Սաղմոս ՂԴ

Դավթի օրհներգը, երբ Օվսիա բարեպաշտ թագավորը Երուսաղեմն ու Իսրայելը մաքրեց կռապաշտությունից, հավաքում է ամբողջ ժողովրդին և ասում.

1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։

Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։

Քանզի հեթանոսական աստվածներն անկենդան են և կորստյան մատնող։

2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։

Փութանք նրա մոտ խոստովանությամբ, սաղմոսերգություններով աղաղակենք առ Աստված։

Փութանք, որովհետև կգա օրը, երբ հարկադրաբար կերկրպագենք։ Եվ իրենք էլ՝ Դավիթն ու Օվսիան երգողներին ու երկրպագողներին են պատվիրում։

3. Աստուած մեծ է, Տէր՝ թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի։

Մեծ է Աստված, Տեր, մեծ թագավոր ողջ աշխարհում։

Ուստի նրանք, ովքեր ասում են, թե այլ է ծովի արարիչը, այլ՝ ցամաքինը և այլ՝ օդինը, սուտ են։

4. Ի ձեռս նորա են ամենայն տիեզերք երկրի, և բարձրութիւնք լերանց նորա են։

Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, և նրանն են բարձունքները երկրի։

Սուտ են նրանք, ովքեր ասում են, թե [աշխարհի] չորս կողմերի իշխանը Զևսն է։ Նրա ձեռքում են  և հաստատու են։ Բարձրությունները երկրի, ուր բարձրանում էիք խնկարկելու, նրանն են։

5. Նորա է ծով՝ և նա արար զնա, և զցամաք ձեռք նորա ստեղծին։

Նրանն է ծովը, և նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։

Նրանն է ծովը, և նա՛ արարեց այն, այլ ոչ թե Պոսեյդոնը։ Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին, այլ ոչ թե Դեմետրայի։ Այդպես են պատմում գրքերը, որ երկինքը, հրեշտակները, արևը, լուսինը և աստղերը, ծովն ու ցամաքը նրա ձեռքով ստեղծվեցին, և մարդն էլ, ասում են, Աստծու ձեռքով ստեղծվեց։

6. Եկա՛յք երկիր պագցուք նմա. անկցո՛ւք և լացցուք առաջի Տեառն արարչին մերոյ։

Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջև։

Այսուհետև խոնարհվենք և լաց լինենք՝ դարձի գալով մոլորություններից։

7. Նա ինքն է Տէր Աստուած մեր, մեք ժողովուրդք ձեռին նորա, և խաշն արաւտի նորա։

Տեր Աստվածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը և նրա արոտի ոչխարները։

Բազմաթիվ անգամներ կրկնում է, որ այլևս չմոլորվենք։ Մենք՝ նրա ժողովուրդը, որ հզոր ձեռքով փրկվեցինք փարավոնից, և ոչխարները, որ նրա արոտում վայելեցինք մանանան և օրենքը և մարգարեները։ Նաև Հիսուսն է ոչխարների քաջ հովիվը։

8. Այսօր եթէ ձայնի նորա լսեցէք, մի խստացուցանէք զսիրտս ձեր, որպէս ի դառնութեան։

Այսօր, երբ լսեք ձայնը նրա, մի՛ խստացրեք սրտերը ձեր դառնությամբ։

Մի՛ եղեք այնպես, ինչպես լսեցին Սինայում և դառնացրին՝ խստացնելով իրենց սրտերը, ինչպես փարավոնը դառնությամբ, որ այդպես էլ կոչվեց այդ վայրի անվանումը։

9. Յաւուրն փորձութեան յանապատին, ուր փորձեցին զիս հարքն ձեր, քննեցին զիս և տեսին զգործս իմ զքառասուն ամ։

Ինչպես փորձության օրն անապատում, որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը քառասուն տարի։

Փորձեցին ջրով, հացով և մսով, թե կարո՞ղ է Աստված տալ, և այն էլ ոչ թե թվով կամ օրով, այլ՝ քառասուն տարի։

10. Ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ, և ասացի՝ միշտ մոլորեալ են սրտիւք. և նոքա ո՛չ ծանեան զճանապարհս իմ։

Տքնեցի այդ ազգի համար և ասացի. «Նրանք միշտ մոլորված են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»։

Գարշեցի, ձանձրացա, ջանացի փրկության միջոց գտնել, և ապա ասացի. «Նրանք միշտ մոլորված են սրտով», անհուսությունից ասացի այսպես։

11. Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ մտցեն ի հանգիստ իմ։

Ուստի երդվեցի զայրույթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մեջ։

Բարկության ժամանակ երդվեցի, թե չեն մտնի խոստացված երկիրը։ Այլ ավելի խորն է մեկնվում, ինչպես որ Քրիստոսով Պողոսն էր խոսում, թե երեք շաբաթ է. մեկը, որ յոթերորդ օրը հանգստացավ, մեկը՝ հրեաներին, որ հանգստացրեց խոստացված երկրում, որի խորհրդանիշն էին շաբաթ օրերը և ամսագլուխները, սակայն արժանի չեղան, և տառապանքների մեջ մնացին։ Եվ մեկն էլ, որ մեզ խոստացավ գալիքում, իսկ այսօրը Դավիթը խոստացավ այդքան ժամանակ անց, որ եթե ցանկանան լսել այսօր Հիսուսին և չխստացնեն իրենց սրտերը, ինչպես իրենց հայրերը, կմտնեն հավիտենական հանգստի մեջ, ինչպես Ակյուղասն ու Սիմաքոսն են ասում, թե՝ «Քառասուն տարի ջանացի, և ապա երդվեցի», այսինքն՝ թողեցի իմ զանազանություն դնելը, որ եթե ցանկանան, Աստծու դռները բաց է, որովհետև քաղցր է, քանզի Ստեղծիչ է, գնող է, սնուցող է, Փրկիչ է, Հայր է, եղբայր է և Որդի։

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

03.06.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․