Եկեղեցական համայնքների հոգևոր-բարեպաշտական կյանքի անքակտելի մասն է կազմում ուխտագնացությունը: Սեպտեմբերի 29-ին՝ Ս. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, հերթական աղոթքի ուղին անցավ: Օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությամբ՝ ուխտավորներն ուղևորվեցին դեպի Զոլաքարի Ս. Գևորգ եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Ս. Պատարագին: Ս. Պատարագը մատուցվեց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը՝ Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը, քարոզին անդրադարձավ Ս. Գևորգի վարքագրությանը՝ ներկաներին մաղթելով, որ Տերը, սրբի բարեխոսությամբ, զորացնի և անսասան պահի յուրաքանչյուրին իր հավատքի մեջ, որ յուրաքանչյուր ոք, սրբի օրինակի համաձայն, քաջաբար անցնի այն ուղին, որին կոչվել է ի Տեր:
Ս. Պատարագին մասնակից ուխտավորները Ս. Գևորգին նվիրված շարականի խոսքերով սրբի բարեխոսությունը հայցեցին. «Ով Սուրբ Գէորգ պարծանք ազգի մարդկան. հրաշալի ճգնութեամբ ի յերկրի նահատակեալ եւ ի յերկինս պսակեալ ընդ անմարմնոցն դասս: Քանզի դու վառեցար զինու Սուրբ Հոգւոյն. եւ յաղթեցեր արիաբար անմարմին բելիարայ: Մի՛ դադարիր բարեխօսել վասն մեր առ Հայր և Որդի և Սուրբ Հոգի, զի յաղթեսցուք հաւատով անմարմին բելիարայ»:
Ս. Պատարագի ավարտին Հայր Կիրակոսն իր օհնության և շնորհավորանքի խոսքը հղեց ուխտավորներին՝ առավելապես նրանց, ովքեր օրվա հիշատակելի սրբի անունն են կրում: «Ուրախալի է ուխտավորների շարքում տեսնել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտավորներին, ովքեր այս ամիս Գեղարքունիքի թեմում կրկին անգամ առիթ ունեցան մասնակցելու ուխտի Ս. Պատարագի»,- ասաց Հայր Սուրբը:
Այնուհետև Տեր Գևորգն ուխտավորներին ներկայացրեց Ս. Գևորգ եկեղեցու պատմությունը: Սրբավայրը կառուցվել է 19-րդ դարի 30-ական թթ. Մշից, Դիարբեքիրից և Ալաշկերտից ներգաղթած մեր հայրենակիցների կողմից: Տարիների ընթացքում եկեղեցին քայքայվել է, մեծ մասամբ քանդվել՝ հայտնվելով վթարային վիճակում: Արմատներով Զոլաքարից՝ Սամվել և Սերոբ Բուդաղյանները, ցանկանալով կանգուն տեսնել գյուղի եկեղեցին, ժամանակին ուխտել էին վերանորոգել այն: Յոթը տարի առաջ հավատավոր եղբայրները կյանքի կոչեցին իրենց ուխտը և եկեղեցու նոր հիմնօրհնեքի արարողությամբ սրբավայրն իր դռները բացեց հավատավոր հայորդիների առջև:
Հաջորդ սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին գտնվող Մաքենյաց վանքն էր: Միջնադարյան սրբավայրում ուխտավորները մասնակից եղան Հանգստյան ժամերգությանը և փառաբանեցին Տիրոջը՝ օրհնաբեր օր ունենալու համար:
Մաքենյաց վանքում բնակվող Կարապետն ուխտավորներին ծանոթացրեց վանքի հարուստ պատմությանը: Նա նշեց, որ մեծահամբավ Մաքենոց մենաստանն իր հռչակով ամենահինն է եղել ամբողջ Գեղամա երկրում: «Ըստ Ալիշանի՝ վանքերն ու մենաստանները սովորաբար բնակավայրերից են իրենց անունն ընդունում, իսկ այս վայրը Մաքենիս է կոչվել մենաստանի անունով, որովհետև այստեղի կրոնավորների զգեստները եղել են մաքենի կամ օդենի (ոչխարի մորթին է) նյութից: Այն անվանել են նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից պատրաստված լինելու պատճառով: Վանքի և միաբանության ծաղկուն շրջանը սկսվել է 8-րդ դարից՝ շնորհիվ Սողոմոն Մաքենացու: Նա 701թ-ին այսեղ գրում է «Տոնական» եկեղեցական կանոնակարգը, որը 1170 թ-ին Ներսես Շնորհալին վերցնում է և կիրառում հայկական մյուս վանքերում: Սողոմոն Մաքենացին այստեղ հիմնում է նաև դպրոց, որտեղ ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին: Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Ս. Նշան խաչը»,- պատմեց Կարապետը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական ուխտագնացությունն ուխտավորների համար հերթական հնարավորություն էր միասնաբար աղոթելու, նորոգվելու և զորանալու:
Կարինե Սուգիկյան