23 Նոյեմբեր, Շբ
Այս սաղմոսը կա՛մ պատմում է այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են Դավթի հետ՝ մանկությունից մինչև ծերություն, կա՛մ Դանիելի տան ու մակաբայեցիների մասին է, որոնք պահեցին Աստծու պատվիրանները, ինչն ուրիշներն անարգեցին: Կա՛մ հոգին աղոթքի է կանգնում՝ ի դեմս արդարների, որ պահեցին Աստծու օրենքները, և գերությունից վերադարձ խնդրեցին, կամ ինքը՝ Դավիթն է աղոթքի կանգնում՝ ըստ այբուբենյան թվի և գրի, որպեսզի իր ժողովրդի որդիներին հորդորի ջանալ պահել Աստծու պատվիրանները: Նաև Դավիթը բազում և զանազան վշտերի ու դիպվածների եղանակներ ուներ իր կյանքում՝ ուրախություն և տրտմություն, հաղթանակ, պատերազմ և պարտություն: Արդարություն գործեց, մեղանչեց և նորից զղջաց, և այս ամենը մի տեղ հավաքելով՝ մարդկանց համար սահմանում է օգտակար վարդապետություն՝ ծույլերին ժրաջան դարձնելով և արթուններին հաստատելով՝ ասում է.
1. Երանեալ են անբիծք ի ճանապարհի, և ոյք գնան յօրէնս Տեառն:
Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով:
Տերը լեռան [քարոզի] ժամանակ վարդապետության սկիզբը երանությունը դրեց, որը առավել բարձր է քան հրեշտակների արժանիքը և միայն Աստծուն է հատուկ, սակայն մարդկանց համար անհնարը հնարավոր է Աստծուն, ինչպես որ մարգարեն համարձակվելով՝ երանի է տալիս մարդկանց, որ արքունական ճանապարհով են ընթանում՝ աջ ու ձախ չշեղվելով: Անբիծ ուղի, քանզի ճանապարհ է այս կենցաղը՝ ծննդյան օրվանից մինչև մահ ճանապարհի վրա ենք: Եվ ընթանում են Տիրոջ օրենքով, որը ճանապարհի լույս տվողն է:
2. Երանի՜, ոյք քննեն զվկայութիւն նորա, բոլորով սրտիւ իւրեանց խնդրեսցեն զնա:
Երանի նրանց, ովքեր հետևում են նրա պատվիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտրում են նրան:
Քննում են ոչ թե բնությունը, այլ՝ վկայությունը, ինչպես որ Տերը պատվիրեց քննել գիրը, և ամբողջ սրտով փնտրում են, որպեսզի գտնեն արժանին, և ովքեր փնտրում են, գտնում են, ինչպես որ Տվողն ասաց:
3. Ոչ թէ ոյք գործեն զանօրէնութիւն, ի ճանապարհս նորա գնասցեն:
Անօրինություն գործողները չեն, որ պիտի ընթանան նրա ճանապարհներով:
Ոչ թե անբիծ են նրանք, ովքեր անօրինություն են գործում, իսկ հետո զղջում, այլ նրանք, ովքեր մանկությունից անմեղ են, և քանի որ անօրինության գործերի մեջ են, նրա ճանապարհով չեն ընթանում, քանզի ճանապարհն օրենքն է:
4. Դու պատուիրեցեր զպատուիրանս քո՝ ի պահել ինձ յոյժ:
Դու հրամայեցիր, որ քո պատվիրանները խստորեն պահեմ:
Օրենքով, մարգարեներով, ավետարանով. օրենքն արգելում է մեղք գործել, մարգարեները՝ [արգելում են] գործով և խոսքով [մեղք գործել], ավետարանը՝ խորհելով, դատարկ խոսելով, և նույնիսկ նայելով, և սա է խստորենը:
5. Երանի թէ յաջողեալ էին ինձ ճանապարհք իմ, ի պահել ինձ զարդարութիւնս քո:
Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե քո պատվիրանները պահեմ:
Իմ ճանապարհները հաջող էին մանկությունից, քանզի հեռու էի Բերսաբեից և Ուրիայից, ու եթե Ադամի հետ էլ հաջող լինեին, անբիծ կլինեի:
6. Յայնժամ ես ոչ ամաչէի, ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո:
Այն ժամանակ ես չէի ամաչում, երբ զգույշ էի քո պատվիրանների հանդեպ:
Մեղքերի պտուղն ամոթն է, ինչպես որ ամաչեց Ադամը, և Պողոսն էլ ասում է. «Ի՞նչ պտուղ ունեիք այն ժամանակ, որի համար այժմ ամաչում եք» (Հռոմ. 6:21):
7. Խոստովան եղէց քեզ Տէր յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեանս քո:
Ես գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, ուղիղ սրտով, սովորելով քո արդար դատաստանները:
Այսուհետև առանց խղճմտանքի՝ անմեղ ընթացքով, ինչպես որ հաճախ կարդալով սովորեցի քո արդարությունը:
8. Զիրաւունս քո պահեսցի. մի՛ թողուր զիս մինչ իսպառ:
Պահեցի ես քո օրենքները, իսպառ մի՛ լքիր ինձ:
Շատ անգամ խույս տվեցի մեղքից, իսպառ մի՛ լքիր ինձ. որոշ ժամանակ սրբերը լքվում են [Աստծուց], ինչպես, օրինակ, Եղիան՝ քաղցի մատնվելով, որպեսզի ողորմեն այլոց, ինչպես Պետրոսը, Մովսեսը և Դավիթը, սակայն՝ ոչ իսպառ:
9. Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ի պահել զբանս քո:
Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ քո խոսքերը պահելով:
Սխալական է երիտասարդ տարիքը, կարոտ է քո խոսքին ինչպես ավանակը՝ սանձի:
10. Բոլորով սրտիւ իմով խնդրեսցի զքեզ, մի՛ մերժեր զիս ի պատուիրանաց քոց:
Իմ ամբողջ սրտով քեզ փնտրեցի, մի զրկիր ինձ քո պատվիրաններից:
Շատերն են փնտրում, սակայն՝ ոչ ամբողջ սրտով, հոգով և մտքով, ըստ օրենքի: Մի՛ մերժիր, թող ինձ մոտենա քո պատվիրանների շնորհը, և մի՛ գարշիր սխալներիս պատճառով:
11. Ի սրտի իմում թագուցի զբանս քո, որպէս զի մի՛ մեղայց քեզ:
Քո խոսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դեմ:
Պատվական ունեցվածքն ի ցույց չեն դնում, այլ թաքցնում են սենյակում, խորհուրդներն էլ ոչ ոքի չեն հայտնում, և ովքեր առաքինությունը հպարտությամբ չեն հայտնում, նրանք են ծածկում, ինչպես նաև անարժաններից թաքցվում է Աստծու խոսքը՝ չտալով սրբությունը շներին: Նաև մեծագույն բաները հիմարներին չտալ, այլ նրանց, ովքեր կարող են կրել:
12. Օրհնեալ ես դու, Տէր, ուսո՛ ինձ զարդարութիւնս քո:
Օրհնյալ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունը:
Քո արարածների կողմից քեզ օրհնություն եմ ընծայում, և դո՛ւ սովորեցրու ինձ քո արդարությունը: Թեև սրբերը գիտեն, բայց միշտ սովորեցնել են խնդրում, քանզի ո՞վ գիտե ամբողջ օրհնությունը:
13. Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քո:
Իմ շրթունքներով պիտի պատմեմ բերանիդ բոլոր դատաստանները:
Խոստանում է, որ եթե սովորի, չի ծածկի ուրիշներից: Բերանիդ բոլոր դատաստանները. բերանը Սուրբ Հոգին է, որ նա արդարություն է համարում պատմելը:
14. Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ի մեծութեան:
Քո պատվիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախությունը, ավելի քան ամեն տեսակ հարստության մեջ:
Ամեն տեսակ հարստության մեջ. աշխարհի հարստությունները տարբեր են ու զանազան. քաղաքներ, ոսկի, արծաթ, պատվական քարեր, և այս բոլորի մեջ ես քո վկայության ճանապարհն եմ ընտրում, քո պատվիրանների խոսքը, որ վկայում է, թե սա է Աստծու ճանապարհը, որը քեզ Աստծու մոտ է տանում, և Աստծուն քեզ մոտ բերում:
15. Ի պատուիրանս քո հոգացայ. և զգուշացայ ի ճանապարհս քո:
Քո պատվիրանների մասին խորհեցի, և զգույշ եղա քո ճանապարհներին:
Թողած թագավորության հոգսերը և սեփական անձի հանդեպ զգուշությունը:
16. Զիրաւունս քո խաւսեցայ, և ոչ մոռացայ զբանս քո:
Քո իրավունքի մասին խոսեցի և չմոռացա խոսքերը քո:
Կատարեցի ասելու փոխարեն ասում է՝ խոկացի գիշեր և ցերեկ:
17. Հատո՛ ծառայի քում, զի կեցից և պահեցից զբան քո:
Հատուցի՛ր քո ծառային, որ ապրեմ ու պահեմ խոսքերը քո:
Այսպես չի կարող ասել նա, ով մեղքերի խղճմտանքով է պատված, այլ նա, ով Աստծուն իրեն պարտական է դարձրել, փախա, ասում է, մեղքի մահաբեր ճանապարհից դեպի քո օրենքները, և քո խոսքերից կյանքի պտուղներ քաղեցի:
18. Զարթո՛ զաչս իմ, և նայեցայց ի սքանչելիս օրինաց քոց:
Արթուն պահի՛ր իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշալիքները:
Յոթանասունից թարգմանության մեջ ասվում է՝ բաց աչքերն իմ, նկատի ունենալով միտքը՝ ցնորքներից կամ տգիտության քնից, Ինչպես Եղիսեեն ասաց. «Տե՛ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի» (Դ Թագ. 6:17), և առաքյալն էլ ասում է. «Քող կա ձգված Հին Կտակարանի վրա» (Բ Կորթն. 3:14), և «Վարագույրը մնում է նրանց սրտերի վրա» (Բ Կորթն. 3:15) և երբ, ասում է, մեկը հավատով աղոթելով դառնա Տիրոջը՝ վարագույրը կվերանա, ինչպես ասում է. «Եվ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ Հոգով» (Բ Կորնթ. 3:18): Որպեսզի տեսնեմ առակները և խորին խորհուրդները:
19. Պանդուխտ եմ ես յերկրի, մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո:
Պանդուխտ եմ ես երկրի երեսին, պատվիրաններդ մի՛ թաքցրու ինձնից:
Քանի դեռ մարմնի մեջ ենք, ոչ թե բնակվում ենք, այլ՝ պանդխտում, ինչպես որ առաջին սրբերն էին ասում, և նորերը՝ Պողոսն ու Պետրոսը: Մի՛ թաքցրու ինձնից, որ ցույց է տալիս ինձ հայրենի բնությամբ:
20. Փափագեաց անձն իմ, ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ:
Ես փափագեցի ամեն ժամ ցանկանալ քո դատաստանները:
Ինչպես սոված՝ հացի և ծարավ՝ ջրի և կարիքի մեջ գտնվող ուղևոր: Ցանկանալ քո դատաստանները, քանի որ ծածկված է քո դատաստանի ըմբռնումը, շատերը ցանկացան այժմ, իսկ ես՝ ամեն ժամ:
21. Սաստեցեր ամբարտաւանից. անիծեալ ոյք խոտորեցան ի պատուիրանաց քոց:
Դու սաստեցիր ամբարտավաններին. անիծյալ են նրանք, ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից:
Սաստեցիր փարավոնին, Ամաղեկին, Գողիաթին և սատանային: Անիծյալ են նրանք, ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից. այսպես նաև օրենքի մասին են ասում. «Անիծյալ է ամեն մարդ, որ օրենքի գրքում եղած բոլոր գրվածները չի պահում և չի գործադրում» (Գաղատ. 3:10): Ի դեմս օձի՝ անիծեց սատանային, այլ ոչ թե Ադամին, իսկ երկրին՝ իր գործերի համար, անիծեց նաև Կայենին՝ երկրի վրա:
22. Ի բա՛ց արա յինէն զնախատինս և զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի:
Հեռացրո՛ւ ինձնից նախատինքն ու արհամարհանքը, քանզի ես նախանձախնդիր եղա քո վկայություններին:
[Նկատի ունի] կռապաշտների կողմից նախատվելը, ինչպես Գողիաթն էր նախատում Տիրոջն ու Դավթին, և Սավուղը՝ Դավթին, իսկ սատանան՝ բնությանը՝ խոզերին արոտավայր ուղարկելով: Քանզի ես նախանձախնդիր եղա քո վկայություններին. այն, ինչ դու վկայեցիր, որ բարի է:
23. Քանզի նստան իշխանք և չարախօսէին զինէն, այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո:
Թեև իշխանները նստած չարախոսում էին իմ մասին, բայց քո ծառան խորհում էր քո օրենքների մասին:
Սավուղը, Աքիտոբելը, Աբիսողոմը և դևերն էլ՝ Հոբին՝ բարեկամների միջոցով, իսկ փարիսեցիները՝ Տիրոջը, բայց քո ծառան խորհում էր, թե ինչպե՞ս առաջնորդվի քո դատաստանի օրենքներով:
24. Զի վկայութիւն քո խօսք իմ էին. և խորհուրդք իմ արդարութիւն քո:
Քո վկայություններն իմ խոսքերն էին, և քո արդարությունն՝ իմ խորհուրդները:
Ոչ թե որևէ մարդու հետ է խորհրդակցում, այլ՝ Հոգու շնորհների և քո օրենքի, որոնք էլ արդարություն, իրավունք, վկայություն և ճանապարհ է կոչում:
25. Մերձեցաւ անձն իմ ի հող. Տէր, կեցո զիս ըստ բանի քում:
Հոգիս մերձեցավ հողին. Տե՛ր, ըստ քո խոստման՝ փրկի՛ր ինձ:
Հույժ խոնարհությամբ աղոթելու մասին է ասում՝ մոխրոտ դեմքով, նաև բնության ծերանալու մասին է խոսում, քանզի Դավիթը յոթանասուն տարի ասաց, որը մինչ այդ շատ էր: Տե՛ր, փրկի՛ր հարությամբ, իսկ այստեղ՝ մեղքի մահվանից, և ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի, որ ասաց. «Ով հավատում է ինձ, չի մեռնի» (Հովհ. 11:25):
26. Զճանապարհս իմ պատմեցի քեզ՝ և լուար ինձ, ուսո՛ ինձ զարդարութիւնս քո:
Իմ ճանապարհների մասին պատմեցի քեզ, ու դու ինձ լսեցիր. դատաստաններդ սովորեցրո՛ւ ինձ:
[Պատմեցի]՝ հանցանքներս խոստովանելով, ու դու ինձ լսեցիր, ասում է հիսուներորդ սաղմոսում (տե՛ս Սաղմ 50:15): Սովորեցրո՛ւ ինձ, քանզի միշտ վարդապետիդ կարիքն ունենք:
27. Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստո՛ւն արա զիս. և քննեցից զսքանչելիս քո:
Քո արդարության ճանապարհներին իմաստուն ինձ դարձրու, որ քննեմ քո սքանչելիքները:
Սուրբ Հոգուն է խնդրում, որ ամեն ինչ քննում է, և Աստծու գաղտնիքները: Որ քննեմ քո սքանչելիքները՝ արարածներին և քո տնօրինությունը:
28. Տքնեցաւ անձն իմ առ ի ձանձրանալ. hաստատեա՛ զիս ի բանս քո:
Հոգիս տքնեց տկարությունից, քո խոսքով զորացրու ինձ:
Ինչպես որ ասաց. «Ամեն գիշեր հեծեծանքով լվացի մահիճն իմ» (Սաղմ. 6:7): Խղճմտանքի տկարությունից, հաստատի՛ր Նաթանի միջոցով ասելով. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի» (Բ Թագ. 12:14):
29. Զճանապարհս մեղաց ի բա՛ց արա յինէն. և յօրէնս քո ողորմեա՛ ինձ:
Մեղքի ճանապարհները հեռացրո՛ւ ինձնից, և քո օրենքով ողորմի՛ր ինձ:
Քանզի Սուրբ Հոգին ինձ մոտ կգա անմեղության ճանապարհով, ինչպես որ գալիս է նախքան մեղանչելը: Եվ քո օրենքով ողորմի՛ր ինձ, օրենքով մահվան եմ արժանի, բայց քո ողորմությամբ ապրեցրո՛ւ ինձ:
30. Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի. և զիրաւունս քո ես ո՛չ մոռացայ:
Քո ճշմարտության ճանապարհն ընտրեցի, և քո իրավունքը ես չմոռացա:
Մարգարեական հոգով, որ ճշմարիտ է, և իրավունքը, որ դատաստանն է, ըստ օրենքի ճշմարտության, ես չմոռացա:
31. Մերձեցայ ես ի վկայութիւնս քո, Տէր, մի՛ յամօթ առներ զիս:
Մերձեցա քո պատվիրաններին. Տե՛ր, մի՛ ամաչեցրու ինձ:
Քանի որ ասացիր. մի՛ ցանկացիր, մի՛ շնացիր, մի՛ սպանիր (տե՛ս Ելք 20:13-17), բայց ես երեքն էլ գործեցի: Տե՛ր, մի՛ ամաչեցրու ինձ, այլ ողորմությամբդ քավություն տուր ինձ:
32. Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդորր արարեր սրտի իմոյ:
Քո պատվիրանների ճանապարհով ընթացա, քանզի անդորրություն տվիր իմ սրտին:
Քանի դեռ չէի մեղանչել, ուրիշներն ապաշխարում էին, իսկ ես հանգիստ էի, և հեշտությամբ էի կատարում՝ սրտի հոժար կամքով, ու այդ ամենը քեզնից էր:
33. Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհս իրաւանց քոց. և խնդրեցից զնա յամենայն ժամ:
Տե՛ր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան:
Բազում են քո ճանապարհները, [և քանի որ] Մովսեսի տախտակներով չկարողացա գալ, ո՛ւրիշ ճանապարհ ցույց տուր ինձ, Հիսուսի միջոցով է հայցում սովորել և խոստանում է ամեն ժամ դրա մասին խորհել:
34. Իմաստո՛ւն արա զիս, և քննեցից զօրէնս քո, և պահեցից զնա բոլորով սրտիւ իմով:
Իմաստուն դարձրու ինձ, որ քննեմ քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն:
Այն ամենն, ինչ ծածկված է այնտեղ՝ որպես ճշմարտության ստվեր, և պահպանեմ կենաց ավետիսը, ինչպես որ ասաց. «Եկե՛ք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ» (Մատթ. 11:28):
35. Առաջնորդե՛ա ինձ ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ:
Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ:
Քանզի ապաշխարության ճանապարհը նեղ է՝ հաղթահարել սովորությունները, սակայն այն ինձ հաճելի է:
36. Խոնարհեցո՛ զսիրտ իմ ի վկայութիւնս քո, և մի՛ յագահութիւն:
Սիրտս հակի՛ր դեպի քո պատվիրանները, և ոչ թե դեպի ագահություն:
Սիրտը, երբ նվաճվում է, ագահության ախտի հետ ընթանում է որպես դյուրահոս գետ, սիրտն իմ հակի՛ր դեպի քո պատվիրանները, ինչպես որ ասացիր, թե լավ է ինձ համար [խոնարհ սիրտ] ստանալ, քան ոսկի և թանկարժեք քարեր:
37. Դարձո՛ զաչս իմ, զի մի՛ տեսից զնանրութիւն, ի ճանապարհս քո կեցո՛ զիս:
Շրջի՛ր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր քո ճանապարհին:
Միտքս՝ երկրավոր զբաղմունքներից, որն ընդունայն է և սնոտի: Ինձ պահպանի՛ր քո ճանապարհին, որովհետև դեպի քեզ գալն է կենաց ճանապարհը:
38. Հաստատեա՛ ծառայի քում՝ զբան քո յերկիւղ քո:
Քո ծառայի համար հաստատի՛ր քո խոսքը, որ քո երկյուղի մեջ մնամ:
Այն խոսքը, որ ասացիր. «Երկնչի՛ր քո Տեր Աստծուց, միայն նրան պաշտի՛ր» (Բ Օրին. 6:13):
39. Հա՛ն յինէն զնախատինս, զոր և կարծեցի, զի դատաստանք քո քաղցր են:
Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից սարսափեցի, քանզի քաղցր են դատաստանները քո:
Սիմաքոսն այսպես է թարգմանում. «որոնց մեջ էի մնում», Թեոդիտոսը՝ «որոնցից պատկառում եմ», նկատի ունի խղճմտանքից առաջացած մեղքերի նախատինքը, ինչպես նաև այլոց բամբասանքների, որոնց մեջ մնալով ընկնում էի պատվից: Քանզի քաղցր են դատաստանները քո, նախ դու խոստովանիր անօրինություններդ, որպեսզի արդարացվես, և ես, ասում է Տերը, կենդանի եմ, և «Մեղավորի մահը չեմ ուզում, այլ՝ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկ. 33:11):
40. Ահա ցանկացայ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո՛ զիս:
Ահա ցանկացա քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանի՛ր ինձ:
Այս պատվիրանները, որ քաղցր են: Քո արդարությամբ պահպանի՛ր ինձ, ոչ թե այն, ինչ ես արեցի, այլ այն, որով դու քավություն տվեցիր:
41. Եկեսցէ ի վերա իմ ողորմութիւն քո, Տէր, և փրկութիւն քո ըստ բանի քում:
Ողորմությունդ ինձ վրա թող գա, Տեր, և փրկությունդ՝ ըստ քո խոստման:
Յուրաքանչյուր ոք կարոտ է Աստծու ողորմությանը, սակայն փրկության արժանի եղան նրանք, ովքեր տեսան Տիրոջը՝ Սիմեոնը և Զաքեոսը, և ովքեր նրանց պես են հոգով: Ըստ քո խոստման, ինչպես որ ասացիր, թե Աստված եմ ես ձեր մեջ, այլ ոչ թե մի սուրբ մարդ:
42. Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք, զի ես ի բանս քո յուսացայ:
Ես խոսքով պատասխան կտամ ինձ նախատողներին, քանզի հույսս դրի քո խոսքերի վրա:
Ոչ մի պատասխան չտվեցի Սեմեին, որովհետև քեզանից ընդունեցի՝ որպես մեղքերիս [հատուցում]: Քանզի հույսս դրի քո խոսքերի վրա, քանի որ իմ միջոցով ասացիր, թե. «Բարձր կդարձնեմ նրան՝ քան երկրի բոլոր թագավորները» (Սաղմ. 88:28):
43. Մի՛ ի բացէ առներ ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչև յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ:
Ճշմարտության խոսքը բնավ մի՛ հեռացրու իմ բերանից, քանզի հույսս դրի քո իրավունքի վրա:
Քանզի նախքան մեղանչելս անմեղի պես էի խոսում, սակայն մեղանչելուց հետո չթաքցրի նույնիսկ փոքր բաները, որովհետև հույսս դրի քո իրավունքի վրա, քանի որ բազմողորմ ես կոչվում:
44. Պահեցի զօրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից:
Քո օրենքը պահեցի ամեն ժամ, հավիտյանս և հավիտյանս հավիտենից:
Խոստանում եմ այլևս չմեղանչել և հավիտյան է ասում, քանզի օրենքով ասվում է, որ եթե անես այս, կապրես, և հայտնի է, որ նա հավիտյան հանգստություն պարգևող է:
45. Գնայի ես յանդորրու, զի պատուիրանս քո խնդրեցի:
Ես ընթացա անդորրության մեջ, քանզի քո պատվիրանները փնտրեցի:
Այն դեպքում, երբ այլոք անհանգստության մեջ էին՝ չպահելով և չլսելով քո պատվիրանները:
46. Խօսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, և ո՛չ ամաչէի:
Թագավորների առաջ խոսում էի քո պատվիրանների մասին ու չէի ամաչում:
Դավիթը Սավուղի առաջ, Դանիելը՝ Նաբուգոդոնոսորի, Պողոսը՝ Ագրիպոսի, մարտիրոսները՝ հեթանոս թագավորների առաջ:
47. Խորհէի ի պատուիրանս քո, զոր սիրեցի:
Խորհում էի քո պատվիրանների մասին, որոնք սիրեցի:
Ոչ թե միայն խոսքով, այլև խորհուրդներով էի դրանց մեջ:
48. Համբարձի զձեռս իմ ի պատուիրանս քո զոր սիրեցի, և խորհէի յարդարութեան քում:
Ձեռքս պարզեցի դեպի պատվիրանները քո, որոնք սիրեցի, և խորհում էի քո արդարության մասին:
Ոչ միայն խորհում էի և խոսում, այլև գործով կիրառում ու խորհուրդներով առաջնորդվում, նաև ներքին իմացումն է ձեռք կոչում:
49. Յիշեա՛ զբան ծառայի քո, յոր և յուսացուցեր զիս:
Հիշի՛ր քո ծառային տրված խոսքը, որի վրա էլ դրիր իմ հույսը:
[Հիշի՛ր] քո պատվիրանները պահողներին, կամ որ իր մասին ասաց. «Ձեռքս կընդունի նրան, և բազուկս նրան կզորացնի» (Սաղմ. 88:22): Եվ կամ այն է, որ ասում են, թե Ադամին հույս տվեց իր գալստյամբ:
50. Սա մխիթարեսցէ զիս ի խոնարհութեան իմում, զի բան քո կեցոյց զիս:
Դա է խոնարհության մեջ ինձ մխիթարողը, քանզի քո խոսքն ինձ պահպանեց:
Մեղքի պատճառով խոնարհված ժամանակ՝ հիշելով այսպիսի ավետիսը, քանզի քո խոսքերը Նաթանի միջոցով ապրեցրին ինձ:
51. Ամբարտաւանք անիրաւեցան յիս յոյժ, այլ յօրինաց քոց ես ոչ խոտորեցայ:
Ամբարտավանները շատ անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես քո օրենքից չխոտորվեցի:
Սավուղը, Աքիտոբելն ու Աբիսողոմը, և շատ ասելով նկատի ունի առավելը, բայց ես քո օրենքներից չխոտորվեցի՝ չսպանեցի Սավուղին, և ասացի, որ խնայեն Աբիսողոմին:
52. Յիշեցի զիրաւունս քո յաւիտենից, Տէր, և մխիթարեցայ:
Քո հավերժական օրենքները հիշեցի, Տե՛ր, ու մխիթարվեցի:
[Որ պահեցին] Աբելը, Աբրահամը և Մովսեսը, որոնք թեպետ վշտերի ենթարկվեցին, սակայն քո սիրով պսակվեցին:
53. Տրտմութիւն կալաւ զիս ի մեղաւորաց, և ոյք թողին զօրէնս քո:
Տրտմություն իջավ ինձ վրա մեղավորների ու քո օրենքը լքողների երեսից:
Մեղանչած Կայենի, փարավոնի, Կորխի, Դադանի, և նրանց պատճառով, ովքեր մեռան անապատում:
54. Գովելի են ինձ իրաւունք քո, ի տեղւոջ պանդխտութեան իմոյ:
Պատվիրաններդ գովասանքի արժանի են ինձ համար իմ պանդխտավայրում:
Քանզի օրենքն ասում է, որ սա պանդխտության և տրտմության վայր է, սակայն այլ կյանքի հույս կա:
55. Յիշեցի ի գիշերի զանուն քո, Տէ՛ր, և պահեցի զօրէնս քո:
Գիշերն հիշեցի քո անունը, Տե՛ր, և քո օրենքը պահեցի:
Վշտերն է գիշեր կոչում, ինչպես նաև այս կյանքը: Նաև՝ գիշերը պատվիրեցիր խորհել քո օրենքների մասին. քո անունը ցերեկ է, և գիշերը չի ծածկում:
56. Սա եղև ինձ ճանապարհ ի կեանս. Զի զարդարութիւնս քո խնդրեցի:
Դա՛ եղավ կյանքիս ուղին, քանզի քո արդարությունը փնտրեցի:
Քա անունը կյանքի ուղի դարձավ, որովհետև ամեն ոք, որ կանչի Տիրոջ անունը, կապրի, ինչպես որ իրեն կոչեց ճանապարհ, ճշմարտություն և կյանք (տե՛ս Հովհ. 14:6): Քանզի քո արդարությունը փնտրեցի. գավազանի միջոցով, որ առանց բծի արդարացնի:
Հանգիստ
57. Բաժին իմ ես դու, Տէ՛ր, ասացի պահել ինձ զօրէնս քո:
Բաժինս դո՛ւ ես, Տե՛ր, ասացի, որ օրենքիդ պիտի հետևեմ:
Ոչ բոլորի բաժինն է Աստված, այլ՝ կատարյալների, որ հրաժարվել են իրենց ողջ ունեցվածքից և աշխարհային հոգսերից, ինչպես ղևտացիները: Բաժինս դո՛ւ ես, Տե՛ր, որ արքայություն և աջակողմյանների դասն ես տալիս, քանզի, արդար ես բաժանում, ինչպես որ ասացիր. «Եթե այս փոքրերից մեկին արեցիք, ինձ արեցիք» (հմմտ. Մատթ. 10:42): Ասացի, որ օրենքիդ պիտի հետևեմ, որ ասացիր. «Քո Տեր Աստվածը մեկ Տեր է» (Բ Օրին. 6:4), այլ ոչ թե կուռքերն են:
58. Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով. ողորմեա՛ ինձ ըստ բանի քում:
Ամբողջ սրտովս աղաչեցի քեզ, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման:
Քո աչքերի քաղցր հայացքը, որպեսզի նայես ինձ: Ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման. այս խոսքերը նաև հիվանդն է բժշկին ասում, և վաճառականը՝ նավապետին, այսինքն՝ ամեն ինչ արա քո իմաստությամբ և արվեստով:
59. Խորհեցայ ի ճանապարհս իմ. և դարձուցի զոտս իմ ի վկայութիւնս քո:
Իմ ճանապարհի մասին խորհեցի, և քայլերս դեպի քո պատվիրանները շրջեցի:
Եբրայերեն թարգմանության մեջ նույնպես իմ ճանապարհի մասին է ասում: Քո օրենքների մասին խորհելն ընդհանրական է, իսկ իմ ասելը, այսինքն՝ որ թագավոր եմ, կա՛մ քահանայի է, կա՛մ զինվորի: Այլ ճանապարհներից դարձրի ոտքս դեպի քոնը, որը դեպի քեզ է բերում, և չշեղվեցի:
60. Պատրաստեցայ և ոչ խռովեցայ, զի պահեցի զպատուիրանս քո:
Պատրաստվեցի և չվախեցա պահել քո պատվիրանները:
Տրտմության հովտում պատրաստեցի ինձ վշտերի, և դրանց հանդիպելով ՝ խռովքի չմատնվեցի, ինչպես առաքյալները, երբ լսեցին Տիրոջից, թե. «Ձեզ նեղության պիտի մատնեն» (Մատթ. 24:9), և «Պիտի տանեն կուսակալների ու թագավորների առաջ» (Մատթ. 10:18), սակայն խռովքի չէին մատնվում այդ ամենից, այլ իմաստուն կույսերի պես պատրաստ մտան:
61. Տոռունք մեղաց պատեցան զինև. այլ զօրէնս քո ես ո՛չ մոռացայ:
Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրենքը ես չմոռացա:
Վշտերը, որ թե՛ մարդկանցից էին և թե՛ դևերից՝ հյուսված պարանի նման խառնիխուռն, և որով կապում են գազաններին, իրենց մեղքերի պատճատով մեղավորները կապվեցին: Նաև՝ օրենքը հիշելով կփշրվեն կապանքները, այսինքն՝ քո դատաստանի ահն ու երկյուղը:
62. Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել առ քեզ, վասն իրաւանց և արդարութեան քո:
Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ քո դատաստանների և արդարության համար:
Այն ժամանակ, երբ քունը քաղցրանում է, Աստծու սերը մի կողմ է վանում այն: Քո դատաստանների և արդարության համար, որովհետև, ինչպես որ տվեցիր մեզ գիշերային հանգիստը, քո տվածից էլ մենք քեզ բաժին հանենք: Նաև Քրիստոսի հարությունն ու գալուստն է, որի ժամանակ հարություն են առնելու բոլոր կույսերը և պատրաստելու են իրենց լապտերները: Պողոսն ու Շիղան էլ կեսգիշերին աղոթքի կանգնեցին, թեև նրանց ոտքերը կոճղի մեջ էին ամրացված (տե՛ս Գործք 16:24-25): Քո դատաստանների և արդարության համար, որ կատարելու ես այնտեղ:
63. Հաղորդ արա՛ զիս ամենայն երկիւղածոց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո:
Հաղորդակից դարձրու ինձ քեզնից երկյուղ կրող բոլոր մարդկանց հետ, ովքեր պահում են պատվիրանները քո:
Սա խնդրանք է Աստծուն, իսկ հաղորդակից լինելը գովեստ է անձի համար, քանզի ոչ միայն ինքը առաքինի էր, այլև՝ հաղորդակից նրանց՝ սրբերի կարիքները հոգալով և սպասավորելով, ինչպես Պողոսը: Նորից. հաղորդակից դարձրու ինձ, ինչպես որ ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն, և քո ընկերոջը՝ քո անձի պես» (Մատթ. 22:37-39): Եվ հաղորդակից ասելու փոխարեն ասորերենում ասվում է. «բոլորի կողմից սիրելի էի»:
64. Ողորմութեամբ Տեառն լի եղև երկիր. զարդարութիւնս քո ուսո՛ ինձ:
Երկիրը լցվել է Տիրոջ ողորմությամբ, սովորեցրո՛ւ ինձ արդարությունը քո:
Արևը ծագում է, անձրև է տեղում անառակների, մարդասպանների վրա, և ներում է բոլոր չարագործներին: Սովորեցրո՛ւ ինձ արդարությունը քո, գիտի, թե ինչու է փնտրում սովորել, որովհետև կատարյալ գիտությունը հանդերձյալում է, ինչպես որ Պողոսն է ասում. «Քանզի շատից քիչը գիտենք» (Ա Կորթն. 13:9):
65. Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում, Տէր, ըստ բանի քում:
Քաղցրությամբ վարվեցիր ծառայիդ հետ, Տե՛ր, քո խոսքի համաձայն:
Քո քաղցրության փորձն ունեմ, քո խոսքի համաձայն, երբ վերցրիր ինձ ոչխարների հոտից և Նաթանի միջոցով ասացիր. «Ես քեզ արոտավայրից վերցրի» (Ա Մնաց. 17:7):
66. Քաղցրութիւն, զխրատ, և զգիտութիւն ուսո՛ ինձ, զի ի պատուիրանս քո ես հաւատացի:
Քաղցրություն, խրատ և գիտություն սովորեցրո՛ւ ինձ, քանզի հավատացի քո պատվիրաններին:
Խառնի՛ր խրատը քաղցրության հետ, ասում է, քանզի շատ օգտակար է, որպեսզի հպարտությունը չտիրի:
67. Մինչչև խոնարհեալ էի ես՝ մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ:
Քանի դեռ չէի խոնարհվել՝ մեղանչում էի, դրա համար խստորեն հետևեցի քո խոսքերին:
Իմն է, ասում է, մեղադրանքը, քանզի անվնաս էի և ինքնակալ թագավոր, սակայն մեղանչեցի, ուստի եկավ խոնարհության խրատը: Ասորերենում ասվում է. «քանի դեռ չէի խոնարհվել՝ հավատացի», որն ամեն ոք պետք է պահի. նախ՝ հավատալ, ապա խոնարհվել բոլոր բարի գործերին:
68. Քաղցր ես դու, Տէր, և քաղցրութեամբ քով ուսո՛ ինձ զարդարութիւնս քո:
Քաղցր ես դու, Տե՛ր, և քո քաղցրությամբ քո արդարությունը սովորեցրո՛ւ ինձ:
Մենք դառնացրինք, սակայն դու քաղցր ես մնում, սովորեցրո՛ւ ընդունելի ապաշխարությունը:
69. Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից. այլ ես բոլորով սրտիւ իմով քննեցի զպատուիրանս քո:
Ամբարտավանների անիրավություններն իմ դեմ շատացան, բայց ես ամբողջ սրտովս քո պատվիրանները քննեցի:
Շատացան՝ այլազգիներինը, և ովքեր ձգեցին նրա ծառաների մազերն ու մորուքը: Բայց ես ամբողջ սրտովս քո պատվիրանները քննեցի, որ ասում է. «Ատամի դիմաց՝ ատամ» (Ելք 21:24), թերևս նաև որ պիտի ասես՝ սիրել թշնամիներին և ատողներին:
70. Մածեաւ որպէս կաթն սիրտք նոցա, այլ ես զօրէնս քո խօսեցայ:
Կաթի պես թանձրացավ սիրտը նրանց, բայց ես քո օրենքներով խոսեցի:
Իրենք մակարդ խառնեցին, ըստ Եսայու. «քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է», և կարծրացավ փարավոնի սիրտը (տե՛ս Սիր. 16:15), Աստված կարծր ստեղծեց: Բայց ես քո օրենքներով խոսելով՝ բնությանը [հավատարիմ] մնացի:
71. Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո:
Լավ է, որ դու խոնարհ դարձրիր ինձ, որպեսզի քո արդարությունը սովորեմ:
Մեղանչելուց հետո բոկոտն փախավ: Եվ փորձով սովորեցի, որ արդար են քո դատաստանները:
72. Բարի են ինձ օրէնք բերանոյ քո, քան զհազարս ոսկւոյ և արծաթոյ:
Քո բերանից ելած օրենքն ինձ համար ավելին է, քան հազարներով արծաթ ու ոսկի:
Քանզի արծաթն ու ոսկին երկիրն է տալիս և այստեղ են մնում սրանք:
73. Ձեռք քո արարին և ստեղծին զիս, իմաստո՛ւն արա զիս և ուսոյց զպատուիրանս քո:
Քո ձեռքերն արարեցին ու ստեղծեցին ինձ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ սովորեմ պատվիրանները քո:
Սկզբնական պատիվն ու սերն է հիշեցնում, արարեցին հոգի և ստեղծեցին մարմին: Իմաստո՛ւն դարձրու ինձ, որպեսզի զանց չառնեմ քո պատվիրանները, ինչպես Ադամը, և մեղանչելուց հետո անարժան բաներ չխոսեմ:
74. Երկիւղածք քո տեսցեն զիս և ուրախ եղիցին, զի ես ի բանս քո յուսացայ:
Քեզնից երկյուղ կրողները պիտի տեսնեն ինձ և ուրախանան, քանզի հույսս դրի քո խոսքերի վրա:
Ուրախության առիթ եղավ քո բոլոր երկյուղածների համար, առաջին արդարներն ինձ մահվանից հետո տեսնելով՝ հանդերձյալում ցնծալու են՝ ինչպես քո խոսքը պահողին տեսնելով:
75. Ծանեայ, Տէ՛ր, զի արդարութեամբ են դատաստանք քո, յիրաւի խոնարհեցուցիր զիս:
Հասկացա, Տե՛ր, որ քո դատաստանն արդար է, և իրավացիորեն խոնարհ դարձրիր ինձ:
Թեև որոշ ժամանակ դժվարընկալելի էր, սակայն հետո գիտակցեցի օգուտը:
76. Եղիցի ողորմութիւն քո ի մխիթարել զիս, ըստ բանի քում, զծառայս քո:
Ողորմությունդ թող ինձ մխիթարություն լինի՝ ծառայիդ տրված խոսքիդ համաձայն:
Ըստ Եսայու. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես» (Ես. 30:16), նաև Երեմիան (= Զաքարիա) է ասում. «Դարձե՛ք դեպի ինձ, և ես պիտի դառնամ դեպի ձեզ» (Զաք. 1:3):
77. Եկեսցեն յիս գթութիւնք քո և կեցից, զի օրէնք քո խօսք իմ էին:
Գթություններդ թող ինձ վրա գան, որպեսզի ապրեմ, քանզի քո օրենքներն իմ խոսքերն էին:
Որպեսզի ապրեմ, քանզի մեղանչելուց հետո մեռած է համարում իրեն, Աստծու գթությամբ աղաչում է ապրել մեռած վիճակից: Քանզի քո օրենքներն իմ խոսքերն էին, և դրա համար առավել մեղադրվելու ենթակա եմ:
78. Ամաչեսցին ամբարտաւանք, որ ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացայ ի պատուիրանս քո:
Ամբարտավանները պիտի ամաչեն, որ իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, իսկ ես քո պատվիրանների մասին պիտի խորհեմ:
Եվ սա անեծք չէ, քանզի եթե ամաչի, ապա զջման միջոցով կփրկվի, նկատի ունի Աքիտոբելին և Աբիսողոմին և մյուս իշխաններին, որոնց առջև չէի մեղանչել: Իսկ ես քո պատվիրանների մասին պիտի խորհեմ, որոնց առջև հանցավոր եմ:
79. Խրատեսցեն զիս երկիւղածք քո, և ոյք ճանաչեն զվկայութիւնս քո:
Թող ինձ խրատեն քեզնից երկյուղ կրողները և քո վկայությունները ճանաչողները:
Նաթանը, Մովսեսը և մարգարեներն իրենց գրով, և ովքեր ճանաչում են քո վկայությունները, այլ ոչ թե դևերը, որոնք չեն հոգում քո պատվիրանների մասին:
80. Եղիցի սիրտ իմ անբիծ յարդարութեան քում, զի մի՛ ամաչեցից:
Թող սիրտս անբիծ լինի քո արդարության մեջ, որպեսզի չամաչեմ:
Խղճմտանքս շատ դատապարտեց ինձ, արդարությո՛ւն համարիր դա, և պարզ ու մաքուր մտքով ցանկանում եմ օրհնել քեզ, վստահությամբ՝ առանց ամոթի:
81. Կարօտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո, զի ես ի բանս քո յուսացայ:
Հոգիս կարոտեց քո փրկությանը, քանզի հույսս դրի քո խոսքի վրա:
Հոգիս փափագում է ազատվել ցավեցնող մտքից, քանզի հույսս դրի քո խոսքի վրա, թե ողորմություն կգտնեմ իմ սիրելիների կողմից մինչև հազար սերունդ: Նորից՝ փափագում եմ քո Հիսուսին, որ գալու է հազար տարուց հետո:
82. Սպասեցին աչք իմ բանի քում. Ասացի՝ ե՞րբ մխիթարեսցէ զիս:
Աչքերս սպասեցին քո խոսքին, ասացի՝ «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»:
Որպեսզի ուղարկես քո Խոսքին՝ Հիսուսին, ինչպես մշակ՝ աշխատած, քաղցած և ծարավ, աչքը ճանապարհին է, իսկ սիրելիները հեռավոր ճամփորդի հույս ունեն, և ուշանալուց նվաղում են:
83. Եղէ ես որպէս տիկ ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ո՛չ մոռացայ:
Եղա ես ինչպես տիկը սառնամանիքում, քանի որ քո արդարությունը չմոռացա:
Տիկը, երբ կրակով տաքանում է, չորանում է ու այրվում, իսկ երբ թրջվում է՝ թուլանում, երբ փչում են՝ ուռչում է, իսկ սովորականի պես մնալուց՝ ամրանում, այդպես էլ բնությունը փափկությունների մեջ թուլանում է, և փառքի մեջ՝ հպարտանալով ուռչում, իսկ ճգնությամբ՝ չորանում: Ընդ որում, Դավիթը փափկանալով՝ մեղանչեց, իսկ ապաշխարությունից և դատաստանի երկյուղից խեցու պես չորացավ: Նաև բնությունը մեղքերի պատճառով տիկի պես հնացավ, և չարի սառնությամբ հյուսիսի հողմով կարծրացավ, մինչև եկավ Տերը և նորից նորոգեց, որպեսզի նույն արժանիքով հավիտյան պարզերես մնա՝ նոր գինու համար բավարար լինելով: Եվ քանի որ ոչ Դավիթը արդարությունը մոռացավ, և ոչ էլ բնությունը, ապա ողորմության գտան:
84. Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ի հալածչաց իմոց:
Որքա՞ն են քո ծառայի օրերը, ե՞րբ պիտի տեսնես դատաստանն ինձ հալածողների:
Քանի՞՝ յոթանասուն կամ ութսուն տարի, նաև մահվամբ գրավված է բնությունը, իսկ դևերը հալածում են մեղքով, ե՞րբ պիտի գաս ու մեր դատաստանը տեսնես, որ այսքան թշնամիներ ունենք, և քիչ ու ցավալի օրեր:
85. Պատմեցին ինձ անօրէնք զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո:
Անօրեններն ինձ խորհուրդներ տվին, բայց ոչ քո օրենքի համեմատ:
Օրենքի համեմատ չէր, որ խորհուրդ էին տալիս Դավթին սպանել Սավուղին և Սեմեեին, սակայն չազդեցին ինձ վրա, ինչպես քո օրենքներն են [ազդում]: Նաև դևերը Աֆրոդիտեի և Դիոնիսեոսի ընծայարան սարքեցին և դրանով զբաղեցրին բնությանը, սակայն հաստատուն չմնացին, ինչպես քո օրենքներն են:
86. Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ի նանիր հալածեցին զիս, օգնեա՛ ինձ:
Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, իզուր ինձ հալածեցին, օգնի՛ր ինձ:
Ճշմարտությունը դալար և պտղալից տունկ է, որը Ավետարանն է: Իզուր ինձ հալածում են՝ սովի մատնելով ինձ, քո օգնության կարիքն եմ զգում:
87. Փոքր մի ևս՝ և կորուսանէին զիս յերկրի, այլ ես ոչ թողի զպատուիրանս քո:
Մի փոքր ևս՝ և նրանք կորստյան կմատնեին ինձ երկրի երեսից, բայց ես չլքեցի քո պատվիրանները:
Հուսահատության մատնելով և առանց ապաշխարության մեռնելով, բայց ես չլքեցի քո պատվիրանները, որ ասացիր. «Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայելի, հիրավի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, այլ՝ չար ճանապարհից ետ դառնալը և փրկվելը» (հմմտ. Եզեկ. 18:31-32):
88. Ըստ ողորմութեան քում կեցո՛ զիս. և պահեցից զվկայութիւնս բերանոյ քո:
Քո ողորմությամբ կյանք տուր ինձ, և ես կպահպանեմ քո բերանի վկայությունները:
Քո ողորմությանը հուսալով կապրեմ, այլ ոչ թե ըստ իմ արժանիքի, և այսուհետև կպահպանեմ քո բերանի վկայությունները. չշնանալը և այլն:
89. Յաւիտեան, Տէր, բան քո կայ յերկինս, ազգէ մինչև յազգ է ճշմարտութիւն քո:
Քո խոսքերը, Տեր, հավիտյան երկնքում է: Սերնդից սերունդ մնում է քո ճշմարտությունը:
Քո խոսքերը հաստատված են երկնքում: Նաև՝ քո խոսքերը երկնքում են՝ հրեշտակների մոտ, քանզի հզոր են զորությամբ՝ կատարելու քո խոսքը, և նրանցով տվեցիր օրենքի ճշմարտությունը հրեա ազգին, և այնտեղից բերեցիր մինչև հեթանոս ազգերին, որտեղ ճշմարտությունը պայծառացավ, իսկ հրեաներինը ցույց տրվեց որպես ստվեր:
90. Հաստատեցեր զերկիր, և կա:
Դու հաստատեցիր երկիրը, և կա:
Բավարար պարագաներով՝ մարդկանցով և կենդանիներով, և կա այն: Նաև օրենքի ճշմարտությամբ հաստատվեց երկիրը, և որ հնացավ ինքը և նրա բոլոր բնակիչները, քանզի դու հաստատեցիր նրա սյուները:
91. Հրամանի քում մնայ տիւ. զի ամենայն ծառայ քո է:
Քո հրամանին է սպասում ցերեկը, քանզի բոլորը քո ծառաներն են:
Ինչպես Հեսուի և Եզեկիայի դեպքում, նաև՝ բաժանեցիր ցերեկը գիշերից, և մնում է իր սահմանված կետում, քանզի բոլորը քո ծառաներն են, քո միջոցով են գոյացել՝ Արաչիդ հրամանով:
92. Եթէ ո՛չ օրէնք քո խօսք իմ էին, կանխաւ ևս արդեօք կորուսեալ էի ի խոնարհութեան իմում:
Եթե քո օրենքն իմ խոսքը չլիներ, վաղուց ես կործանված կլինեի իմ խոնարհության մեջ:
Այսպես յուրաքանչյուր տանջված հոգի ասում է Աստծուն, ինչպես Հովսեփը, Դանիելը, երեք մանուկները, Դավիթը, մեր բնությունը, եթե բնական օրենքը չիմանային, որով անառակ որդին եկավ հոր մոտ, ապա խոնարհները վաղուց կործանված կլինեին փորձությունների վշտերից:
93. Յաւիտեան ոչ մոռացայց զարդարութիւնս քո, զի նոքօք կեցուցեր զիս:
Հավիտյան չպիտի մոռանամ քո արդարությունները, քանզի դրանցով ինձ պահպանեցիր:
Քո արդարությունը պահպանեց ինձ, այլ ոչ թե իմը, որն անսասան հավատն է:
94. Քո եմ ես, և կեցո՛ զիս, զի զարդարութիւնս քո խնդրեցի:
Քոնն եմ ես՝ փրկի՛ր ինձ, քանզի արդարությունդ փնտրեցի:
Ամեն մարդ, որ մեղքի ծառա է, չի կարող այսպես ասել մինչև չհեռանա [մեղքից]՝ Աստծու արքայությունը փնտրելով:
95. Ինձ սպասեցին մեղաւորք ի կորուսանել, զի զվկայութիւնս քո ես ի միտ առի:
Մեղավորները հետամտեցին, որ կործանեն ինձ, քանզի մտքումս քո վկայությունները դրի:
Սիմաքոսը [թարգմանում է]՝ «սպասում էին, թե երբ է կործանվելու»՝ այլազգիների կողմից հալածվելով: Քանզի մտքումս քո վկայությունները դրի, որ ասացիր. «Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը» (Գործք 13:22):
96. Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդորր էին ինձ պատուիրանք քո:
Ամեն կատարելության սահմանը տեսա, քո պատվիրանները խիստ ընդարձակ էին ինձ համար:
Սիմաքոսն ու Թեոդիտոն [թարգմանում եմ]` «Ամեն տեսակ պատրաստություն անցնում են», կենցաղային բոլոր բարիքները վերջ ունեն՝ ուտել, խմել, խառնակություն: Յոթանասունիցում ասվում է. «խիստ ընդարձակ են ինձ համար»: Սիմաքոսը՝ «անդորր են», թեև պատվիրանները նեղ ու անձուկ են, սակայն հատուցման հույսով ընդարձակ են ու անդորր:
97. Որպէս սիրեցի զօրէնս քո, զօրհանապազ խօսք իմ էին:
Որքա՜ն սիրեցի օրենքները քո, նրանք գիշեր-ցերեկ իմ խոսքերն էին:
Ոմանք երկյուղից դրդված, մի մասն էլ փառքի համար են բարիք գործում, իսկ ովքեր միայն Աստծու սիրուց մղված են անում, չեն դադարում խորհել և խոսել այդ մասին:
98. Քան զթշնամիս իմ իմաստուն արարեր զիս ի պատուիրանս քո, զի յաւիտեան իմ էին:
Թշնամիներիցս ավելի խելացի դարձրիր ինձ քո պատվիրաններով, քանզի նրանք իմն էին միշտ:
Քանզի թշնամիները քո պատվիրաններով չիմաստացան, որովհետև իմն էին միշտ, որոնք նախնիներից էի ձեռք բերել:
99. Քան զամենայն ուսուցիչս իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք քո խօսք իմ էին:
100. Քան զծերս իմաստուն եղէ, զի զպատուիրանս քո քննեցի:
Բոլոր ուսուցիչներիցս ավելի իմաստուն եղա, քանզի քո վկայություններն իմ խոսքերն էին: Ծերունիներից ավելի իմաստուն դարձա, քանզի քո պատվիրանները քննեցի:
Դավթի ուսուցիչը Սավուղն էր, Աբեները, Աքիտոբելը, քանզի թագավորը պետք է իմաստուն լինի, ինչը և Սողոմոնը խնդրեց Աստծուց, նրանք չիմաստնացան, այլ Դավիթը մանուկ լինելով՝ խոսում էր ու քննում Աստծու պատվիրաններն ու վկայությունը:
101. Յամենայն ճանապարհաց չարաց արգելի զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո:
Ոտքերս ետ պահեցի չարիքի բոլոր ճանապարհներից, որպեսզի պահեմ քո խոսքերը:
Շատ են չար ճանապարհները, սակայն Աստծունը մեկն է, երկու ճանապարհով մարդը չի կարող գնալ, մեկ ճանապարհով պետք է գնա, ասում է, որով գնաց անմեղը, որպեսզի պահեմ քո խոսքերը, ինչպես որ ասաց. «Սուրբ եղե՛ք, որովհետև սուրբ եմ ես» (Ա Պետր. 1:16):
102. Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ, զի դու օրէնսգետ արարեր զիս:
Քո իրավունքից չխոտորվեցի, քանզի դու ինձ օրենսգետ դարձրիր:
Քոնն է շնորհը, քանի որ դու հայտնեցիր քո կամքը:
103. Որպէս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո քան զմեղր բերանոյ իմոյ:
Որքա՜ն քաղցր են քո խոսքերն իմ քիմքին՝ ավելի քաղցր, քան մեղրն իմ բերանին:
Քանի որ մեղուներն են մեղր ձեռք բերում, իսկ Սուրբ Հոգին խոսք է բխեցնում, որը ներքին քիմքով են ճաշակում:
104. Ի պատուիրանաց քոց իմացեալ՝ ատեցի զամենայն ճանապարհս չարաց, զի դու օրէնսգետ արարեր զիս:
Քո պատվիրաններով իմաստնանալով՝ ատեցի չարիքի բոլոր ճանապարհները, քանզի դու ինձ օրենսգետ դարձրիր:
Քանզի մեղքերը չէի ճանաչում, մինչև որ օրենքով չասվեց, թե մի՛ ցանկացիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, նաև օրենքի իմաստը ցույց տվիր ինձ:
105. Ճրագ է բան քո ոտից իմոց, և լոյս տայ շաւղաց իմոց:
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները:
Քանզի գիշերվա համար էր պետք օրենքը, ընդ որում մինչ այդ Հովհաննեսն էր ճրագ, որ ցույց էր տալիս Տիրոջ գալստյան ճանապարհը, մինչև ծագեց արեգակը՝ մեր Տերը:
106. Երդուայ և հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո:
Երդվեցի ու որոշեցի, որ պիտի պահեմ քո բոլոր արդար իրավունքները:
Անփոփոխելին է երդում կոչում, որ պիտի պահեմ քո բոլոր արդար իրավունքները, այսինքն՝ սերը, որի վրա են հենված բոլոր օրենքներն ու մարգարեները, ինչպես որ դու ասացիր:
107. Խոնարհ եղէ մինչև յոյժ. Տէր, կեցո՛ զիս ըստ բանի քում:
Սաստիկ խոնարհվեցի. Տե՛ր, կյա՛նք տուր ինձ ըստ քո խոստման:
Իրավամբ էր այսպես ասում, քանզի թագավոր էր և մարգարե, սակայն խոնարհվեց Նաթանի առաջ և Սեմեից նախատինքներ կրեց: Տե՛ր, կյա՛նք տուր ինձ ըստ քո խոստման, թե. «Ես եմ սպանում և ես եմ փրկում» (Բ Օրին. 32:39):
108. Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեա՛, Տէ՛ր, և զիրաւունս քո ուսո՛ ինձ:
Բարեհաճի՛ր ընդունել ընծան իմ բերանի, Տե՛ր, և քո իրավունքն ինձ սովորեցրո՛ւ:
Բարի [գործերի]. կա, որ ըստ օրենքի է հաստատված և կա, որ մարդն է ցանկանում և նվիրաբերում, որն էլ կամավոր է կոչվում, ինչպես զոհաբերությունը, Դավթի ձայնը և բերանով երգելը, իսկ ազգերին՝ հիշատակագրելով, ամբողջ հոգով և ամբողջ սրտով նվիրեց, և Աստծուն խնդրում է ընդունել: Եվ քո իրավունքն ինձ սովորեցրու. եթե քեզ հաճելի է, ասում է, իրավունքն ինձ տուր:
109. Անձն իմ ի ձեռս քո յամենայն ժամ. և զօրէնս քո ես ո՛չ մոռացայ:
Հոգիս ամեն ժամ քո ձեռքում է, և ես քո օրենքը չմոռացա:
Քանի որ քո պատկերն է, անմոռաց է պահում քո օրենքները:
110. Եդին ինձ մեղաւորք որոգայթ. ի պատուիրանաց քոց ես ո՛չ մոլորեցայ:
Մեղավորները որոգայթ լարեցին իմ դեմ, ես քո պատվիրաններից չխոտորվեցի:
Դովեկը և զիփացիները: Ես քո պատվիրաններից չխոտորվեցի՝ հիշել քեզ նեղության ժամանակ և փրկվել:
111. Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեանս, զի ցնծութիւն է սրտի իմոյ:
Հավիտյան ժառանգեցի քո վկայությունները, քանզի նրանք իմ սրտի ցնծությունն են:
Ժառանգությունը սեփականն ու հայրական է, որով անմահ կլինեմ ես անմահության հոգուն միավորվելով, որպեսզի ցնծություն լինի տրտմած հոգուս համար:
112. Խոնարհեցուցի զսիրտ իմ, առնել զարդարութիւնս քո յաւիտեան, վասն հատուցման:
Սիրտս խոնարհեցրի, որ հատուցման համար հավիտյան քո արդարությունը կատարեմ:
Հպարտությունից խուսափեցի, որ հավիտյան քո արդարությունը կատարեմ, որովհետև Տերը հակառակ է ամբարտավաններին, և հատուցում է, ուստի և շնորհներ է տալիս խոնարհներին, և ով խոնարհեցնում է իր անձը՝ կբարձրանա:
113. Զանօրէնս ատեցի, և զօրէնս քո սիրեցի:
Ատեցի անօրեններին, և քո օրենքը սիրեցի:
Քանզի ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև ինչպե՞ս կարող է լույսը միավորվել խավարի հետ:
114. Օգնական և փրկիչ իմ ես դու. և ես ի բանս քո յուսացայ:
Օգնականն ու փրկիչն իմ դու ես, և ես հույսս դրի քո խոսքի վրա:
Օգնական՝ փոքր վշտերի մեջ, և փրկիչ՝ մահվանից, քանզի ես հույսս դրի քո խոսքի վրա, որ յուրաքանչյուրն ըստ իր լեզվի է դատվելու, ինչպես որ դու իսկ հրամայեցիր. «Որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12:37), սա են, ասում է, իմ խոսքերը:
115. Ի բա՛ց եղերուք յինէն չարք. և քննեցից զպատուիրանս Աստուծոյ իմոյ:
Հեռացե՛ք ինձնից, չարագործնե՛ր, որ ես իմ Աստծու պատվիրանները քննեմ:
Չար խորհուրդներին է սաստում, որ եկվոր են, որպեսզի քննի, այսինքն՝ նրա արժանավոր գործերը:
116. Օգնեա՛ ինձ ըստ բանի քում, և կեցո՛ զիս, և մի՛ յամօթ առներ զիս ի յուսոյ իմմէ:
Օգնի՛ր ինձ ըստ քո խոսքի ու պահպանի՛ր ինձ, և իմ հույսի մեջ ինձ մի՛ ամաչեցրու:
Քանզի դու գիտես իմ օգուտը, որպեսզի ամոթահար չլինեմ, որովհետև քեզ հուսացի, այլ ոչ թե ուրիշ մեկի:
117. Օգնե՛ա ինձ, և ապրեցո՛ զիս. և խորհեցայց յիրաւունս քո յամենայն ժամ:
Օգնի՛ր ու փրկի՛ր ինձ, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ:
Գնի՛ր ինձ, ասում է, մեղքի մահվանից, որ շարունակ քո դատաստանի մասին մտածեմ՝ ամեն ժամ դատաստանի երկյուղի մասին:
118. Անարգեցեր զամենեսեան, որ ապստամբ եղէն յարդարութեանց քոց, զի անիրաւութեամբ էին խորհուրդք նոցա:
Անարգեցիր բոլոր նրանց, ովքեր ընդվզեցին քո արդարության դեմ, քանզի անիրավ էին նրանց խորհուրդները:
Հսկաներին, սոդոմացիներին, քանզի անիրավ էին նրանց խորհուրդները, մտածում էին չարիքի մեջ ապրել:
119. Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո:
Հանցավոր համարեցի աշխարհի բոլոր մեղսագործներին, դրա համար սիրեցի պատվիրանները քո:
Այսինքն՝ մեղավորների անցավոր հաջողությունները, այդ պատճառով էլ սիրեցի քո պատվիրանները, քանզի հավիտենական փառք են խոստանում:
120. Բևեռեա՛ ընդ երկիւղ քո զմարմին իմ. զի ի դատաստանաց քոց երկեայց յոյժ:
Մարմինն իմ գամի՛ր քո երկյուղին, քանզի սաստիկ վախեցա քո դատաստաններից:
Հոգիս հոժար է, սակայն մարմինս հեշտություն է փնտրում, բևեռի՛ր սրանում, ասում է, վերջին օրվա քո սարսափելի հայտնությունը, որպեսզի քո դատաստաններից հույժ երկյուղի, ոչ թե չափավոր, այլ՝ հույժ՝ հիշելով ահավոր բեմը և անշեջ գեհենը:
121. Արարի իրաւունս և արդարութիւն, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց:
Իրավունք և արդարություն գործեցի, մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը:
Դավիթն արդարությամբ դատաստան արեց, թեև եղավ մարդասեր, և արդարությունը ողորմության հետ չխառնեց: Նաև ասում են, որ սաղմոսի առաջին մասում և այստեղ անմեղության մասին է խոսվում, և սա առավել ստույգ է, իսկ մեջտեղի հատվածում՝ մեղանչելու մասին: Սակայն այստեղ էլ աղաչում է փրկվել բացահայտ նեղողներից և դևերից, որ մեր աղտեղություններով են պատերազմում: Նաև դատաստան չտեսնել ըստ մեր բնության, քանզի եթե սատանային հարցնեն, [կասի], թե ստեղծեց բնությունը իրավունքով և արդարությամբ, ստեղծեց նաև անիրավությունը, սակայն նա իրավացի չէ, քանզի նա է մեղքի պատճառը: Իսկ Աստծու՝ մեզ դատելու ժամանակ, չի ցանկանում մատնվել նրանց դատին, և մտապահել նրանց ամբարտավանությունները, որ մեր մասին են ասում: Այլ մեր Տիրոջն է վայել հանձն առնել իրավունքն ու արդարությունը, և Հորը հանձնել օրհնությունը: Մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը, և հանդերձյալում էլ ինքն է դատավորն ու Փրկիչը:
122. Ընկա՛լ զծառայս քո ի բարի, զի մի՛ ամբարտավանք զզուեսցեն զիս:
Ծառայիդ բարությամբ ընդունի՛ր, որ ամբարտավանները չչարչարեն ինձ:
Ընդունի՛ր իմ երաշխավորությունը, և այսուհետև ինձանից բարին ակնկալիր, որ ամբարտավանները չչարչարեն ինձ, այսինքն՝ գարշելի և զզվելի դևերը, քեզանից և հրեշտակներից [հեռացնելու համար] աղտեղություն խառնելով քո ստեղծածների մեջ: Նորից՝ չարչարելը զրպարտելն է, ինչպես Աստծուն [զրպարտեցին] Ադամի առջև:
123. Սպասեցին աչք իմ փրկութեան քում, Տէր, և բանից արդարութեան քո:
Աչքերն իմ սպասեցին քո փրկությանը, Տե՛ր, և քո արդարության խոսքին:
Մտքով և խոսքով սաստիկ կարոտելով քո արդարությանը, քանզի հույս ունեմ, որ դու կվկայես իմ արդարության մասին՝ լցնելով պակասը:
124. Արա՛ ընդ ծառայի քում, Տէր, ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուս՛ո ինձ:
Ծառայիդ հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ, քո ողորմությունն ինձ սովորեցրո՛ւ:
Այսքան արդարության մշակն Աստծու ողորմությամբ ապրել է աղերսում, և տակավին կարոտ է՝ արդարությունը սովորելու:
125. Ծառայ քո եմ ես, իմաստո՛ւն արա զիս, և ծանեայց զվկայութիւնս քո:
Ես քո ծառան եմ, ինձ իմաստո՛ւն դարձրու, որ ճանաչեմ քո վկայությունները:
Բոլոր ստեղծվածներս Աստծու ծառաներն ենք, սակայն իրավամբ ծառա է նա, ով ազատ է մեղքերից, որով նաև սա է պարծենում, և ինչպես հավատարիմ ծառա, ցանկանում է սովորել Տիրոջ կամքը, իմանալ խորհուրդները: Եվ ճանաչեմ, ինչպես Նաթանայելը, որի մասին Տերը վկայեց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1:47):
126. Ժամ է պաշտել զՏէր, խափանեցին զօրէնս քո:
Ժամն է, որ Տերը վեր կենա, քանզի խափանեցին քո օրենքը:
Հառնի երկայնամտությունից, քանզի բազմացան օրենքը խափանողները: Ըստ ուրիշների՝ Տիրոջը պաշտելու ժամն է, տղաների ութօրյա թլփատության, խափանեցին օրենքը շաբաթի:
127. Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո, քան զամենայն ոսկի և զտպազիոն:
Հիրավի, սիրեցի քո պատվիրանները ոսկուց և տպազիոնից ավելի:
Չփոխանակեցի ոսկու հետ, որ ամբողջ երկիրն ունի, և ոչ էլ տպազիոնի, որ բոլոր քարերից պատվական է համարվում: Ինչպես որ ասում են, թե Հնդկաստանում տպազիոն են գտել և վաճառելով չնչին գնով՝ նվիրել են եթովպացիների թագուհուն, նա էլ առնելով՝ դրել է թագի մեջ, որը դեղ է ամեն տեսակ ցավերի: Տրորելուց կարմրում է, իսկ թափվող ջուրը սպիտակ է, և բազում ամաններ իր ջրով լցնելուց քաշը չի պակասում և ոչ էլ քարի չափը: Սա մեր Տիրոջ օրինակն է, որով պսակվում է եկեղեցին, իսկ նրա արյունը բժշկում է ամեն տեսակ ցավերից, բժշկվածին սպիտակեցնելով՝ անմեղացնում է, այլ ոչ թե արյունլվա է դարձնում:
128. Ամենայն պատուիրանք քո յաջողեցան ինձ, զի ատեցի ես զճանապարհս չարաց:
Քո բոլոր պատվիրաններն ինձ հաջողություն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի:
Քանզի չարագործ անձն իմաստություն չի կարող ունենալ, այլ նա, ով ատում է չարը, հաջողություն կունենա բարու մեջ:
129. Սքանչելի են վկայութիւնք քո, վասն այսորիկ սիրեաց զնոսա անձն իմ:
Սքանչելի են քո վկայությունները, դրա համար հոգիս սիրեց դրանք:
Օրենքը, որ չարերը մեղադրում են, ինձ համար զարմանալի եղավ, քանզի քննեցի և իմացա Հոգով:
130. Յայտնութիւն բանից քոց լուսաւոր և իմաստուն առնէ զտղայս:
Քո խոսքերի հայտնությունը լուսավորում և իմաստնացնում է պարզամիտներին:
Այն, ինչ չարերից ծածկվում է, աղաչում է իմաստնացնել անմեղ մանուկներին, ինչպես որ Տերն է ասում. «Ծածկեցիր այս բանը իմաստուններից ու հայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25): Ասորերենում. «քո խոսքի հայտնությունը», որ երբ Բանը մարմնով հայտնվեց, անգետները լուսավորվեցին:
131. Զբերան իմ բացի, և առի զհոգի, ի պատուիրանս քո փափագեաց անձն իմ:
Բերանս բացեցի ու շունչ առա, հոգիս փափագեց պատվիրանները քո:
Քանզի նախ լսեց, թե. «Բա՛ց բերանդ, և ես պիտի լցնեմ այն» (Սղմ. 80:11): Բերանը նաև հոգու հոժարությունն է ցույց տալիս, ինչպես որ օդ քաշելը մարմնին կենդանություն է տալիս, և Աստծու Հոգին ներքին մարդուն տալիս է այնքան, որքան բացում է, ինչպես որ Պողոսն է խնդրում աղոթել աշակերտներին [իր համար], որպեսզի խոսք տրվի՝ բերանը բանալու համարձակությամբ (տե՛ս Եփես. 6:19): Հոգիս փափագեց պատվիրանները քո, հորդորում է հոգուն վեր ելնել հոժարությամբ:
132. Նայեա՛ առ իս և ողորմեա՛ ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քո:
Նայիր ինձ և ողորմի՛ր ինձ քո անունը սիրողների իրավունքի համեմատ:
Որ լի է ողորմությամբ նույնիսկ արդարությամբ նայելդ: Քո անունը սիրողների իրավունքի համեմատ, կարծես թե ողորմելը քո անունը սիրողների իրավունքն է:
133. Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, և մի տիրեսցեն ինձ ամենայն մեղք:
Ճանապարհն իմ ուղղի՛ր քո խոսքի համաձայն, որ զանազան մեղքեր չտիրեն ինձ:
Երբ իմ հոժարակամությունը և քո խոսքի օգնությունն ինձ մոտ լինեն, ապա զանազան մեղքերն ինձ չեն կարող տիրել, թեև դևերը ջանում են խորամանկություններով:
134. Փրկեա՛ զիս ի զրպարտութենէ մարդկան. և պահեցից զպատուիրանս քո:
Փրկի՛ր ինձ մարդկանց զրպարտությունից, և ես քո պատվիրանները կպահեմ:
Չափազանց դժվար է զրպարտություններ կրելը, որի համար էլ Տերը բազում վարձեր է խոստանում և պատվիրում է աղոթել փորձությունների մեջ չընկնելու համար, որի մեջ նաև Հովսեփն ընկավ և փորձ ձեռք բերեց, և ապա ասաց. «Կկարողանամ պահել քո պատվիրանները»:
135. Երևեցո՛ զերեսս քո ի ծառայս քո, և ուսո՛ ինձ զարդարութիւնս քո:
Երեսդ ցո՛ւյց տուր քո ծառային, և քո արդարությունը սովորեցրո՛ւ ինձ:
Աստված անմարմին է, ինչպե՞ս կարող է երևալ նրա երեսը, երբ որոգայթները ոչնչանում են և հաջողություն է գալիս, այդ ժամանակ, ասում է երևում է Աստծու երեսը, որից հատկապես սովորում են բարեգործ լինել:
136. Վտակք ջուրց իջին յաչաց իմոց, զի ո՛չ պահեցին զօրէնս քո:
Ջրերի վտակներ իջան իմ աչքերից, քանզի մարդիկ չհետևեցին քո օրենքներին:
Ըստ Պողոսի, որ [ասում է]. «Եթե մի որևէ անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26), և ով անդամ է, նա է վշտանում, ինչպես ինքն է ասում. «Կա՞ տկար մեկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ» (Բ Կորնթ. 11:29), և ողբում էր իր ազգի կորուստը, հանցավորների կորուստը համարելով որպես իրենը: Ուստի վտակներ ասելով նկատի ունի հորդառատը, և չափազանց շատը:
137. Արդար ես դու, Տէ՛ր, և ուղիղ են դատաստանք քո:
Արդար ես դու, Տե՛ր, և շիտակ են քո դատաստանները:
Ինչպես որ ոմանք զրպարտում են օրենքն ու օրենսդրին՝ ասելով, թե ինչո՞ւ է ներում չարերին և զրպարտիչներին, և ինչո՞ւ Ադամին դրեց դրախտում և ասաց, թե՝ մի՛ կեր, մենք հավատացինք, որ արդար ես դու և իրավացի, և հանցավորներին շիտակ ես դատում:
138. Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց. և ճշմարիտ են յոյժ:
Դու պատվիրեցիր քո արդար վկայությունները, որոնք շատ ճշմարիտ են:
Եվ չթաքցրիր բարու մասին վկայությունը, ինչ պետք է անել, և որ շատ ճշմարիտ են ու ստություն չկա:
139. Մաշեաց զիս նախանձ քո, զի մոռացան զբանս քո թշնամիք իմ:
Նախանձախնդրությունը քո հանդեպ մաշեց ինձ, քանզի թշնամիներն իմ մոռացան խոսքերը քո:
Քանի որ հանցապարտ են օրենքի առջև և հայհոյում են քեզ, ինչպես Փենեհեսն էր, Հեղիասն ու Պողոսը: Թշնամիներն իմ մոռացան խոսքերը քո, քանզի հոգու թշնամիներ են, օրենքն արհամարողներ, մոռացան զգուշացնող խոսքերը, թե՝ «Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր» (Սղմ. 33:15), և սրանց նման [այլ խոսքերը]:
140. Ընտրեալ է բան քո յոյժ և ծառայ քո սիրեաց զսա:
Խիստ ընտիր են խոսքերը քո, և քո ծառան սիրեց դրանք:
Յոթանասունից թարգմանության մեջ ջերմեռանդ է ասվում, այսինքն՝ փորձված և ընտիր, ինչպես ոսկին է հրով փորձվում: Եվ քո ծառան սիրեց դրանք, որ ճանաչում է, սիրում է:
141. Մանուկ եմ ես և արհամարհեալ. և զարդարութիւնս քո ես ո՛չ մոռացայ:
Մանուկ եմ ես և արհամարհված, բայց քո արդարությունը չմոռացա:
Նման է [այն բանին], ովքեր մանկությունը անմեղություն են կոչում, որ երբ Սամուելը [Դավթի] հոր տուն գնաց որդիներից մեկին օծելու համար, հայրը յոթ որդիներին բերեց նրա առջև, և երբ հարցրեց, հայրն ասաց, որ մի փոքր տղա ևս ունի, որը ոչխարներին է արածեցնում, այդ պատճառով էլ ասում է, որ արհամարհված էի և դու ընտրեցիր, և չարհամարհեցիր արդար դատաստանովդ, և այն չմոռացա: Դարձյալ՝ տղայության ժամանակ սովորեցի քո օրենքները, բայց մարդկանցից, և մանկությունից չսխալվեցի: Նաև [հին] եկեղեցին չէ, ուստի և տղա է և արհամարհված, մինչև հասնի կատարյալ մարդու՝ Քրիստոսի հասակի չափին (Տե՛ս Եփես. 4:13): Քանզի քո արդարությունը չմոռացանք. որ մեզ համար մանուկ դարձավ և արհամարհվեց:
142. Արդարութիւն քո՝ արդարութիւն յաւիտէնից. և օրէնք քո ճշմարիտ են:
Քո արդարությունը հավերժական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ:
Մարդկային օրենքներն ու արդարությունը, որ ջանում է կատարել, հավերժական չեն և ոչ էլ ճշմարիտ, իսկ Տիրոջը՝ հավիտյան է մնում և ճշմարիտ է:
143. Նեղութիւնք և վիշտք գտին զիս. և պատուիրանք քո խօսք իմ էին:
Նեղությունն ու վիշտն ինձ պատեցին, բայց քո պատվիրաններն իմ խոսքերն եղան:
Նեղություններն ու վշտերը լծակից են առաքինիներին, որոնցից առավել շահում են, սովորում, խոսում և ուսուցանում, ինչպես Աբելի արյունը, քանզի սրբերի վշտերն օգտակար են:
144. Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստո՛ւն արա և կեցո՛ զիս:
Քո վկայություններն արդար են հավիտյան, իմաստո՛ւն դարձրու և պահպանի՛ր ինձ:
Օրենքն ու արդարությունը, իրավունքն ու վկայություններն Աստծու խրատի և դատաստանի միևնույն սահմանադրության զանազան կոչումներն են, որ ցանկալի է համարում և Աստծուն շատ հաճելի: Դարձյալ՝ արդարությամբ էր, որ վկայեցիր բարու մասին՝ ասելով Սամուելին. «Օծի՛ր դրան, քանզի նա լավ է» (Ա Թագ. 16:13), անխախտ մնա հավիտյան, որպեսզի նրանով իմաստուն դառնամ և ապրեմ:
145. Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով. լո՛ւր ինձ, Տէր, զի զարդարութիւնս քո խնդրեցի:
Ամբողջ սրտովս քեզ ձայն տվի, լսի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քո արդարությունը փնտրեցի:
Օրենքի արդարությամբ քեզ ձայն տվի, և ըստ քո կամքի լսի՛ր ինձ, և տո՛ւր այն, ինչ խնդրում եմ:
146. Աղաղակեցի առ քեզ և փրկեա՛ զիս. և պահեցից զվկայութիւնս քո:
Աղաղակեցի քո առջև՝ փրկի՛ր ինձ, և ես քո վկայությունները կպահեմ:
Ջերմորեն հոժարելն աղաղակ է կոչում՝ փրկության խնդրանքով, և ցանկանում է անձը սուրբ պահել որպես վկայության խորան, քանզի վկայեց. «Ես և Հայրս նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Տե՛ս Հովհ. 14:23):
147. Կանխեցի տարաժամու՝ աղաղակեցի. և ես ի բանս քո յուսացայ:
Ես վաղ առավոտյան արթնացա ու աղաղակեցի և իմ հույսը դրի քո խոսքերի վրա:
Թագավոր լինելով [վաղ արթնացա], և հոգացի այն ժամանակ, երբ հարմար էր՝ չսպասելով քահանաների զարթնելուն և աքլորի կանչին, աղաղակեցի, թե կյանք է քո բերանի խոսքը:
148. Կանխեցին աչք իմ առաւօտու, ի խօսիլ ինձ զբանս քո:
Առավոտից շուտ բացվեցին աչքերն իմ, որ քո խոսքերն արտասանեմ:
Ոչ միայն գիշերը, այլև առավոտյան աչքերից թոթափեցի քունը:
149. Ձայնի իմում լո՛ւր, Տէր, ըստ ողորմութեան քում. Տէր յիրաւունս քո կեցո զիս:
Լսի՛ր իմ ձայնը, Տե՛ր, ըստ քո ողորմության. Տե՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ:
Այսպիսի մաքուրը Աստծու ողորմությամբ և արդարությամբ է ասում ապրել, այլ ոչ թե իր:
150. Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանօրէնութիւն, զի յօրինաց քոց հեռի եղեն:
Հալածիչներս անօրինությունը մոտեցրին ինձ, քանզի նրանք հեռու եղան քո օրենքից:
Հեռացան քո օրենքներից, այդ պատճառով էլ ինձ հալածում են, այլոց հանդեպ շատ անօրինություն գործեցին, իսկ ինձ [անօրինությունը] մոտեցրին: Սա նաև Տերն ասաց. «Ով որ ձեզ լսում է, ինձ է լսում, և ով որ ձեզ է ատում և հալածում, ինձ է ատում» (հմմտ. Ղուկ. 10:16):
151. Մերձ ես դու, Տէր, և ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են:
Մոտ ես դու, Տեր, և քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են:
Մոտ ես բոլորին և խնամում ես ամենին, և որտեղ ինձ հալածում են, դու այնտեղ ես: Եվ քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, որ ասացիր. «Երկինքն ու երկիրը ես եմ լցնում» (հմմտ. Երեմ. 23:24):
152. Իսկզբանէ ծանեայ ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա:
Սկզբից ևեթ ճանաչեցի քո վկայությունները, որոնք դու հավիտյան հաստատեցիր:
Երկինքն ու երկիրը վկաներն են Աստծու զորության, որ ստեղծեց և իմաստության, որ միշտ հաստատուն է պահում նույնությամբ:
153. Տես զխոնարհութիւն իմ, և փրկեա զիս, զի զօրէնս քո ես ո՛չ մոռացայ:
Տե՛ս իմ խոնարհությունը և փրկի՛ր ինձ, քանզի քո օրենքը ես չմոռացա:
Քանզի ասացիր. «Ես որտե՞ղ պիտի հանգստանամ, եթե ոչ հեզերի ու խոնարհների մեջ, և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից» (Հմմտ. Ես. 66:2), և «Եվ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. 23:12):
154. Դատեա՛ զդատաստանս իմ, և փրկե՛ա զիս. և ըստ բանի քում կեցո՛ զիս:
Տե՛ս իմ դատաստանը և ազատի՛ր ինձ, ու քո խոսքի համաձայն պահպանի՛ր ինձ:
Սա ևս դու ասացիր. «Իմն է վրեժխնդրությունը, և ես կհատուցեմ» (Հռոմ. 12:19):
155. Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ո՛չ պահեցին:
Փրկությունը հեռու է մեղավորներից, քանզի նրանք քո օրենքները չպահեցին:
Իրենք հեռացան փրկությունից՝ չպահելով օրենքը, թե՝ արդարին մի՛ դատապարտիր, սակայն մոտ է [փրկությունը], եթե ցանկանան, բայց մահվանից հետո հեռանալու է՝ ընդմիշտ մոռանալով:
156. Գթութիւնք քո բազում են, Տէ՛ր, և ըստ իրաւանց քոց կեցո՛ զիս:
Քո գթությունները շատ են, Տե՛ր, և քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ:
Ինչպես հոր [գթությունը] որդիների հանդեպ, որքան էլ որ լինեն նրա զավակները: Քո դատաստանի համաձայն պահպանի՛ր ինձ. ինչպես ծնողական իրավունքն է:
157. Բազում են, որ հալածեն և նեղեն զիս, ի վկայութեանց քոց ես ո՛չ խոտորեցայ:
Բազմաթիվ եղան իմ հալածիչներն ու ինձ նեղողները, բայց քո վկայություններից ես չխոտորվեցի:
Քո բազում գթությունների դեմ [բազմաթիվ եղան] հալածիչներն ու նեղողները, սակայն քո վկայություններից ես չխոտորվեցի, թե՝ ով սպանի՝ կմեռնի: Չսպանեցի հալածող Սավուղին, և Աբիսողոմի արյան հանդեպ անմեղ եղա:
158. Հայէի յանագորոյնս և մաշէի, զի պատուիրանս քո ո՛չ պահեցին:
Մաշվում էի նայելով անողորմներին, քանզի քո պատվիրանները չպահեցին նրանք:
Ըստ Պողոսի. «Կա՞ գայթակղված մեկը, որի համար իմ սիրտը այրված չլինի» (Բ Կորնթ. 11:29), և լացով եմ ասում Քրիստոսի խաչի թշնամիների մասին, քանզի անարգողներ և խստասիրտներ են:
159. Տե՛ս, զի զպատուիրանս քո սիրեցի, Տէր, ողորմութեամբ քո կեցո՛ զիս:
Տե՛ս, թե որքա՛ն սիրեցի քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմությամբ կյանք տուր ինձ:
Սրտի մեծ մաքրություն է Աստծուն տեսնել աղաչելը, սակայն հույս ունի նրա ողորմությամբ ապրել:
160. Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է. յաւիտեան են ամենայն իրաւունք արդարութեան քո:
Քո խոսքի սկիզբը ճշմարտությունն է, հավերժ են քո բոլոր արդար դատաստանները:
Կամ, որ հրեշտակներին և առաջին բանականներին ստեղծեցիր խոսքով, կամ որ ասացիր. «Թող լույս լինի» (Ծննդ. 1:3), կամ Աբրահամին տրված խոստումը, որ սկսեց խոսել նրա հետ, կամ տախտակին գրված [պատվիրանը] սկսում է հետևյալով՝ «Ես եմ քո Տեր Աստվածը» (Ելից 20:2), կամ՝ «Լսի՛ր, Իսրայել, քո Տեր Աստվածը մեկ Տեր է» (Տե՛ս Բ Օրին. 6:6): Նաև՝ Տիրոջ վարդապետության սկիզբը, երբ ասաց երանությունները: Հավերժ են քո բոլոր արդար դատաստանները. ինչպես որ ասաց. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13:31):
161. Իշխանք հալաճեցին զիս ի նանիր. և ի բանից քոց երկեաւ սիրտ իմ:
Իշխաններն իզուր հալածեցին ինձ. սիրտս միայն քո խոսքերից երկյուղեց:
Դևերը օդի իշխաններն էին, որոնք իզուր հալածեցին, քանզի Տիրոջ վրա ոչինչ չգտան, ինչպես որ Սավուղը Դավթին, այլ Աստծու խոսքից երկյուղեց Դավիթը, որովհետև Սավուղը օծյալ թագավոր էր:
162. Ցնծացայ ես ի բանս քո, որպէս այն, որ գտանէ աւար բազում:
Ես ցնծացի քո խոսքերով ինչպես մեկը, որ մեծ ավար է գտնում:
[Առավել ցնծում է], երբ հասկանում է օրենքի և մարգարեների առակով ասվածի իմաստը, քան Ադրիազարի ավարով: Նաև առաքյալները՝ Քրիստոսի խոսքով, որ ասաց, թե երանի ձեր աչքերին ու ականջներին (տե՛ս Մատթ. 13:16), ինչպես Տերը, երբ որպես ավար դժոխքից վերցրեց հոգիները և ցնծաց:
163. Զմեղս ատեցի և անարգեցի, և զօրէնս քո սիրեցի:
Ատեցի ու արհամարհեցի մեղքը, և քո օրենքը սիրեցի:
Քանզի ով սիրում է լույսը, ատում է խավարը:
164. Եօթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ, վասն իրաւանց և արդարութեան քո:
Օրվա մեջ յոթն անգամ քեզ պիտի օրհնեմ քո իրավունքի և արդարության համար:
Գրքերի մեջ սովորություն է ասել յոթ անգամ, այսինքն՝ բազում անգամներ, նաև յոթնալար քնարով էր օրհնում Աստծուն զօր ու գիշեր: Քո իրավունքի և արդարության համար յոթ օր զօր ու գիշեր. մեր իրավունքն է մեկը յոթնապատկել, նաև ըստ զգայարանների: Դարձյալ, քանզի ստեղծեց ցերեկը՝ գործելու, իսկ գիշերը հանգստանալու համար, որը չափազանց արդարացի է: Նաև մեզ պետք է յոթ խորհուրդներով աղոթել, որոնք Տերն իր մարմնի վրա կրեց. հղությունը, ծնունդը և մկրտությունը, հասակ առնելը, չարչարնքը, մահը, թաղումը և հարությունը, որի համար էլ Հոբին ասում է. «Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, իսկ յոթներորդին չարը քեզ չի մոտենալու» (Հոբ 5:19), ուստի Տերն այլևս չի մեռնելու: Մենք էլ Հոգու յոթ զորություններով ուժ ստանալով, Տիրոջ յոթ խորհուրդները մեզ վրա կրելով, չենք մերժվի շնորհիվ այն իրավունքի և արդարության, որ Տերը խաչի միջոցով գործեց:
165. Խաղաղութիւն բազում է այնոցիկ, որ սիրեն զօրէնս քո, և ո՛չ գոյ ի նոսա գայթագղութիւն:
Քո օրենքը սիրողները մեծ խաղաղության մեջ են, և նրանց համար չկա գայթակղություն:
Արդարին ոչինչ չի կարող վնասել, երբ նա Աստծու հետ խաղաղության մեջ լինի և օրենքի հանդեպ սեր ունենա, ինչպես Պողոսն է ասում. «Հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ տրտմած և գայթակղված» (հմմտ. Բ Կորնթ. 4:9):
166. Սպասեցի փրկութեան քում, Տէր, և զպատուիրանս քո սիրեցի:
Սպասեցի քո փրկությանը, Տե՛ր, և քո պատվիրանները սիրեցի:
Սպասեցի քո փրկությանը, և մարդկանց չապավինեցի, ու քո պատվիրանները սիրեցի, այլ ոչ թե հարստություն:
167. Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, և սիրեաց զնոսա յոյժ:
Հոգիս պահեց քո վկայությունները, և ես շատ սիրեցի դրանք:
Հոգում պահեց որպես արձանագրություն և շատ սիրեցի դրանք, այլ ոչ թե թեթևակի կերպով:
168. Պահեցից զպատուիրանս և զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհս իմ առաջի քո են:
Հետևեցի քո պատվիրաններին և վկայություններին, քանզի իմ բոլոր ուղիներն առջևդ են:
Պահեցի, ապագայում խոստանում է զգուշանալ, սակայն, ասում է, որ դու ճանաչում ես և գիտես արդարությունը, քանզի իմ ամբողջ ընթացքը, որ անցա և անցնելու եմ, քո առջև է, իսկ չկատարվածները որպես կատարվածներ քեզ մոտ են:
169. Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո, Տէր, ըստ բանի քում իմաստուն արա զիս:
Իմ խնդրանքները թող մոտենան քեզ, Տե՛ր, քո խոսքի համաձայն իմաստուն դարձրու ինձ:
Ամբողջ խնդրանքները, որ նախքան այս անդադար աղաչում է մերձենալ Աստծուն, քանզի արգելող մեղքեր չունի: Քո խոսքի համաձայն իմաստուն դարձրու ինձ. ոչ թե մարդկային իմաստություն է ցանկանում, այլ՝ աստվածային: Եվ ի սկզբանե խոսքն է խնդրում, այսինքն՝ Քրիստոսին գալ և մեզ իմաստուն դարձնել:
170. Մտցեն աղօթք իմ առաջի քո, Տէր. և բանիւ քո փրկեա՛ զիս:
Իմ աղոթքը թող հասնի քեզ, Տե՛ր, և քո խոսքով փրկի՛ր ինձ:
Յոթանասունից թարգմանության մեջ՝ «արժանիքներ» է թարգմանված՝ նկատի ունենալով նույն աղոթքը, հավաստիացնելով, որ անմեղությամբ է ասված: Եվ քո խոսքով փրկի՛ր ինձ՝ Հիսուսի միջոցով փրկի՛ր:
171. Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո:
Իմ շրթունքները քեզ օրհնություն կբխեցնեն, երբ ինձ սովորեցնես քո արդարությունը:
Յոթանասունից թարգմանության մեջ՝ «շրթունքներս քեզ օրհնություն դուրս կբերեն», ինչպես որ խորտկակերությունն է դուրս գալիս շուրթերից, այդպես էլ հաճախ սիրո ցանկությունից սրտից օրհնություն է դուրս գալիս, ինչպես մի այլ տեղ ասաց. «Ինչպես պարարտ ճարպով… բերանս ցնծալից շրթունքներով քեզ պիտի օրհնի» (Սղմ. 62:6): Դարձյալ՝ կբխեցնեն ոչ թե Մովսեսի, այլ Քրիստոսի Ավետարանը:
172. Խօսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են:
Իմ լեզուն քո խոսքերը կարտասանի, քանզի քո բոլոր պատվիրաններն արդար են:
Բանավոր պատարագը, այսինքն՝ լեզվով կքահանայագործեմ, քանզի քո բոլոր պատվիրաններն արդար են, ըստ պատշաճ ժամանակի՝ հինը և նորը:
173. Եղիցի ձեռն քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի:
Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի:
Ձեռք ասելով նկատի ունի գթառատ ներգործությունը, թե ցույց տո՛ւր և հայտնի՛ր իմ փրկությունը, քանզի քո պատվիրաններն ընտրեցի, որ մեծ է ամեն տեսակ սիրուց:
174. Ցանկացայ փրկութեան քում, Տէր, և օրէնք քո խօսք իմ էին:
Քո փրկությունը ցանկացա, Տե՛ր, և քո օրենքներն իմ խոսքերն եղան:
Ով չի ցանկանում, չի սովորում, իսկ ով ցանկանում է, սովորում է և միշտ խոսում, ու չի մոռանում ցանկալին և ժամանակի ընթացքում գտնում է այն: Նաև՝ ցանկանում է Տիրոջ փրկությունը, որ ցույց տվեց երկրին:
175. Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զքեզ. և իրաւունք քո օգնեսցեն ինձ:
Թող ես ապրեմ, որ օրհնեմ քեզ, և քո արդարությունն ինձ թող օրհնի:
Ցանկանում է հավիտենական կյանքով օրհնել Աստծուն, և չի հաճում անցավորը, և քո արդարությունը՝ դատաստանի երկյուղը, կօգնի առանց մեղքի մնալ:
176. Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ, խնդրեա՛ զծառայս քո, զի զպատուիրանս քո ես ո՛չ մոռացայ:
Մոլորվեցի կորուսյալ ոչխարի պես, փնտրի՛ր ծառայիդ, քանզի պատվիրաններդ չեմ մոռացել:
[Մարդկային] բնությանն է վերագրվում, քանզի Դավիթը դեռևս մոլորված չէր: Փնտրի՛ր ծառայիդ. Քաջ Հովվին աղաչում է գալ և ոչխար դառնալ և փնտրել մոլորյալին, և ուսին դնել ու տանել իննսունինի մոտ, որ մոլորված չեն: Նաև Դավիթն էլ իրեն ոչխարներից մեկն է համարում, քանզի բնությամբ այդպես ենք՝ նախաստեղծի կրքին հաղորդակից դառնալու պատճառով մոլորված:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը