«Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես

Այսօր՝ հունվարի 30-ին, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ս. Սարգիս» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացում կատարեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը: Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին, ուսուցիչներին ու երեխաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց՝ «Այսօր մենք գտնվում ենք հեքիաթային մի աշխարհում: Այս երեխաների աչքերով մենք նորովի վերարթնացնում ենք ս. Սարգիս կերպարը մեր մեջ: Իրենց հասակում մեզ հեռացրել էին ս. Սարգսից: Մեզ թելադրված հերոսներ էին մեր մտապատկերում ուրվագծվում: Բայց ս. Սարգիսը դարերի միջից վերհառնեց, և մեզ հետ միասին այսօր երիտասարդների սիրո արագահաս բարեխոսը իր տոնակատարումն ունեցավ այս փոքրիկ իշխանիկների հոգիների մեջ: Նրանց աչքերով մենք տեսնում ենք վերարթնացած սիրո արագահաս բարեխոսի պատկերները իրենց կտավների վրա: Պետք է լսել այս երեխաներին. նրանք հետաքրքիր փիլիսոփայության մեջ են ապրում, ապշելու ընկալում ունեն իրենց շրջակա աշխարհի ու երևույթների հանդեպ: Ափսոսում եմ, որ քիչ առաջ նրանց մեկնաբանությունները, իրենց նկարների բացատրությունները միայն ինձ մոտ մնացին: Փոքրիկ Մարտիրոսին հաճախ կտեսնենք իրենց հասակակիցների գործերի մեջ: 1700 տարուց ավել է անցել, բայց ս. Մարտիրոսին չենք մոռանում: Թող ս. Մարտիրոսը լինի ձեզ համար բարեխոս, որպեսզի կատարվեն ձեր երազանքները»:

Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կենտրոնի սաների անսովոր ու գեղեցիկ աշխատանքները, որոնք նվիրված են ս. Սարգսի տոնին, արդեն չորրորդ տարին ներկայցնում են հանրությանը:

Շաբաթներ շարունակ 6-15 տարեկան պատանիներն աշխատելով իրենց ուսուցիչների հետ՝ ստեղծել էին իսկական գլուխգործոցներ: Նրանք հանդիպում են Տ. Նավասարդ Սրբազանի, թեմի քահանաների հետ, լսում սրբի մասին պատմություններ, սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում լավագույնս ներկայացնել ազգային կերպարներ:

Ամեն տարի թեմը մասնակիցներին նվեր է պարգևում՝ ստեղծագործական այս աշխատանքների կատալոգը տպագրելով: Այս տարի կատալոգից բացի թեմի կողմից նվեր կստանան նաև պրոֆեսիոնալ համակարգիչ, որով կենտրոնի սաները կկարողանան ձևավորել ոչ միայն այս տարվա կատալոգը, այլ նաև շատ ուրիշ աշխատանքների ժողովածուներ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

30.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․