվում է, որ Աստված լսում է մարդու անկեղծ աղոթքները և Իր հրեշտակներին ուղարկում օգնելու: «Տոբիթ» գրքում Ռաֆայելը հայտնվում է մարդկային կերպարանքով: Սակայն, բնականաբար, Տոբիթն ու իր որդին չեն հասկանում իրական ծածկված ճշմարտությունը և նրան ընդունում են որպես սովորական մարդու, և ավելի ուշ հրեշտակն ասում է. «Որովհետև այն բոլոր օրերին, որ ես երևում էի ձեզ, ո՛չ կերա և ո՛չ խմեցի, այլ դուք ինձ տեսնում էիք որպես երազ» (Տոբիթ 12:19): Այս գրքում Ռաֆայելը նաև փաստում է, որ չի մոռացվում մարդու կատարած բարիքները (Տոբիթ 12:13): Դրա համար Տոբիթին շնորհ է արվում, և նա բժշկվում է, բայց տեսնում ենք, որ ոչ թե անմիջապես իր խնդրանքից, աղոթքից հետո, այլ որոշակի ժամանակից հետո է տեղի ունենում բժշկությունը և՛ Տոբիթի դեպքում, և՛ Աստծուն աղոթող Սառայի պարագայում:
Այս դեպքերը մեզ սովորեցնում են, որ մեր խնդրանքների արդյունքները կարող են իրականանալ որոշ ժամանակ անց: Մենք պետք է խոնարհությամբ և համբերությամբ ընդունենք Աստծու կամքը, ինչքան էլ ցանկանում ենք հենց այդ պահին ստանալ մեր կամեցածը: «Տոբիթ»-ի գրքում Ռաֆայելը հանդես է գալիս որպես ճանապարհորդության, բժշկության, ամուսնության, գործնական հարցերի հետ կապված հովանավորող հրեշտակ: Տոբիթի որդի Տուբին այդ մասին ասում է իր հորը. «Որովհետև ինձ ողջ առողջ բերեց քեզ մոտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը և քեզ նույնպես առողջացրեց» (Տոբիթ 12:2-3): Այսպիսով՝ Ռաֆայել հրեշտակապետը բժշկում է Տոբիթին և նրան ազատում կուրությունից: Մյուս դեպքում Սառային ազատագրում է դևից: Ռաֆայելը ուղեկցում է որպես ճանապարհորդ ընկեր՝ առաջնորդելով Տուբիին: Նա հանդես է գալիս միջնորդ և խորհրդատու Տուբիի ամուսնության համար: Ռաֆայելը կարգավորում է Տուբիի գործնական խնդիրը: Աստծու յոթ մեծագույն այս հրեշտակապետերից մեկը ընկերասիրություն և խոնարհություն է ցուցաբերում՝ կատարելով Տուբիի խնդրանքը և նրա փոխարեն գնալով Գաբայելի մոտ: Նրա հետ ավարտում է գործնական հարցը և նրան ուղեկցում Տուբիի հարսանիքին: Նա հոգեշահ խրատներ ու պատգամներ է տալիս կյանքն Աստծու կամքով ապրելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ինչ իրագործում է Ռաֆայելը, նշում է, որ այս ամենն իրենից չէ, այլ՝ Աստծուց (Տոբիթ 12:6) և ասում է. «Ես ոչ թե իմ շնորհով եկա, այլ ձեր Աստծու կամքով. Նրան օրհնեցեք հավիտյան» (Տոբիթ 12:17-19):
Ռաֆայել հրեշտակապետի խոնարհությունն ուսանելի է նաև մեր օրերում: Այսօր էլ կարող ենք տեսնել բազմաթիվ մարդկանց, ովքեր ձգտում են, թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր գործերի, բայց մի տարբերությամբ, որ այդ ամենը ծառայի նրանց, որ մարդկանց մոտ իրենց անձը հանրաճանաչ դառնա, բարձրանա, գովաբանվի և մարդկանցից փառք ստանան: Այս առումով Հովհաննեսի Ավետարանում Հիսուս ասում է. «Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհ. 5:44):
Աստվածաշնչյան «Տոբիթ» գրքում խոսվում է նաև մի դրվագի վերաբերյալ, երբ Տուբիի հետ մշտապես լինում է իր շունը, որն ամբողջ ճանապարհորդության ընթացքում իր տիրոջ կողքին է լինում: Այստեղ նկատում ենք, որ Սուրբ Գիրքը խոսում է կենդանու հավատարմության մասին, որն այդ երկար ճանապարհորդության և դժվարությունների ընթացքում չի հեռանում Տուբիից:
Այսպիսով «Տոբիթ» գրքի գեղեցիկ պատմությունը հիշեցնում է, որ Աստված մեզ լսում է և երբեք չի թողնում միայնակ, հատկապես դժվարությունների մեջ: Եվ երբ թվում է, թե մենակ ենք մնացել, իրականում Աստծու հրեշտակը մեր կողքին է լինում՝ պատրաստ օգնելու և աջակցելու: Պարզապես մեզ մնում է վստահել, հավատալ Աստծուն և խաղաղված հոգով շարունակել ապրել, եթե նույնիսկ այս պահին չի երևում ակնկալված օգնությունը, որովհետև հավատքից բխած վստահությունն առ Աստված կյանքի փոթորկալից ծովում այն փայլատակող փարոսն է, որ մեզ համար անհնարինը իրականություն է դարձնում տարբեր ուղիներում: Եվ Աստծու սերն այնքան մեծ է մարդկության հանդեպ, որ ամեն օր արթնանալիս միայն նայելով արեգակին կարող ենք հիշել այդ փաստը, քանի որ Աստծու կամքով արեգակը ջերմացնում և լուսավորում է բոլոր մարդկանց (Մատթ. 5:45): Արդ, հաստատուն մնանք մեր հավատքի, հույսի և սիրո մեջ:
Հովհաննես Մանուկյան