Սաղմոս ՃԺԹ

Աստիճանների օրհնություններ, երգեր: Թեոդիտոն [ասում է]՝ երգ ելքի, իսկ Ակյուղասը՝ երգ ելնելու

Մեր նյութեղեն բնությունը փոփոխությունների կարիք է զգում, ժամանակի ընթացքում՝ նորոգման՝ ձանձրույթից և տառապանքից: Քանզի նա, ով ստեղծեց մեզ, նաև խնամք տարավ, որից հետո տկարացանք մեղքով և մահ հղացանք տարվա չորս եղանակներով, ցերեկվա և գիշերվա միջոցով սփոփում է մեզ՝ աշխատանքի և հանգստի ժամանակ սահմանելով, նաև հիվանդությամբ և առողջությամբ փորձելով՝ ինչպես հնոցով, ինչպես նաև այլ փորձություններով և զանազան դիպվածներով, նախախնամությամբ, որով գոյերիս կենդանություն է տալիս:

Նույնպես նաև մեզ պատահեցին տկարություն և հոգու զանազան բաներ՝ ժամանակի ընթացքում արգելելով աշխարհային շատ գործեր ձեռնարկել, որ դրեցիր անարժաններիս մեջ՝ Տիրոջ գթառատ ողորմությամբ՝ Սիոնի մանուկներին մատուցելով Հիսուսի այգու գինին, որոնց հավաքողը Դավիթն է՝ նրա մարմնավոր հայրը, հնձանում մշակելով այն, ինչ Հոգին հրավիրեց, և մեզ էլ շնորհեց մեկ աման հավաքել՝ փոքր-ինչ ճաշակելու համար, և մնացածը թողնել նրանց սափորների համար, ովքեր ցանկանում են առատորեն վայելել:

Իսկ այժմ մեզ ճառի ավարտին հասցնելու և Աստծու գթության համար՝ փառք, գոհություն և գովաբանություն հավիտյանս: Քանզի օգնեց մեզ զգուշավորության մասին յոթ խրատներ տալ. յոթ կենցաղային, և յոթ՝ կանոնական, նաև ողորմություն ցուցաբերի՝ տալու ութերորդ կանոնը՝ անվախճան հավիտենության, որն սկսելու համար մեզ կոչ է անում աստիճանով վեր բարձրանալ ինչպես Հակոբի սանդուղքով, որի գլուխն Աստված էր, որ փափագողների վերջնակետն է և դադարն ու հանգիստը բոլոր ճամփորդների, որոնք ուզում են վեր բարձրանալ:

Այդ պատճառով էլ այսքանն են աստիճանների սաղմոսները, այսինքն՝ տասնհինգ, որի [գումարը] յոթն ու ութն են, իսկ այնուհետև անսահման են բարիքները և անպատմելի՝ երանությունները: Ասում են, որ այս խորհուրդը տաճարի երկու դռների աստիճաններին կազմվեց՝ մտնելով Տիրոջ տուն, մեկը՝ յոթ և մեկը՝ ութ, որոնց հավասարությամբ Հոգով ստեղծեցին աստիճանների սաղմոսները, որի մասին Հովհան Ոսկեբերանն ասում է, որ եթե մյուս սաղմոսների վերնագրերն առանձին-առանձին են, այստեղ շատերինը մեկն է, որոնք Բաբելոնից ժողովրդի դուրս գալու խորհուրդն ունեն, որոնցից մի մասը հայտնում են նրանց վշտերի մասին, իսկ մյուս մասը՝ պատերազմի մասին, որ վերադաձին եղավ, մի մասն էլ՝ բարիքների ավետիսը, կան նաև, որ տաճարի շինության և այլ դեպքերի մասին են: Իսկ առաջինը ցույց է տալիս նեղությունը, որի մեջ գտնվում էին, և որ Աստծուն կանչեցին ու լսեց նրանց, դրա համար էլ ասում է.

1. Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, և լուաւ ինձ Տէր. փրկեաց զանձն իմ ի շրթանց նենգաւորաց, և ի լեզուէ չարէ:

Նեղությանս մեջ ես Տիրոջը ձայն տվի, և նա լսեց ինձ: Տերը փրկեց ինձ նենգ շրթունքներից և չար լեզվից:

Նկատի ունի Տուբիանին և իր ընկերներին, որոնք ցանկացան սպանել Եզրասին, և Դանիելի ու Անանիայի դեմ չարախոսողներին: Նաև առաջին բոլոր արդարները նեղության մեջ ձայն տվեցին, և Տերը լսեց նրանց և փրկեց չար լեզվից. Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հոբը, Մովսեսը փրկվեցին իրենց նեղողներից, սպանվելուց և չար լեզվից: Քանզի Աստված մոտ է բոլոր վշտացած հոգիներին, որոնք կանչում են իրեն, և գթասիրտ Աստված չի արհամարհում, թեև մեղքերի պատճառով են նեղությունների մատնվել, ինչպես հրեաները՝ Եգիպտոս և Բաբելոն [գերության մատնվեցին]: Ուստի պարզ է, որ նեղությունը պետք է բարիքների պատճառ համարել, այլ ոչ թե ճոխությունը, ինչպես ինքն էր ասում. «Նեղության ժամանակ կանչեցիր ինձ և ես լսեցի քեզ» (հմմտ. Սղմ. 117:5): Եվ բարի մարդիկ նույնպես չեն մերժում նեղության մեջ գտնվողներին, ինչպես Եղիսեն սոմնացի [կնոջ համար] պատանուն ասաց. «Թույլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է» (Դ Թագ. 4:28):

2. Զի՞ տացի քեզ կամ զի՞նչ յաւելցի, լեզո՛ւ նենգաւոր:

Ի՞նչ պիտի տրվի քեզ, կամ ի՞նչ պիտի ավելանա, նենգ լեզու:

Բայց միայն օձին չտվեց ոտքեր և թևեր, և փոխարենն ավելացրեց անեծքն ու անհաշտ պատերազմ մարդկության և նրա միջև: Դարձյալ՝ ի՞նչ պիտի տրվի, քան այն, որ ունի նենգավոր լեզուն՝ խառնակության և նախատինքի անուն, այլ՝ ի՞նչ պիտի տրվի նրան, որ չարախոսեց Հոբին, բայց նախ՝ Աստծուն՝ Եվայի մոտ, այսինքն՝ սատանային, որ ոչ մի բարի բան չունի, որ վերցվի նրանից՝ բացի անմահությունից, որն էլ նրա համար հավիտենական տանջանք է:

3. Որպէս նետք հզօրի, զի մխեալ են կայծակամբք կաղնւոյ:

Դրանք հսկայի նետեր են՝ կաղնու այրվող ածուխով մխյալ:

Որպես հզորի՝ ամենքի հզոր Աստծու, [իսկ] նետերը մարերն ու պարսիկներն են՝ հրավիրված Բաբելոնի՝ նենգավորի լեզուների վրա, և բոլոր նրանց, ովքեր նվանվեցին և նմանվելու են նրանց: Դարձյալ՝ հզորի նետերը հանդերձյալում սատանայի դառը տանջանքներն են, իսկ այրվող ածուխով մխյալ՝ սաստիկ հարվածները, որ մյուս թարգմանիչներն ասում են՝ անապատի կայծակների հետ խառնված, քանզի ինչպես կաղնու այրվող ածուխով մխված նետով հարվածվողին զրկում է կյանքից, և հրի մատնում քաղաքի բնակիչներին: Նույնպես նաև Աստծու բարկությունը, որտեղ հասնում է, Սոդոմ և Գոմորի նման է անում, որոնց մրուրը պահված է դևերին, որոնք զուրկ են լինելու օգնականներից ու բարեխոսներից:

4. Վա՜յ ինձ, զի ընդ երկար եղև պանդխտութիւն իմ, զի բնակեցայ ես ի վրանս Կեդարու:

Վա ՜յ ինձ, քանզի երկար տևեց պանդխտությունն իմ, ես բնակվեցի Կեդարի վրաններում:

Մարդու կյանքի տևողությունը յոթանասուն տարի է, նույնքան հրեաները մնացին Բաբելոնում, և որ կես ծառաների հետ էին բնակվում, քանզի Կեդարը Իսմայելի  երկրորդ որդին էր, որոնք էլ Իսրայելի հետ գերության մեջ էին: Նաև՝ ովքեր պանդխտություն են համարում այս կյանքը և առաքինության աստիճաններով ելք են դնում սրտի վրա, և թեև փոքր-ինչ մնում են այստեղ՝ սակայն տաղերով և ողբագին վայերով հիշում են դրախտը՝ ակնկալելով վերին Երուսաղեմը, որը բավարար է երանության համար՝ իմանալով, որ երկիրը պանդխտության վայր է, այնպես որ նրանք պարծենում էին Աստծով, ինչպես Աբրահամը, Իսահակը, Հակոբը, և Աստված ամոթ չի համարում կոչվել նրանց Աստվածը, քանզի նրանց համար քաղաք պատրաստեց, ովքեր այստեղ խոստովանեցին, որ օտարներ ու պանդուխտներ են, և խավար է այս աշխարհի կյանքը, քանի որ Կեդար խավար է կոչվում:

5. Բազում անգամ բնակեաց անձն իմ ընդ այնոսիկ, ոյք ատէին զողջոյն:

Շատ ժամանակ հոգիս բնակվեց նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը:

[Բնակվեց] բաբելոնացիների հետ յոթանասուն տարի, ովքեր պատերազմ սիրող էին և աստվածպաշտության թշնամի և դատապարտում էին երեք մանուկներին: Նաև արդարները շատ անգամներ բնակվեցին և բնակվում են խաղաղություն չսիրողների հետ, ինչպես մարգարեները՝ հրեաների: Նաև Տերն էր ասում. «Մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ» (Մարկ. 9:18), և առաքյալներին ուղարկում էր որպես ոչխարներ գայլերի մեջ, որպեսզի նրանցից հեռանա գազանությունը:

6. Ես էի խաղաղարար, յորժամ խօսէի՝ մարտնչէին ընդ իս:

Ես խաղաղասեր էի, երբ խոսում էի, նրանք մարտնչում էին իմ դեմ:

Եզեկիելը, Դանիելը, Եզրասը, Նոյեմին Բաբելոնում ժողովրդի հետ վիճաբանող հեթանոսների հետ, նաև՝ հրեաների մեջ, ինչպես Մովսեսը, որ ասաց. «Եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց անիրավում» (Գործք 7:26), և Տերն էլ պատվիրում էր ճանապարհին հաշիվը մաքրել և հաշտվել ու չգնալ դատավորի մոտ (Ղուկ. 12:58), և ասում էր. «Զգույշ եղեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկ. 12:15), և նրանք մարտնչում էին, մինչև որ նրան խաչը հանեցին:

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

16.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․