23 Նոյեմբեր, Շբ
Ալելուիա: Սաղմոսը մակաբայեցիների առաքինությունն է խորհրդանշում: Ոմանք ասում են, որ երբ Դավիթն ազատվեց պաշարումից, քարանձավից կանչեց Սավուղին և այս երգը երգեց Աստծուն: Նաև ասում են սա, երբ Իսրայելն ազատագրվում է գերությունից
1. Սիրեցի, զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց. խոնարհեցոյց զունկն իւր առ իս, և ես յաւուրս իմ կարդացի առ նա:
Հաճելի է ինձ, որ Տերը լսեց ձայնն իմ աղոթքի: Խոնարհեցրեց ունկն իր դեպի ինձ, և ես իմ օրերում նրան դիմեցի:
Կատարյալներին է վայել ասել հաճելի է ինձ, նաև ավելացնում է պատճառը, որ Տերը լսեց: Նրան սիրում եմ, որովհետև գիտեմ, որ լսում է ինձ, քանզի փորձառություն ունեմ: Խոնարհեցրեց ունկն իր, այսինքն՝ դեպի սրտի ծածկարանները և լռելյայն խոսելը, խոնարհեցրեց և լսեց, ու ես իմ բոլոր օրերում կդիմեմ նրան, և բոլոր արարածները նրան կդիմեն՝ գրքի միջոցով:
2. Շրջեցան զինև երկունք մահու, և վիշտք դժոխոց գտին զիս:
Ինձ պատեց երկունքը մահվան, և դժոխքի վշտերն ինձ բռնեցին:
Երկունք են կոչվում ծնելուց առաջ ծննդկանի ցավերը, և ինչպես ոմանք կենդանի տանջվում են գերեզմանում, ուր որևէ հնար չկա, այլ միայն դաժան մահն է, այդպես էլ Դավիթը վտանգի ենթարկվեց քարանձավում, ինչպես նաև մակաբայեցիներն ու Քրիստոսի վկաների դասը:
3. Զնեղութիւն և զանձկութիւն գտի, և զանուն Տեառն կարդացի:
Նեղություն և անձկություն գտա և Տիրոջ անունը կանչեցի:
Ես անձկություն գտա, ասում է, որն ավելի խիստ է, քան նեղությունը, քանզի Դավիթն իրեն թույլ չտվեց սպանել թշնամիներին: Իսկ մակաբայեցիներն ու վկաները խստորեն պատասխանելով՝ նեղություն գտան, և չվերցնելով կերակուրը՝ առավել վշտերով նեղում էին իրենց: Եվ Տիրոջ անունը կանչեցի օգնության ու այս ամենը նրա անվան համար կրեցի:
4. Ո՜ Տէր, փրկեա՛ զանձն իմ. ողորմած Աստուած մեր, ողորմի և պահէ զտղայս Տէր:
«Ո՛վ Տեր, փրկի՛ր ինձ»: Տերը ողորմում և պահպանում է մանուկներին:
Ո՛վ Տեր, փրկի՛ր ցասումից և ցանկությունից, երկյուղից, տրտմությունից, որոնք հոգու ախտեր են: Եվ պահպանում է Տերը մանուկներին, դեռ այնտեղից՝ մոր արգանդում ստեղծվելու պահից, Տերը սկսում է խնամել մանուկներին: Դարձյալ՝ ինքն իրեն է մանուկ կոչում Սավուղի առջև, ինչպես որ Գողիաթի համեմատ էր մանուկ, ով հմտացել էր պատերազմական պայքարի մեջ:
5. Ես խոնարհ եղէ և Տէր կեցոյց զիս. դա՛րձ անձն իմ ի հանգիստ քո, զի Տէր օգնեաց քեզ:
Ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց: Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դեպի հանգիստը քո, քանզի Տերն օգնեց քեզ:
Կյանքի պատճառը, ասում է, խոնարհությունը եղավ: Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դեպի հանգիստը քո՝ խոնարհության է կանչում հոգուն, քանի որ դա է հանգիստը, նաև քաջալերում է չվախենալ մահվանից, քանզի գրված է, թե մահը մարդու համար հանգիստ է, որովհետև վերադառնալը և Աստծու հետ լինելը սրբերը լավ էին համարում: Քանզի Տերն օգնեց քեզ՝ մարդ դառնալով՝ ավերեց դժոխքը:
6. Փրկեաց զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, և զոտս իմ ի գայթագղութենէ. հաճո եղէց առաջի Տեառն յերկրին կենդանեաց:
Նա ինձ փրկեց մահվանից, աչքերս՝ արտասուքից և ոտքերս՝ սայթաքումից: Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջև:
Մահվանից՝ այն մահվանից, աչքերս՝ արտասուքից, որ աչքերի լաց է, ոտքերս՝ սայթաքումից՝ դժոխք գնալուց: Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջև, որ Տերը խոստացավ տալ հեզերին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը