Ս. Սարգիս զորավարի տոնը Արարատյան Հայրապետական թեմում Ս. Սարգիսից Տեառընդառաջ և Բարեկենդան

Այսօր՝ հունվարի 27-ին, ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և ԱՀԹ էլեկտրոնային քարոզչության պատասխանատու և ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը: Տեր հայրը Տերունական աղոթքով սկսեց, ապա ներկաների հետ աղոթքեց Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, հայ զիվորների պաշտպանության, զոհված զինվորների ու Ավետիսյան ընտանիքի անդամների հոգիների համար: Ասուլիսի ընթացքում Տեր Պետրոսը ասաց, որ այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական: Ամփոփելով նախորդ տարի տոնի առթիվ իրականացրած ծրագրերը՝ տեր հայրը պատմեց աննախադեպ նախաձեռնության՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի մասին: Այն առաջին անգամ իրականացրեց ԱՀԹ-ը. 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել, որի ընթացքում հավաքվեց 50 մլն դրամ: Այն բաշխվեց 301 ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին Արարատյան Հայրապետական թեմից 2004-2014թթ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ս. Սարգսի տոնի՝ փետրվարի 15-ի դրությամբ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, և այս անգամ ևս հավաքված գումարը տրամադրվելու է բանակի հետ առնչություն ունեցող սոցիալական խմբերին: Անցած տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի գումարների բաշխման փուլից հետո երիտասարդները սկսեցին «Նամակ զինվորին» նախաձեռնությունը, որ շարունակում են մինչև հիմա: Ծրագիրն առավել ակտիվ է ս. Սարգիս զորավարի տոնի օրերին: ԱՀԹ երիտասարդները այցելում են երեխաների խնամքի կենտրոններ, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցներ, սաներից հավաքում են հայոց բանակի զինվորներին ուղղված նամակներ: Երիտասարդները նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող և սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին: Հունվարի 29-ին և 30-ին նամակներ են տարվելու 5-րդ կայազորի Նուրբարաշենի գնդեր: Նամակներից ու դրամական աջակցությունից բացի անցած տարի Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ թեմի Արարատի մարզի քահանաները համայանքի անդամների հետ իրականացրին «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությունը. հավաքվեց մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն, ու մի քանի մեքենաներով դրանք հասցվեցին սահմանամերձ զորամասեր ու հոսպիտալում բուժվող զինվողներին: Հայոց բանակի զինվորներին ուղղված մի ձեռնարկ էր «Նվիրի հույս» բարեգործական երկրորդ համերգը. դրա հասույթն ամբողջությամբ փոխանցվել է հաշանդամ զինվորի ընտանիքին: Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար: Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք: Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում Հ3 հեռուստաընկերությունը կկազմակերպի տոնական համերգ: Աջակիցներն են Արարատյան Հայրապետական թեմը, Երևանի քաղաքապետարանը և «Ժպիտ» ակումբը: Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Այս պահին ընթացքի մեջ են Երևանի երեք բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը, դրանք ցուցադրվելու են բուհերում, առաջնորդարանում: Ցուցադրությամբ հանդես կգա նաև թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերների ու մանրանկարների խմբակը: Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

27.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․