23 Նոյեմբեր, Շբ
Ալելուիա: Ալելուիան Սիմաքոսը չթարգմանեց, Ակյուղոսը «գովեցեք» թարգմանեց՝ ըստ հելլենական լեզվի: Ունի նաև հրեաների ապերախտության և Մովսեսի դեմ դուրս գալու խորհուրդը: Սաղմոսը նաև նոր ժողովրդի ընտրության խորհուրդն ունի:
1. Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը:
Հուսացող եղեք, ասում է, որովհետև ամեն քաղցրություն նրա հետ է և նրանից, քանզի հավերժ է նրա ողորմությունը, որով ընտրվեցիք նախքան ամեն ինչի լինելը:
2. Ո՞ խօսեսցի զզօրութիւնս Տեառն. լսելի արասցէ զամենայն օրհնութիւնս նորա:
Ո՞վ պիտի պատմի զորությունը Տիրոջ, լսելի դարձնի նրա ամբողջ օրհնությունը:
Եգիպտոսում, և նրա ամբողջ օրհնությունը լսելի դարձնի Բաբելոնից: Նորից՝ ո՞վ պիտի պատմի զորությունը Տիրոջ. բոլոր ականջները պիտի լսեն նրա օրհնությունը: Նորից՝ ով պիտի պատմի. ոչ ոք ի վիճակի չէ պատմել նրա զորության մասին, էլ ուր մնաց էության մասին, նաև՝ անարժան օրհնությունը չի լսում:
3. Երանի՛ ոյք պահեն զիրաւունս, և առնեն զարդարութիւն յամենայն ժամ:
Երանի նրանց, ովքեր իրավունք են պահում և ամեն ժամ արդարություն գործում:
Իրավունք են պահում հավատքի և արդարություն՝ գործերի, ամեն ժամ, այլ ոչ թե փոքր-ինչ ժամանակ:
4. Յիշեա՛ զմեզ, Տէր, ընդ հաճոյս ժողովրդեան քոյ. և այց արա՛ մեզ ի փրկութեան քում:
Հիշի՛ր մեզ, Տեր, ի հաճություն քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ քո փրկությամբ:
Ինչպես որ քեզ հաճոների հետ վարվեցիր, մեզ հետ էլ այդպես վարվիր:
5. Տեսցո՛ւք մեք զքաղցրութիւն ընտրելոց քոց, ուրախ եղերուք յուրախութիւն ազգի քոյ. և գովեսցուք մեք ի ժառանգութեան քում:
Տեսնենք բարությունը քո ընտրյալների, ուրախանանք քո ազգի ուրախությամբ, ու պարծենանք քո ժառանգությամբ:
Որ նրանցից լսեցինք և մեզ ցույց տվեց Տերը: Նորից հեթանոսների փրկության համար է աղոթում: Սրանք են ընտիր ցեղը, ըստ Պետրոսի, թագավորություն, քահանայություն (տե՛ս Ա Պետ. 2:9), որ ազգ կոչվեցին և միավորվեցին Քրիստոսի հետ, որ պարծեցան իրենց ժառանգությամբ:
6. Մեղաք մեք ընդ հարսն մեր, անօրինեցաք և յանցեաք:
Մենք մեր հայրերի հետ մեղանչեցինք, անօրինություն և հանցանք գործեցինք:
Որ անապատում մեղանչեցին, անօրինություն և հանցանք գործեցինք, կարծես ժառանգության տեր դառան, որից հեթանոսներն անպարտ են:
7. Հարքն մեր յԵգիպտոս ո՛չ իմացան զսքանչելիս քո. և ոչ յիշեցին զբազում ողորմութիւնս քո:
Հայրերը մեր Եգիպտոսում չհասկացան քո հրաշագործությունները, չհիշեցին քո ողորմության առատությունը:
Տասը հարվածները, և չհիշեցին քո բազում ողորմությունները, թե ինչպիսի դառնագույն ծառայությունից ազատեցիր:
8. Բարկացուցին զքեզ յանցանելն իւրեանց ընդ ծով Կարմիր. փրկեաց զնոսա վասն անուան իւրոյ, զի ծանիցեն զզօրութիւնս նորա:
Քեզ բարկացրին Կարմիր ծովն անցնելիս: Նա փրկեց նրանց իր անվան համար, որ ճանաչեն իր զորությունը:
Թողած այն բոլոր հրաշքները, որ տեսան, երբ անցան Կարմիր ծովով, ինչպե՞ս մոռացան քարեղենները: Աստված գիտեր, թե ինչ էին անելու, սակայն նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի ճանաչեն նրա զորությունը, ընտելանան և վարժվեն, ասում է:
9. Սաստեաց ի ծով Կարմիր՝ և ցամաքեցաւ. առաջնորդեաց նոցա ընդ անդունդս որպէս ընդ անապատս:
Սաստեց Կարմիր ծովին՝ և այն ցամաքեց, նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպես անապատով:
Հողմով սաստեց և ցամաքեց: Նրանց առաջնորդեց անդնդի միջով ինչպես անապատով. անպարիսպ, անցանկապատ և ընդարձակ անապատով:
10. Կեցոյց զնոսա ի ձեռաց ատելեաց նոցա, և փրկեաց զնոսա ի ձեռադ թշնամեաց նոցա:
Նրանց ազատեց իրենց ատողներից և նրանց փրկեց իրենց թշնամիների ձեռքից:
Ինչպես որ իրենք էին ասում՝ իրենց թշնամի համարելով եգիպտացիներին:
11. Ծածկեաց ծով զնեղիչս նոցա. և մի ի նոցանէ ո՛չ ապրեցաւ:
Ծովը ծածկեց նրանց հալածողներին, և սրանցից ոչ ոք չփրկվեց:
Քանզի սա է խնդրում նախանձոտ Աստվածը՝ իրենց փրկությունը տեսնել և թշնամիների անհուշ կործանումը, որպեսզի սրանից առավել ուրիշ երկյուղ չունենան:
12. Հաւատացին ի բան նորա, և օրհնեցին զօրհնութիւն նորա:
Հավատացին նրա խոսքերին և օրհներգեցին նրան:
Նրա խոսքերին և ոչ թե նրան, այլ այդ պահին միայն լսելով խոստումը, և օրհներգեցին նրան, ոչ թե իրենց սրտերից, այլ՝ Մովսեսից սովորելով, քազի Մովսեսը տղամարդկանց, իսկ Մարիամը կանանց առաջնորդն էր:
13. Վաղվաղեցին և մոռացան զգործս նորա. և ո՛չ անսացին խորհրդոց նորա:
Բայց շուտով մոռացան գործերը նրա, և չանսացին նրա խորհուրդներին:
Քանի որ փորձում էր նրանց կերակրի և ջրի պակասով:
14. Ցանկացան զցանկութիւն յանապատի. և փորձեցին զԱստուած յանջրդի:
Անապատում ցանկությամբ վառվեցին, ու փորձեցին Աստծուն անջրդի վայրում:
Այնպիսի վայրում, ուր Աստված նրանց առջև էր: Փորձեցին Աստծուն անջրդի վայրում, Մեռայում, որը և քաղցրացրեց:
15. Ետ նոցա զխնդրուածս նոցա, առաքեաց լիութիւն յանձինս նոցա:
Իրենց խնդրածը նա տվեց նրանց, և լիություն ուղարկեց նրանց:
Ուստի այն, ինչ խնդրում էին լիության, այլ ոչ թե այն բանի համար, որ կարիքն ունեին, տվեց նրանց:
16. Բարկացուցին զՄովսէս ի բանակի, և զԱհարովն սուրբ Տեառն:
Բանակատեղիում բարկացրին Մովսեսին և Տիրոջ սրբին՝ Ահարոնին:
Այդպիսի հեզին, և Ահարոնին՝ Տիրոջ սրբին, որ նախ ընտրյալ անվանեց:
17. Բացաւ երկիր և եկուլ զԴադան, և ծածկեաց զբանակսն զԱբիրովնի:
Գետինը բացվեց ու կլանեց Դադանին, ծածկեց բանակն Աբիրոնի:
Քանի որ բացեցին իրենց բերանները՝ հայհոյելու Աստծուն, ապա ահավոր խայտառակությամբ կորան, որպեսզի ահ ընկնի մնացածի մեջ, որոնք Ռուբենի ցեղից էին, և որպես անդրանիկներ երեցություն էին խնդրում, փոխարենը ստացան իրենց հոր՝ Հակոբի անեծքը՝ ջրի պես մտնելով հողի մեջ և չեռալով դեպի վեր (տե՛ս Ծննդ. 49:4):
18. Հուր վառեցաւ ի ժողովս նոցա և բոց մաշեաց զմեղաւորս:
Հուր բորբոքվեց նրանց հավաքավայրերում, և բոցը լափեց մեղավորներին:
Կորխի հավաքավայրում, որ ղևտացի էր և ցանկանում էր Ահարոնի քահանայությունը, հուր ելավ բուրվառներից և կլանեց նրանց, և բոցը լափեց մեղավորներին, քանզի ծծումբի պես վառվում է մեղքը սարսափելի պատիժներից հետո:
19. Արարին զորթն ի Քորեբ, երկիր պագին պատկերի, և փոխեցին զփառս իւրեանց ի նմանութիւն որթու խոտակերի:
Քորեբում մի հորթ շինեցին, և երկրպագեցին արձանին: Իրենց փառքը փոխարինեցին խոտակեր հորթի պատկերով:
Որին որ Եգիպտոսում պաշտում էին, և Քորեբում, որտեղ Իսրայելի Աստծու փառքն էր: Եվ ոչ թե կենդանի հորթ, այլ՝ արձան, և Աստծուն փոխարինեցին խոտակեր հորթի պատկերի հետ: Ո՜ մեծ լրբություն, ինչպես Պողոսն է ասում. «Անեղծն Աստծու փառքը փոխեցին՝ նմանեցնելով այն եղծելի պատկերի» (Հռոմ 1:23):
20. Մոռացան զԱստուած կենարար իւրեանց, որ արար զմեծամեծս իւր յԵգիպտոս, զսքանչելիս իւր յերկիր Քամայ, և զոհ իւր ի վերայ Կարմիր ծովուն:
Մոռացան իրենց կյանք տված Աստծուն, որը մեծ գործեր կատարեց Եգիպտոսում, սքանչելագործություններ՝ Քամի երկրում, և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա:
Զարմանում է, թե ինչպիսի և որքան շատ բաներ մոռացան:
21. Ասաց սատակել զնոսա, եթէ ոչ Մովսէս ընտրեալ կայր առաջի նոցա:
Ասաց, թե պիտի ոչնչացնի նրանց, եթե նրա ընտրյալ Մովսեսն առջևը կանգնած չլիներ:
«Թույլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ» (Ելք 32:10), որ եկել էր նրա առաջ ու խնդրում էր, և իջնելով լեռան վրայից՝ ոչնչացրեց հորթը:
22. Դարձաւ առ Տէր և անցոյց զբարկութիւն նորա, զի մի՛ սատակեսցին նոքա:
Նա դիմեց Տիրոջն ու վերացրեց բարկությունը նրա, որ նրանք չկոտորվեն:
Քառասնօրյա պահքով անցկացրեց նրա բարկությունը:
23. Անարգեցին զերկիրն ցանկալի. և ոչ հաւատացին բանի նորա:
Անարգեցին երկիրը ցանկալի, ու չհավատացին Տիրոջ խոսքին:
Այնուհետև խայտառակում է, երբ լրտեսները եկան և անարգեցին երկիրը, ուր ցանկանում էր Հովսեփը [տարվել] մահվանից հետո և Մովսեսն ու Ահարոնը նույնպես ցանկացան:
24. Տրտնջեցին ի բանակս իւրեանց. և ո՛չ լուան ձայնի Տեառն:
Տրտնջացին իրենց բանակատեղիում, ու չլսեցին ձայնը Տիրոջ:
Լրտեսներից լսելով՝ սկսեցին լաց լինել և տրտնջալ:
25. Համբարձ զձեռն իւր ի վերայ նոցա, հարկանել զնոսա յանապատի:
Տերն իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա, որ նրանց հարվածի անապատում:
Քառասուն տարի [երկարաձգելով] և ոչնչացնելով նրանց, քանզի ասացին, թե լավ է անապատում մեռնեինք (Թվեր 14:2):
26. Ցրուեսցի զաւակ նոցա ընդ հեթանոսս, ցրուեսցի զաւակ նոցա ընդ գաւառս:
Որ նրանց սերունդը ցրվի հեթանոսների մեջ, նրանց սերունդը ցրվի գավառներում:
Ովքեր այդքան ժամանակ անցնելուց հետո կնմանվեն իրենց այդ հայրերին: Հեթանոսների մեջ և գավառներում, ովքեր նրանց պես Երուսաղեմում կուռք էին պաշտում:
27. Պղծեցան նոքա ի Բէլփեգովր, զի կերան զոհեալ և զմեռելոտի:
Նրանք Բելփեգորով պղծվեցին, զոհի միս կերան ու մեռելոտի:
Բելը կուռքի անուն է, իսկ Փեգորովը՝ տեղանուն: Ոմանք Բահաղին՝ Ամոնի որդուն են աստված կոչում, որ մադիանացի դուստրերին բերեցին Բաղամ մոգի խորհրդով, որոնք Իսրայելի բանակի մոտ էին բնակվում և հրահրում էին նրանց զոհ մատուցել, կուռքերին պաշտել և պոռնկանալ, նախ՝ երկրպագել էին տալիս, այնուհետև զոհաբերություն անել և ուտել զոհաբերածը, և ապա խառնակվել իրենց հետ, դրա համար էլ ասում է. զոհի միս կերան ու մեռելոտի, ինչը եբրայերենում «քուաս» է կոչվում, որը կաթի ու արյան խառնակում է նշանակում, և որը սովոր էին նվիրել մեռելներին:
28. Բարկացուցին զնա ի գործս իւրեանց, յաճախեաց ի վերայ նոցա բեկումն:
Բարկացրին Տիրոջն իրենց գործերով, և նրանց վրա կոտորած իջավ:
Որքան շատացնում էին չարիքները, Տերն էլ ավելացնում էր նրանց կոտորածը, որովհետև քսանչորս հազար հոգի ընկան:
29. Ապա եկաց ի մէջ Փենէէս, քաւեաց և արգելաւ մահ. համարեցաւ նմա յարդարութիւն ազգէ յազգ մինչև յաւիտեան:
Ապա Փենեեսն եկավ մեջտեղ, քավություն տվեց, ու մահը վերջ գտավ: Նա արդար համարվեց սերնդից սերունդ՝ մինչև հավիտենություն:
Փենեեսը Եղիազարի որդին է, որ նիզակը բարձրացրած եկավ մեջտեղ՝ Աստծու բարկության, կենդանիների և մեռելների միջև, և քավեց Տիրոջ առաջ, որը նրան արդարություն համարվեց, գովեց նրան Աստված և գովում է հավիտյան՝ Տիրոջ համար նրա բարի նախանձը (տե՛ս Թվեր 25:7-10):
30. Բարկացուցին զնա ի ջուրսն հակառակութեան, չարչարեցաւ Մովսէս վասն նոցա, զի դառնացուցին զոգի նորա:
Նրան բարկացրին Հակառակության ջրերի մոտ, և Մովսեսը տանջվեց նրանց պատճառով, քանզի դառնացրել էին նրա հոգին:
Քանզի մեռել էր Մարիամը, և Մովսեսը սգի մեջ էր, ծարավեց ժողովուրդը և ժողովեցին հակառակվել Մովսեսի դեմ, որ ելնի սգից և ջուր բխեցնի իրենց համար, և Մովսեսը տանջվեց զայրույթից, քանզի դառնացրին նրա տրտմած հոգին:
31. Հրամայեաց շրթամբք իւրովք, և ոչ սատակեցին զազգն, զոր ասաց նոցա Տէր:
Նա հրամայեց իր շրթունքներով, և չկոտորվեցին այն ազգերը, որոնց մասին ասել էր Տերը:
[Իր շրթունքներով], այլ ոչ թե սրտով, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ապստամբնե՛ր, հնարավո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք» (Թվեր 20:10), և բարկությամբ հարվածեց վեմին, ու ջուր չելավ, մինչև որ երկրորդ անգամ հարվածեց, կարծես ցույց տալով, թե ի՞նքն է, որ պիտի ջուր տա նրանց: Եվ բոլոր տեղերից երևում էր վեմը և ամբողջ Իսրայելը տեսնում էր այն, և կանգնել էին իրենց խորանի մոտ ու աղոթում էին, իսկ Մովսեսը ելնելով՝ հարվածում էր գավազանով՝ որպես օրինակ Տիրոջ կողի խոցման: Եվ այստեղ անկարգորեն եղավ, քանզի պարտ էր Մովսեսին հեզությամբ ու գորովով կատարել Որդու խորհուրդը, սակայն բարկությամբ արեց: Եվ մրմնջաց, ու չկոտորեց Աստված այդ ազգերին, ինչպես որ խոսեց, նաև Հեսուի միջոցով: Կամ հրամայեց Տերը կոտորել քանանացիներին, և ժողովուրդը չկործանվեց:
32. Խառնակեցան ընդ հեթանոսս, և ուսան զգործս նոցա. ծառայեցին կռոց նոցա, և եղև նոցա ի գայթագղութիւն:
Խառնվեցին հեթանոսների մեջ, ու սովորեցին գործերը նրանց: Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք իրենց գայթակղությունը դարձան:
Սովորեցին գործերը նրանց, և չսովորեցրին նրանց աստվածպաշտություն: Խառնվեցին հեթանոսների մեջ՝ խնամիությամբ, ծառայեցին նրանց կուռքերին, և դա նրանց գլորման համար որոգայթ եղավ:
33. Զոհեցին զուստերս և զդուստերս իւրեանց դիւաց, և հեղին արիւն անբիծ:
Իրենց որդիներին ու դուստրերին զոհեցին դևերին, և հեղեցին արյուն անբիծ:
Աստծու [արյունը], և օրինավոր անասուն չմատուցեցին, իսկ դևերին՝ անբիծ մանուկների:
34. Արիւն ուստերաց և դստերաց իւրեանց՝ զոր զոհեցին կռոցն Քանանու:
Արյունն իրենց որդիների ու դուստրերի, որ զոհեցին Քանանի կուռքերին:
Կրկնում է մոլորությունների բազմության պատճառով:
35. Շաղախեցաւ երկիր յարենէ նոցա, և պղծեցաւ ի գործոց նոցա, զի պոռնկեցան ի գնացս իւրեանց:
Երկիրը շաղախվեց նրանց արյամբ, ու պղծվեց նրանց գործերից, քանզի պոռնկացան իրենց ընթացքով:
Պղծեցին երկիրը, որի վրա սուրբ ոտքով քայլել էին Աբրահամը, Իսահակը և Հակոբը:
36. Բարկացաւ սրտմտութեամբ Տէր ի վերայ ժողովրդեան իւրոյ. և գարշեցոյց զժառանգութիւն իւր յոյժ:
Սրտնեղած բարկացավ Տերն իր ժողովրդի վրա, և խիստ զզվեց իր ժառանգությունից:
Քանի որ զզվելի էին Աստծու և հրեշտակների համար, նրանց զզվելի ներկայացրեց բոլոր ազգերի առջև, ինչպես որ այժմ հայտնվեց խիստ:
37. Մատնեաց զնոսա ի ձեռս հեթանոսաց. սիրեցին նոցա ատելիք իւրեանց, և թշնամիք իւրեանց նեղեցին զնոսա. և խոնարհ եղեն ի ներքոյ ձեռին նոցա զամս բազումս:
Նրանց մատնեց հեթանոսների ձեռքը, և իրենց ատողները տիրեցին նրանց: Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և նրանք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ շատ անգամներ:
Ամոնացիների, մովաբացիների, եդոմացիների, իսկ հետո քաղդեացիները տիրեցին, և նրանք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ շատ անգամներ:
38. Բազում անգամ փրկեաց զնոսա, և նոքա դառնացուցին զնա ի խորհուրդս իւրեանց. և կորացան յանօրէնութեան իւրեանց:
Տերը շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց չար խորհուրդներով, և ընկղմվեցին իրենց անօրինության մեջ:
[Փրկեց] ազգերից: Դառնացրին, ոչ միայն գործով, այլ նաև խորհուրդներով, և ընկղմվեցին, քանի որ խոնարհվեցին բոլոր ազգերի առջև յոթանասուն տարի:
39. Հայեցաւ Տէր ի նեղութիւնս նոցա, ի լսել ձայնի աղօթից նոցա:
Տերը նայեց նրանց նեղությանը՝ լսելով ձայնը նրանց աղոթքի:
Լսելով ձայնը աղոթքի Դանիելի, Եզեկիելի և այլ սրբերի:
40. Յիշեաց զուխտս իւր, և զղջացաւ ըստ բազում ողորմութեան իւրում. ետ զնոսա ի գթութիւնս առաջի ամենայն գերչաց նոցա:
Հիշեց ուխտը իր, և իր բազում ողորմությամբ զղջաց: Նրանց գթության արժանացրեց իրենց բոլոր գերեվարողների դիմաց:
Որ արդարների հետ էր [կնքել], և նախ գթության արժանացրեց նրանց, ու Հեքոնիային ազատեց բանտից, խաղաղություն տվեց ամբողջ ժողովրդին և ապա դուրս հանեց այնտեղից:
41. Փրկեա՛ զմեզ, Տէր Աստուած մեր, և ժողովեա՛ զմեզ ի հեթանոսաց:
Փրկի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, և հավաքի՛ր մեզ հեթանոսների միջից:
Հոգին աղոթում է, որպեսզի վերջին գերությունից ազատվի Քրիստոսի միջոցով: Եվ հավաքի՛ր մեզ հեթանոսական անունների միջից, քանզի ովքեր քրիստոնեական անվամբ մի հոտի մեջ չհավաքվեցին, հեթանոս են: Հայտնի է, որ հրեաները Երուսաղեմ վերադարձան:
42. Խոստովան եղիցուք անուան քում սրբոյ, և պարծեսցուք յօրհնութիւնս քո:
Մենք գոհություն պիտի մատուցենք քո սուրբ անվանը և պիտի պարծենանք քո օրհնություններով:
Թե Տեր է Հիսուս Քրիստոսը ի փառս Հոր Աստծու: Եվ պիտի պարծենանք քո օրհնություններով, քանզի հրեաներին Մովսեսի միջոցով օրհնեց և երկրավորներով, իսկ մեզ՝ Քրիստոսի միջոցով և երկնավորներով:
43. Օրհնեալ Տէր Աստված Իսրայէլի. յաւիտեանս յաւիտենից:
Օրհնյալ է Տեր Աստվածն Իսրայելի հավիտյանս հավիտենից:
Հավիտյան օրհնում ենք Հիսուսին՝ մեզ օրհնողին և հավիտյան, որովհետև Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Դարձյալ՝ հավիտենից Եգիպտոսից, և հավիտյանս՝ Բաբելոնից:
44. Եւ ասասցէ ամենայն ժողովուրդն. եղիցի եղիցի:
Ողջ ժողովուրդը թող ասի՝ «Թող լինի, թող լինի»:
Սա հրեաներինը չէ, այլ՝ մեր սեփականը, քահանան օրհնում է, իսկ ամբողջ ժողովուրդն ասում է. «ամեն, թող լինի», նույնն է ճշմարիտն ու հավատարիմը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը