23 Դեկտեմբեր, Բշ
1. Այսուհետև՝ սաղմոս Դավթի:
Վերագրվում է քանանացիներին, առավել ևս՝ Դանիելին, ինչպես նաև հենց Դավթին, որ Սավուղից փախչելով ասաց.
2. Ապրեցո՛ զիս, Տէ՛ր, ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա՛ զիս:
Ազատի՛ր ինձ, Տե՛ր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ:
Նախ սատանան չար կոչվեց, որովհետև տրտմությամբ չարչարեց վերիններին իր անկումով, և [մեր] բնությանն էլ պատրանքով խաբելով՝ դուրս հանեց դրախտից, չարացրեց դրան ու ինքն էլ կոչվեց հորինող և մայր չարության: Աստված բարի է, և բոլոր արարածները բարի կոչվեցին, և ցանկացավ Աստված, որ մարդկանց Աստծու որդիներ կոչի, ինչպես Մովսեսը, և որ ասաց՝ «Ես ասացի՝ «Աստվածներ եք դուք, կամ բոլորդ էլ որդիներն եք Բարձրյալի»» (Սղմ. 81:6): Սատանային իր անվամբ կոչել տվեց, որ կարողացավ իրեն գործակիցներ վերցնել, և որ սրբերն աղոթում են՝ ազատվելու չար մարդուց, անիրավ մարդուց, որը մերժեց արդարությունը՝ հետևելով մարմնի և մտքի ցանկություններին:
3. Խորհեցան զանօրէնութիւն ի սիրտս իւրեանց, զօր ամենայն պատրաստեցան ի պատերազմ:
Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, և գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին:
Սա է չարի գործը. նախ խորհուրդները չարացնել, ամեն ինչում անհագ եղան, ամեն ժամ պատրաստ էին կռվի՝ սավուղականները Դավթի դեմ, և պարսկական ու մարական իշխանները Դանիելի ու գերու դեմ:
4. Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձն. և թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա:
Օձի պես սրեցին լեզուներն իրենց, և նրանց շրթների տակ թույն կա իժի:
Օձի լեզուն բնությամբ սուր է և երկու մասի է բաժանված. չարախոսությունն էլ նախ օձից սկսվեց. որն էլ բանականները սեփական կամքով փոխեցին իրար դեմ, սրեցին, որպեսզի, երբ կարողանան՝ կտրեն, և երբ չկարողանան՝ թաքցնեն: Նենգությամբ ինչպես իժի թույնն է, որ ցամաք վայրերում սնվելով՝ դառն ու ուժեղ սպանող թույն ունի, և որտեղ կարողանում է՝ թափում է:
5. Պահեա՛ զիս, Տէ՛ր, ի ձեռաց մեղաւորի և ի մարդոյ չարէ փրկեա՛ զիս:
Պահպանի՛ր ինձ, Տե՛ր, մեղավորի ձեռքից, և չար մարդուց փրկի՛ր ինձ:
Ոչ միայն լեզվով, այլև ձեռքով էին ցանկանում սպանել, և ոչ միայն օձերից ու կարիճներից, այլև ուրիշ անասուններից է աղաչում փրկվել՝ հայտնելով, որ մարդիկ նրանցից առավել չարությամբ և խորամանկությամբ են ուզում վնասել և կարող են: Եվ սուտ են ասում, թե Աստված ինչո՞ւ ստեղծեց սողուններին ու գազաններին, ուրեմն թող [նաև] ասեն, թե ինչո՞ւ ստեղծեց մարդկանց:
Խորհեցան խափանել զգնացս իմ.
6. Թագուցին ամբարտաւանք որոգայթ ինձ:
Նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ: Ամբարտավաններն իրենց որոգայթը ծածուկ լարեցին իմ դեմ:
Նրանց նախանձը հատկապես Աստծու դեմ է ուղղված, որովհետև ըստ Աստծու [պատվիրանների] իմ ընթացքն ուզեցին խափանել՝ որոգայթ լարելով, այլազգիների միջոցով հալածելով, որպեսզի նրանց աստվածներին պաշտեմ: Ցանկանում էին խափանել նաև Դանիելի երեք անգամ աղոթքի կանգնելը: Եվ այս է, որ ասում է.
Լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց, շուրջ զշաւղօք իմովք եդին ինձ գայթագղութիւն:
Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև, և իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին:
Իրենք աստվածպաշտության մեջ չեն մտնում և ուրիշներին էլ թույլ չեն տալիս: Այսպես դևերն են անում. աստվածպաշտության և հյուրասիրության պատրվակով կրոնավորներին աշխարհի հետ են կապում և ունեցվածքի, աշխարհային փառքի, պատվի և իշխանության միջոցով ծուղակ են սարքում ու որոգայթ լարում:
7. Ասացի. Տէր Աստուած իմ ես դու, ունկն դի՛ր, Տէ՛ր, ձայնի աղօթից իմոց:
Ասացի. «Դու իմ Տեր Աստվածն ես, ակա՛նջ դիր, Տե՛ր, աղոթքիս ձայնին»:
Ուրիշ ոչ ոքի չապավինեցի, ասացի. «Եթե դատես՝ Տեր ես, և եթե բարիք գործես՝ Աստված ես, լսելով իմ պաղատանքները, նայի՛ր արդարությանը, որ գիտե Տերդ»:
8. Տէ՛ր, Տէ՛ր, զօրութիւն փրկութիւն իմոյ, հովանի գլխոյ իմոյ յաւուր պատերազմի:
Տե՛ր, Տե՛ր, իմ փրկության զորություն, գլխիս հովանի պատերազմի մեջ:
Կրկնելով Տեր բառը, ջերմեռանդ է դարձնում աղոթքը՝ թշնամիների հանդեպ վրեժխնդրության դրդելով: Գլխիս հովանի պատերազմի մեջ. նշանակում է հեշտությամբ փրկելն ու փորձությունների տապը զովացնելը՝ օդի տապը, ինչպես Իսրայելում, իբրև թե ոգիները օդի պես շնչում են դևերի չարության տապը:
9. Մի՛ մատներ զիս, Տէ՛ր, ի ցանկութիւն մեղաւորաց, ոյք խորհեցան վասն իմ, մի՛ ընդ վայր հարկաներ զիս:
Մի՛ մատնիր ինձ, Տե՛ր, մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ: Ինձ երեսի վրա մի՛ թող:
Թույլ մի՛ տուր, ասում է, որ կատարվի մեղավորի ցանկությունը, ինչը աստվածպաշտության կորուստն է: Որոնք նենգամտեցին իմ դեմ, այսինքն՝ առանց պատճառի, որովհետև նրանք, ովքեր անգութ արարք են անում, արժանի են ծեծի ու տանջանքների:
Զի մի՛ երբէք բարձրասցին, և խորհուրդք նոցա մի կատարեսցին:
10. Վախճան կատարածի նոցա վաստակ շրթանց իւրեանց ծածկեսցէ զնոսա:
Որ նրանք երբեք չբարձրանան, և նրանց մտադրությունները չկատարվեն: Թող նրանց վախճանն այս լինի. իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց:
Որպեսզի երբեք չբարձրանան՝ ցանկություններն իրագործելու պատճառով հպարտանալով և կատարելով իրենց խորհուրդները: Թող նրանց վախճանն այս լինի. մի այլ թարգմանիչ ասում է՝ նրանց գլխի ժողովը, այսինքն՝ աչքը, խելքը, իմացականը և հիշողականը՝ ինչ-որ հավաքել են իմ մասին՝ տեսել և իմացել ու հիշել իրենց չար շտեմարաններում, դառնա դեպի իրենց, և ինչ շրթունքներով, որ վաստակ բերեն ինձ և չարչարանք՝ ինձ Սավուղին, սեփացիներին կամ Նաբուգոդոնոսորին կամ Դարեհին և Կյուրոսին մատնելով, այն թող ծածկի նրանց, ինչպես Սավուղին և Դավթի չարախոսներին՝ այլազգիների պատերազմը, և հնոցի հուրը՝ չարախոս անանյաններին և առյուծի գուբը՝ Դանիելին չարախոսողին, իսկ գեհենի հուրը՝ դևերին՝ անասելի տանջանքներով:
11. Արկցես ի վերայ նոցա կայծակունս հրոյ, և կործանեսցես զնոսա ի տառապանաց մի՛ կարասցեն կեալ:
Դու նրանց վրա կրակի կայծեր թափի՛ր ու կործանի՛ր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել:
Սոդոմի հուրը կամ մահաբեր հրեշտակները՝ օգնության գալով արդարներին, ինչպես Եզեկիային: Որ տառապանքներից չկարողանան փրկվել, ինչը նույնիսկ տեսնելուց են տագնապում, տառապում, թե ինչպե՞ս կարող են դիմանալ այդ ահավոր տանջանքներին, էլ ուր մնաց կրելուց փրկվել և դիմանալ:
12. Մարդոյ լեզուանւոյ մի՛ յաջողեսցի ի վերա երկրի, զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ:
Լեզվանի մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա, մեղավոր մարդուն իր չարագործությունները կորստյան կմատնեն:
Լեզվանի մարդը, որ այդ սատանայից վերցրեց, որը հեռու էր իրենից, և որ չարախոսեց Հոբին ու բոլորին, հաջողություն չի ունենա երկրի վրա, ինչպես ասացինք, և ինչպիսիք էին Հուդան, Աքիտոբելը և Արիոսը: Մեղաւոր մարդուն իր չարագործությունները կորստյան կմատնեն, ինչպես անտառի վրա թափվող հուր՝ լափելով նրանց և ինչպես քարբի ձագ՝ պատռելով իր ծնողին:
13. Ծանեայ զի առնես, Տէ՛ր, դատաստան աղքատի, և իրաւունս տնանկի:
Գիտեմ, Տե՛ր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում և տնանկի իրավունքն ես պաշտպանում:
Սուրբ Հոգու միջոցով իմացավ թշնամիների դատաստանի մասին, որ աղքատների համար էր՝ այն ժամանակ՝ Դավթի և գերու, իսկ հանդերձյալում՝ աղքատացած բնության համար:
14. Արդարք գոհասցին զանուանէ քումմէ. և բնակեսցեն ուղիղք առաջի երեսաց քոց:
Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, ուղղամիտները պիտի բնակվեն քո դիմաց:
Ոչ միայն Դավիթն ու գերին են գոհանում, այլև բոլոր մարգարեներն ու արդարները ցնծում են անմեղների գալիք փրկությամբ, երբ ուղղամիտները կբնակվեն Աստծու առջև, դրա համար էլ յուրաքանչյուր դասն է ասում, այն պատճառով, որ եթե փոքրիկներից մեկի համար մի բան անեք կամ չանեք, աչքի առջև ունեցեք ուղղամիտներին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը