Սաղմոս Դավթի, աշխարհագործ արարածների մասին: Ոմանք ասում են, թե այս սաղմոսն առաջինն է, քանզի Մովսեսի պես արարչագործությունից է սկսում, ծովը գովերգում, երկիրը զարդարում և մեծարում Արարչին, և իր ամբողջ զրույցը մի գաղափարի շուրջ է հյուսում և որպես նվեր մատուցում Աստծուն ինչպես մի թանկագին քար: Նաև ուսուցանում է, թե ինչպես է պետք օրհնել Աստծուն:
1. Օրհնեա, անձն իմ, զՏէր, Տէր Աստուած իմ մեծ եղեր յոյս:
Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տե՛ր իմ Աստված, անչափ մեծ եղար:
Շատ է Աստծու երախտիքը հոգու հանդեպ, որ ստեղծեց նրան անմահ և իր կերպարանքով, և ով ցանկանում է մոտ լինել Աստծուն, մշտապես օրհնում է նրան: Տե՛ր իմ Աստված, անչափ մեծ եղար. Եղարը տնօրինությանն է վայել, Սիմաքոսն այսպես է թարգմանում. «անչափ մեծ ես»:
Խոստովանութիւն եւ մեծ վայելչութիւն զգեցար,
2. արկար զլոյս որպէս զաւթոց, ձգեցեր զերկինս որպէս խորան.
3. և յարկար ի վերա ջուրց զվերնայարկս նորա:
Գովաբանությամբ և մեծափառությամբ զգեստավորվեցիր: Լույսը կրեցիր ինչպես վերարկու, երկինքը փռեցիր վրանի պես, նրա վերնահարկը հաստատեցիր ջրերի վրա:
Գովաբանությամբ և մեծափառությամբ զգեստավորվեցիր. երբ ճանաչեցին քեզ, խոստովանեցին քեզ ինչպես վայել է քո մեծությանը, և ոչ այնպես, ինչպես նախկինում կուռքերին էին տալիս, իսկ զգեստավորվելը, քեզ հետ միավորվելն է, չաստվածներին չմոտեցավ, քանզի պատշաճ չէր: Լույսը կրեցիր ինչպես վերարկու, ըստ Պողոսի, թե. «Նա, որ միայն ինքն ունի անմահություն և բնակվում է անմատչելի լույսերի մեջ» (Ա. Տիմ. 6:16), ինչը Դավիթը խավար և մեգ է կոչում, քանզի երկուսն էլ ծածկում են աչքերը, ուստի անմատույց լույսը նույնպես այրում է աչքերը, հետևաբար, եթե այս արեգակը գրգռում է աչքը, ապա որքան առավել՝ իմանալի արեգակը: Երկինքը փռեցիր վրանի պես դյուրությամբ՝ միայն խոսքով և առավել հեշտ, քան կաշի կամ կտավ կձգեր սյուների վրա: Նրա վերնահարկը հաստատեցիր ջրերի վրա, ինչպես Մովսեսն է ասում, թե՝ «Տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից» (Ծննդ. 1:7), նրա վերնահարկը՝ վերին երկինքը առաստաղ դարձնելով ջրերի վրա:
Ո դնէ յամպս զգնացս իւր. և շրջի նա ի վերայ թևոց հողմոց:
Նա ամպերի մեջ է դնում իր ընթացքը և շրջում հողմերի թևերին:
Սովոր է Աստված ամպով երևալ, ինչպես Սինայում, Քորեբում, Թաբորում, համբարձվելուց, և հողմն է ամպերի թևը և դրանով է Տերը կառավարում ավելի արագ քան ցանկացած հողմ՝ ամպի միջոցով խնամելով երկիրը, ջուր տալով և չթողնելով չափից շատը, ու վերցնելով երկրի պտուղը:
Նաև այլաբանորեն ասում են, թե գովաբանությամբ ու մեծափառությամբ զգեստավորվեցիր, նկատի ունի խաչի վրա մահանալը, որը Սիմաքոսը թարգմանում է՝ օրհնությամբ և բարեզարդությամբ սպասավորեցիր: Խորանը վերին եկեղեցին է: Լույս կրեցիր ինչպես վերարկու ասելով նկատի ունի դժոխք իջնելը, որովհետև խաչյալ Աստված կոչվեցիր մեր հանդեպ ունեցած սիրուդ շնորհիվ: Վերնահարկը հաստատեցիր ջրերի վրա՝ մկրտությունը, իսկ վերնահարկը հոգին է: Ամպերի մեջ է դնում իր ընթացքը՝ մարգարեների, կառավարելով հողմերի թևերով, որով ներգործում են Հոգու շնորհները:
4. Ո արար զհրեշտակս իւր հոգիս, և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ:
Նա քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, և կիզիչ հուրը՝ սպասավորներ:
Ոչ միայն մարմնավորների ու զգալիների Արարիչ է, այլև՝ անմարմինների, և որ Մովսեսը չասաց [հրեշտակներ] դարձնելու մասին, սակայն Դավիթն ու Ամովսն ասացին, ինչն էլ հողմ, հուր և հոգի կոչվեց: Եվ կիզիչ հուր՝ սպասավորներին, թեև բնությամբ կիզող չեն, այլ Աստծու հրամանով են կիզում, ինչպես Սոդոմն այրեցին, և մեղքերն են կիզում, ինչպես Եսայու ժամանակ: Աստվածաբանն էլ ասում է, որ առնում է հրեշտակներին, այսինքն՝ տեր է կանգնում նրանց: Պետք է իմանալ նաև նրանց կարգը՝ անմարմին, ինքնակատար էություններ են, որոնց այլոք թափանցիկ լույս են ասում, անկեզ հուր, անբովանդակելի հողմ: Եվ այս ամենից հետո վերևից խոնարհվելով իջնում է և ասում.
5. Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան:
Երկիրը հաստատեց իր հիմերի վրա, որ հավիտյան չսասանվի:
Ակյուղոսն ու Սիմաքոսը առակի վրա են ասում, այլք՝ հատակի, որպես հաստատուն բանի վրա, իսկ առակի՝ իր օրինակով, ինչպես որ երևում է վերևում և ներքևում: Որ հավիտյան չսասանվի. որպեսզի աշխարհն ու մարդիկ չսասանվեն, Տերը նրանց հաստատեց հավատի վրա:
6. Խորք որպէս զգեստ վերարկու է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք:
Խոր ծովերն ասես նրա զգեցած վերարկուն լինեն: Ջրերը կանգնած են լեռների վրա:
Ակյուղասն ու Սիմաքոսը վերարկու են կոչում անդունդներն ու վիհերը, ինչպես որ իսկզբանե խավար էր տիրում և ջուր էր երկրի վրա, այսինքն նորից երկիր էր, որի վրա ջուրը ծածկել էր որպես զգեստ: Ջրերը կանգնած են լեռների վրա. լեռները նույնպես ծածկված են ծովով, այդ պատճառով էլ նավերը կարողանում են գնալ, և որտեղ լեռներ չկան, նավը չի կարող ելնել դրա վրա: Նաև անհասանելի խորություններ կան ծովում, որոնք Աստծու հոգածության տակ են, ըստ Պողոսի, թե. «Օ՜, խորություն Աստծո հարստության, իմաստության և գիտության» (Հռոմ. 11:33): Ջրերը կանգնած են լեռների վրա՝ սուրբ առաքյալների, քանի որ այնտեղ դադարեց անգիտությունը, ըստ այնմ, թե՝ «Աստված մեզ հայտնեց այն իր Հոգով» (Ա. Կորնթ. 2:10):
7. Ի սաստէ քումմէ փախիցեն, և ի ձայնէ որոտալոյ քումմէ սարսիցեն:
8. Ելանեն լեռնանան և իջանեն դաշտանան, ի տեղի յոր հաստատեցեր զնոսա:
Նրանք պիտի փախչեն քո սաստից, և քո որոտի ձայնից պիտի սարսափեն: Ելնում են՝ լեռնանում են, իջնում՝ դաշտանում են այնտեղ, ուր դու հաստատեցիր դրանք:
Տեսնողները գիտեն, և երբ սաստում է, փախչում են, ինչպես ասաց, թե թող հավաքվեն ջրերը, կամ Նոյի ժամանակ հողմով սաստեց և ցամաքեցրեց կամ Կարմիր ծովին, և միշտ խռովելով լեռնանում են՝ կուտակվելով ծայրերին և ավազի սահմանը տեսնելով՝ պատկառելով սանձահարում է: Դևերն էլ՝ աշխարհի ծովի սաստից փախչում են, և վերնատանը Հոգու որոտման ձայնից տիեզերք են ելնում և լեռնանում, հանդգնում են ու դարձյալ սադրում այնտեղից, որտեղ հաստատեցիր նրանց:
9. Սահման եդիր՝ և ոչ անցանեն, և ոչ դառնան ի ծածկել զերկիր:
Սահման դրիր, որպեսզի չանցնեն և չողողեն երկիրը նորից:
Հավիտյան տանջվեն:
10. Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մէջ լերանց գնասցեն ջուրք:
Աղբյուրները դեպի ձորերն ուղղեցիր, և ջրերը լեռների միջով պիտի հոսեն:
Ծովից ջուր ես հանում, և երկրի սրտից լեռները պատռելով ձորերի մեջ ես ուղարկում, լեռների միջով գնալով դուրս են գալիս, և ինչի՞ համար.
11. Արբուցանել զամենայն գազանս վայրի. յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց:
Հագեցնելու ծարավը բոլոր գազանների ու վայրի էշերի:
Ցիռը վայրի էշն է: Նաև օրենքի ու մարգարեների հոգու անսահման ծովից առաքյալները վերցնելով իմաստությունը՝ բխեցնում են հեթանոսների համար, և ճշմարիտ իմաստությամբ հագեցնում են գազանաբարոներին ու վայրենամիտ հեթանոսներին:
12. Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն, և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց:
Այնտեղ երկնքի թռչունները բույն պիտի դնեն և ժայռերի միջից ձայն պիտի տան:
Նրանք և նրանց ձագերի համար աղբյուրներ են պետք, երկչոտների համար, որոնք ժայռերի միջից համարձակվեն ձայն տալ: Իսկ եկեղեցում թռչունները, մեղքերից թեթև թևերով երկու կտակարանների վեմի միջից օրհնության ձայն պիտի տան Աստծուն:
13. Արբուցանէ զլերինս ի շտեմարանաց իւրոց. ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր:
Նա ջուր պիտի խմեցնի լեռներին իր շտեմարաններից, նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցվի:
Ամպերի մեջ շտեմարանելով՝ կենդանիների կարիքների համար, որ այնտեղ են: Նրա գործերի պտուղներով պիտի երկիրը լցվի, երկիրը ոռոգելով անձրևով, որ գործում են մարդիկ, երկիրը բարությամբ է լցվում: Ջուր պիտի խմեցնի՝ նորից առաքյալների մջոցով մարգարեներից և Հոգուց, և նրանց խոսքի պտուղներով, որոնցով գործելու են, լցվելու է բանական երկիրը:
14. Բուսուցեր զխոտ ի լերինս, զդալարի ի ծառայութիւն մարդկան:
Մարդկանց կարիքների համար լեռներում խոտ աճեցրիր ու բանջար:
Անասունների կարիքների համար, որ սնվելով՝ ծառայեն մարդկանց: Եվ այն մարդիկ, ովքեր անասունների նման են ու անգետ, Աստծու խոսքը նրանց համար խոտի պես է, իսկ երբ իմաստնանան, ապա հնարավոր կլինի այնտեղից՝ կենդանի երկրից, հաց հանել և ուրախարար գինի, այդ պատճառով էլ ասում է.
Հաներ զհաց յերկրէ.
15. գինի ուրախ առնէ՝ իւղ զուարթ, և հաց հաստատէ զսիրտ մարդոյ:
Հողից հաց հանեցիր: Գինին ուրախացնում է մարդուն, յուղը՝ զվարթացնում, և հացն ամրացնում է մարդու սիրտը:
Հաց՝ սուրբ Կույսից: Գինին ուրախացնում է՝ Տիրոջ արյունը, քանզի Աստծունն է, այլ ոչ թե անասունի: Յուղը՝ զվարթացնում, մյուռոնը, որ Սուրբ Հոգին ունի, և հացը՝ Տիրոջ մարմինը, քանզի նա, ով ուտի, մահ չի ճաշակի, և սա է Աստծու իմաստությունը, ուստի և մարդուն կենդանություն է տալիս և ուրախություն ու զվարթություն, և դրանցից ու դրանց միջոցով տալիս է հոգևորն ու մարմնավորը:
16. Յագեսցին ծառքն Տեառն, և մայրքն Լիբանանու, զորս դու տնկեցեր:
Թող հագենան Տիրոջ ծառերն ու մայրիները Լիբանանի, որ դու տնկեցիր:
Յոթանասունը անտառի ծառերն են, քանզի մարդը չի տնկում ու խնամում, ապմերից թափված անձրևներով են հագենում Լիբանանի մայրիները, որոնք հավատացյալներն են՝ խոնարհված Տիրոջ տան մեջ, որ թեև անպտուղ են, սակայն պտղատու կլինեն՝ հագենալով Սուրբ Հոգով:
17. Անդ թռչունք երկնից ձագս հանցեն. և բոյն արագլի ապաւէն է նոցա:
Այնտեղ երկնքի թռչունները ձագ կհանեն, և արագիլի բույնը նրանց ապաստան կլինի:
Արագիլի բույնը ըստ Սիմաքոսի, վայրի խոտից պատրաստված տուն է, մարդկանց շինություն է պետք, ասում է, իսկ թռչուններին՝ բույն: Եվ ովքեր որ մանուկ են և երկչոտ, արագիլի բույնի մոտ են ձագ հանում՝ զգուշանալով օձից, որոնց արագիլը ուտում է: Դարձյալ՝ եկեղեցու երկնային թռչունները հրեշտակներն են ու հրեշտակացած սրբերը, որոնք խնամում և սնուցում են լույսի և ցերեկվա որդիներին, և արագիլի բույնը Քրիստոսի եկեղեցին է՝ նրանց ապավենը, որով զորանում են, քանի որ այս թռչունը ողջախոհ է, եկեղեցին էլ մայրն է ու ողջախոհության քարոզիչը։
18. Լերինք բարձունք են եղջերուաց, և վէմք ապաւէնք նապաստակաց։
Բարձր լեռները եղջերուների համար են, իսկ ժայռերը ապաստան են նապաստակների համար։
Ասում են երկչոտ են, քանի որ լեղի չունեն, և հուսով են, որ լեռան գագաթին կարածեն ու վայր կդնեն եղջուրնեը, իսկ նապաստակները փոքր կենդանիներ են և երկյուղով լի, ուստի և վախկոտ են կոչվում և վեմին են ապավինում։ Եղջերուները միայնակյացներն են, նապաստակները՝ գողերն ու խաբեբաները, որոնք զղջում են և եկեղեցուն ապավինում։
19. Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մտանելոյ իւրոյ։
Դու հաստատեցիր լուսինը ժամանակը չափելու համար, արեգակն իմացավ պահն իր մայրամուտի։
Քանզի նրա օրերը ամիսներն են և ժամանակը չափելու միավորը։ Արեգակն իմացավ ոչ թե բանականորեն, այլ Արարչի սահմանն իմանալով, որ դուրս գալով ցերեկ է լինում, իսկ թաքնվելով՝ գիշեր, և խոնարհվելով, բարձրանալով և հավասարությամբ՝ չորս եղանակները։ Լուսինն օրենքն է, արեգակը՝ Ավետարանը, լուսինը ժամանակով, ինչպես օրենքն էր, իսկ արեգակը՝ Քրիստոսի պես հավիտենական, որ և իմացավ իր ժամանակն աշխարհ մտնելու՝ առաջին եւ երկրորդ։
20. Արարեր զխաւար և եղև գիշեր, ի նմա գնան ամենայն գազանք անտառի։
Դու խավարն ստեղծեցիր, ու գիշեր եղավ, որի մեջ շրջում են բոլոր գազաններն անտառի։
Խավարը եղավ որպես ստեղծածի ստվեր, խավար՝ անդունդների վրա, և գիշեր եղավ արեգակի մայր մտնելու պատճառով, նրա մոտ են գնում անտառի բոլոր գազանները։
21. Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն, և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրեանց։
Առյուծների կորյունները մռնչում են ու հոշոտում՝ Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով։
Ոչ միայն գիշերը մարդկանց հանգստյան համար է, այլև գազաններին համարձակություն է տալիս շրջել և կերակուր գտնել։ Խավար սատանան, որը ոչ թե խավար ստեղծվեց, այլ՝ լույս, ամեն ինչ լույսով եղավ, սակայն ինքը ինքնակամ գիշեր եղավ, և նրա կամքին են հետևում բոլոր դևերը, որ անտառներում՝ մեհյաններում են բնակվում և կռապաշտների մեջ, մռնչում են, ինչպես Պետրոսն է ասում. «Ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես» (Ա. Պետ. 5:8), և փնտրում է՝ կերակրելու Աստծու հոտին մեղքով և չար գործերով:
22. Ի ծագել արևու ժողովին, և ի մորիս իւրեանց դադարեն:
Արևածագին նրանք հավաքվում են և հանգչում իրենց որջերում:
Իրենց բույնում կամ անտառում՝ որջերում հանգչելու համար: Հեթանոսների մեջ Քրիստոսի՝ [ճշմարիտ] արեգակի ծագման ժամանակ դևերը հավաքվում են անհավատների մոտ:
23. Ելանէ մարդ ի գործս իւր, և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ:
Մարդ մինչև երեկո գնում է իր գործին ու վաստակին իր ձեռքերի:
Հանգստանալու և ուժ հավաքելու, քանի որ մինչև երեկո վաստակում է՝ կատարելով հրամանը, թե՝ «Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (Ծննդ. 3:19): Եվ յուրաքանչյուր բանական մարդ, իմանալով իր կատարելիք գործը, սկսում է այն ցերեկով, քանի դեռ լույս կա:
24. Ո՜րպէս զի մեծ են գործք քո, Տէր, զամենայն ինչ իմաստութեամբ արարեր. և լցաւ երկիր ստեղծուածովք քովք:
Որքա՜ն մեծ են գործերը քո, Տե՛ր, ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու, և աշխարհը լցվեց քո ստեղծածներով:
Մեր ասածից առավել մեծ են: Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր՝ Որդու հետ, և աշխարհը լցվեց քո ստեղծածներով, ոչ թե զուր տեղը ստեղծեցիր վերին և ներքին երկիրը, այլ՝ լցվեց քո ստեղծածներով, որ քեզանից եղան՝ իմանալի և զգալի:
25. Այս ծով մեծ և անդորր. ի սմա են սողունք, որ ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք եւ մանունք.
26. ի սմա եւ նաւք գնան. վիշապն զոր ստեղծեր խաղալ նովաւ:
Ահա ծովը՝ մեծ և լայնատարած, որի մեջ վխտացող կենդանիներին թիվ չկա, այնտեղ կան մեծամեծ ու փոքր գազաններ. այնտեղ նաև նավերն են լողում: Այնտեղ է վիշապը, որ դու ստեղծեցիր, որ խաղ անի ծովի հետ:
Ծովի հրաշքներն ավելի մեծ են քան ցամաքինը, որոնց մասին չասաց մեծ, քանի որ հայտնի են: Անդորրը կենդանիների հանգիստն է, որոնք նրա մեջ են, և որ հանգիստ են: Սիմաքոսն ասում է, թե սողուններն ու գազանները մեծ և փոքր միասին են, և միմյանց չեն սպառնում: Սողուններին թիվ չկա, ոմանք ասում են վեց հարյուր տեսակ են ջրում և չորս հարյուր՝ ցամաքում, իսկ ոմանք էլ՝ վեց հազար, և որոնց գոյությունից զգայությունը չի ընկնում: Այնտեղ նաև նավերն են լողում. ոչ միայն սողուններին, գազաններին և վիշապաձկներին է պետք ծովը, այլև նավերի համար ճանապարհ է՝ հոգալու մարդկանց կարիքները: Վիշապը, որ դու ստեղծեցիր, մեծ լևիաթանը, խաղում է ծովի հետ, որովհետև զբոսնում է այնտեղ՝ ջրերի խորքերում: Ծովն աշխարհն է, սողունները՝ մեղքի մեջ թաղվածները, մեծ ու փոքր գազանները՝ աշխարհակալներն ու իշխանները, նավը՝ հոգևոր և մարմնավոր վաճառականները, վիշապը՝ սատանան, ըստ Հոբի. «Խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին» (Հոբ 40:14), առաքյալների և բոլոր սրբերի: Դարձյալ՝ ծովը երկինքն է, սողունները՝ աստղերը, գազանները՝ կենդանիների տեսակները, նավը՝ արեգակը և լուսինը, վիշապը, որի մասին ասում են, թե ամբողջ երկիրը բոլորել է, որի պոչն ու գլուխը աստղագետները ռաստ և զանապ են կոչում (ռաստ արաբերեն գլուխ է կոչվում, իսկ զանապ՝ պոչ), և դրանով են մեկնաբանում լուսնի ու արեգակի խավարումը, և աստղաբաշխները խաղում են նրա հետ: Դարձյալ՝ ծովը մարդիկ երկրորդ աշխարհ են կոչում, սողունները՝ սողացող խորհուրդներըև մեծ ու փոքր գազանները, որոնցից մեծը՝ ցասումն է, փոքրը՝ ցանկությունները, լողացող նավերը՝ հոգևոր և մտավոր իմացությունները, մեծ վիշապը՝ որդեծնության ցանկությունը, խաղ անելը՝ կուսությամբ արհամարհելը, կամ առավել՝ մարմնասիրության ժամանակավոր ցնորքները:
27. Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս կերակուր նոցա ի ժամու:
Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս:
Բնական պետքերն ու կարիքները ցույց տալով սպասում են, և ժամանակին ստացածը անգիտաբար ընդունում են:
28. Տաս դու նոցա, և կերակրին, բանաս զձեռն քո, կերակրես զամենեսեան կամօք քովք:
Տալիս ես նրանց, ու նրանք կերակրվում են, բացում ես ձեռքդ և քո հաճությամբ սնում բոլորին:
Սա նաև քո խնամքն է, բացում ես ձեռքդ՝ ինչպես ամեն ինչ ունեցող սեղան, լցնում ես քո քաղցր կամքով, այլ ոչ թե զայրանալով, բացի դևերից, որոնք քեզանից արժանի բան չես խնդրում:
29. Դարձուցանես զերեսս քո ի նոցանէ, և խռովին. հանես զոգի ի նոցանէ, պակասին և ի հող դառնան:
Երբ շրջում ես երեսդ նրանցից, խռովվում են նրանք, երբ նրանցից հանում ես նրանց շունչը, սպառվում և հող են դառնում:
Շրժեցիր քո երեսն Ադամից և սա մեռավ, և ամեն բաժանում շնչից և մարմնից քեզանից է լինում, որ խռովվում են ցավով և քաղում կենդանություն, սակայն հոգին հանելը բանականներին է վերավերում, որ սպառվելով՝ հող են դառնում:
30. Առաքես զոգի քո՝ և ստանաս զնոսա. և նորոգես զերեսս երկրի:
Ուղարկում ես քո շունչը և վերստեղծում նրանց, ու նորոգում երեսն երկրի:
Աստվածային [շունչդ], և վերստեղծում նրանց հարությամբ, ինչպես որ խոստացար հին Կտակարանում և Ավետարանում: Եվ նորոգում ես մարդկանց ավազանով, երեսը երկրի՝ այլայլումը հեռացնելով և զարդարելով անապականությամբ:
31. Եղիցին փառք Տեառն յաւիտեան. Տէր ուրախ եղիցի յարարածս իւր:
Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա իր արարածներով:
Որ փառաք են տալիս արարածները՝ հավիտյան վկայելով և նրանից վերցնելով, այլ ոչ թե նվերներ տալով: Եվ Տերն ուրախանա իր արարածներով, քանզի սատանան այլևս չի կարող մեղանչել տալ մարդկանց, որով տրտմության է մատնվում Աստված:
32. Ո հայի յերկիր, և տայ դողալ սմա. մերձի ի լերինս և ծխեսցին:
Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ և նրանք ծուխ են արձակում:
Այսինքն՝ ոչ թե Աստված ուրախանում է երկրպագությունների համար, այլ՝ մարդկանց փրկությունը տեսնելով, որովհետև նա այնպիսին է, որ երբ նայում է երկրին, դող է պատճառում նրան, և մերձենալով՝ հրով ու ծխով է լցնում երկիրը, ինչպես Սինա լեռան ժամանակ, թերևս նայում է և դող է պատճառում նրան՝ հետ տալով մեռելներին, և ծխում են լեռները՝ հավասարվելով, և ապա նորոգում է երկրի երեսը:
33. Օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչև եմ ես:
Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ:
Իմ կյանքում, այլ ոչ թե մահվանից հետո, քանզի ոչ ոք չի կարող մահվանից հետո հիշել: Դարձյալ՝ իմ կյանքում ասելով նկատի ունի հարությունն ու անմահությունը, այդ պատճառով էլ իմ է ասում, քանզի սա իմ չէ, այլ անասուններինն է: Քանի դեռ կամ, ըստ Աստծու, և քանի դեռն անսահման է, ուստի այլևս մահ չկա, որ խոչընդոտի օրհնությանը:
34. Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ. և ես ուրախ եղէց ի Տէր:
Օրհնությունն իմ քաղցր կլինի նրան, և ես կուրախանամ Տիրոջով:
Քանի որ չի լինի անգիտությամբ և ոչ էլ բերանով, որտեղից սուտ և ճշմարտություն է դուրս գալիս: Եվ ես կուրախանամ Տիրոջով՝ վայելելով նրա տեսությունը:
35. Պակասեսցին մեղաւորք յերկրէ, և ամպարիշտ մի ևս գտցի ի նմա. օրհնեա՛ անձն իմ զՏէր:
Թող մեղավորները պակասեն աշխարհից, և ամբարիշտները թող չգտնվեն նրա մեջ: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը:
Պակասեն մեղանչելուց, և ամբարիշտներ էլ թող այլևս չգտնվեն, որպեսզի մի կողմ թողնելով մեղքերն ու ամբարտավանությունը, այլևս մարդկանց կողմից մեղավոր չկոչվեն: Պակասի մեղքը առաջին գալստյամբ և սպառվի՝ երկրորդով: Հրեաներից ու հեթանոսներից շատերը չեն հասկանում իմաստը, բայց դու, անձն իմ, որ արժանացար ճաշակել այս, օրհնի՛ր Տիրոջը: Չորս անգամ կրկնում է՝ հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը, որը մեր բնության նորոգում է չորս նյութի միջոցով՝ առաքյալներով, մարգարեներով, ավետարանիչներով և վարդապետներով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը