23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր Աբիսողոմից։ Սաղմոսը Դավթի նեղության և գերության մեջ գտնվող ժողովրդի տրտունջի մասին է, նաև մարգարեություն է Տիրոջ չարչարանքների, մահվան և հարության մասին։ Դևերի կողմից հալածվող մարդն այս Սաղմոսը պիտի ասի ամեն գիշեր և գոհություն մատուցի, որովհետև փրկվեց Տիրոջ մահվան և հարության խորհրդով։
1. Տէր, զի՞ բազում եղեն նեղիչք իմ, բազումք յարեան ի վերայ իմ:
Տեր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ դեմ։
Այստեղ ցույց է տալիս գերիների վիշտը, ինչպես որ Համանն էր վարվում Մուրթքեի հետ, այդպես էլ Դավթի դեմ ոչ միայն հեթանոսներն էին դուրս եկել, այլև իր ընտանիքը և իր որդին, իսկ մեր Տիրոջ դեմ՝ հրեաները։
2. Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր:
Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկություն չունի իր Աստծուց»։
Նրանք, ովքեր միայն մեղքերիս մասին գիտեին և ապաշխարությունս չէին տեսնում, հուսահատության մեջ էին գցում ինձ, թե փրկություն չունեմ: Այսպես էին ասում նաև հրեաները, որ Հորը հակառակ էին մտածում։
3. Այլ դու, Տէր, աւգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
Բայց դու, Տէր, իմ օգնականն ես, իմ փառքը և գլուխս բարձր պահողը։
Ես վստահ եմ, ասում է, որ բարձրանալու է իմ գլուխը՝ քեզանով պսակվելով: Եվ Որդին Հորն է փառավորում, իսկ Հայրն էլ՝ Որդուն՝ խաչով պսակելով։
4. Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ իւրմէ:
Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, և նա լսեց ինձ իր սուրբ լեռան վրայից։
Խոսքը հոգով աղոթքի կանգնելու մասին է, այլ ոչ թե բարձրաձայն, ինչպես որ Մովսեսին էր ասում Աստված, թե՝ աղաղակի՛ր ինձ։ Իր սուրբ լեռան վրայից. Հին Կտակարանում Սիոն լեռն աստվածային էր համարվում։ Տերն էլ՝ Սիոնից եկած, այն մայր կոչեց: Եվ խաչի վրա բարձր ձայնով աղաղակեց՝ ասելով. «Հայր, ների՛ր դրանց» (Ղուկ. 23:34): Եվ նա լսեց ինձ. Գողգոթա լեռան վրայից Հիսուսը լսեց ավազակին և նրան ասաց այն, ինչ ասել էր Եվային և նրա սերունդներին:
5. Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ եւ Տէր ընդունելի իմ է:
Ես ննջեցի և քուն մտա, զարթնեցի, և Տերն իմ ապավենն է:
Այդ գիշեր Դավթի Հորդանանի մյուս կողմն անցնելն ու փախչելը խորհրդանշում է Տիրոջ կամավոր մահը և հարությունը: Տերն իմ ապավենն է, որովհետև հարություն տվեց և ընդունեց ինձ:
6. Ոչ երկեայց ես ի բիւրուց զաւրաց նոցա, ոյք շուրջանակի պատեալ պահեալ պաշարէին զիս: Արի, Տէր, եւ փրկեա զիս, Աստուած իմ.
Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել էին ինձ:
Այսինքն՝ նրանցից, ովքեր Աբիսողոմի հետ էին: Սա վայել է նաև այն բնությանը, ում ապավենը Տերն է և նա այլևս դևերի բազմությունից չի վախենում: Մինչև Հիսուսի գալն այսպես էր ասում նաև Ադամը՝ գտնվելով գերեզմանի մեջ:
7. Արի տէր և փրկեա զիս Աստուած իմ, զի դու հարեր զամենեսեան ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց. եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
Արի՛, Տէր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես:
Ովքեր մինչև հիմա իզուր թշնամացել էին ինձ հետ, նրանց առջև չեմ մեղանչել, այլ միայն՝ քո, այսինքն՝ Դավիթը միայն Աստծո դեմ էր մեղանչել, այլ ոչ թե իր որդու, այդ պատճառով էլ երկայնամտությամբ էր ասում. արի՛ Տեր, վրեժխնդիր լինելու: Քանզի դժոխք գնալով Տերը վրեժ պիտի լուծեր դևերից՝ ազատելով Ադամին: Եվ մեղավորների ատամները կփշրես. մեղավորներ ասելով նկատի ունի մինչև դատաստանի օրը՝ սատանայի բերանը և դժոխքի ատամները, քանզի [մեղավորները] այնտեղից որովայն՝ դժոխք են իջնելու, եթե չփորձեն դուրս գալ՝ փշրելով [դժոխքի] ատամները:
8. Տեառն է փրկութիւն, ի վերայ ժողովրդեան քոյ աւրհնութիւն քո:
Տիրոջից է փրկությունը, քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի:
Հիսուսը եկավ, որպեսզի փրկի իր ժողովրդին մեղքերից, ինչպես որ խնդրում էր Դավիթը, ապրել իր ժողովրդի հետ, որ իրենն էին և Տերը փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատում են իրեն: Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի. Ինչպես որ Ադամի անեծքն իր բոլոր որդիների վրա էր մինչև երկրորդ Ադամի գալը, այդպես էլ նրանով բոլոր ծնվածներն օրհնություն ստացան՝ իր չարչարանքների շնորհիվ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը