6 Հոկտեմբեր, Կիր
Առաջին շաբաթ օրը, երբ հաստատվեց երկիրը. Դավթի օրհներգը: Շաբաթ օրվա արարածների արթնության և սրբերի հանգստին մասնակից լինելու օրհներգը, ուստի տեսավ, որ շատ բարի են: Նորից՝ պատշաճում է նաև Զորաբաբելի վերցնելուն ու Գոգի հաղթանակին, ինչպես նաև Եզեկիային, և Ասորեստանի անկմանը, քանզի Տերն այդ տարի շաբաթը տոն դարձրեց, և որպեսզի երկրորդ տարին էլ անգործ չմնան՝ ասաց. «Այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարի նույնպես՝ ինքնաբույս ցորենը» (Դ Թագ. 19:29), որի ժամանակ Տիրոջ վայելչական թագավորության մասին ծանոթացան բոլոր երկրները:
1. Տէր թագաւորեաց՝ վայելչութիւն զգեցաւ, զգեցաւ Տէր զօրութիւն՝ ընդ մէջ իւր ածաւ:
Տերը թագավորեց, վայելչություն հագավ, զորություն հագավ Տերն ու գոտևորվեց:
Երկու անգամ է կրկնում զորություն բառը. մեկը՝ նախ արարչական, և ապա՝ նախախնամական: Նաև մեր Տիրոջ չարչարանքներն ու հարությունն է մարգարեանում, քանզի աստվածությամբ միշտ թագավոր է, չի ասվում թագավորեց, այլ թագավորեց մարմնով Հակոբի տան վրա: Վայելչությունը մարմինն է, որ հագավ, զորություն հագավ և գոտևորվեց, ուր հաստատվեց զորությունը և գոտևորվեց, ինչն էլ աստվածությունն է: Եվ նորից քաջալերում է հավատացյալներին, որպեսզի չարչարանքների համար չտրտմեն, քանզի թագավորեց մահվանը և դժոխքին՝ մահվանից հետո, ուստի սա է նշանակում կրկնակի հագնել ասելը:
2. Հաստատեաց զաշխարհս, զի մի՛ սասանեսցի. պատրաստ է աթոռ քո ի սկզբանէ, յաւիտեանս դու ես:
Հաստատեց աշխարհը, որ չսասանվի: Սկզբից է պատրաստված գահը քո, և հավերժ ես դու:
Եզեկիայի միջոցով հաստատեց Իսրայելի երկիրը, որում բարձրացան մարգարեների գետերը՝ ավետիս Երուսաղեմի համար և սպառնալիք՝ այլազգիներին, և Քրիստոսով ամբողջ աշխարհը, որ չսասանվի կռապաշտությամբ: Պատրաստված է գահը քո, մարգարեն ասում է, թե քեզ է մնում քո աթոռը Հոր աջ կողմում, որը ոչ ոք չի կարող հափշտակել, և գալիք դատաստանի աթոռը: Եվ թեպետ խոնարհվեցիր, սակայն ի սկզբանե դու ես Տերը:
3. Ամբարձան գետք, Տէր, և ամբարձին գետք զձայնս իւրեանց, յարիցեն գետք ի գնացս իւրեանց:
Բարձրացան գետերը, Տե՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի հորդեն իրենց հունից դուրս:
Երբ ծովերը հաստատվեցին, բարձրացան գետերը ցամաքի վրա. առաքյալները բարձրացան վերնատանը, գետերը բարձրացան, այսինքն՝ նրանց ձայնը՝ բոլոր լեզուներով խոսելով: Գետերը պիտի հորդեն, երբ գնացին գետերը աշխարհով մեկ իրենց վիճակված [վայրերում ավետարանելու]: Նորից՝ բարձրացան գետերը՝ առաքյալները դևերի և ամեն տեսակ մեղքերի վրա Տիրոջ կողմից ուղարկվելով, բարձրացրին իրենց ձայնը քարոզչությամբ: Գետերը պիտի հորդեն հանդերձյալում, ըստ Դանիելի՝ հրեղենները, և առաքյալները, երբ բարձրանան Տիրոջ առաջ՝ նստելով տասներկու աթոռների վրա, ուր և այդ հույսով գնալու են այստեղից:
4. Ի ձայնէ ջուրց բազմաց, սքանչելի եղեն զբօսանք ծովու:
Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան:
Երբ գետի ջրերը խառնվում են ծովի ջրերի հետ [վերջիններս] խռովքի են մատնվում, նման ձևով նաև առաքյալների ձայնից ցրվեցին հեթանոսների բարքերն ու սովորությունները աշխարհի ծովում: Նաև, երբ Նոր կտակարանի իմաստը խառնվում է հանդերձյալի իմացության ծովում, սքանչելի են դառնում աշխարհի ծովում ցնորվածները՝ հեթանոսական ուսմունքի [հետևորդները]:
5. Սքանչելի ես դու, Տէր, ի բարձունս. վկայութեանց քոց մեք յոյժ հաւատացաք:
Սքանչելի ես դու բարձունքներում, Տե՛ր: Մենք անչափ հավատացինք քո վկայություններին:
Հրեշտակները, որ սքանչացած ասում էին. «Ո՞վ է այս փառքի արքան» (Սղմ. 23:8): Հրաշքները հավաստի էին դարձնում առաքյալների խոսքերը, նաև՝ երկնավորների սքանչանալուն ավելի հավատացինք:
6. Տան քում վայելէ սրբութիւն, Տէր, ընդ երկայն աւուրս:
Սրբությունը վայել է քո տանը, Տե՛ր, երկար օրեր:
Եկեղեցուն, որ քո հանգստյան վայրն է, և քո առջև են հրեշտակները: Վայել է, քանզի հեթանոսներն ավազանի միջոցով սրբվեցին, իսկ մեղավորները՝ ապաշխարությամբ: Երկար օրեր, մինչև գաս դու երկրորդ անգամ, Ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհով մեկ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը