23 Նոյեմբեր, Շբ
Սեպտեմբերի 30-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց սբ. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օրը: Տոնի առթիվ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի սբ. Գևորգ անունը կրող եկեղեցիներ տարվեց սբ. Գևորգի մասունքները: Սուրբ Գևորգ զորավորի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ: Օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությամբ՝ համայնքն ուղևորվեց դեպի Մասյացոտնի թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Դաշտավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը: Ուխտավորներն ունկնդիր եղան մեծ զորավարի վարքագրությանը, որ իրական քրիստոնեությունը մարմնավորողի և կենդանի ու գործուն հավատքի վառ օրինակն է: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները հաղորդ դարձան սրբի մասունքի զորությանը և նրա բարեխոսությամբ Տիրոջից հայցեցին, որ զորացնի և անսասան պահի Հայոց ազգը, որ յուրաքանչյուր հայորդի, սրբի օրինակի համաձայն, քաջաբար անցնի այն ուղին, որին կոչվել է ի Տեր:
Սրբերի վարքագրությունը յուրաքանչյուրին հիշեցնում է այս կյանքի անցողիկ լինելն ու հավիտենական երանելի կյանքին ձգտելը: Ճամփորդն իր ճանապարհին, երբ ժամանակավոր կանգ է առնում որևէ հյուրանոցում, հոգեպես չի կապվում որևէ իրի, քանի որ այնտեղ նա շատ կարճ ժամանակով է: Նա պետք է դուրս գա այնտեղից և շարունակի իր ճանապարհը՝ հասնելու համար դեպի նպատակակետ: Քրիստոնյան ևս ճամփորդ է, որ երկրի վրա՝ ինչպես հյուրանոցում, ժամանակավոր է գտնվում: Ոչինչ՝ ոչ մի նյութական հարստություն, մարդ չի կարող իր հետ վերցնել: Կարևորը յուրաքանչյուրի համար անմահ հոգին է, որ, մարդու ապրած կյանքի համաձայն, կամ կփրկվի, կամ կկործանվի: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը նշել է, որ Աստված մեզ համար թողել է սրբերի մասունքները՝ կամենալով մեզ հասցնել հավատքի այն նույն նախանձախնդրությանը, որ ունեին իրենք, և վստահելի ապաստան ու մխիթարություն տալ մեզ անընդհատ պատահող արհավիրքների մեջ: Աստված մեզ թողել է սրբերի մարմինները մինչև հարության ժամանակը, որպեսզի մենք նրանցից մեծագույն իմաստության դաս քաղենք:
Կարինե Սուգիկյան