23 Դեկտեմբեր, Բշ
Սաղմոս Դավթի:
Փրկությամբ վերադարձան, փրկվեցին իրենց վրա հարձակվող ազգերի բազմությունից՝ ասելով՝
1. Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով, առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ:
Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տեր, իմ ամբողջ սրտով, հրեշտակների առջև սաղմոս պիտի երգեմ քեզ:
Գոհություն ենք մատուցում, ասում են, մեր սրտերի վկայությամբ, թե դու պարգևեցիր մեզ այս հաղթությունը, և հրեշտակների հրապարակում (ըստ հրեական սովորության Տիրոջ տաճարում բազում հրեշտակներ կային, որոնք հսկում էին Տիրոջ տապանակը) ձևացնելով, թե նրանց առջև ենք կանգնած՝ նրանցից օրինակ վերցնելով գոհություն պիտի մատուցենք քեզ: Նաև մեր պահապան հրեշտակների առջև, որոնք զորացրին մեզ թշնամիների դեմ [պայքարում] և պատերազմակից եղան մեզ, և հորդորում են մեզ սաղմոսել: Իսկ ոմանք քահանաներին են հրեշտակ կոչում, որոնք պատվիրում են մեզ սաղմոսել և առաջնորդում են մեզ:
Զի լուար զբանս բերանոյ իմոյ.
2. երկիր պագեց ի տաճար սուրբ քո, և խոստովան եղէց անուան քում վասն ողորմութեան և ճմարտութեան քոյ:
Քանզի լսեցիր խոսքը բերանիս:
Պիտի երկրպագեմ սուրբ տաճարումդ և անվանդ գոհություն պիտի մատուցեմ քո ողորմության և ճշմարտության համար:
Քանի որ բերանով խնդրեցի հաղթանակ պարգևել ինձ: Պիտի երկրպագեմ սուրբ տաճարումդ՝ մարմնով և հոգով գոհություն մատուցելով քեզ իմ հանդեպ ցուցաբերած քո ողորմության համար և թշնամիների հանդեպ ճշմարտության համար, որովհետև նրանց ճշմարտացիորեն հատուցեցիր:
Մեծ արարեր յամենայնի զանուն սուրբ քո.
3. յորում աւուր կարդամ առ քեզ, վաղվաղակի լո՛ւր ինձ, և բազում արասցես զօրութիւնս յանձն իմ:
Քանզի ամեն ինչում մեծ ցույց տվիր սուրբ անունդ:
Որ օրը որ քեզ ձայն տամ, իսկույն լսի՛ր ինձ, և բազմապատկի՛ր զորություններն հոգուս մեջ:
Մեծ ցույց տվիր համբավդ, որ տարան բոլոր երկրներից փրկվածները, որ եթե որևէ մեկն էլ հանդգնի, նույն կերպ կարող եմ ձայն տալ քեզ: Եվ դու լսի՛ր ինձ և բազմապատկի՛ր զորություններն հոգուս մեջ, որովհետև քո զորությունն իմ տկարության մեջ է իրագործվում:
4. Խոստովան եղիցին առ քեզ ամենայն թագաւորք երկրի, զի լուան զբանս բերանոյ քո, 5. և օրհնեսցեն զճանապարհս քո:
Գոհություն պիտի մատուցեն քեզ աշխարհի բոլոր թագավորները, քանզի լսեցին բերանիդ խոսքերը:
Նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները,
Դարեհն ու Արտաշեսը, որ քո շնորհիվ մեզ ետ վերադարձրին, նաև՝ բոլոր թագավորները, որոնք մեզ վրա չհարձակվեցին խառնամբոխով, քանի որ լսեցին քո բերանի խոսքը, թե. «Հուդայի երկրի հազարապետներին ինչպես հրավառ ամբարներ պիտի դնեմ անտառի մեջ, նրանք աջից ու ձախից պիտի ուտեն շրջակա բոլոր ժողովուրդներին, ովքեր որ կգան Երուսաղեմի վրա» (հմմտ. Զաքար. 12:6), և այս խոսքերը կատարվեցին, դրա համար էլ նրանք պիտի փառաբանեն քո ճանապարհները, այսինքն՝ քո արդարության գործերը, հետո լսելու են այս և երկրպագեն քեզ, որովհետև ինչ որ ասացիր, արեցիր: Նաև առաքյալների քարոզչությամբ և նրանց աշակերտների միջոցով է կատարվելու ասացվածքները, որովհետև լսեցին Կոստանդիանոսը, Տրդատը, իսկ նրանցից առաջ՝ Աբգարը, քանզի լսեցին, թե՝ «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին» (Մատթ. 28:19), և պիտի փառաբանեն քո ճանապարհները՝ բոլոր տնօրինությունները:
Մեծ են փառք Տեառն,
6. Բարձր է Տէր՝ զխոնարհս տեսանէ, և զբարձունս ի հեռաստանէ ճանաչէ:
Քանզի մեծ է փառքը Տիրոջ:
Բարձր է Տերը, նա տեսնում է խոնարհներին, իսկ բարձրամիտներին հեռվից ճանաչում:
Այն ժամանակ՝ Երուսաղեմը, այժմ՝ եկեղեցին: Մեծ է փառքը Տիրոջ, բարձր է Տերը, նա տեսնում է խոնարհներին, հեզերի մեջ է բնակվում, իսկ բարձրամիտներին հեռվից ճանաչում, ժամանակների հեռավորությունից նախապես ճանաչում է, որովհետև ասում է. «Ով այստեղ խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. 23:12), և «Երանի՜ հոգով աղքատներին» (Մատթ. 5:3)՝ հեռվից իմանալով այն, ինչ տալու է նրանց:
7. Թէ գնացից ես ի մէջ նեղութեանց, կեցուսցես զիս ի բարկութենէ թշնամւոյն:
Երբ անցնեմ նեղությունների միջով, դու կփրկես ինձ թշնամու զայրույթից:
Փորձով սովորեցի և հույսով հաստատվեցի, որ թեև ես ոչխար լինելով՝ անցնեմ գայլերի միջով, կփրկես ինձ, և որ մեր ոսոխը առյուծի պես մռնչում է (հմմտ. Ա Պետ. 5:8), և ինչպես որ ասացիր. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 10:22):
Ձգեցեր զձեռն քո, և փրկեաց զիս աջ քո.
8. եւ Տէր հատուսցէ ընդ իմ:
Ձեռքդ կմեկնես, և քո աջը կփրկի ինձ:
Տերը կհատուցի իմ փոխարեն:
Ձեռքդ կմեկնես խաչի վրա, և քո աջը կփրկի ինձ ձախակողմյան այծերից, որովհետև շատ ենք պարտապան, քանի որ մարդ ենք, Տեր Քրիստոսը կհատուցի Հորը իմ փոխարեն, քանի որ ես անկարող եմ:
Տէր, ողորմութիւն քո յաւիտեան, զգործս ձեռաց քոդ մի՛ անտես առներ:
Տե՛ր, քո ողորմությունը հավերժ է, ձեռքիդ գործերը մի՛ անտեսիր:
Որ մեզ ընտրեցիր նախքան աշխարհի լինելը, և քո մարդեղության խորհուրդը սահմանեցիր՝ ողորմությամբ կրելով մեր ընկած բնությունը: Եվ արդ, հայցում ենք քեզնից, ամենագութ, որ բոլոր էակներս միայն քո ձեռքի գործն ենք, մի՛ անտեսիր մեր սակավ օրերի հանցանքների պատճառով, որի առջև հազար տարին մի գիշերվա պես է, այլ մեզ միշտ գթությամբ նայի՛ր Հոր և Սուրբ Հոգու հետ միասին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը